«Ես սպիտակ ձեռնոցներով գրիչ չեմ վերցնում»

IMG_3616Փետրվարի 3-ին ԱրտԲրիջ գրախանութ-սրճարանում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի «Հիշի՛ր» խորագրով բանաստեղծությունների և էսսեների ժողովածուն:

-Ալվարդ Պետրոսյանի «Հիշի՛ր» երկմաս գիրքը ծնվեց որպես պոեզիայի և արձակի միասնություն: Այս նոր գրքով հեղինակը վերահաստատեց, որ բանաստեղծական տեքստն ունի իր պատմությունը, իսկ արձակը՝ իր բանաստեղծությունը՝ այդպիսով մայրական, կանացի, անձնական ամենանրբին, ամենախորը ապրումները սահուն վերածելով աշխարհաքաղաքական, համամարդկային-քաղաքակրթական մտքերի,- նշեց գրքի խմբագիր, բանաստեղծուհի Կարինե Աշուղյանը:

Գրքում «Սևագրություն» վերնագրված պոեզիան ներկայացված է «Նարեկին» և «Ցավի ծիածան» շարքերով, իսկ էսսեները մեկտեղված են «Հիշի՛ր» խորագրի ներքո: Գիրքը ձևավորված է հեղինակի ընտանիքի արխիվային լուսանկարներով և որդու՝ նկարիչ Նարեկ Առուշանյանի գեղանկարներով:

Գրականագետ Լիլիթ Արզումանյանի խոսքով՝ հաջողված գրքի ամենակարևոր նախապայմանը գրողի ազնվությունն է սպիտակ թղթի առջև, ինչին էլ հենց հանդիպում ենք Ալվարդ Պետրոսյանի գրական օրինակում:

«Ես աշխարհաճանաչողության և կենսափորձի ահագին պաշար ունեմ, նաև՝ Սփյուռքի իմացությունս գումարեք, ու երբեք վարդագույն ակնոց չեմ դնում ու սպիտակ ձեռնոցներով գրիչ չեմ վերցնում…»,- իր գրի մասին մի առիթով ասել է Ալվարդ Պետրոսյանը:

-Մեր գրականության մեջ աննախադեպ է կին հրապարակախոսի այսքան ուժեղ և լավատեսական ներկայությունը: Իսկ Ալվարդ Պետրոսյանի հրապարակախոսությունը լի է հավատով առ վաղվա օրը,- նշեց գրքի խմբագիրը:

Կարինե Աշուղյանի մեկնաբանմամբ՝ գրքի «Հիշի՛ր» վերնագիրն ուղղված է բոլորին, ովքեր հանկարծ կյանքի որևէ հարահոսում կարող է մոռանան, որ իրենք հայ են և աշխարհի քաղաքացի:

 

 

Share

Կարծիքներ

կարծիք