Խոհեմության մասին խոսելու… անխոհեմություն

Հեղինակ:

Լուսանկար-7Խոհեմությունն այսօր որբ է ու անտեր:

Խոհեմությունն այսօր քաղաքակրթական արժեք չէ:

Իշխանավորի հավերժական փաստարկն է՝ խելո՛ք մնացեք, մի՛ վտանգեք երկիրը, իսկ  «ընդդիմություն» հորջորջվող իշխանություն տենչացողի համար՝ մարտավարական հնարք:

Սրանք հետո պիտի գան, նստեն նախորդների տեղը և հաջորդ ըմբոստներին ասեն նույն տեքստն ու ամայացնեն մեր հոգիները:

Մեզ՝ սովորական մարդկանց համար ինքնապահպանման բնազդն է խոհեմությունը, քաջերի համար՝ հաղթահարում պահանջող արգելապատնեշ, քաջերը մեզ համար՝մեր փոխարեն գործող և անպայման մեր փոխարեն նահատակման ենթակա հերոսներ…

Եվ միաբերան խանդավառում ենք նրանց՝ առա՛ջ, տղանե՛ր, մենք ձեզ հետ ենք ու սպասում ենք ձեր բոցավառ արյան հաղթանակին…

Իսկ ո՞ւր է այն քաղաքակրթական խոհեմությունը, որը պետք է վեր լինի բոլորիցս, մեր կրքերից, մեր ձևախեղված ու անհետևողական գաղափարներից, հերոսության ու ողբերգության մասին աղավաղված ընկալումներից, մեր անսահման փոխատելության ժահրից:

Հավատաքննիչներ ենք դարձել բոլորս այս աղետալի ժամին…

Համացանցում ստուգում ենք՝ով ում գաճաճ մտքին ինչ տիեզերական արձագանք է տալիս:

Այսո՛ւ: Բոլորս ու ամեն մեկս՝ պարզ քաղաքացուց մինչև իշխանավորը, կալանավորից մինչև տաղանդավոր երաժիշտը, մեր եղբայր շրջմոլիկից մինչև այսօր մեր աչքի առջև պտղակալող ապագա նոբելյան մրցանակակիրը մեկ կարևորագույն արժեքի պակասն ունենք՝ ԽՈՀԵՄՈՒԹՅԱՆ, որի ակունքը ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ է:

Իսկ ի՞նչ, ինչի՞ մասին և մանավանդ ինչպե՞ս ենք ԽՈՍՈՒՄ մենք, օրինակ՝ ես՝ նվաստս, որ հաճախ բերանբաց ճառերի եմ վերածում ամենանվիրական միտքս անգամ…

Հարց տանք մեզ՝ ուզո՞ւմ ենք արդյոք վերարթնացնել ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ այն Հայաստանը, որի անհետացման ու անդառնալիության մասին խոսում էր մեծ մտավոր մարդ Լևոն Ներսիսյանը: Թե՞ այն ջահել օրերին ուսանող ու անգետ ընդունակներս ընդամենը վայելում էինք բանավոր հանճարի խոսքի արտիստական հմայքը՝ այդպես էլ անհաղորդ մնալով նրա ցավի ԷՈՒԹՅԱՆԸ: Այդպե՛ս է: Մեր տկար ուղեղների մեջ բոլոր վսեմ գաղափարները երերուն կրքերի ճառագումներ էին լոկ, պայծառ գինարբուքների անփոխարինելի խթանիչներ, որ արագորեն մարելու էին առաջին իսկ կենցաղային հաջողության խիստ աշխարհիկ բերկրանքից և ընդամենը դառնալու հարմար գործ ու հարմար փող: Մեր պատանության տարիներին մեր շուրջը մեզանից ավելի «եռանդուն» ու «կայտառ» գործիչներ էին՝ հեղափոխականներ, «կամուֆլյաժ» հագած արվեստակիրներ, մորուքավոր հանճարներ, մեզանից ավագ ու հետևաբար իհարկե գիտո՜ւն, ովքեր գիտեին՝ ինչն ինչպես անել, և մեր լուսավոր «ստիխներից»  կաթող արյունը նրանց թվում էր պարապ տեղը թափվող թանաք, որը ոչ ոք չի կարդալու երբեք… և սարքեցին այս երկիրը, որն իմ ու քո երկիրն է սակայն…

Չեմ սպասում հերթական կայտառներին հանրային ասպարեզներում, մարդկանց լուսավոր մղումների գինին քացախի վերածող ուսյալ, բայց անկիրթ ճառասացներին, պրագմատիկ սենտիմենտալներին կամ սենտիմենտալ պրագմատիկներին, «սելֆի անող» բարերարներին, կաշառակերության դեմ պայքարող կաշառատուներին, լուրերին անիրազեկ լրագրողներին… լռող-լռող ու հանկարծ պղծաբերան հայհոյող կառավարիչներին կամ ինքնահռչակման առիթը հմտորեն օգտագործող ապագա պատեհապաշտներին…

Եվ մենք մաքրվել ու մեր երկիրը ախտերից մաքրել ենք ուզում…

Մաքրվելու համար հուր ու կրակ ենք փնտրում… բայց որտե՞ղ, մեր տա՞նը՝ մոռանալով, որ տան հրդեհը չի մաքրում, մոխրացնո՛ւմ է՝ փոշի դարձնելով նաև մեր մտքերը…

Ի վերջո, հասկանանք, որ միտքը ոչ այնքան խոսք է, որքան լռություն, դադար, մտասուզում, որից հետո միայն կարող է ամբողջ ուժով բռնկել ճշմարիտ ԽՈՍՔԸ:

Մտածե՞լ եք՝ ինչ կասեր այս պահին ամենալուռը, ամենաասողն ու ամենաքաջը մեզանից՝ Նարեկացին…

Ինչո՞ւ եք ժպտում… Լա՛լ է պետք:

 

 

Անդին 10, 2016

Share

Կարծիքներ

կարծիք