Ֆատան

Հեղինակ:

262Հասարակական համընդհանուր դեգրադացման, համամարդկային արժեքների, բարքերի համընդհանուր խեղաթյուրման ծայրաստիճան վատ պայմաններում սկսվեց Մարսի վրա քաղաքի շինարարությունը: Չնայած բարձր տեխնոլոգիական սարքավորումների առկայությանը՝ շինարարության ժամանակ խիստ անհրաժեշտ էին մարդկային սևագործ բազմապիսի աշխատանքները: Համաշխարհային ղեկավարությունը որոշում ընդունեց Մարս ուղարկել անուղղելի հանցագործների, օրինախախտների, որոնց գոյությունը երկրագնդի վրա դարձել էր անհանդուրժելի և անիմաստ: Առաջին մարդկանցից էին Էդգարը, Դավիդը և Էդիլը: Նրանք ապրում էին Հյուսիսային ծայրամասային բևեռում հանցագործների համար կառուցված Տրոմանակո քաղաքում, չունեին ծնողներ և հարազատներ: Համարվում էին ապօրինի ծնունդներ: Էդգարն ուներ կոպիտ, բռնկուն բնավորություն, Էդիլն ավելի շատ հաշվենկատ էր և խորամանկ, իսկ Դավիդը գերզգացմունքային էր և երազկոտ: Նրանց արդեն տվել էին կենցաղային պարագաներ և հագուստ, իսկ սնունդն արդեն տարվել էր Մարս: Տիեզերագնացի հագուստ հագցնելով՝ նրանց նստեցրին Մարս գնացող հրթիռը: Էդգարը և Էդիլն առանձնապես ազդված չէին նման որոշումից, իսկ Դավիդը, հայացքը խորասուզած անորոշ կետին, շարունակում էր երազել: Նրանք վերջին անգամ մի բուռ հող լցրեցին իրենց քաղաքում մահացած ծանոթ հանգուցյալի շիրիմի վրա և նստեցին տիեզերանավ:

Քամին եղյամ էր շարում պաղ տեղատարափի լալկան փսփսոցներում: Բոժոժների զնգզնգոցը չափավորում էր նրանց կրքերը: Տրոմանակոյի լայնարձակ դաշտերը որոշակի տեսք էին ստանում հեռացող խմբի հետքի համապատկերում: Դավիդի լայն խոհերը գետի փայլփլող շողերում երևութական գաղափարներ էին հերթագրում: Ծաղիկների բույրը թռչունների ախորժալուր դայլայլների լսողական հալյուցինացիա էր առաջացնում: Արևի երկարավուն լուսաշերտերը պարում էին խոտի ցողի կաթիլների հետ: Դողով շարժավորված՝ փայլփլուն տերևները մեծավարի քրքջում էին: Քաղաքի բնակիչները հիմարավուն մղումների ազդեցության տակ շիկնում էին՝ նիրհելով հավերժ աղքատության սարսափի մեջ: Արշավախմբի հոգու անծայր ուրվապատկերներն աստիճանաբար հեռանում էին երկրից: Մրջյունները հրաժեշտի դրոշներ էին պարզում հեռացող խմբին համընթաց: Նրանց պղտոր քրտինքը տիեզերանավից դուրս էր սողոսկում, թափվում ներքև, ու հողում աճում էին նոր տեսակի բույսեր: Դավիդը, Էդիլը և Էդգարը պատուհանից ուշադիր նայում էին ցած: Հրթիռը խելահեղ արագությամբ հեռանում էր երկրից: Մի քանի րոպեից նրանց տեսադաշտն սկսեց մթնել, տներն իրար շալակ բարձրանալով՝ խոր քուն մտան, և բնության թվացյալ տաժանակիր անդորրը չքացավ: Տիեզերանավում ևս չորս հոգի էին՝ ավիամեխանիկ Գիդոնը, տեխնիկական սպասարկման մասնագետ Մոշեն, բժիշկ Հովսեփը և արշավախմբի ղեկավար Սիմխան: Խմբի ղեկավարը բժշկին աչքով արեց: Նա Դավիդին, Էդիլին և Էդգարին ինչ-որ քնաբեր սրսկեց: Երբ վերջիններս քնից արթնացան, արդեն հասել էին Մարս: Նրանց հատուկ նշանակության տեխնիկայով իջեցրին Մարսի մակերևույթին՝ կառուցվող քաղաքին մոտ: Մոլորակի նոսր մթնոլորտը տարուբերում էր նրանց: Սիմխայի ցուցումով, նրանց մտցրին կառուցվող քաղաքի մեջ, որը պատված էր դիմացկուն ապակենման մետաղանյութով: Քաղաքի ներսում արհեստական թթվածին կար, և մագնիսական դաշտն ստեղծված էր երկրագնդի պայմաններին համապատասխան:

Դավիդը, գտնվելով Մարսի վրա, անսովոր գերլարված էր: Նա տխրում էր: «Այստեղ միայն հարվածային խառնարաններ են, հրաբուխների անծայր հովիտներ, անպատներ և բևեռային սառցե գլխարկներ: Ես այստեղ փանփրույից կխելագարվեմ»,- մտածում էր Դավիդը՝ անհանգիստ քորելով գլխամաշկը:

Քաղաքը կառուցվում էր Մարսի հասարակածում, որտեղ ջերմաստիճանը հասնում էր + 20-ի: Խումբն արդեն ազատվել էր սաղավարտներից և նստած սպասում էր ցուցումների: Քաղաքի ապակեպատ տարածքից երևում էր մոլորակը: Մարսի՝ բևեռային գլխարկներից դուրս մակերևույթը պատվել էր բաց գույնի եղյամով: Հասարակածից փոքր-ինչ հեռու ձյան փաթիլներ էին երևում, որոնք դեռ մակերևույթին չհասած՝ ցնդում էին: Մարսը պատված էր կարմիր գույնով: Արևը մայր էր մտնում: Մայրամուտի ժամանակ երկինքը զենիթում ստանում էր կարմրավարդագույն, իսկ արեգակի սկավառակի անմիջական մոտակայքում՝ երկնագույն, ապա մանուշակագույն տեսք: Դա ամբողջովին անհարիր էր երկրային պատկերներին: Խմբի անդամները սնվելուց հետո պառկեցին իրար կողքի դրված ռետինե մահճակալներին՝ քնելու: Մթնշաղում ջրային սառույցի միկրոմասիկները ցրում էին ամպերը, և լույսի ցրման արդյունքում երկինքը մանուշակագույն երանգ էր ստանում:

Առավոտն արագ բացվեց: Նրանք լվացվեցին էմալապատ լվացարանում և պատրաստվեցին աշխատանքի: Աշխատանքի բնույթը հիմնականում բեռներ տեղափոխելն էր փոքր, եռանիվ ավտոմեքենաներով: Բեռները հիմնականում տեղափոխում էին Էդիլը և Էդգարը, իսկ Դավիդը հատուկ վերապատրաստման դասընթաց էր անցել և, համակարգչային տեխնիկայի ցուցումով, կառուցում էր քաղաքը: Դեռ մեկ ամիս չէր անցել երկրային ժամանակով, երբ Դավիդի մոտ հալյուցինացիաներ սկսվեցին: Նա Մարսի մակերևույթին տեսնում էր խոժոռված ամպեր, որոնք ծագող արշալույսի նշաններով կերպարանավորված՝ վազում էին հողաշեն խրճիթների մոտ հավաքված երկչոտ սագերի հետևից, որոնք փախչում էին տոչորող տոթի հետապնդումից: Մարսում օրերը մոմեր էին դառնում և վառվելով՝ թափվում Դավիդի աշխատասեղանին: Դավիդը քերում էր սեղանին հալված մոմը և կուլ էր տալիս, որպեսզի օրերն անհետ չկորչեն տիեզերական զառանցանքի միստիկական ալիքներում: Քաղաքից դուրս ժամանակը կարծես կանգ էր առել՝ օտար էակների շարժից զարմացած: Միօրինակությամբ համակված քաղաքի մարդիկ կառչում էին կյանքից՝ գերմարդկային ճիգերով գոյության նոր հիմքեր ստեղծելով:

Մարսյան կյանքի 66-րդ օրն էր, երբ Դավիդը հոգնած ննջում էր համակարգչային տեխնիկայի առջև: Ապակու թակոց լսեց: Աչքերը կիսաբաց անելով՝ տեսավ իր դիմաց կանգնած մոխրագույն մաշկով, թափանցիկ ազդանշանային թարթաթաղանթով երկնագույն աչքագնդերով, գլխին թեթև արագակրակ թնդանոթի նմանվող կատարով չորս մետրանոց մի մարդանման արարածի: Դավիդը փորձեց գոռալ, բայց հյուրը տարօրինակ ձեռքով նշան արեց, որ լռի: Նա մարդուն ոչ հատուկ ժպիտով սկսեց հանգստացնել Դավիդին: Ապա սկսեց խոսել: Խոսելու ընթացքում նրանից սկսեց կանաչ գոլորշի բարձրանալ, որը ներխուժեց քաղաք, իր լպրծուն պատյանով ողողեց Դավիդի շուրջը, և նա սկսեց հասկանալ այդ այլմոլորակայինին: Վերջինս խնդրում էր Դավիդին, որ դուռը բացի ու գնա իր մոտ: Կարիք չեղավ երկար համոզելու: Նա քաղաքի միօրինակ, առօրյա ծանրաքաշ աշխատանքից հոգնած՝ դուրս եկավ ապակեպատ քաղաքից՝ իր ետևից փակելով դուռը: Մոխրագույն մարդակերպը գրկեց նրան և, արագ վազելով, տարավ: Վազելու ժամանակ նա սկսեց խոսել:

-Ես զետիների ցեղից եմ: Անունս Բադալ է: Ինձ ուղարկել են քեզ փրկելու: Մարսն այդքան էլ ապահով չէ, որքան դուք եք կարծում: Ահա նայի՛ր Մարսի արբանյակ Դեյմոսին: Դեյմոսի ուղեծիրը հեռանում է Մարսից: Դեյմոսը, ինչպես և Երկրի լուսինը, գտնվում է սինքրոն ուղեծրից բարձր, որը և հանգեցնում է նրա աստիճանաբար հեռացմանը մոլորակից: Մյուս արբանյակ Ֆոբոսը, հակառակ դրան, գտնվում է այդ ուղեծրից ներքև և աստիճանաբար մոտենում է Մարսին: Այս երևույթների արդյունքում կփոխվեն Մարսի մագնիսական դաշտը և կլիման, Ֆոբոսին բախվելու հետևանքով մոլորակը կկործանվի: Ձեր երկրային ժամանակով դա տեղի կունենա 30 ժամից: Փաստորեն գիտնականները Մարսի վրա քաղաք կառուցելու նախագիծը կազմելիս սխալ հաշվարկների վրա են հիմնվել՝ չունենալով մոլորակի երկարատև անվտանգության երաշխիքի անհրաժեշտություն,- ասաց Բադալն՝ ավելի արագացնելով վազքը: Տարօրինակ էր, որ Մարսի վրա Դավիդը կարողանում էր շնչել: Չէ՞ որ Մարսի մթնոլորտի 95,32 տոկոսն ածխաթթու գազ էր, 2,7-ը՝ ազոտ, 1,6-ը՝ արգոն, 0,021-ը՝ ջրի գոլոշի, և միայն 0,13 տոկոսն էր թթվածին:

-Ես ինչպե՞ս եմ կարողանում շնչել: Ինչո՞ւ շնչահեղձ չեմ լինում,- հարցրեց Դավիդը: Բադալը, թրթռացնելով աչքերը, ծիծաղեց և ոչինչ չասաց: Նրանք մեկ ժամից հասան լեռնային մոտ չորս մետր բարձրություն ունեցող գոգավորության, որն ավելի շատ նման էր ուտիճի: Լեռնանման փոքր զանգվածում անցք կար: Բադալը, Դավիդին գրկած, մտավ անցքի մեջ: Լեռնանման զանգվածը պոկվեց գետնից ու թռավ: Մի քանի րոպե անց Բադալը ուրախությամբ հայտնեց, որ իրենք մոլորակ են հասել:

-Ահա և Ֆատանը: Այստեղ դու քեզ լավ կզգաս: Միայն քեզ մի զգուշացում: Միայնակ չմնաս, այլապես շնչահեղձ կլինես: Այստեղ օդը, մթնոլորտը պայմանավորված են միմյանց հետ համատեղ գոյությամբ: Ֆատանը շատ նման է ձեր երկրագնդին, միայն մեկ տարբերությամբ, որ այստեղ ոչ մի կենդանի արարած միայնակ չի ապրում: Նայիր երկնքին, տեսնո՞ւմ ես միմյանց հետ ճախրող թռչուններին, նայիր շուրջբոլորդ ու կհամոզվես: Ֆատանում մթնոլորտ գոյություն չունի, մենք չգիտենք, թե ինչու է միմյանց գոյությունը մեզ թթվածին մատակարարում: Մենք հազարամյակներ շարունակ ապրում ենք այստեղ՝ այդպես էլ չիմանալով միասին ապրելու կենսատու նշանակությունը,- ասաց Բադալը՝ հեռանալով բազմության կողմը: Դավիդը տեսավ, որ մարդկանց խոսելու ընթացքում կանաչ գոլորշի է բարձրանում և երբ խոսելը դադարեցնում են, գոլորշին կորչում է: Կանաչ գոլորշին հանդիսանում է միմյանց ընկալելու յուրահատուկ միջոց: Ամեն ինչ շատ հարազատ, միաժամանակ տարօրինակ էր: Ճանճերը թռվռում էին մահամերձ մարդկանց ստվերների հետ: Մարդիկ աներևույթ կարեկցանքի թելերով միահյուսվել էին միմյանց: Տները, շենքերը ամեն ինչ մեր երկրի քաղաքային շինությունների նման էին: Այդ մոլորակում գոյի բաղադրամասերը, հենվելով մանուշակագույն միկրոսկոպիկ էլեկտրական տարրերին, երկնքում ակոս էին բացում: Դավիդը մի քանի մարդկանց հետ քայլեց քաղաք-մոլորակի խորքը: Առավոտվա սառնամանիքից խեղճացած՝ թռչուններն արհեստական շնչառություն էին տալիս աստղերի նարնջագույն լույսերին: Դավիդն անսահման ուրախություն էր զգում: Այստեղ ժամանակը երազ էր դառնում մարդկանց զուգահեռվող շնչառության միջտարածքներում և ցնդում օդում: Շուրջբոլորն ամեն շնչող էակ՝ խմբված և զույգերով, քայլում կամ նստած խոսում էր: Դավիդն աչքերը փակ հեռանում էր միայնության մոռացված անդրաշխարհից:

Ճչացող ոգու հրճվաշխարհում բոլոր կենդանիները քրտինքից բողբոջած ծաղիկների հյութով օրհնում էին մարդկանց:

Երաժշտությունը թափվում էր ամառվա բրոնզե երանգների հնչողությամբ: Ֆատանում մարդկային էակները շարժվում էին ձիթապտղի բույրի ռիթմիկայով: Դավիդն աշխատում էր ետ չմնալ քաղաքում քայլող մարդկանցից: Օրը մթնում էր: Դավիդը գաղափար անգամ չուներ, թե որտեղ է գիշերելու: Քաղաքի շուրջբոլորը տարածվող լեռներն սկսեցին շարժվել և բարձրանալ վերև: Երբ ամբողջովին մթնեց, լեռները գլխիվայր կախվեցին քաղաքի վրա: Լեռների բարձրությունը հողի մակերևույթից կազմում էր մոտ 200 մետր: Լեռներից սկսեցին թափվել տարբեր տեսակի միջատներ, վայրի կենդանիներ, որոնք օդում ցնդում էին՝ վերածվելով զանազան նախշաձև գունապատկերների: Դավիդը, հայացքը երկնքին հառած, դիտում էր միմյանց հետ պար բռնած գունապատկերների անսովոր խաղը: Իրար հրմշտելով դեպի պատկերները վազեցին վրձնով ու կտավով մի խումբ նկարիչներ: Նրանք սկսեցին արագ կտավին հանձնել հարափոփոխ փախչող գույնզգույն տեսարանների հրաշքը: Լեռներից մի ծառի ստվեր ձգվում էր թիթեռանման քերովբեների հրացոլքի մեջ: Դավիդը, հոգնելով իրար հաջորդող պատկերներին նայելուց, գլուխը կախեց: Նա հիմա միայն մտածում էր քնելու մասին: Մի երկդեմք տղամարդ, օդապարիկին անցկացնելով արշալույսներով լցված ծրարները, բաց էր թողնում երկինք: Հավանաբար նրան դուր չէր գալիս լեռան հրաշքը: Դավիդի հայացքն առաջ էր անցնում իր սեփական գիտակցությունից՝ երկփեղկելով նրա եսը: Դավիդն աչքերը փակեց և տեսավ Տրոմանակոյի դաշտերում ծաղիկներին սիրահետող մեղուներին, որոնց ամեն համբույրից վարդի թերթերը պոկվում էին՝ ճանապարհներ գծագրելով պտուտակաձև երազներում տեղում դոփող խորհրդավոր միլիվայրկյաննրի անլսելի թկթկոցներին: Դավիդն աստիճանաբար սկսեց շնչահեղձ լինել, աչքերը բացեց: Շուրջբոլորը ոչ ոք չկար: Նա միայնակ կանգնած էր: Մարդիկ հեռացել էին գույնզգույն պատկերների հետևից: Նշմարվում էր նրանց աննյութեղեն հետքը: Դավիդն իրեն թափ տալով վազեց նրանց հետևից: Վազելու ընթացքում հասկացավ, որ մինչև նրանց հասնի, կմահանա: Որքան ուժ ուներ գոռաց իրեն ծանոթ միակ մարդանմանի անունը.

-Բադա՜լ:

Ձայնը մի պահ սառեց օդում, այնուհետև մթության մեջից դուրս եկավ կայծոռիկների հորիզոնական շարված շարասյունը: Նրանցից առաջինը բռնեց սառած ձայնը ու փոխանցեց հաջորդ կայծոռիկին: Դավիդի բացականչությունը միլիվայրկյանների արագությամբ իրար փոխանցելով՝ ուղարկում էին անհայտ մի ուղղությամբ: Մի վայրկյան հետո հայտնվեց Բադալը: Նա վազեց ու գրկեց Դավիդին: Բադալը թրթռացող կատարով մեղմ սյուք փչեց Դավիդի ճակատին: Դավիդի շնչահեղձությունը դադարեց:

-Այսօրվանից միշտ իմ տանը կմնաս: Չեմ կարող քեզ բախտի քմահաճույքին թողնել,- ասաց Բադալը և նրա ձեռքը բռնելով քայլեց դեպի ետ՝ կայծոռիկների աստիճանաբար նոսրացող շարասյան ուղեգծով: Նրանք հասան մի պուրակի, որտեղ բազմաթիվ ծառեր կային: Այստեղ մի խրճիթանման փայտե տուն կար: Նրանք ներս մտան: Տանը Դավիդին ընդառաջ եկան միջին տարիքի երիտասարդ զետի կանայք:

-Բարև ձեզ: Նրանք քո կինն ու դո՞ւստրն են,- հարցրեց Դավիդը:

-Հա, մենք նրա ընտանիքն ենք,- ասաց տարեց կինը՝ Դավիդին հրավիրելով նստելու: Տունը երկու սենյակ ուներ: Հյուրասենյակում մի մահճակալ էր դրված՝ հնաոճ երկաթե ոտքերով: Դավիդն իրեն արդեն պատկերացնում էր պառկած: Բադալը տեղավորվեց բազկաթոռին, սկսեց խոսել:

-Սա իմ կինն է՝ Ալիզան, իսկ մյուս գեղեցկուհին իմ աղջիկն է՝ Ռաքելը: Իսկ Դավիդը Ֆատանի նրբանկատներից է,- ասաց Բադալը՝ ծանոթացնելով Դավիդին իր ընտանիքի անդամների հետ: Վերջիններս ժպտալով գլուխ խոնարհեցին: Ալիզան թեյ առաջարկեց Դավիդին, որը մեխանիկորեն գլխով համաձայնության նշան արեց: Մի քանի րոպեից Ռաքելը զարդաքանդակներով պատված մեծ բաժակով թեյ մատուցեց:

-Սա հատուկ խոտաբույսով թեյ է, որն արագ հանում է հոգնածությունը և վերացնում բոլոր տիպի ցավերը: Խոտաբույսը կոչվում է իգբալա: Խմեք ու արդեն կարող եք պառկել: Ձեր անկողինը պատրաստ է,- ասաց Ռաքելը՝ նստելով Դավիդի կողքի աթոռին: Դավիդը շնորհակալություն հայտնեց: Արագ խմեց թեյը և գնաց, պառկեց երկաթե ոտքերով մահճակալին: Երբ գլուխը դրեց բարձին, Դավիդն անմիջապես կարոտ զգաց: Նա հիշեց ընկերներին՝ Էդգարին ու Էդիլին: Դավիդը, անկողնու մեջ նստելով, խոսեց լացակումած ձայնով:

-Խնդրում եմ, Բադալ, փրկիր Էդիլին ու Էդգարին: Արդեն քիչ ժամանակ է մնացել, շուտով Մարսը կկործանվի: Նրանց բեր Ֆատան: Իհարկե, այստեղ բոլորը սովորական մարդկանց են նման՝ բացի ձեր ընտանիքից, բայց ես խորթություն և օտարություն եմ զգում,- ասաց Դավիդը՝ հուսահատ հայացքով նայելով Բադալին: Վերջինս ոտքի կանգնեց, մոտեցավ Դավիդին ու նստեց անկողնու եզրին:

-Մեր ընտանիքը դարերով արդեն պահպանում է այս փոքր մոլորակի անարատությունը: Քո ընկերներն այստեղ ավազակությամբ ու թալանով են զբաղվելու: Ես լավագույն դեպքում կարող եմ նրանց փրկել և ուղարկել իրենց մոլորակ: Նախօրոք ասեմ՝ զուր չփորձես համոզել, ուրիշ ոչ մի խնդրանք, միևնույն է, չեմ ընդունելու: Ես հենց հիմա կգնամ Մարս,- ասաց Բադալը՝ դուրս գալով տնից: Դավիդը հանգիստ շունչ քաշեց, սրբեց արցունքներն ու կողաշրջվելով դեպի պատը՝ խոր քուն մտավ:

Դավիդն իր մկանների մեջ տեղավորեց Ֆատանի գիշերվա երկինքը և գնաց թափառելու հոգիների տևական անհետացման բզզոցներում:

Գիրավուն կնոջ ականջում հրեշտակը փռշտաց, և Դավիդն արթնացավ հնդկական սրինգի հնչյուններից: Փխրուն, անորոշ զանգը տրտնջալով ռեքվիեմ էր հորինում արևամուտի մասին: Դավիդը հորանջելով վեր կացավ անկողնուց: Տանը ոչ ոք չկար: Նա դուրս ելավ տանից: Արևի լույսը տրոփող քնքշությամբ ծորալով ընկավ Դավիդի գլխին՝ ներծծվելով նրա սևաթույր գանգուրների մեջ: Նա իր ճմլված հայացքով փորձում էր օրվա ծանոթ պատկերները որսալ: Լսվեց Ալիզայի մեղմօրոր երգի ձայնը: Դավիդը քայլեց ձայնի ուղղությամբ: Ալիզան կռացած հատապտուղներ էր հավաքում այգում: Նա, Դավիդին տեսնելով, կապույտ սալոր շպրտեց: Դավիդը բռնեց, չլմփացնելով սկսեց ուտել:

-Բադալը դեռ չի՞ վերադարձել: Տեսնես կարողացա՞վ փրկել ընկերներիս: Ռաքելը որտե՞ղ է,- ասաց Դավիդը՝ մոտենալով Ալիզային:

Ալիզան նստեց հողին՝ ձեռքերով հենվելով գետնին, և ասաց.

-Բադալն առավոտյան շուտ վերադարձավ, ասաց, որ ոչ միայն քո ընկերներին է փրկել, այլև ողջ մարսյան անձնակազմին: Մարսը ուր որ է կպայթի: Նա Ռաքելին վերցրեց իր հետ և տարավ դիտելու ծովախեցիներից պատրաստված առարկների ցուցահանդեսը: Գնա՛, տան աջ կողմի ծորակը բա՛ց, լվացվի՛ր: Հիմա ես քեզ նախաճաշ կտամ:

Դավիդը գնաց, տան կողքի ծորակը բացեց, լվացվեց և մտավ տուն: Ալիզան նրան խաշած ձու և պանիր հյուրասիրեց, ապա նաև թեյ: Դավիդը հիմա առավել քան հանգիստ էր և ուրախ, որ ընկերները և մարսյան անձնակազմը փրկված են:

Օդը գրկախառնվել էր լեռների արձագանքներին և ճոճվում էր՝ ծառերից ու ծաղիկներից կախված: Դավիդը նախաճաշեց, խմեց թեյը և դուրս եկավ տնից: Երկրաբնակի հոգեբանությամբ նա իր հարմար նոր արկածներ և հետաքրքրություններ էր փնտրում: Դուրս եկավ պուրակից և քայլեց քաղաքի ուղղությամբ: Քայլելու ընթացքում նկատեց, որ սխալ ուղղությամբ է գնում, և քաղաքը չի նշմարվում: Դավիդը քայլելով հասավ մի մարգահովտի: Այնտեղ կարմրամանուշակագույն օդով շրջապատված մի ճոճանակ կար: Կինը երեխայի հետ խաղում էր:

«Նորից շնչահեղձություն: Ես չպետք է մենակ մնայի: Հարկավոր է արագ հասնել նրանց»,- մտքում ասաց Դավիդը և վազեց նրանց ուղղությամբ: Հասնելով նրանց՝ շնչակտուր կանգնեց: Կինը և փոքրիկ երեխան չարձագանքեցին նրան: Երեխային ճոճօրորելու ընթացքում կնոջ ձեռքի ամեն մի հպումից սպիտակ փրփուր էր դուրս գալիս: Դավիդը ողջունեց նրանց: Սակայն նրանք անհաղորդ էին մնում: Սպիտակ փրփուրների մեջ կնոջ մարմինը մեղմ օրորվում էր: Դավիդն ուսումնասիրում էր տեղանքը և ուրիշ մարդ էր փնտրում, որ հեռանա նրանցից: Աստիճանաբար կնոջ և երեխայի պատկերը խամրում էր, և երեխայի քունը, եթերանալով, չքացրեց տարօրինակ պատկերների տևողությունը: Դավիդը մնաց մեն-մենակ՝ ճոճանակի մոտ կանգնած: Նա սկսեց մահվան սարսափից փշաքաղված ուժեղ և անկանոն գոռալ:

-Հե՜յ, հե՜յ, ո՞վ կա այստեղ:- Ոչ ոք նրա ձայնին չէր արձագանքում: Կտրուկ շնչահեղձությունն ընկճեց նրա միտքը: Դավիդը նստեց ճոճանակին՝ ամուր բռնելով պարանները: Նստելով ճոճանակին, նա, փոքրանալով, երեխա դարձավ: Նորից հայտնվեց կինն ու սկսեց ճոճել իրեն: Դավիդի շնչահեղձությունը դադարեց: Օրորվելու ընթացքում նորից սպիտակ փրփուրներ էին դուրս գալիս: Դավիդը, մեղմ ճոճվելուց թմրած, ննջեց ու քնեց: Երբ աչքերը բացեց, դաշտում չէր: Դավիդը հայտնվեց մի տեղանքում, որտեղ աշխույժ շինարարական աշխատանքներ էին ընթանում: Աշխատողները տղամարդիկ, կանայք ու երեխաներ էին, որոնք տանջված, չարչարված տեսք ունեին: Դավիդին տեսնելով՝ զետիների նմանվող մի քանի էակներն արագ եկան նրա մոտ, բռնեցին նրան, ձեռքերին ու ոտքերին շղթաներ անցկացրին ու հրեցին աշխատող մարդկանց մեջ:

-Հը՜ն, դո՞ւ էլ ընկար նրանց ծուղակը: Կինը, երեխան և ճոճանակը շատ են խորհրդավոր: Դա նրանց տարանցիկն է դեպի Ֆատան: Մենք այստեղ բոլորս Ֆատանից ենք: Դե հիմա մեզ նման գիշեր-ցերեկ ստրուկի նման աշխատիր:

-Բարի գալուստ զետիների Սավո աշխարհ,- ջղագրգիռ ծիծաղելով ասաց մազոտ մաշկով, թխահեր տղամարդը: Դավիդը հուսահատ նստեց աշխատող մարդկանց մեջ: Նա ինչքան ուժ ուներ՝ գոռաց.

-Բա՜ադաալ:

Նրա ձայնից հանկարծ ամեն ինչ անշարժացավ: Օդն սկսեց տեսանելի դառնալ ու կարծրանալով ճաքճքել:

-Նա ի՞նչ անուն է ճչում: Այդ ո՞վ է,- չորս կողմից լսվեցին մարդկանց վախվորած քրթմջոցները: Փաստորեն Բադալի ու նրա ընտանիքի մասին ոչ ոք չգիտեր: Սառչող օդի ճեղքից դուրս եկավ Ռաքելը, արագ մոտեցավ Դավիդին, գրկեց նրան ու նորից մտավ նույն օդի ճեղքի մեջ: Դավիդը Ռաքելի հետ նորից հայտնվեց մարգահովտում՝ ճոճանակի մոտ: Նա ամուր գրկել էր Դավիդին ու հեկեկում էր:

-Դու մեզ այնքա՜ն վախեցրիր: Ինչո՞ւ ես ինքնուրույն զբոսնում: Չգիտե՞ս, որ Ֆատանը լի է անակնկալներով ու բազմաբնույթ վտանգներով: Գիտե՞ս, որ եթե փորձեմ նրանց էլ փրկել, զետիները կգտնեն Ֆատանի տեղը: Նրանք այստեղ ունեն իրենց ծառաները, բայց երբեք չեն եղել այստեղ: Նրանք, չիմանալով այլ մոլորակների մասին, իրենց ստեղծած էակներին բաց են թողնում տիեզերական անծայր տարածությունում, որոնք ծուղակներ սարքելով Սավո են ուղարկում զանազան մարդկանց ու մարդանմանների: Զգույշ եղիր, այլևս չփորձես մեկ քայլ անգամ անել առանց մեզ,- ասաց Ռաքելը՝ Դավիդի ձեռքից բռնած գնալով տուն:

Ժամանակի ընթացքում Դավիդը դարձավ Ֆատանի լիակատար բնակիչ: Նա սիրահարվեց Ռաքելին ու ամուսնացավ նրա հետ: Նրանք ունեցան մեկ աղջիկ և մեկ տղա: Երեխաները, լինելով այլմոլորակայինի և Երկիր մոլորակից եկած մարդու սերունդ, անսովոր գեղեցիկ էին և խելացի: Դավիդը պուրակում ծաղիկներ էր աճեցնում և վաճառում Ֆատանի բնակիչներին: Բացի այդ նա, ուսումնասիրելով ծաղկահյութերը, դրանցից օծանելիքներ, դեղանյութեր ու բազմաթիվ հյութեր էր պատրաստում: Ռաքելը, Բադալը և Ալիզան օգնում էին նրան: Նա տարին մեկ աստիճանանման փոքր լեռով Բադալի, իր կնոջ և Ալիզայի հետ տիեզերական զբոսաշրջության էր գնում՝ մեկընդմեջ այցելելով նաև Տրոմանակո:

Դավիդը երջանիկ էր իր ընտանիքի հետ նոր աշխարհում:

Ֆատանում ջրի պղպջակներն ամեն օր թեքվում էին դեպի կեսօրվա ոտնահետքերը՝ վարսեր փռելու ծառերի կատարներին թառած անմեղ թռչունների վրա: Դրսի հռնդյունը փորձում էր խցկվել Ֆատանի լուսամուտներից ներս, սակայն բախվելով մարդկանց շնչառության կանաչ ճաղավանդակին՝ ընկնում էր ցած: Նրա մտապատկերում արդեն վաղուց ցնդել էր Երկիր մոլորակի անփոխարինելիության և անկրկնելիության մասին մտացածին միֆը:

Քամու ծածուկ ստվերները, արտասուքի սերմերն արմատախիլ անելով, թափում էին Ֆատանից դուրս: Այս ամենը՝ Ֆատանը և ողջ իմացյալը, երկու անհայտ աչքերի գծային հավասարման ծնունդ են, որը երբեք չի սաստի մանկական երազանքների թովչանքը և լույսերի թևավորված բլրակներին կես ճանապարհից ետ չի կանչի:

 

Անդին 9, 2016

Share

Կարծիքներ

կարծիք