Բանաստեղծություններ | Ժամանակակից իսպանական պոեզիա

maxresdefault Իսպանացի գրող և հրապարակախոս Լուիս Գարսիա Մոնտերոն ծնվել է 1958 թ. Գրանադայում: Հանդիսանում է արդի իսպանական պոեզիայի ամենահայտնի դեմքերից մեկը: Ի թիվս բազում մրցանակների, որոնցով ողողված է նրա ստեղծագործական կյանքը, առանձնանում է Ֆեդերիկո Գարսիա Լորկայի անվան մրցանակը, Գրականության և Քննադատների ազգային մրցանակները: 1999-ին առաջադրվել է Սերվանտեսի անվան մրցանակի, որն իսպաներեն խոսքի գերագույն պարգևն է հանդիսանում:

 

Այրված լույսի ներքո

 

Այրված լույսի ներքո

սառում են աչքերդ, որոնցով փնտրում ես

այս հոկտեմբերյան ժամերը —

նրա այգին ջինով թաթախված,

չոր տերևների լռությունը,

երբ ընկնելիս ինչ-որ բան են ասում:

 

Հետո գալիս են ճշմարտության գիշերները՝

առանց անհարմար հյուրերի,

կեղտոտ հատակներով, ծխախոտների մնացորդներով,

ինչպես աթոռները

դատարկ ռեստորանում

գլխիվայր դրած —

      սպասելիս:

 

Չգիտեմ, թե քեզ ինչ պատասխանել,

միայն այն, որ ծանոթ եմ իմ սեփական հեգնանքին,

քանզի մարդը նաև ինքն իր հանդեպ է գայլ,

մանավանդ

միայնակ գիշերներին:

 

Սև բարձունքներում

այս գիշերվա

մեզ դեռ սպասում են

լուռ անգղներ՝

թառած ամպերին,

ու գիտեմ, որ նորից

քեզ չեմ գրելու,

որ այս գիշերն էլ

չեմ գրելու:

 

 

Ո՞վ կա այդտեղ…

 

Ո՞վ կա այդտեղ:

Իմ տողերում

նորից

անավարտ մի բանաստեղծություն,

անտեսված մի երազ,

լույսերի և դռների լռությո՞ւն:

 

Ո՞վ կա այդտեղ:

Հեռանալուց հետո

համառ աչքերով՝

կռվի պատրաստ,

բանալիների մահաբեր ստվերի ներքո՞:

 

Ո՞վ կա այդտեղ՝

չփակված դռների ետևում,

որ սպասում է

դարանակալ:

 

Ո՞ւմ շրթունքներն են

հավաքված

ճամպրուկների նման

ներսում լռում,

ո՞ւմ ճակատագիրն է

այս երեկո

հերոսաբար

մեռնում:

 

Հե՜յ,

ո՞վ կա այդտեղ:

 

 

Թարգմանությունը իսպաներենից՝ Սլավի Ավիկ Հարությունյանի և Նարինե Այվազյանի

 

Իսպանական պոեզիայի շարքն ամբողջությամբ՝ Անդին 9, 2016-ում

Share

Կարծիքներ

կարծիք