Բանաստեղծություններ | Ժամանակակից իսպանական պոեզիա

Հեղինակ:

Isabel_Rezmo

Ծնվել է Ուբեդայում 1975 թ., 2013 թ. Մադրիդի պոետիկ-պերֆորմանս պոեզիայի  առաջին միջազգային փառատոնի մրցանակիր, 2015 թ.՝ Գուադիկսի պոեզիայի փառատոնի երկրորդ մրցանակակիր, 2015 թ.՝ Մոլինոյի պոեզիայի միջազգային փառատոնի երրորդ մրցանակակիր, 2014 թ.՝ Պալամոսի (Ժերոնա) Տամարիու գրական առաջին փառատոնի հաղթող: Առավել հայտնի են նրա «Կնոջ բնապատկերներ» 2013 թ., EGO AMARE 2015 թ. բանաստեղծությունների ժողովածուները:

 

 

 

Այլևս չցանկացա

 

Չցանկացա փռվել քո դռան դեմ՝ ինչպես այգի,

չցանկացա լինել պոեմ-երկար՝

մինչ չդիպչես տողիս բանաստեղծության:

Չցանկացա լինել թիթեռնիկ,

որ մեռնում է

մեկ օրվա մեջ,

եթե դեռ  չես սիրել:

 

Չցանկացա լինել արշալույս՝

մինչ գիշերը չի լուսացել

մեզ հետ.

ես թռչել չգիտեմ

այս ձնհալին,

քամին ծվատում է կուրծքս,

իսկ ես ուզում եմ

գարնան այս բացվող

կակաչների մեջ լինել

քո այգու

միակ ծաղիկը:

 

 

Աղմուկ

 

Եթե կարող ես՝ խաբի՛ր ինձ,

եթե կարող ես:

Մեկ վայրկյան,

միգուցե կրակոց.

ախր քունքը տաք է:

Եթե կարող ես,

եթե պարտավոր ես.

պարտավոր մի՛ եղիր,

դադարների ժամանակ սպասումներ են լինում:

Այդ ե՞ս եմ տանջվում ստվերում:

Արդյոք ես չե՞մ ընդունում հարվածը:

Արդյոք ես չե՞մ ընդունում

դանդաղ վճիռը քունքիս.

արդյոք ես չե՞մ:

Ես եմ…

Ես եմ:

 

 

Թարգմանությունը իսպաներենից՝ Սլավի Ավիկ Հարությունյանի և Նարինե Այվազյանի

Իսպանական պոեզիայի շարքն ամբողջությամբ Անդին 9, 2016 համարում

Share

Կարծիքներ

կարծիք