Չափել ժամանակը

Հեղինակ:

15202598_1342961892383193_3682361810322880565_n

Քարակերտ բանտ-լաբիրինթոսից դուրս գալու ձևը ինքն էլ չգիտեր: Մեծ ձեռքերով գրկել էր ծնկներն ու գլուխը հակել…

Միշտ ջրի արտացոլանքից էր վախեցել, իր կերպարանքը տեսնելուց: Հայրը ոչ մարդկանց վախից, ոչ էլ նրա վայրագությունից էր նրան այդ խճճված լաբիրինթոսում պահում, այլ նրա տգեղությունից… Որքա՜ն էր ամաչում արքան, որքա՜ն էր ամաչում իր որդու համար: Այդ ինչպե՞ս եղավ, որ ինքը՝ Մինոս արքան, ով սերում էր Զևս հորից և Եվրոպա մորից, դարձավ այդպես մեծագործ, զորեղ տիրակալ, բայց ժառանգ թողեց այդպիսի մի հրեշի: Ո՞վ գիտե, ցո՞ւլ էր Զևսը իր Եվրոպա գեղեցկուհի կնոջը սիրելու ժամին: Հույն աստվածները չարացել էին Զևսի դեմ, որ իր կնոջը դիցածին հելլեններից չէր ընտրել, և անիծել էին նրան:

Այդ հելլեններն ինչո՞ւ չեն սիրում տգեղներին:

Հավերժահարսերի ետևից տրնգի տալով պար էր գալիս այծամարդ Պանն ու այդ նույն բանը մտածում…

Իսկ հելլեններն իսկապես չէին սիրում տգեղներին:

Նա մարդ չէր ուտում: Աթենացի աղջիկներն ու պատանիները, որոնք իբր թե նրա համար որպես կերակուր էին ուղարկվել, մոլորվում էին լաբիրինթոսում ու չէին հասնում նրան: Իսկ նա արդեն հարյուր տարի նստած էր մեն-մենակ:

Այն ե՞րբ էր, որ դեռ մանուկ էր ու պակաս զարհուրելի, խաղ էր անում պալատական տղաների ու հովազների հետ: Հետո նրա բազուկներն ու սրունքները առնական դարձան, պարանոցն ամրացավ, կուրծքը մազակալեց, իսկ գլխին աճեցին եղջյուրներ:

Ամենասարսափելին հենց այդ եղջյուրներն էին: Նա տեսավ իր եղջյուրները, երբ առվակից ջուր էր խմում Դիոնիսոսի հովազների հետ: Նա սարսափեց, սարսափեց նաև հայրը՝ կորնթարդ քթով, խորունկ աչքերով գանգրահեր արքան:

Ի՜նչ ամոթ:

Թեսևսը հասավ նրա բաժնապտույտին, երբ արդեն ուժասպառ էր և հույս չուներ, որ երբևէ կգտնի այդ մարդակեր հրեշին, որն արդեն քանի՜ տարի ահուսարսափի մեջ է պահում իր երկրացիներին:

Նա բարձրացրեց աչքերը, և նրա աչքերը բոցավառվեցին:

Մարդ:

Մարդ եկավ նրա մոտ:

Այն օրից, ինչ ինքը հայտնվեց բարձրաորմ լաբիրինթոսում, հայրն անգամ չէր այցելել նրան:

Եվ ահա նա մարդ տեսավ:

Ուրախությունից վեր թռավ և մոտ վազեց: Աթենացին հանեց իր երկսայր սակրը և ետ շպրտեց նրան: Զարմացած մարդու անսիրալիրությունից՝ նա նորից թռչկոտելով առաջ նետվեց: Այս անգամ Թեսևսը բռնեց նրա եղջյուրներից ու նորից ետ մղեց նրան:

-Սպասի՛ր, մա՛րդ:

Աթենացին մի պահ կանգ առավ, բայց նրա եղջյուրները բաց չթողեց:

-Դու ինչո՞ւ ես կռվում,- հարցրեց նա,- դու խաղալ չե՞ս ուզում: Ես արդեն հարյուր, ով գիտե նույնիսկ հազար տարի այստեղ մենակ նստած եմ և մարդ չեմ տեսել, լսո՞ւմ ես, ինչո՞ւ ես կռվում: Որովհետև տգե՞ղ եմ: Որովհետև զարհուրելի եմ և հրեշի՞ եմ նման: Դու, որ գեղեցիկ ես ծնվել, և քեզնմանների մասին տաղեր են երգվում և սափորներ նախշվում, կռվում ես, որովհետև այդպե՞ս է ընդունված, մա՛րդ:

Թեսևսն ընկրկեց ու մի քանի քայլ ետ գնաց:

-Դու գալիս ես մարդկանց աշխարհից, և հիմա երևի այնտեղ գարուն է կամ ամառ: Աղջիկները դեռ ծաղկեպսակներո՞վ են զարդարում իրենց գլուխները, փեշերն առած վազում նոճիների զմրուխտե պուրակներում: Պատմի՛ր ինձ, մա՛րդ, ում պատկերով հայրդ գուցե հպարտանա, դու տեսե՞լ ես հորս պալատի բալագույն սյուները, որ չես գտնի էլ ոչ մի աշխարհում, դու նկատե՞լ ես՝ ծովի կապույտը նրանց ոնց է սազում: Ծովն այդ կապույտ դուք ինչպե՞ս եք կոչում: Սպասի՛ր, մա՛րդ, մի՛ կռվիր, ես անզեն եմ:

Թեսևսը բաց թողեց նրա եղջյուրները:

-Ես այստեղ մենակ եմ արդեն շատ վաղուց, և դու առաջինն էիր, որ եկար: Բայց իմ պապ Զևսը վկա, չասես, թե դու, որ վերջապես եկել ես, եկել ես ինձ սպանելու: Մա՛րդ, ես միայնակ եմ: Ես գիտեմ, թե ինչպես է չափվում ժամանակը, երբ ոչինչի չես սպասում, ես գիտեմ, թե ինչ պայծառ է լույսը, երբ սողոսկում է այ այն աննշան ճեղքից, ես գիտեմ, թե ինչ զրնգուն է ձայնը, երբ սպասում ես ընկերոջդ ոտնաձայներին: Դու հերոս ես կոչված, և երևի աստվածները քեզ փառք են կանխորոշել: Օրհնված լինեմ ես, որ փառքդ իմ վախճանը պիտի զարդարի, քաջարի՛ մարդ: Բայց ի՞նչ գին ունի վախճանս, եթե ծնված եմ անձկության համար, և վախճանն այս ահա ավելի երկար է, քան կյանքս:

Թեսևսը, որ անբարբառ լսում էր, իր երկսայր սակրը կտրուկ մեկնեց նրան: Նա զարմացած նայեց Թեսևսին, վերցրեց նրա սակրն ու դրեց իր ոտքերի առաջ: Ապա երկար լռելուց հետո ասաց.

-Դու կհեռանաս այստեղից, և քո գլուխը կփառազարդեն աստվածները, քանզի դու ոչնչացրել ես ոչ աստվածանմանին: Իսկ աստվածներին գեղեցիկ հերոսներ են պետք: Հեռացի՛ր, մա՛րդ, և թույլ տուր ինձ նորից սովորել չափել ժամանակը…

 

 

Ես այդպես էլ չկարողացա գտնել մի գույն, որ գոնե մի քիչ նման լիներ ծովի այն կապույտին, որ մինչ օրս մնացել է աչքերիս հիշողության մեջ, երբ Պոսեյդոնին փառաբանող բարձունքին նստած լսում էի պատմությունը հերոսի ու նրա հոր՝ Էգևսի արքայի մասին, ով, չդիմանալով որդու կորստին, ցած էր նետվել Հունական ծովի մեջ՝ իր անունը տալով այդ անպատմելի կապույտին: Եվ ես մտքով չուղեկցեցի հերոսին, չցնծացի նրա սխրանքների համար, ես շարունակ մտածում էի Նրա մասին, ով դեռ մենմենակ նստած է իր լաբիրինթոսում, որ հենց մեր ներսում է, և սպասում էՄարդուն:

 

 

 

Անդին 9, 2016

Share

Կարծիքներ

կարծիք