«Երգչախումբը ցրվել է». լույս է տեսել Ավագ Եփրեմյանի նոր ժողովածուն

DSC05579

«Եթե ես բանաստեղծություն չգրեի, երևի թե աշխարհում ոչինչ չփոխվեր, բայց գիտեմ նաև, որ իմ բանաստեղծություններով մի փոքրիկ բան ավելանում է աշխարհում».

Ավագ Եփրեմյան

 

 

Իր բանաստեղծությունների նոր ժողովածուն Ավագ Եփրեմյանն իր գրող ընկերներին և ընթերցողներին ներկայացրեց հունվարի 27-ին, ԱրևԱրտ պատկերասրահում:

 

Ժողովածուն կրում է «Երգչախումբը ցրվել է» խորագիրը, որը, ինչպես գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը մեկնաբանեց, ասես գույժ լինի ժամանակակից պոեզիայի ընդհանուր վիճակի մասին, քանզի համերաշխությունը և ներդաշանակությունը, որոնք միշտ հատուկ են եղել մեր պոեզիային, այսօր վերածվել են անհատականացման:

 

-Ավագ Եփրեմյանն իր գրքում կարողացել է բառերը կերպարանափոխել, ստեղծել բառերի վարվեցողության կանոններ՝ ցուցանելով, թե ինչպես ապրեցնել ու չմաշեցնել այդ բառերը իմաստազրկելու աստիճանի, — իր խոսքում նշեց գրող, թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանը:

«Երգչախումբը ցրվել է» գիրքը բանաստեղծի թվով վեցերորդ ժողովածուն է՝ կազմված  «Լուսանցք. Հաշտության պատրանքներ», «VACUUM», «Քաոսի երգերից չորսը», «Թող երկինքը հոսի», «Եղելություններ-ոչ ըստ» խորագրերով շարքերից  և «Անընթեռնելի համա-ձայնություն»  բանաստեղծություն-էսսեից:

-Այս ժողովածուի մեջ Ավագ Եփրեմյանը բանաստեղծական գրաֆիկայի մի շատ դժվար ոլորտ է մտել, որում նա հասել է լեզվական մինիմալիզմի: Այդ մինիմալիզմն է, որ պակասում է մեր պոեզիայի մեջ, քանզի պահանջում է իր նյութի բովանդակության ու ձևի հանդեպ շատ մեծ պատասխանատվություն: Եվ իր ուսերին կրելով այդ պատասխանատվությունը՝ Ավագ Եփրեմյանը կարողանում է ժամանակակից իրականության ու տագնապների ներհոսքն ապահովել իր գրքում, միևնույն ժամանակ կարողանալով այդ տագնապները վերածել խոհա-փիլիսոփայական, գոյաբանական երևույթի, որն էլ, կարծում եմ, այս գրքի կարևոր նվաճումն է- շեշտեց բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը:

Երեկոյի ընթացքում ստեղծագործություններ ընթերցվեցին բանաստեղծի նոր ժողովածուից:

 

-Ավագ Եփրեմյանն հոգու այն պոետն է, ով երկար ծավալի մեջ երբեք չի շատախոսում: Մինիմալիզմով, բառերի արժեքի գիտակցումով գալիս է դեպի բանաստեղծություն, -նշեց բանաստեղծուհի, Անդին ամսագրի պոեզիայի բաժնի խմբագիր Անի Տեր-Գուլանյանը: -Այսպիսին է Ավագ Եփրեմյանի գիրը, որը փոխում է քո հաջորդ առավոտը, տալիս մեկ այլ տեսողություն և պարզապես ցանկություն է ստեղծում արթնանալու…

 

 

 

Share

Կարծիքներ

կարծիք