Կարճ պատմություններ

Հեղինակ:

ANAHIT9Թատերական հրաշքներ

Լուսարձակողը սիրահարվեց զանգվածային տեսարանից մի աղջկա:

Եվ ամենաուժեղ լույսը նրա վրա էր գցում:

Երբ դերասանները ներկայացման վերջում դուրս էին գալիս գլուխ տալու, հանդիսատեսն ամենից շատ նրան էր ծափահարում՝ կարծելով, թե ներկայացման  հերոսուհին նա է:

Ներկայացմանը զբաղված դերասանները զարմանում էին. «Ի՞նչ է կատարվում»:

Որոշ ժամանակ անց թատրոնի տնօրենը գլխի ընկավ, և լուսարձակողին խիստ նկատողություն արեցին՝ գրանցելով անձնական գործում և զրկելով վեց ամսվա աշխատավարձից:

Սակայն այդ ամենից հետո էլ նա շարունակեց լուսավորել իր սիրած աղջկան:

Գեղարվեստական խորհուրդ գումարեցին: Գործը մանրազնին քննարկեցին, ամոթանք տվեցին տղային և աղջկան՝ իրենց անպարկեշտ ու անվայել վարքի համար, որն անթույլատրելի է թատրոնում: Ամենայն լրջությամբ, փրփուր ի բերան, ապացուցում էին նրանց բարոյական անկման աստիճանը: Կարմրում, կապտում և կանաչում էին… Երիտասարդները՝ գունատված, կախել էին գլուխները:

Բայց դա էլ չօգնեց՝ երեկոյան ամեն ինչ կրկնվեց: Լուսարձակողի զգացմունքներն իր գիտակցությունից ավելի զորավոր էին: Ոչինչ չէր կարող զսպել նրան: Աղջիկը շողշողում էր իր Սիրո Լույսի ճառագայթների ներքո: Ըստ էության, ճառագայթն ինքն էր գտնում աղջկան:

Տնօրենն ու գեղխորհրդի անդամները ծայր աստիճան հուսահատված էին:

 

Որոշ ժամանակ անց նրանք ամուսնացան:

Եվ լուսարձակողն այլևս աղջկա վրա լույս չէր գցում:

Ամեն ինչ իր տեղն ընկավ:

Թատրոնի օրինավոր առօրյան իր հունի մեջ մտավ:

 

Եվ բոլորը հանգստացան:

 

 

Լուվր

 

Փարիզում հաշմանդամների ցույցեր էին տեղի ունենում:

Այդ ամենը օրեր շարունակ և նույնիսկ գիշերները ըմբոշխնում էր ֆրանսիական հեռուստատեսությունը: Տեսարանը, մեղմ ասած, սահմռկեցուցիչ էր: Մարմնական և մտային արատներ ունեցող մարդկանց մի հոծ զանգված…

Թե ինչ էին նրանք պահանջում, այնքան էլ հասկանալի չէր: Հավանաբար սոցիալ-տնտեսական հավասարություն, իրենց իրավունքների պաշտպանություն՝ որպես լիարժեք քաղաքացիների, չնայած բոլորն էլ հաշմանդամների սայլակներով էին և մշտական օգնության կարիք ունեին. յուրաքանչյուրի կողքին սայլակն առաջ հրող մի օգնական կար…

Օրերս Լուվր այցելեցի և երբ հին հունական քանդակի սրահ մտա՝ ապշեցի. ինձ հանկած թվաց, թե հաշմանդամների արվեստ է դա: Եվ շուրջբոլորը հաշմանդամների արձաններ են…

Եվ թող ներեն ինձ՝ Նիկեն, Վեներան և Ապոլոնը…

 

Տեսողություն

 

Լավ է, որ տարիքի հետ տեսողությունը վատանում է:

Բնությունն այնուամենայնիվ բանական է: Հակառակ դեպքում կինն ամեն անգամ հայելու մեջ նայելիս սոսկումի մեջ կընկներ այն փոփոխություններից, որ արել են իր հետ տարիները:

Թուլացնելով տեսողությունը՝ բնությունը խնայում է մարդուն:

Տարիքի հետ տեսողությունը վատանում է: Փոխարենը մի ուրիշ տեսողություն է զորանում. ներքին տեսողությունը, սկսում ես ավելի խորը տեսնել:

Հեռու ավելի լավ է չնայել՝ այնտեղ մեզ ոչ մի լավ բան չի սպասում: Խորքը նայելը յուրատեսակ փախուստ է իրականությունից:

Դա ինքնախաբեություն է, սակայն և՝ փրկություն: Բնությունը խելոք է և բանական:

 

 

Լավ է լինել…

 

Լավ է լինել հավ:

Մարդիկ կերակրում են քեզ, բնությունն է կերակրում… Բնական է՝ ոչ անշահախնդիր: Նրանք սպասում են քեզնից, և դու նրանց ձու ես տալիս: Օրը մեկ հատ: Երբ դադարում ես տալ՝ նրանք քեզ մորթում-ուտում են: Եվ վերջ: Այնպես որ, այնքան էլ այնուամենայնիվ լավ բան չէ հավ լինելը, բայց պարզ է և հասկանալի:

Կատուներին և շներին կերակրում են և փոխարենը ոչինչ չեն պահանջում, ոչ մի ձու, միայն սեր և հավատարմություն: Չէ, ավելի լավ է շուն կամ կատու լինել:

Երեխային կերակրում են և պտուղներ են նրանից սպասում, և սեր, և հավատարմություն:

Դժվար է երեխա լինել:

Երեխան մեծանում, հասուն մարդ է դառնում:

Մարդուն ոչ ոք չի կերակրում: Մարդն ինքն է իրեն կերակրում: Եվ ոչ ոք նրանից ոչ մի ձու չի սպասում՝ ոչ ոսկե, ոչ հասարակ, ոչ էլ ուրիշ տեսակի:

Մարդն ինքն իրենից է սպասում, ինքն է իրենից պահանջում: Նա իր համար պարտավորություններ է հորինել, որպեսզի իմաստավորի իր կյանքը: Մարդը փորձում է գոնե մեկ հատ «ձու» ածել իր կյանքում, որպեսզի արդարացնի իր գոյությունը:

Մարդն ինքն է իրեն կերակրում: Մարդն ինքն է իրենից պահանջում: Մարդն ինքն է իրեն ստեղծում: Մարդն ինքն է…

Ինչի՞ համար: Անհասկանալի է: Կատարյալ մազոխիզմ:

Զարմանալի է մարդ լինելը:

Իսկ ավելի լավ է ազատ թռչուն լինել և մարդկանցից հեռու…

 

 

Հրաշք կոշիկներ

 

Այսօր ես մեռելային տրամադրություն ունեի:

Որոշել էի վաճառել իմ չքնաղ հրաշք կոշիկները:

Բանն այն է, որ դրանցով չէր կարելի քայլել, դրանցով պետք էր սահել, թեթևակի հողին դիպչել, գրեթե թռչել՝ չքայլել: Ինչ-որ հատուկ Հողի վրայով, իսկ ավելի ճիշտ, ավելի շուտ՝ Բեմի վրայով: Քանզի այդ հատուկ Հողը Բեմն է: Կախարդական Հողը: Որով չի կարելի սովորականի պես քայլել: Դա մի ուրիշ արարողություն է, դժվար է բացատրել: Ով գիտի բեմի արժեքը, ինձ կհասկանա: Ով չգիտի՝ չի հասկանա: Այ, նրանք քայլում են բեմով, տրորում են բեմը: Նրանք վտանգավոր են, նրանք ամեն ինչն են տրորում: Եվ բեմը նրանց տեղը չէ: Նրանք անելիք չունեն բեմում:   Գուցե ես այդ կոշիկները կյանքի համար չէի գնել, այլ բեմի: Չէ՞ որ առաջ ես կյանքի համար ոչինչ չէի գնում, ամեն ինչը բեմի համար էր: Այս կամ այն կնոջ համար, որին պիտի մարմնավորեի: Իսկ հետո արդեն, խաղալուց հետո, տարիներ անց, երբ մոռացվեր, հագնում էի կյանքում կամ բոլորովին չէի հագնում, եթե այն մեր կյանքի հետ կապ չէր ունենում: Այնպես որ, իմ և իմ գնումների գլխավոր կյանքը բեմական կյանքն էր:

Այնպես որ, հաստատ բեմի համար էի առել այդ կոշիկները: Գուցե մի օր հարկ կլինի քայլել… հայտնի չէ, թե կյանքն ինչպես կդասավորվի: Ուրեմն, պետք է պատրաստ լինել: Ե՛վ լինելուն, և՛ չլինելուն… Որքա՜ն դժվար է հրաժարվել հույսից: Իսկ ինչո՞ւ հրաժարվել հույսից, գրողը տանի:

Բոլորը հեգնում են, քմծիծաղում. ո՞ւր պիտի գնաս այդ կոշիկներով…

Նրանք չեն հասկանում: Եվ դա սպանում է ինձ: Ուզում են զրկել ինձ երազից, իմ հույսից: Դարձյալ բեմում լինելու իմ հույսից: Իհարկե, եթե շատ սպասեմ, նրանք մոդայից դուրս կգան: Եվ հայտնի չէ, թե որքան պիտի սպասեմ: Անհասկանալի ժամանակներում ենք ապրում:

Երևի այնուհանդերձ ստիպված պիտի ծախեմ երազանքս: Որպեսզի ինձ հանգիստ թողնեն: Երազանք ունեցողները դուր չեն գալիս մարդկանց… Իսկ բեմում կարելի է և բոբիկ քայլել: Մանավանդ որ դա համապատասխանում է քո ներկա վիճակին. երբ քեզ ամեն ինչից են զրկել՝ և՛ բեմից, և՛ հայրենիքից: Բայց ամենասոսկալին՝ որ ուզում են նաև հույսից զրկել: Իսկ առանց հույսի ապրելն անհնար է:

Չէ, հավանաբար չեմ վաճառի իմ հրաշք կոշիկները:

 

 

Արտացոլում

 

Առավոտյան Պետրոսն արթնացավ, նայեց հայելու մեջ և ինքն իրեն չտեսավ: Նա աչքերը կկոցեց, ավելի մոտիկից նայեց և դարձյալ չտեսավ: Ի՞նչ է կատարվում: Մատը քսեց փոշոտ մակերեսին և հաստ գիծ թողեց հայելու վրա: Մի լաթ վերցրեց, հայելին սրբեց և նորից նայեց: Բայց սեփական արտացոլումը դարձյալ չհայտնվեց: Այս անգամ արդեն վախեցավ: Հասկացավ, որ հայելին այստեղ կապ չունի: Ամբողջ գաղտնիքն իր մեջ է. իր գիտակցությունն է մշուշված, պղտորված, մթագնած, աղտոտված…

Տարօրինակ է սակայն. շուրջը գտնվող բոլոր առարկաներն արտացոլվում էին հայելու մեջ: Միայն ինքը չկար: Պետրոսը նույնիսկ ձեռք տվեց պահարանին, այնուհետև ինքն իրեն, այնքան արտասովոր էր երևույթը: Ամեն բան կարծես տեղն էր. և՛ ոտքերը, և՛ ձեռքերը, և՛ գլուխը… Նա նույնիսկ զգուշորեն դիպավ առնանդամին: Դա էլ տեղում էր: Սակայն, չգիտես ինչու, հայելու մեջ չէր արտացոլվում:

«Ես երևի խելագարվում եմ: Խմելուց է… Շտապ պետք է մի բաժակ գցել, խելքի գալ…»,- որոշեց Պետրոսը նյարդային դողով:

Մի լիքը բաժակ լցրեց և մի շնչով դատարկեց: Լցրեց երկրորդը և դարձյալ նետվեց հայելու մոտ: Ձեռքի բաժակը տեսավ միանգամից… այն սավառնում էր օդում՝ տեղաշարժվելով հայելու մեջ ինքն իրեն… սակայն տեղափոխող ձեռքը չկար: Աչքերը սոսկումից փակեց…

Եվ այսպես, Պետրոսն անհետացել էր:

«Աստված ինձ պատժել է: Զրկել է արտացոլումից…- ցնցված վեր թռավ Պետրոսը:- Հետևաբար և գիտակցումից, ինքս ինձ ճանաչելու կարողությունից… Մարդ ճանաչում է իրեն իր արտացոլման միջոցով… Ես այլևս արտացոլում չունեմ: Նշանակում է՝ ես նույնպես գոյություն չունեմ: Ես վերջացած մարդ եմ…»:

«Սակայն, սպասիր, այդքան շուտ մի հուսահատվիր… Դա այդքան էլ հեշտ չէ… Երբ մարդը ստեղծագործում է, ինչ-որ բան է ստեղծում, նա ինքն իրեն արտացոլում է, և այդպիսով ճանաչում է իրեն… իր ստեղծածի միջոցով…  Այնպես որ, ոչ ոք չի կարող ինձ զրկել իմ արտացոլումից: Թքա՜ծ եմ ունեցել բոլոր հայելիների վրա: Վերջիվերջո, ես գրող եմ… Ես կգրե՜մ… և իմ այդ արտացոլումն ինձ բավական է: Աստված չի կարող ինձ միանգամից ամեն ինչից զրկել… այսինքն՝ իմ բոլոր արտացոլումներից… Գուցե դա կատարվի ժամանակի ընթացքում, աստիճանաբար, բայց ոչ միանգամից… Դա պարզ է, դա գիտակցում են ողջ աշխարհի մտավորականները… Ի դեպ, աշխարհի մասին… Տերն ստեղծեց այս աշխարհը քաոսից… Նա էլ ինքնաճանաչման կարիք ուներ: Աշխարհը Նրա արտացոլումն է: Աստծո արտացոլումը: Աստված ուտոպիստ էր… Ուզում էր կատարյալ մարդ ստեղծել, սակայն հրեշ ստեղծեց… ինձ նման մի գարշելի արարած… Նա իրավացի է. մարդն արտացոլման արժանի չէ: Ես չկամ, գոյություն չունեմ, փուչիկ եմ, օճառի պղպջակ, միայն կաղապար… ռեխ ու հետույք… նույն բանն են դարձել… Հատկապես անդադար խմելուց հետո… Ի՞նչ արտացոլում կարող է լինել… Չէ՞ որ արտացոլվում է ներքին աշխարհը… իսկ այն գոյություն չունի… չունի՜… Լրիվ անասնացել եմ… Ամեն ինչ մոխրացրել, ոչնչացրել, այրել… և այժմ գոյություն չունեմ… անհետացել եմ… Ամեն ինչ ճիշտ է… Անհետացել եմ… նախ՝ կյանքում, հետո՝ հայելում… Կամ հակառակը. նախ հայելու մեջ, այնուհետև… Չէ, ինչ-որ էն չեմ ասում… Պետք է մի քիչ էլ թարմանալ»:

Եվ նորից բաժակը լցրեց: Շշի մեջ գրեթե բան չէր մնացել: Նստեց գրելու: Սակայն մուսան չքվել էր… Ինչ-որ բան էր կատարվում նրա երևակայության հետ…

«Դա ժամանակավոր է…»,- հանգստացրեց ինքն իրեն Պողոսը, թե՞ Պետրոսը… արդեն ինքն էլ չէր հիշում… խառնում էր… Եվ լցրեց… վերջին կաթիլները…

 

 

 

 

Աղջիկը պլակատից

 

Մի սիրունատես աղջիկ քայլում էր Շանզ Էլիզեով և հանկարծ կտրուկ կանգ առավ: Նրա հայացքը գամվեց սիրահարված աչքերով մի գեղեցիկ և առնական երիտասարդի: Տղան ինչ-որ մեկի հետ էր խոսում: Թե ո՞ւմ՝ չէր երևում: Խոսում էր աշխույժ, անկաշկանդ և նույնիսկ մտերմիկ. մերթ կամացուկ ծիծաղելով կատակում էր, մերթ լրջանում և դառնում մտահոգ, մերթ անցնելով շշուկի՝ նվաղկոտ և խորհրդավոր ժպտում, ասես սեր խոստովաներ, մերթ լարված ուշադրությամբ լսում էր, այնուհետև համաձայնում և պատասխանում… Թե ինչի մասին էին խոսում՝ չէր լսվում, կարելի էր միայն ենթադրել… Անշուշտ, սիրո մասին էր: Ինչպիսի՜ սիրահարված  հայացք ուներ: Եվ որքա՜ն հազվագյուտ է դա այսօր:

Անցորդները, սակայն, ոչ մի ուշադրություն չէին դարձնում նրան, ամեն ինչ բնական էր. ամբոխի հոսքի մեջ մեկը մյուսին չէր նայում:

Ոչ ոք չէր նկատում, որ նա… պլակատի աղջկա հետ է խոսում:

Ոչ ոք դա չէր նկատել՝ բացի մեկից. կենդանի աղջկանից, որը քիչ հեռու քարացած կանգնել նրան էր նայում: Բայց տղան էլ աղջկան չէր նկատում: Նա կլանված էր իր սիրով, շարունակում էր զրույցը պլակատի իր սիրած աղջկա հետ: Իսկ երբ նկատեց, որ իրեն նայում են, կտրուկ շրջվեց և կրպակի մյուս կողմն անցավ: Այնտեղ նա մեկ ուրիշ աղջկա բարևեց՝ մեկ ուրիշ պլակատից, մի քիչ շաղակրատեց հետը և դարձյալ վերադարձավ իր սիրեցյալի մոտ:

Իսկ կենդանի աղջիկն այդպես էլ մնաց չնկատված, չարժանացավ տղայի ուշադրությանը:

 

 

Տիկին Ժոզեֆինայի սիրած կատուները

 

Տիկին Ժոզեֆինան շատ միայնակ էր: Այդ պատճառով էլ բազմաթիվ կատուներ էր պահում: Սիրում էր նրանց: Երեխայի պես փայփայում, լողացնում, կերակրում… Հեշտ չէր այդ անելը, չէ՞ որ 13 հատ էին: Բայց նա չէր վախենում դժվարություններից, քանզի փոխարենը սեր և նվիրվածություն էր ստանում: Կատուները Ժոզեֆինայի հետ միևնույն անկողնում էին քնում, միևնույն ամանից ուտում, մի խոսքով, պաշտում էր նրանց մինչև ուղնուծուծը:

Մի օր տիկին Ժոզեֆինան չարթնացավ, հեռուստացույցի առջև իր բազկաթոռի մեջ նստած…

Նրա դիակը, այսինքն՝ հեռուստացույցի առջև նստած կմախքը, հայտնաբերեցին միայն հինգ տարի անց: «Կույր» հեռուստացույցը շարունակում էր հաղորդել վերջին լուրերը, ասես ոչինչ չէր պատահել…

Հարևաններն այդքան տարիների ընթացքում ոչինչ չէին կասկածել… քանզի դիակի հոտ չկար. տիկին Ժոզեֆինայի սիրած կատուները պարզապես կերել էին նրան…

Իսկ նրա բացակայությունը ոչ ոք չէր նկատել, որովհետև… Որովհետև այդպես է… Ամեն մարդ իրենով է զբաղված:

 

 

Մահվան սպասավորներն անմահ են…

 

Թոշակառուների սրահում էի: Ընդհանրապես ես շատ հետաքրքրասեր եմ՝ ուզում եմ ամեն ինչ իմանալ: Հեռվում մի հրապուրիչ ցուցափեղկ տեսա և մոտեցա. տապանաքարերի լուսանկարներ էին՝ գեղեցիկ շրջանակված… Դեռևս չէի գիտակցում, թե… երբ մի ժպտերես կին եկավ ընդառաջ.

-Դա ձեզ հետաքրքրո՞ւմ է…- սիրալիր հարցրեց նա:

-Այո, շատ,- ավելի սիրալիր պատասխանեցի ես:

-Հիանալի է: Ուրեմն, ուզում եք պատվիրե՞լ…

-Ի՞նչը…

-Ձեր թաղումը:

-Ինչպե՞ս թե… պատվիրել… Բայց ես չեմ պատրաստվում մեռնել:

-Դա ոչ մի կարևորություն չունի: Պատրաստվում եք, թե ոչ… մի օր, միևնույն է, պետք է մեռնեք. կյանքի օրենքն է:

-Ես գուցե դեռ երկար ապրեմ, ինչո՞ւ եք ուզում, որ մահվան մասին մտածեմ:

-Ինձ համար միևնույն է: Ձեզ համար եմ ասում, հիմա գները շատ հարմար են. ես կարող եմ ձեզ հիսուն տոկոսի զեղչ անել:

-Շնորհակալ եմ, կմտածեմ…

-Վաղն այդ հնարավորությունը չեք ունենա, պարոն, շուտ որոշեք, այսօր վերջին օրն է:

-Հասկանո՞ւմ եք, մի տեսակ դժվար է համակերպվել սեփական մահվան հետ…

-Իսկ դուք մի համակերպվեք՝ պարզապես պատվիրեք: Այնուհետև որքան կուզեք ապրեք, ոչ ոք ձեզ չի շտապեցնում… Եվ հետո, պետք չէ այդքան եսասեր լինել, պարոն, մտածեք նաև ձեր զավակների մասին, թեթևացրեք նրանց բեռը, ազատեք այդ կենցաղային հոգսերից, որպեսզի ձեզ նման հորը կորցնելու պահին կարողանան լրիվ տրվել իրենց վշտին: Հուսով եմ, նրանք երախտապարտ կլինեն՝ ձեր զավակները:

-Բայց ես զավակներ չունեմ, տիկին…

-Առավել ևս պետք է ամեն ինչ նախապատրաստել հիմա՝ կենդանության օրոք… պատշաճորեն կազմակերպել սեփական թաղումը… Ժամանակակից մարդն այս դարում պետք չէ, որ այդչափ զգայուն լինի, պետք է սառնասրտորեն դատել…

-Բայց, սիրելի տիկին, ձեզ արդեն ասացի. ես պատրաստվում եմ երկար ապրել, շատ երկար… և վստահ չեմ, թե իմ մեռնելու պահին ձեր հիմնարկը գոյություն կունենա… Ինչո՞ւ, ուրեմն, դրամս քամուն տամ…

-Հանգիստ եղեք պարոն, մեր հիմնարկը գոյություն կունենա… Մահվան սպասավորներն անմահ են… և միշտ պատրաստ են ձեզ ծառայելու…- դամբանական մի դառնանուշ ժպիտ պարգևելով՝ քաղցրաձայն մրմնջաց Տիկին Մահը:

Եվ ես հմայված ստորագրեցի…

 

 

Վերև Աստված կա…

 

Ավտոբուսի կանգառում մի կլոշար էր նստած՝ իր բազմաթիվ և բազմատեսակ պայուսակներով շրջապատված: Խեղճը խուճապահար և հուսահատ դեսուդեն էր նայում՝ իր կորցրած դրամը գտնելու համար, մինչդեռ մետաղադրամը պսպղում էր արևի տակ, իրեն շատ մոտիկ, սակայն թշվառը, չգիտես ինչու, չէր նկատում:

Ես ավտոբուսից տեսա այդ փայլող դրամը և մղվեցի, որ ցույց տամ նրան, սակայն, ավա՜ղ, ուշ էր, ավտոբուսը շարժվեց:

Իմ բնազդային շարժումն աննկատ չանցավ: Ուղևորները տարակուսած ինձ էին նայում:

«Վերջիվերջո կգտնի… սարսափելի ոչինչ չկա…»,- ինքս ինձ ժպտացի և իմ բնական արձագանքից հաճելիորեն զարմացած փաստեցի, որ դեռևս չեմ կորցրել մարդկայնությունս, համերաշխության զգացումը տառապյալ մերձավորի հանդեպ… ի տարբերություն ավտոբուսի մյուս ուղևորների:

Երբ մի քանի րոպե անց ավտոբուսից իջա, ուղիղ դիմացս՝ ասֆալտի վրա, պսպղում էր ճիշտ կլոշարի մետաղադրամի պես մի տասֆրանկանոց: Կարծես ինձ էր սպասում: Ես վերցրի դրամը: Այն արդարացիորեն պատկանում էր ինձ: Վաղուց ոչինչ չէի գտել Փարիզի փողոցներում:

Ինչպես տեսնում եք, այս աշխարհում ոչինչ աննկատ չի անցնում, ամեն ինչ հատուցվում է: Ոչ միայն բարի գործերը, այլև մտքերը և նույնիսկ մղումները:

Աստված կա՛:

 

 

Անդին 10, 2016

Share

Կարծիքներ

կարծիք