Բանաստեղծություններ

DSC05046---

***

Արի խոստովանենք՝

Երկուսս էլ ապաշնորհ ենք

Ու երբեք էլ չենք փոխվի.

Դու չսովորեցիր սիրել,

Ես էլ…

Բանաստեղծել:

 

***

Ու սպանում են բոլորը…

Ոմանք խոսքերով,

Որոշները՝

Խայթող լռությամբ,

Անտարբերությամբ:

Աշխարհը գերբնական սպանդանոց է,

Մեռնելը՝

Մեծագույն սխրանք:

Սպանում են բոլորը…

Երեսպաշտությամբ ու

Կեղծ գթությամբ,

Բարի ժպիտով,

Հուսադրելով՝ գոտեպնդությամբ:

 

***

Ի՜նչ կատարյալ է աշխարհն առանց մեզ:

Ի՜նչ գեղեցիկ է ունայնության անդորրը։

Նայում եմ դուրս. կիսախավար լապտերները

Խավարի հորձանուտում տես ո՜նց են նիրհում,

Քամին գգվում է հասկերին առատ,

Գալարվում է, շոյում քնքշանքով

Ծաղիկ ու սաղարթ:

Ի՜նչ կատարյալ է աշխարհն առանց մեր

Դժգոհ ու վհատ դեմքերի,

Երկչոտ, դատարկ մտքերի,

Ցասում բերող սերերի:

Ի՜նչ կատարյալ է աշխարհը,

Երբ մարդիկ ննջում են:

 

***

Գեղեցիկ են չծնված երեխաները,

Նրանք դառնում են

Հրեշտակներ այն աշխարհում,

Որի մասին չեմ ուզում խոսել:

Գեղեցիկ են մոռացված նոտաները,

Սքանչելի են անհամաչափ ու

Տարօրինակ դիմագծերով մարդիկ,

Արվեստ կա նրանց մեջ:

Գեղեցիկ են

Գեր կանայք՝ մաքուր հույզերով,

Որ սպասում են, փնտրում ամենուր իրենց

տղամարդուն,

Գեղեցիկ է դատարկությունը,

Ոչինչ չի կարող շեղել նրա մեջ ընկղմվելիս,

Գեղեցիկ է այն ամենը,

Ինչ չենք տեսնում:

 

***

Լցվեցին սրճարանները,

Բանուկ փողոցներն ու հիվանդանոցները

Լցվեցին աղբանոցները,

Գերազմանատները ամբոխով …

Լիցքավորվեցին բոլոր չկրակված

փամփուշտները,

Թաղվեցին ողջ-ողջ

Թշվառ պանդուխտները,

Չորացան ցավից, երկյուղից

խոշտանգված կանանց ընդերքում

բոլոր մանչուկները:

Փակվեցին սրճարանները,

Փողոցները վազում են

ժամանակի հետևից,

Գերազմանատները գերի առան մեկ օրով

մահվանը,

Գժերը բուժեցին անբուժելի բժիշկներին

Ու բոլոր հիվանդներին,

 

Քաղաքը մեռավ գիշերվա ափերի մեջ,

Բայց արևը կիսաքուն է,

Լույսը սպասում է իր ժամին,

Վաղն ամեն ինչ կկրկնվի:

 

***

Բառերը անգութ աստվածներ են

Ննջում են թաքուն

Աղջամուղջի մեջ,

Ու շաղախելով հույզ, թրթիռ ու սեր

Ծնում են

Ողբ, բերկրանք

Ու երգ:

Բառերը տխուր  աստվածներ են

Ներկված զավեշտի սփոփող գույներով՝

Կույր հավերժության բորբ զավակներն են,

Աներկբա տիրոջ սուտը զորավոր:

 

***

Աշուն է…

Ժամանակն է

Ռոմանտիկ լինելու,

Ինչ-որ մի հին գրողի ցիտելու…

Անձրևի հետ հանդարտ՝

Արցունքները ցամաքած՝ կիսելու:

Աշուն է, Ժամանակն է գոնե մեկ ամսով

Մի հիմար աղջկա սիրելու:

Աշուն է, արա

Ինչ ուզում ես,

Հետո ուշ է լինելու:

 

***

Մինչ խեղդում եմ հուսահատությունս

Թեյիս մեջ,

Արի, իմ ընկեր,

Իմ սեր` բալասան

փրկություն …

Իմ քաղցր տենդ, իմ զորություն:

Հիմա, երբ բոլորը հեռացել են,

Սրբագրիր անչար իմ ցավը,

Հոգնությունը:

Ինչպես անտեր Ղազարոսը,

Ինչպես Հիսուսը Գեթսեմանի պարտեզում ,

Ինչպես մանուկը մոր ընդերքում,

Որ լույս է փափագում,

Ես գալիս եմ դեպ քեզ …

Իմ բանաստեղծություն:

 

***

գեղեցիկ ապրել

չսովորեցինք,

Գեղեցիկ մեռնում ենք:

 

 

Անդին 10, 2016

Share

Կարծիքներ

կարծիք