Բանաստեղծություններ | Ժամանակակից իսպանական պոեզիա

Հեղինակ:

109790-600-361 Կառլոս Նավառո Մարսալը ծնվել է Վալենսիայում 1961 թ., ավարտել է նույն քաղաքի իսպանական բանասիրության ֆակուլտետը: Նրա առաջին գիրքը՝ «Երեկույթի վերջին հյուրը», լույս է տեսել 1987 թ., չորս տարի անց՝ 1991-ին՝  «Սահմանային կյանքը», իսկ ավելի ուշ լույս են տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուները՝ «Գիշերային երկրներ» (1996 թ.՝ «Մարգինալներ 145») և «Ծանր մետաղներ» (2001 թ.՝ «Մարգինալներ 196»), վերջինիս համար ստացել է քննադատների ազգային մրցանակ և 2002-ին՝ գրականության ազգային մրցանակ, 2002 թ.՝ Անտոնիո Մաչադոյի պոեզիայի մրցանակ, իսկ 2004-ին՝ Լոուվե հիմնադրամի պոեզիայի 16-րդ միջազգային փառատոնի մրցանակ:

 

 

Մխիթարություն

 

Մարմնի և մտքի ջրերով

քաղաքը հոսում է դեպի

անհայտություն:

Ապրելու համար միայն մեզ

մխիթարում է

բանաստեղծությունը, որը

մարդկանց հետ

մարդ լինելու և չլինելու

սահմանն է:

 

 

Ծով արցունքներ

 

Պիտի տանջվես:

Արդեն ապրել ես:

Գուցե այժմ էլ՝ հիշում:

Թեև գիտես այդ ամենի պատճառը (եթե անգամ գիտես),

դա քեզ չի մխիթարի:

Հրաժեշտ մերձավորներիդ,

անգութ

պատահականություններ,

երկնքի առեղծվածը,

և այն ամենը, ինչ կորչում է.

ներքևում՝ փաստեր և

կյանք, ներքևում՝

ժամանակը, ինչպես նաև

վերևում՝ կյանքը, ինչո՞ւ չէ,

այն, ինչ քեզ սպասվում է այնտեղ:

 

Այս ամենը սահմանն է,

արցունքներիդ համը,

անհամ համը՝ ի դեպ,

քանզի չի կիսում

ոչ մեկը,

ով տեսել է քեզ տանջվելիս:

-Հնարավոր չէ կիսել այն,

ինչի համը երբեք չես

հասկացել,

արցունքների տարափը

որտե՞ղ է թափվում:

Եվ չգիտեմ, թե ինչո՞ւ — ծով,

որտեղ նավարկում է,

հավերժ անիմաստ,

անմխիթար

մեկը, կամ՝

ո՞վ գիտե երբվանից

նրա հոգին,

քո հոգին

և իմը:

Գուցե…

 

 

Մեկը և ոչ մեկը

 

Նա, ով կարծում է, թե գիտի՝ ով եմ ես,

սակայն սխալվում է:

Կարող ես նորից վերադառնալ, քայլ առ քայլ կրկնել

ամբողջ պատմությունը,

բոլոր մանրամասները,

որոնք, սակայն, մի դեմք են ուրվագծում:

Դա ես չեմ լինի,

ով կպատմի այդ մասին,

թեև դա իմ պատկերն է:

Յուրաքանչյուր ոք, ով ինձ չի ճանաչում,

իմ մասին գիտի ամեն բան:

 

Չգիտեմ, թե ես ո՞վ եմ, բայց ես ճիշտ եմ:

 

Այս պարադոքսների կուտակումը

մեկնաբանություն է պահանջում և դադար:

(Խոսքերը կարող են միահյուսվել և քանդվել,

նույնիսկ ոչինչ չասել՝ ամենն ասելու ցանկությամբ):

Յուրաքանչյուրը նախ ոչ ոք է՝ կա°մ լեգեոն է,

կա°մ ոչ ոք է, կա°մ հենց ինքն է:

Եվ քանի որ այժմ գիտես, հասկացի°ր՝

ամբողջությամբ սխալվել ես:

 

Չգիտեմ  թե ես ո՞վ եմ:

 

 

 

Թարգմանությունը իսպաներենից՝ Սլավի Ավիկ Հարությունյանի և Նարինե Այվազյանի

Իսպանական պոեզիայի շարքը՝ Անդին 9, 2016 համարում

Կարծիքներ

կարծիք