Կոմպոզիցիա 33

IMG_8105 Ես սիրում եմ տղամարդուն՝ խաչափայտի մոտ ոտքը ոտքին գցած, թախծելիս: Բարձրորակ կաղնուց պատրաստված խաչը նա տանում էր դեպի այն սարը, ուր թաղված էր մեղքի խորհրդանիշը՝ Ադամի գլուխը: «Նա իսկական հրաշագործ է»,- ասում էին նրա տասներկու ընկերները հերթական հաջող գործարքից հետո:

Նրանք ամենուր մեզ հետ էին: Դեռ նախաճաշը չվերջացրած՝ լսվում էր Հովհաննեսի ձայնը. «Իմ ուսուցի՛չ»,- դիմում էր նրան տասնինը չբոլորած այդ երիտասարդը: Դաղձով թեյը կիսատ թողնելով՝ նա հապշտապ հեռանում էր ու ասում՝ մինչ երեկո՝ կրկին մերժելով հագնել նոր գնած վերնաշապիկը:

Իմ հարևանուհին ինձ հաճախ էր հրավիրում սուրճ խմելու և երբեմն անկեղծանում էր ու բողոքում ամուսնու անանուն զանգերից ու գիշերային թափառումներից: Իսկ ես հավատում էի իմ կողակցին, քանի որ նրա ամբողջ աշխատանքը կապված էր ընկերական այն լայն շրջապատի հետ, որ ձեռք էր բերվել տարիների ընթացքում:

Երկուսով ապրում էինք նրա ընկերներից մեկի՝ Հ.-ի տանը: Չնայած նա լռակյաց էր ու հազվադեպ էր իր մասին խոսում, բայց ես գիտեի, որ փողը մի բան արժե նրա համար, ու երբեմն զարմանում էի բնակարանի դիմաց վարձ չպահանջելու հանգամանքից: Սա ևս ապացուցում էր այն անսահման սերը, որ տածում էին նրա հանդեպ մեզ ամենուր շրջապատող ու հյուրընկալող տղամարդիկ, կանայք, մանուկներն ու հիվանդ թոշակառուները: Նրան նվիրաբերվում էին ամենաանկեղծ ժպիտներն ու ամենագեղեցիկ ասեղնագործ սփռոցին դրված արևադարձային տարատեսակ քաղցրահամ մրգերը: Այսպիսի սիրով շրջապատված՝ միշտ հիշում էի, թե ինչպես մի անգամ նա ասաց. «Ես չեմ սիրում քո մարմինը, ես սիրում եմ քո հոգին»:

Այժմ նա զբաղված է անապատականների հարցերով և մի քանի օրով տնից բացակայելու է: Հաշվի առնելով ճանապարհի դժվարությունները և փոխադրամիջոցի բացակայությունը՝ ինձ առաջարկեց մնալ տանը և զբաղվել պարտեզի բարեկարգմամբ:

Առավոտյան, երբ նոր տնկիներ էի ավելացնում, հարևանուհիս պատշգամբում արևածաղիկ չրթելով, ամենայն մանրամասնությամբ պատմեց իր և ամուսնու նախորդ օրվա կատաղի վեճի մասին: Նույնիսկ մի պահ զարմացավ, որ ոչինչ չեմ լսել: Կինը հատկապես ափսոսում էր կոտրված չինական ծաղկամանի համար, որ նվեր էր ստացել հեռավոր ազգականից: Հետո, ցույց տալով ոտքիս կապտուկը, հպանցիկ հարցրեց՝ երեկ ընկել եմ, թե ոչ, ու շարունակեց պնդել, որ այլևս չի դիմանում ամուսնու կոպտություններին:

Հաջորդ երեք գիշերներն անցան միևնույն աղմուկով՝ միահյուսված կնոջ մեղմիկ լացին և դրսի դռան ուժգին շրխկոցին, երբ ամուսինը հեռացավ տնից:

Արթնացա ծանր մարմնացավով ու նորանոր կապտուկներով: Վստահ էի՝ քնած ժամանակ ինչ-որ բան էր կատարվում հետս, սակայն դա լուսնոտություն չէր: Նույնիսկ ամենադժվարին պահերին չեմ կորցրել սթափ դատելու ունակությունս և առհասարակ ես նման հիվանդություն չունեի:

Հովհաննեսի անսպասելի զանգից տեղեկացա, որ անապատականների հետ առկա խնդիրները կարգավորվել են, և շուտով միասին հյուրընկալելու են ինձ: Հովհաննեսն ուրախ ձայնով պատմեց այն բոլոր իրադարձությունների և հրաշքների մասին, որ տեղի էին ունեցել՝ անթաքույց հիացմունքով խոսելով նրա հմտությունների, շնորքի ու բարեսրտության մասին: Բոլորն էլ շատ քաղցած էին. վերջին օրերին միայն մանանայով էին սնվել: Մեծ ախորժակով համտեսեցին տապակած մանդակն ու սպանախը՝ ափսեի մեջ ոչինչ չթողնելով, միայն հավի մսից ոչ ոք չօգտվեց:

Այս ճամփորդությունից հետո ես կորցրի նրա հավատն իմ հանդեպ: Նա տեսել էր մարմնիս կապտուկները, և կասկածը սողոսկել էր միտքը: Ես ոչինչ չգիտեի, որովհետև խորը քնելու սովորություն ունեի, չէի կարող զղջալ կամ հաստատել արածներս:

Անապատից հուշանվեր չէր բերել ինձ համար, իսկ նոր գնած հագուստները նվիրաբերել էր բնակիչներին: Ինչպես նա ասաց, խանութների ցանցը դեռ չէր հասել այնտեղ, ու մարդիկ կիսամերկ էին գոյատևում: Աշխատանքի բերումով նա հաճախ էր ճամփորդում, քանի որ նրա յուրաքանչյուր քայլը շղթայաբար կապակցված էր մյուսին: Անապատի խնդիրների կարգավորումը ենթադրում էր ավելի մասսայական և խոշոր գործարքներ: Հ.-ի այցելությունները պարբերական բնույթ էին ստացել: Միասին երկար զրույցներ էինք ունենում, չնայած նա միշտ լռակյաց է թվացել ինձ: Խաղում էինք դոմինո կամ սեղանի թենիս: Ամեն անգամ ներս հրավիրելիս կրկնում էի միևնույն արտահայտությունը. «Զգա քեզ, ինչպես քո տանը»:

-Ես իմ տանն եմ,- պատասխանում էր Հ.-ն:

Բնակարանի խունացած պատերը ու բազմոց-բազկաթոռի մաշված պաստառները անհրաժեշտություն էին ստեղծում անհապաղ գնալ տոնավաճառ, չնայած նա ի սկզբանե ասաց, որ իրեն քաթանե փաթաթանն էլ բավական է, բայց այնուամենայնիվ տեղի տվեց:

Տարատեսակ ձևի, չափի ու գույնի տնտեսական ապրանքները, թերթով հով անող կանայք, հրմշտոցը ու սակարկվող գները ստեղծեցին շուկայի իրական պատկերը: Հագուստի խայտաբղետ լաբիրինթոսում չկողմնորոշվելով՝ գնում էինք այն ուղղությամբ, որտեղից փչում էր սառը օդը: Տաբատներ վաճառող կինը մոտեցավ և ուժգին քաշեց նրա հագուստից:

-Տե՛ր իմ,- բացականչեց նա:

Մի ակնթարթում մեզ շրջապատեց կանանց մի ամբողջ բազմություն: Որպես ողբի նշան վաճառողուհին պատառոտեց հագուստները՝ բացահայտելով սեռային պատկանելությունը:

-Որդիս ձիահով է տառապում, բժշկի՛ր նրան,- ծնկի իջնելով՝ ամբողջ մարմնով գրկեց նրա ոտքերը:

Հուզված կանանց ափսոսանքի ու մեղադրանքի բացականչությունների ներքո գտա տոնավաճառի ելքը. ճեղքելով ամբոխը՝ հայտնվեցինք գետնանցումում: Նույնիսկ այստեղ էր ակնհայտ՝ որքան են մարդիկ զգում նրա կարիքը. ակորդեոն նվագող մուրացկաններ ու սև ածխամատիտով պատերին գրված մակագրություններ՝ «Մի՛ սպանիր ինձ, Տե՛ր»:

-Ես պետք եմ նրանց,- ասաց նա՝ օրհնություն տալով ու խաչակնքելով յուրաքանչյուր մակագրությունը:

Գետնանցումի մյուս կողմում՝ բարձր բլրի վրա, Լուսավորչի տաճարն էր: Երեկոյան սպասավորները վառում են ջահերը ու լուսավորում դեպի աղոթքի տուն տանող ցածր աստիճանները: Քիչ հեռվում մանկական կարուսելներն են ու սրճարանները: Այստեղ մարդիկ ծխում են ու գարեջուր խմում: Մութն ընկնելուն պես միանում են գույնզգույն լույսերը՝ ծիածանի նման լուսավորելով երկինքը, թռչող կարապները և այլ մոլորակից ժամանած ափսեները:

Չնայած կոկորդումս զգում էի կոկա-կոլայի՝ սոդայով լի պղպջակների ու կակաոյով պաղպաղակի մոտալուտ համը, ստիպված էի կանգ առնել: Նա չէր կարող անտարբեր մնալ գլխարկի մեջ փող մուրացողների ու հարբած թափառաշրջիկների հանդեպ: Նրանցից մեկը, հաշմանդամի սայլակին գամված, արևից ու քամուց կոպտացած դեմքը հառել էր երկինք ու չորացած շուրթերով ինչ-որ բան էր մրմնջում:

-Վե՛ր կաց ու քայլիր,- դիմեց նա թափառաշրջիկին: Այնքան բարձր ու հրամայական հնչեց, որ շուրջբոլորը քարացան: Ապշահար տղամարդը վախից դողաց ու սևեռուն նայեց մեզ: Նա չէր հասկանում, թե ինչու պետք է վեր կենա և գնա այդտեղից: Մտածեց՝ երևի ոստիկաններ ենք ու մաքրում ենք հասարակական վայրը անբարեհույս տարրերից, ինչպես վերջերս կատարված հայտնի դեպքը, երբ սարկավագը հայհոյանքներով ու աքացիներով դուրս էր արել մուրացկանին եկեղեցուց:

Մենք կրկին անհարմար վիճակում էինք հայտնվել, սակայն հուրախություն ինձ սայլակով տղամարդը ակնթարթային արագությամբ թողեց սայլակը:

-Էս ովքե՞ր են…,- ասաց ու վազելով հեռացավ՝ պարբերաբար ետ նայելով՝ համոզվելու համար, որ չենք հետապնդում իրեն, որովհետև սա այն երկիրն է, ուր սեփական սայլակին գամված լինելն արգելվում է:

Տղամարդու՝ նման վերաբերմունքից հուզված՝ նա շրջվեց ու հեռացավ՝ դանդաղ, հանդիսավոր քայլերով բարձրանալով դեպի Լուսավորչի տաճարը: Լուսանկարիչը ֆոտոխցիկով մի քանի անգամ լուսանկարեց նրան՝ խնդրելով տարբեր դիրքեր ընդունել, որպեսզի ավելի ազդեցիկ նկարներ ստանա: Հատկապես ուզում էր ֆիքսել այն կարևոր կապը, որն առկա է հավատացյալի և եկեղեցու միջև:

Ես չհետևեցի նրան, երեխաների ուրախ աղմուկի ներքո մտա սրճարան պաղպաղակ ուտելու: Անշտապ, գդալով խաղալով ճաշակեցի սառը պաղպաղակը նավակների, ձիերի ու փուչիկ վաճառող ծաղրածուների ներկայությամբ:

-Ինչո՞ւ ինձ չհետևեցիր,- հարցրեց նա:

-Որովհետև ես մարդասպան երեխաներին ավելի շատ եմ սիրում, քան եկեղեցու քարերը:

Սովորաբար երկար աղոթքից հետո նա խաղաղվում էր և հոգևոր հանգիստ գտնում, բայց անհասկանալի պատճառներով այնքան էր մոլեգնել, որ գոռաց մատուցողի վրա՝ պահանջելով արգելել ծխելն ու դադարեցնել գարեջրի վաճառքը: Շրջելով պոպկորնի թափանցիկ արկղերը՝ մոտեցավ կարուսելի աշխատակիցներին ու պահանջեց անհապաղ իջեցնել թռչող ափսեները: Ոչ ոք չհամարձակվեց խանգարել նրան: Հիմնականում կանայք ու երեխաներ էին, վախեցած մի կողմ քաշվեցին:

Երբ նա մոտեցավ տոմսարկղին, դա նմանվեց իսկական կողոպուտի: Բռունցքով հարվածելով ապակուն՝ գոռում էր, որ այգին Աստծո տաճարին է պատկանում և անմիջապես պետք է ազատել տարածքն ու հանձնել այն ամենը, ինչ մեղք է ծնում՝ տոմսերը ու վաճառքից ստացված գումարը:

Մեզ ձերբակալեցին: Քննիչն ասաց՝ մինչև ավազակային հարձակում հնարավոր է գրանցել, սակայն կբավարարվի միայն հասարակական կարգի խախտմամբ, և, իհարկե, դրամական տույժի կենթարկվենք նվազագույն աշխատավարձի չափով՝ տուժող կողմի գույքը վնասելու համար: Մեր կատարած հանցանքն առանձնապես տպավորություն չգործեց քննիչի վրա: Նրա ժպիտն էր հարուցել այն փաստը, որ հարձակվել էին զբոսայգու տոմսարկղի վրա, մինչդեռ շուրջն այնքան հրաշալի բանկեր կան՝ թալանելու արժանի:

Այնուամենայնիվ, մի գիշեր անցկացրինք ոստիկանական բաժանմունքում: Նախկին ըմբոստ ու անհանդուրժող պահելաձևից ոչինչ չէր մնացել: Նա հանգիստ ու գրեթե անտարբերությամբ էր վերաբերվում ազատագրման փաստին:

-Դու իսկապե՞ս ոչինչ չես անի հանուն հավատի,- հարցրեց նա:

-Ես պատրաստ եմ եկեղեցուն նվիրաբերել իմ երիկամը: Սպիրտի անոթով կդնեմ եկեղեցու խորանին, բայց միմիայն քեզ համար: Հասկանո՞ւմ ես, միայն քեզ եմ հավատում, որովհետև այդպիսին է քո կամքը:

Նրա տասներկու ընկերները մեզ դիմավորեցին Հ.-ի բնակարանում՝ այն տանը, ուր հաստատվել էինք վերջին ժամանակներս: Հովհաննեսն աննկարագրելի ուրախությամբ առաջինը մոտեցավ ու ողջագուրվեց:

Նախքան ճաշելը բոլորը միասին աղոթեցին, շնորհակալություն հայտնեցին անցած-գնացած փորձանքից ազատելու համար և խնդրեցին պահպանել գալիք չարիքից: «Եվ մի տաներ զմեզ ի փորձություն, այլ… Ամեն»:

Իրար հաջորդած այսքան փորձություններից հետո նա ուժասպառ էր եղել: Տաք ջրով լի տաշտը դրեցի նրա առջև, որ լվանամ ոտքերը, որոնք, ցեխից մաքրվելով, ցույց տվեցին առաջին քերծվածքները: Նա մեղմորեն ժպտաց, նույնիսկ մի ծույլ շարժումով փորձեց արգելել: Կռանալով՝ իմ մինչև կոնքերս հասնող ժանգագույն մազերով չորացրի նրա խոնավ ոտքերը:

Ոստիկանության հետ առաջին բախումից հետո նրանց հանդիպումներն անցան ընդհատակ՝ քննարկվող խնդիրներին վերաբերող փաստաթղթերը կոդավորելու համար: Ավելի հաճախ երեկոյան էր տեղի ունենում, երբ մութն ընկնում էր ու վարագուրում շուրջբոլորը, հատկապես քաղաքի արվարձաններում, որտեղ ֆինանսական սուղ միջոցների պատճառով գիշերային լույսեր չէին տեղադրել: Ես մինչ այժմ վախենում եմ մթությունից: Սևը խանգարում է կարդալ մարդկանց մտքերը, շարժվող օբյեկտների մոտալուտ և ամենահեռավոր հատման կետը, անշունչ առարկաների տենչը: Ես լարում էի լսողությունս ու փորձում լսել գաղտնի մոտեցող ոտնաձայները, հրաբխի ժայթքումը, նոր պատերազմի բռնկման լուրը, մոլորակների բախման թնդյունը: Լռություն էր:

Ամեն ինչ պատրաստ էր նրա գալստյան համար՝ մաքուր անկողինը, տարատեսակ խորտիկներն ու ելակով թարմ թխվածքը: Այս անգամ ես հակաբեղմնավորիչներ չեմ ընդունել, ու երբ դուստր ունենամ, ի պատիվ նրա կանվանեմ Քրիստինե, բայց թույլ չեմ տա, որ կարճ կանչեն Քիսո կամ առավել ևս՝ Փիսո, քանզի կատուն Աստծո թաշկինակն է:

Կեսգիշերին միջանցքի վառ թողած լույսը ծակծկում էր աչքերս: Մի քանի անգամ զանգել էի Հովհաննեսի բջջայինին, համարն անհասանելի էր: Կապտուկների ցավից ու վախից քրտնած, հարևանների՝ նոր թափով բռնկված կռիվն ունկնդրելով՝ սպասում էի նրա վերադարձին: Կիսաբաց աչքերով հազիվ կարողացա կարդալ Հ.-ի ուղարկած հաղորդագրությունը.

«Մենք ընթրիքի ենք: Ուշ կվերադառնանք: Պառկիր քնելու»:

Ուրեմն նա գիտեր այդ խորհրդավոր ընթրիքի մասին, գիտեր, որ սպասում եմ, ննջարանում եմ, գիշերանոցով ու չեմ խմել հակաբեղմնավորիչներ…

Քնեցի: Ինչ-որ մեկը հատված առ հատված ճզմում էր մարմինս: Զգում էի գործիքի, բայց, ինչպես հետագայում պարզվեց, կճղակի հետևողական ճնշումը: Ծածկոցը արագ մի կողմ գցեցի: Մեր հարևան խոզն էր: Խոնավ դնչով հոտոտում էր որովայնիս նոր կապտուկը: Նա որսաց արթուն հայացքս ու խռխռալով փախավ պարտեզ: Երկրից արտագաղթող տղամարդիկ, արդեն երրորդ անգամ վիժող կանայք, ես ու խոզը ապրում ենք միևնույն ժամանակում, կողք կողքի ու ճանաչում ենք միմյանց: Ես բռնում եմ խոզի ականջներից ու կտրում գլուխը: Ես մեղք գործեցի: Մարմինը թփերի մեջ թաքցնելուց հետո վերադարձա սենյակ: Պարտեզում Հ.-ի կերպարանքը անհետացավ խավարի մեջ. մի՞թե այսքան ժամանակ նա այնտեղ էր…

Հորդառատ անձրև տեղաց ու սնեց պարտեզում աճող բուսականությունը, մաքրեց բոլոր ոտնահետքերն ու հողաթափերիս վրա չորացած արյան բծերը: Անձրևից հետո անհետացել էր նույնիսկ խոզի դին: Ինձ ավելի ու ավելի հավանական թվաց, որ խոզ չեմ սպանել ու չեմ տեսել Հ.-ի կերպարանքը:

Ընթրիքի ժամանակ տհաճ միջադեպ էր տեղի ունեցել: Որքան հասկացա, վիճաբանել էր գործընկերներից մեկի հետ: Իրական պատճառն այդպես էլ անհայտ մնաց, հատկապես որ նա ևս չէր ցանկանում մանրամասնել դեպքի մութ կողմերը:

Միայն համբուրեց ճակատս ու տխուր ձայնով ասաց իր ութերորդ աֆորիզմը՝ «Մի՛ սպանիր» կամ նման մի բան, և փակվելով լոգարանում՝ երկար աղոթեց:

Մոտավորապես ժամը իննին ոստիկանները պահանջեցին անմիջապես բացել դուռը և հանձնվել, հակառակ դեպքում դուռը ջարդելուց հետո կսկսեն կրակել, սկզբում նախազգուշական՝ փորին, այնուհետև՝ գլխին: Առանց ինձ վրա ուշադրություն դարձնելու կամ բացատրություն տալու ձերբակալեցին նրան՝ երկրի օրենքը խախտելու համար: Իսկ երկրի գերագույն օրենքն ասում էր՝ այսուհետ բռնաբարության և սպանության համար սպասվում է մահապատիժ: Հավելվածում նշված էին այն բոլոր հինգ-վեց անունները, որոնք վերջին երկու տասնամյակում անհանգստացրել են մեզ և անդադար հնչել մեր ականջներում ու մեր շուրթերից, ում բազում անեծքներ են հղել ու ապօրինաբար ցանկացել նրանց մահը, օրենքով կխաչվեն:

Ձերբակալության լուրը շուտով տարածվեց ամենուր: Նրա գործընկերները մեծ ցավ ապրեցին, հատկապես Հովհաննեսը, ով իմ առջև ծնկի եկավ ու ձեռքերով ծածկելով երեսը՝ լաց եղավ:

Նրանցից յուրաքանչյուրն իր խորին ցավակցությունը հայտնեց՝ խոստանալով անել հնարավորն ու նույնիսկ անհնարը՝ ազատելու նրան, քանի որ դա ժամանակի ամենամեծ անարդարությունն էր և խոսում էր իրավական համակարգի ոչ լիարժեք լինելու մասին: Խաչելու էին այնպիսի մարդու, ով օգնում էր մուրացկաններին և բուժում հաշմանդամներին: Ի վերջո պարզ դարձավ, որ նրան մեղադրում են խոզի սպանության մեջ: Կան վկաներ, ասել էր քննիչը, և բավականին հավաստի փաստեր: Նույնիսկ գտել են սպանվածի մարմինը. հանցագործը անխղճաբար կտրել էր զոհի գլուխը: Վերջին անգամ ոստիկանները նրան ձեռնաշղթաներով բերեցին տուն, և քննիչը պահանջեց ցույց տալ հանցագործության վայրը ու նկարագրել դեռևս մութ մնացած կողմերը: Այսպես, մինչ օրս չէր հայտնաբերվել սպանության գործիքը, ինչը խճճում էր գործընթացը, քանի որ ամեն դեպքում ցանկալի էր ձեռքի տակ ունենալ այդ փաստը ևս, ուր դրոշմված էին իրական հանցագործի մատնահետքերը:

-Դե՛, խոսի՛ր, շա՛ն լակոտ,- բարկացած դիմեց նրան քննիչը:

-Ես մարդու որդին եմ,- պատասխանեց նա:

-Ուզում ես ասել՝ անմե՞ղ ես:

-Դո՛ւ ասացիր:

Քննիչն իմ գոյությանն ընդհանրապես ուշադրություն չէր դարձնում: Նրա խորին համոզմամբ՝ հանցագործությունը տղամարդկանց մենաշնորհն է, իսկ կանայք ընդամենը դավաճանում են ու վերջիվերջո ընկնում փողոց: Նա նույնիսկ չլսեց խզված ձայնով իմ խոստովանությունը՝ արված միջանցքի թախտի վրայից: Հետո նրա փափուկ ու տաք զանգվածն իջավ ծնկներիս:

-Ի՞նչ ես դու անելու նրա խաչելությունից հետո,- հարցրեց քննիչը՝ խաղալով մազերիս հետ:- Ես միշտ պատրաստ եմ ընդունելու քեզ:

Նա չնայեց աչքերիս մեջ, որ որսար բիբի էպիկենտրոնը ու տեսներ… դրանք հանցագործի աչքեր են:

Մահապատժի օրը մեծ բազմություն էր հավաքվել: Եկել էին տեսնելու՝ որքան հզոր է երկրի օրենքը, և ինչ է սպասվում բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն խախտել այն: Ամբոխի առաջին շարքում նրա ընկերներն էին, միայն Հ.-ն էր բացակայում. ոչ ոք տեղեկություն չուներ նրանից:

Մեղադրյալը տանում էր իր խաչը դեպի այն սարը, ուր թաղված էր մեղքի և հանցանքի խորհրդանիշը՝ խոզի գլուխը: Երբ հսկայական մետաղական խաչը բարձրացրին, գլխավերևում ճոճվեց հատուկ գոտիներով ամրացված նրա թաց մարմինը: Ամենաորոշիչ պահին խաչից փնջերով դուրս եկող լարերը, տարածված տարբեր ուղղություններով, մարդկային մտքի ճկունության ու տաղանդի շնորհիվ միացվեցին Էլեկտրական հոսանքին: Նա մի քանի անգամ թպրտաց, բայց չմեռավ: Լսվեց խոզերի արդարացի խռխռոցը. շուրջս այնքա՜ն խոզ կար: Հովհաննեսը երիտասարդությամբ լի ձեռքերով ամուր գրկել էր ինձ, ու միասին լաց էինք լինում: Արցունքները պեպենոտ այտերիս վրայով գլորվում էին ցած:

Ոստիկաններից մեկը սպունգով ջուր տվեց նրան, իսկ մյուսը որոշեց դադարեցնել տանջանքները և հեշտ մահ պարգևել: Նա ատրճանակով նշան բռնեց սրտին, բայց կոպիտ սխալ թույլ տվեց ու ծակեց կողը: Խաչյալը օգնում էր աղքատներին, բուժում հիվանդներին, ուտում բուսական սնունդ: Նա խաչվեց մեր մեղքերի համար ու իմ մեղքով: Նրա մահից հետո խոզի հարազատները վրեժ էին լուծելու ինձնից, քննիչը հետապնդելու էր, իսկ տանը սպասում էր մատնիչը: Ես Հ.-ի բջջայինից հաղորդագրություն էի ստացել: «Նա միակն էր, ում ես սիրում էի: Այժմ անտանելի միայնակ եմ ու հարուստ: Քեզ սպասում եմ մեր բնակարանում»:

Երբ նա հոգին ավանդում էր, ուժգին փոթորիկ բարձրացավ ու օդ թռցրեց ամբոխի գլխարկը: Երկինքը մթագնեց՝ ստանալով մուգ կապույտի և մոխրագույնի համադրություն: Ոստիկանների թույլտվությամբ կոմպոզիցիայի աջ անկյունում կանգնած Հովհաննեսը աստիճանի օգնությամբ իջեցրեց արյունաքամ մարմինը: Բոլոր կողմերից շքեղ, ոսկեզօծ շրջանակով սահմանափակված՝ լույսը հորդում էր ներքև՝ ողողելով վերքերը և միայն դեմքը թողնելով ստվերում: Ես պառկեցրի նրան իմ ոսկրոտ ծնկներին, ձեռնափերս բարձրացրի վեր՝ օրանտի դիրքով, ի ցույց դիտողին ու երկնքին, որ կարդան ճակատագիրս:

Ես ողբացի հերոսի մահը՝ ուրանալով նորից ու նորից:

 

 

Անդին 10, 2016

Share

Կարծիքներ

կարծիք