Բանաստեղծություններ

Հեղինակ:

IMG_0512

Անծայրածիր քնքշանք

 

Հասկացվածություն,

լռին ունկնդրում, գութ

նշանակություն տալու:

…որովհետև կրկնվում է

աշխարհում ամեն ինչ,

ամեն ոք եղել է և ոչ մեկ անգամ,

պարզապես հայտնվել են հեռախոսներ,

որոնց էկրաններին մենք ծիծաղ ենք շնչում

ու մոռանում:

Դա ոչինչ չի փոխում.

երեկ լուսանկարներից մեկում

նշմարվեց ճերմակ մի թև,

և երկնքում անմիջապես, ոչմիտեղից

հրեշտակը հետք թողեց:

Իսկ հետո ուսերիս ձեռքեր էին,

նախազգացում էր բուրահամ համբույրի,

և այդ ուրվագիծը ծնոտի.

ուզում էի դիպչել նրան՝

ամեն հեզություն թողած:

Ի՜նչ արագ ես դու փոխում կերպարանքներդ:

Արդյոք դո՞ւ էիր:

Ուզում եմ հավատալ՝ այո…

Անհաղթահարելի տենչանքը

հոգիների ու մարմինների

պատճառահետևանքային նվեր է մեզ՝

անծանոթներիս,

ու անհուսալի, հույժ տարբերները

հանկարծ զրկվում են դերերից,

նրանց բեմերը մարում են

մեկ օրով:

Այնտեղ, ուր բոլորը զբաղված են

վիճակագրությամբ,

քաղաքական գործիչներով,

իրենք իրենց սպանելով՝

տարբերություն չկա,

անծայրածիր քնքշանքը

երջանիկ ժպիտով

գալիս է ինչպես իշխանուհի՝

առանց զգուշացման

ու նախաբանի:

 

Ինչո՞ւ։

Իսկ դերերը մեր,

ինչո՞ւ են դրանք այնչափ տարբեր,

տարօրինակ այնքան,

որ չեն կազմում հակադրություն անգամ:

Թրթիռը մեր ձայների

բարեկազմ ակորդ է,

այն մեր սրտերն է լցվում

հագուստի շերտերի տակ:

Մերկանանք:

Ցանկությունները,

որ մեզ մոլագար են դարձրել,

որ հազար տեսակ անուն ունեն,

որ ծածկագրում ենք ամաչկոտ

բորբ երգերի,

մարգարեական գրերի ներքո,

մենք բերնեբերան լցված ենք դրանցով

և ահա, վերջապես,

երկուսով:

Անհավատալի՞ է:

Հավատա՛։

Երբ հնար չկա,

չկա թույլատրություն,

երբ սարսափելի

սով է տիրում,

իրականությունը շրջվում է հանկարծ,

և ինչ-որ տեղ՝ վերևներում,

մեզ ընդմիջում են շնորհում

շռայլ, կուրացած:

Սովն առանց քեզ դառնում է

անհագեցում քեզանով,

կապտամանուշակագույն կարոտ,

ուր սիգարետի ծխի մեջ

մոլորված է պատկերը քո:

Զրնգոց:

Նրբագեղ ու նիհար՝

կարծես ինձ համար է ստեղծված:

Խաբկանք: Խաբկանք: Խաբկանք:

Եվ անծայրածիր քնքշանք՝

նվեր խոստացված:

 

 

Տեսիլք նավի մասին

 

Ամենահեռու ծովում

ամենահսկայական նավն անգամ

իր արտացոլանքն ունի.

վիթխարի հայելի,

որի մեջ ներլողում է

անհետանում է և անձայն

հայտնվում մյուս կողմում:

Ամենաանհասկանալի

բերդերն ու վանքերը

զույգ եղբայրներ ունեն՝

տեսիլքներ մյուս ծայրերում աշխարհի՝

ոչ սև ու ոչ ճերմակ, ոչ էլ հակադիր,

այլ համարյա նույնաձև:

Եվ միջօրեականներով երկրագնդի

սլանում են մեծ արագությամբ,

ճկվելով

պատճեններն իրերի,

հեռանալով սկզբնակետից,

հեռանալով իրարից,

դժվարությամբ հաղթահարելով

ձգողականությունը,

ծանր՝ ավելի ու ավելի,

եզրագծում են գունդն ու

հանդիպում նորից:

Եվ ոսկի թելերը նրանց միացնող

փաթաթած են որպես կծիկ՝

ձիգ ու խրթին

և բացարձակ ճշգրիտ:

Մենք տեսնում ենք իրերի կապերը,

անցնում նրանց միջով երբեմն,

լիցքավորվում:

Որքա՜ն գեղեցիկ է.

ամբողջ աշխարհով ճեմում են վեհ

գունավոր պարիսպներ պատճենների:

Եվ ինչպես յուրաքանչյուրը նրանցից

ևս մեկն ունի,

դու ունես ինձ:

 

 

 

Տխուր ճամփորդություն

 

Ահա և գնացքը:

Ահա և ես՝ փախել եմ բոլորից,

գլուխս լուռ հակել եմ սառը ապակուն

մի ողջ ճանապարհ,

որ մոռանամ:

Իսկ ապակուց այն կողմ աշունն է լղոզվում սրընթաց:

Շատերն ասում են, թե գնում են նախապես՝

վախից լինի, թե հպարտությունից:

Ես գնում եմ հենց այնպես,

որպեսզի հանգստանամ

աղմուկից:

Ճեպանկարեմ ու լռեմ,

հիշեմ նորից:

Ես միշտ գնում եմ:

Վագոնում ոչ ոք չկա.

մարդիկ ապրում են հոկտեմբերը

հոկտեմբերի պես՝

տաքուկ սրճարաններում:

Երեկոները խոստանում են նրանց

անսպասելի հանդիպումներ,

լարված աշխատանք:

Ինձ ոչ մի խոստում պետք չէ,

միայն ինձ օրորող,

թեթևակի Ճոճվող ընթացք,

որ մոռանամ

հիշել նորից:

 

Անդին 10, 2016

Share

Կարծիքներ

կարծիք