Բանաստեղծություններ | Ժամանակակից իսպանական պոեզիա

Հեղինակ:

15401126_1214553575270199_3868049159020159733_n Ծնվել է 1953 թ. Խաենի Անդուխար քաղաքում: Արդի իսպանական պոեզիայի ամենահայտնի դեմքերից մեկն է: Բայեսայում բակալավրիատը ավարտելուց հետո ընդունվել է Գրանադայի համալսարանի իսպանական բանասիրության ֆակուլտետը: 1979 թ. բնակություն  է հաստատել Կատալոնիայում:

Աշխատել է բազմաթիվ զանգվածային լրատվամիջոցներում, որոնցից է հանրահայտ  «Էլ Պերիոդիկո»-ն: Այժմ «Էդիսիոնես Կարենա» հրատարակչության խմբագիրն է: Իսպանալեզու աշխարհում առավել հայտնի են նրա «Սիրո և գիշերվա» (1985 թ.), «Մոյետի ռոքեռը» (1999 թ.), «Բեսոս.քոմ» (2002 թ.), «Փոսը» (2006 թ.) գրքերը:

 

Անցյալ կորուսյալ

 

Այգու մի ծառ եմ՝ մանկությունից կտրված,

կոճղի ծակոտիներից

իմ կենսահյութն է թափվում:

Կացնով կտրված

ծառի մի ճյուղ եմ,

ինձ վրա թռչունները բույն չեն հյուսում արդեն,

և հալածում են ինձ  քամիները:

 

Դեղին մի տերև եմ,

որին մայիսը խլում

և առանց տոնական հագուստի

դեպի որդերի արոտավայրն է քշում,

եղյամից սառած

վաղահաս մի ծաղիկ եմ,

բայց մեղուները իմ նեկտարից մեղր չեն պատրաստում,

երևի մտածում են՝ դառն եմ:

 

Կտրված մի միրգ եմ,

ինչպես ամենաքաղցր մանկությունը,

սակայն  գարունները շպարում են

իմ նեխած մարմինը:

Ծաղիկներ չկան իմ այգում,

և ոչ էլ ջրերն են հոսում իմ առուներով:

Այսպես մի ժպիտ է սառում իմ շուրթերին,

երբ անկողին եմ մտնում:

 

 

Վախը

 

Դու ամենուր էիր՝

ինչպես Աստված,

ոտնահետքերդ

մայթերի ասֆալտին ուշաթափ  ծաղիկներ էին թվում ինձ,

քո յուրաքանչյուր խոսքը

երկնակամարում երկու աստղ էր օրհնում:

Իրար սիրելով՝

մենք կարող էինք հասնել անօրեն մի քաղաք,

անանուն փոստարկղերով մի տուն,

որտեղ ոչ ոք երբեք նամակներ չի ուղարկում,

որտեղ առանց սպիտակեղենի

անկողին կա

սպասող:

Սակայն վախը՝

որդնած ողջախոհության,

անդյուրամարս առաքինության,

անիծված հաղթանակի նման

ուշաթափ ծաղիկների

համն ունի:

 

 

 

Աղոթք

 

Թեև հեռվից

շարունակում եմ տեսնել քեզ իմ մեջ,

սակայն դա սոսկ այն է,

ինչ աղերսում եմ իմ կորսյալ խենթությանը:

 

Մոռանալ,

թե ո՞ւմ հետ ես,

հիշել, թե ո՞վ է քեզ սիրում,

այլևս չհարցնել — թե՝ հարցնել,

թե ինչո՞ւ էիր ծիծաղում և թե ո՞ւմ համար էիր լռում:

Գուցե մի հանդիպում ևս՝

թող որ:

 

Փոխարենը խնդրում եմ՝

շարունակիր խթանել հեռավորությունը,

որ լցվի մեզ բաժանող

անխուսափելի այս անդունդը.

այնտեղ մենք հավատարիմ էինք իրար:

Ինձ մի տուր քո սերը,

խաղողի վազերը

հասունացման յոթ տարիներ են անցնում:

Սերը դառնություն չի սիրում,

նա պիտի աճի՝

ինչպես խաղողի վազերն են աճում:

Պարզապես  մի վախեցրու իմ երազների աղավնիներին,

քանզի նրանք ամեն գիշեր

դեռ թռչում են

դեպի քո տան

այգիները:

 

Թարգմանությունը իսպաներենից՝ Սլավի Ավիկ Հարությունյանի և Նարինե  Այվազյանի

 

Իսպանական պոեզիայի շարքը՝ ԱՆԴԻՆ 9, 2016 համարում

Share

Կարծիքներ

կարծիք