Զբոսանք

Հեղինակ:

Դանդաղասահ մայրամուտ ապրող հունիսյան արև: Մայրուղու դիմաց լայնատարած ձգվում էր միօրինակ տների բարձր, երկարավուն շարքը՝ անհրապույր սպիտակադեղնավուն մարմրող գույների մեջ: Բաց պատուհաններից նայում էին մի տակ շապիկով տղամարդիկ, որ անտարբեր հայացքով ակամա հետևում էին զրնգացող տրամվայներին, երևում էին անխնամ հագնված կանայք: Երեխաները խաղում էին փողոցներում, փոշեթաթախ, աղմկոտ: Հազիվ կանաչին տվող թոշնած մարգագետիններում, որ տարածվելով գնում, անհետանում էին հեռվում ծվարած սարավանդներում, երևում էին բնազդաբար դեպի մաքուր օդը ձգվող աղքատներ, գնդակի հետևից վազվզող տղաներ ու աղջիկներ, ազատություն ստացածի ինքնագոհ, բութ դեմքով զինվորականներ՝ էժանագին ծխախոտը ձեռքներին, երբեմն հայտնվում էին պոռնիկներ, որ սովորականի նման երկու-երեք ընկերուհիներով քրքջալով անցնում են իրենց ճամփան, տեղ-տեղ երևում էին միայնակ անցորդներ, որ կարծես դուրս էին եկել փորձելու սահմանային տարածություններում ծնվող յուրօրինակ զգացողությունները մի վայրում, ուր քաղաքն աստիճանաբար վերջանում էր, և նրա խուլ, երկարաշունչ, տագնապահույզ հևքը նվաղում էր, դառնում ամոքող հառաչանք:

Այսօր այստեղ էին եկել նաև չորս ընկերները: Արևը մայր էր մտնում, պաղ ստվերները սողում էին պատերով, ծուլորեն ձգվում վեր՝ կտուրների վրա անհետանալու: Միայն հեռվում՝ վերջին շինությունների ուրվապատկերներին, փռված էր մորմոքուն, կարմիր մի փայլ: Ընկերները հասան վերջին տների մոտ: Փողոցը կտրուկ ընդհատվեց. այստեղ ավարտվում էր քաղաքը: Նրանք շրջվեցին՝ հայացքներն ուղղելով առջևում փռված տեսարանին, ուր փողոցները տքնանքով քարշ էին տալիս իրենց մարմինները: Ընկերները կանգ առան:

-Տարօրինակ է,- ասաց Հանսը:- Երբ երկու-երեք տարի առաջ մեկ ամիս մնացի արտասահմանում, կարոտում էի Ռինգշտրասեն, մեր թատրոնները, Խորհրդարանի շենքը, Վիեննայի իմ գեղեցկուհիներին, մի քիչ էլ՝ ձեզ, բայց իսկական կարոտախտ, որից աչքերդ արցունքոտվում են, զգում էի միայն այս վայրերը հիշելիս, կարծես ամբողջը հենց սա է: Ինձ համար այստեղ է Վիեննայի հոգին: Այստեղ, ուր սկսվում է այս լուռ առանձնությունը:

-Ներիր, բայց հենց այստեղ ավարտվում է այն, ինչը քաղաքի համար բնորոշ է,- առարկեց Մաքսը:-Գուցե ինչ-որ հիշողություն ենթագիտակցորեն հենց այս վայրն է սրտումդ հայրենիքի զգացողություն արթնացնում: Գուցեև նրանից է, որ հայացքի համար այստեղ է քաղաքը դառնում ամբողջություն, և միայն այստեղ ես այն տեսնում իր կարգի մեջ, ոչ թե նրա փողոցներով քայլելիս: Հավանաբար քաղաքից ստացած տպավորություններդ ուղղակի հենց այստեղ են սկսում գործել, երբ շուրջդ խաղաղ է ու մենակ ես:

-Բոլորովին էլ այդպես չէ,- առարկեց Շտեֆանը,- մի՞թե մարդը կարոտում է իր հայրենիքի դեմքը կազմող տիպական ինչ-որ բանի: Եվ միշտ չէ, որ սիրում է ճիշտ այն, ինչը կա, ներկայում գոյություն ունի: Ես, օրինակ, Վիեննայում սիրում էի հենց այն բաները, որոնք արդեն վաղուց գոյություն չունեն: Սիրում էի հազար յոթ հարյուր վաթսունականների տները, որ վաղուց քանդված են, հազար ութ հարյուր քսանականների տիկնանց, որ վաղուց մեռել են, ծեր Շտրաուսի վիեննական տխուր վալսերը, որ այլևս չեն նվագում: Երբ անցնում եմ Ռինգշտրասեով ու ինձ լավ եմ զգում, նույն պահին էլ մտածում եմ, թե պատկանում եմ հազար ինը հարյուր յոթանասունականներին, և բոլորին տեսնում եմ այնպես, ինչպես պիտի տեսնեի շատ տարիներ հետո, նկարներում:

-Այդպես միայն թվում է,- բացականչեց Ֆրիցը:- Նուրբ մտքին հատուկ վայելք է պարզապես՝ հիանալ կյանքով: Բայց հաճախ ուրախությամբ համոզվում ես, որ կյանքում սոսկ ստվերներն ու նկարները չեն: Ուստի խնդրում եմ քեզ, Հանս, իմ ուրախ Վիեննան տխուր, և քեզ, սիրելի Շտեֆան, իմ կենդանի Վիեննան պատմական մի դարձրեք: Ինչ արած, կարող եք արհամարհել ինձ: Իրականում ես ձեր երկուսից շատ եմ հեռացել վիեննական իմ սրբասուրբ զգացողություններից: Վերջերս Գեշելբաուերի մոտ նստած էի, և սրտումս ոչինչ չէր շարժվում «Ծեր շրջմոլիկը» հոգեթով երգը լսելիս: Լսում էի, թե ինչպես են գովերգում «իսկական վիեննացու» սիրտը, մոռացել էի, որ ես էլ դրանից ունեմ: Tanz-ի ու Gstanzl-ի հանգերգը ոչ մի զգացում չառաջացրեց, անգամ քիչ էր մնում ծաղրեի, իսկ ծերուկ Շտեֆելը և հենց հայր Ռադեցկին ինձ վերևից էին նայում: Սա պետք է ուղղել: Ուզում եմ վերստանալ մանկան նախկին ընկալումներս: Ես պետք է վերագտնեմ իմ խնդուն Վիեննան, որը տեսնելու համար ոչ մեկդ էլ ճշմարիտ աչք չունեք: Դու, Հանս, ուր նայում ես, տեսնում ես միայն իրերի համր թախիծը, մարդկանց անմխիթար սահմանափակությունը: Քեզ համար, Մաքս, ամենուրեք չորուցամաք կարգուկանոնի անհրաժեշտություն է: Իսկ դու, Շտեֆան, ամենուր կոմեդիանտներ ես տեսնում, որոնք միշտ կարող են ինչ-որ դեր կատարել քեզ համար: Երբեմն բարի ես լինում՝ ծափահարելու նրանց, բայց ավելի հաճախ ցրված ես լինում կամ տրամադրություն չես ունենում՝ նրանց լսելու: Ես ուզում եմ բոլորիցդ տարբեր լինել: Ուզում եմ մի բան, որ ձեզանից ոչ ոք չի կարող՝ ապրել ձեզ հետ, ձեր մեջ և ձեզանով շրջապատված:

-Մի խոսքով, ուզում ես ժամանակդ լավ անցկացնել,- ասաց Հանսը. նրա ձայնի մեջ արհամարհական աննշմարելի երանգ կար:

-Ոչ, ուզում եմ ձեզանով շրջապատված ապրել՝ որպես ձեզանից մեկը: Պատանու պես տրվել պատահականությանն ու արկածներին, մխրճվել Վիեննայի կյանքի մեջ:

-Եվ դրա համար թեթևամտության պակաս ամենևին չունես,- ատամների արանքից նետեց Մաքսը:

-Ե՞ս:

-Հենց դու: Որովհետև դու մի ամոթխած տեղային հայրենասեր ես, որ քնքշության մանկական պահանջ ունի կողքինի նկատմամբ, ու քանի որ բավականաչափ հասուն չէ՝ ողջ աշխարհը սիրելու համար, նրա հարմարավետ սիրտը բավարարվում է երկրագնդի միայն իր իմացած կետով:

-Եթե մի բան սիրում եմ, չի նշանակում, թե այն լավ գիտեմ: Բայց կուզեի իմանալ: Իրոք, ի՞նչ գիտեմ ես այս քաղաքի մասին: Գիտեմ փողոցները, շենքերը, վիեննական խոսվածքը, գիտեմ դեմքեր, ընկերային շրջանակներ, գիտեմ Ռինգի Կորզոն, Պրատերի քմայքները, Բուրգմուզիկը, բայց այն, ինչը բույր է տալիս այդ ամենին, և այն, թե ինչու հաճախ Պրատերում կամ Մինորիտենկիրխեի հինավուրց հրապարակում կատարած մի լուռ զբոսանքից կամ վիեննացի քաղցրիկ մի աղջկա խոսքից քաղաքի հուզախռով, շքեղ ոգին հորդում է քեզ վրա, ահա այդ եմ ուզում ես իմանալ:

-Այո, տրամադրության գաղտնիքը…

-Վերջերս շատ եմ մտածել այդ մասին,- ասաց Շտեֆանը:- Արդյոք ճիշտ չէ՞, թե մեր նախահայրերի առաքինություններն ու արատները, տաղանդն ու նախապաշարմունքները անհետ չեն կորչում: Դրանք ժառանգաբար փոխանցվում են: Տրամադրությունները նույնպես: Եվ ինչ-որ պահերի, երբ անորսալի խնդություն կամ ցավ է ծորում մեր ենթագիտակցության աղջամուղջի մեջ, հավանաբար անցյալ հարյուրամյակների տրամադրություններն են անցնում մեր հոգիների միջով. իսկ երազները մենք տեսնում ենք ոչ որպես մեր նախնիների երազներ: Քանզի նրանց առաքինություններն ու արատները ընկալվում են, իսկ երազները՝ հազվադեպ:

-Միստիկ, ահա թե ով ես դու, իսկ դա միայն խճճում է: Մենք պետք է սրենք մեր աչքերը՝ տեսնելու համար բաղադրիչների միջև ընկած թելերը: Տրամադրությունների ձևավորման համար անհրաժեշտ է զգայությունների և մտքերի որոշակի հոգնածություն: Եթե մենք մշտապես կատարյալ սթափ լինենք, կամ կարողանանք պայքարել այդ իդեալական արթնության համար, որում մեր զգայարանները լիովին ընկալունակ լինեին, ապա չէր լինի տրամադրությունների նրբերանգներ ստեղծող հուզական շղարշը, որ փռված է իրերի անարժեքության վրա:

Մթնել էր: Փողոցում վառվել էին լապտերները: Ընկերները դառնում էին քաղաք տանող ճանապարհով:

-Ոչ, ոչ,- ասաց Մաքսը,- ես բոլորովին կարոտ չեմ զգաստության: Ինչ անտանելի, միապաղաղ լույսի տակ կերևար ամեն ինչ: Ջղագարի պես կսուրայինք ձմռան ցուրտ օր դարձած սառնաշունչ գոյության միջով:

-Եվ, ի՞նչ եք կարծում, մեզանից ո՞վ է պատրաստ մեկնելու այս գաղտնիքը, ուր քիչ առաջ զբոսնում էինք, և որը խորամանկ ժպտում էր մեզ հազարավոր լապտերների ու շողշողուն պատուհանների փայլով,- ասաց Մաքսը:- Մի՞թե դու, Հանս, դու, ում համար առեղծվածի բանալին անիմանալի ցավերի մեջ է կարծես, թե՞ դու, Շտեֆան, դու, որ այնտեղ հեռավոր ժամանակների շունչն ես ապրում, կամ գուցե դո՞ւ, Ֆրից, դու, որ ուզում ես անգիտակցականի հորձանուտից ձեռք բերել այն:

-Ավելի շուտ՝ մենք, քան դու,- ասաց Շտեֆանը,- եթե անգամ իրոք այնքան իրատես ես, ինչպիսին ուզում ես երևալ: Դու ևս քո հարաբերությություններն ունես այս քաղաքի հետ, որը սոսկ դիտողի և դիտվողի կապ չէ: Քեզ մոլորեցրել է Վիեննան, և ինչպես սովորաբար անում են մոլորվածները, դու ևս սառնություն ես խաղում և հեգնում ես: Քեզ խաբել է Վիեննան, որովհետև շատ ես սիրել նրան: Դու արբել ես նրանով: Հիշիր միայն, թե որքան բան է նա քեզ տվել. կյանքիդ բովանդակ իմաստը նրան ես պարտական: Այն ամենը, ինչ ստեղծել ես, ներծծված է եղել վիեննական օդով, այն ամենը, ինչ ապրել ես, նրա մթնոլորտի քաղցրությունն է ունեցել: Չէ՞որ այդպես է:

-Այո, բայց դա վաղուց արդեն անցյալ է: Վիեննան… Այն հանկարծ ինձանից երես թեքեց: Ինչ ձեռնարկում եմ արվեստում թե կյանքում՝ ձախողվում է: Ձախողում եմ ասում, մինչդեռ իրականում փոխվել է հայացքս, ոչինչ ավելի: Չեմ բողոքում, պարզ է, որ այդպես պետք է լիներ, և աշխարհում, ուր էլ լինեի, ոչինչ չէր փոխվելու: Կան մարդիկ, որոնց համար պատանեկությունը երբեք չի ավարտվում, ինչպես, օրինակ, ձեզ համար: Իսկ ես պատկանում եմ այն մարդկանց թվին, որոնք մի առավոտ արթնանում են և այլևս հետաքրքրություն չեն տեսնում խաղի մեջ: Վրա է հասնում նաև դառնության մի շրջան, երբ նախանձում ես մյուսներին, որոնք դեռ կարողանում են խաղալ: Սկզբում միայն ինչ-որ բան կորցրած լինելու անհամ զգացում ես ունենում: Այո, կորցրել ես մանկական խնդությունդ, երբ այնքան մոտ էիր կանգնած աշխարհին, որ ուզում էիր այն ձեռքով շոշափել: Զրկվել ես հարազատությունից. այն այլևս քեզ համար չէ: Ահա այսպես մարդը մնում է միայնակ ու դժբախտ, քանզի մենակությունը մեզ հասուն վիճակում չի այցելում, նա մեզ դարձնում է այդպիսին: Բայց հետո գալիս է նորին մեծություն իրատեսությունը: Աշխարհը պարզապես ծծում է քո բոլոր զգացմունքները: Հրաժարվում ես աշխարհի հետ հարյուրավոր խաղերից, որոնց դուք գեղեցիկ անուններ եք տալիս: Ես ևս դեռ այնքան էլ հեռուն չեմ գնացել, որ հեշտությամբ հրաժարվեմ այդ ամենից. մի փոքր համբերեք միայն, մինչև իմ զգայարանները ձեռք բերեն այդ արթնությունը: Եվ ես գուցե պատմեմ բաներ, որ ձեզ զարմացնեն: Դուք, ըստ էության, միայն գիտեք, թե ինչ եք ասում կյանքին: Դուք պատասխաններ եք ստանում ձեր հոգիների խորքերից ու կարծում եք, թե աշխարհը խոսեց:

Ընկերները քայլում էին քաղաքին ընդառաջ: Որոշ ժամանակ ոչ ոք ոչ մի բառ չէր արտաբերում: Բայց երբ արդեն մոտ էին այդ հսկայական խառնարանին, որի մեջ բոլոր խոսքերը կորսվում են, Հանսն ասաց.

-Ինչ լավ է, որ մենք երբեք չենք ունենա այդ արթնությունը, որը դու երազում ես, Մաքս:

-Արդյոք դո՞ւք էլ նույնը չեք փնտրում,- բացականչեց Մաքսը:- Դուք պարզապես չեք կարողանում խաղաղ վայելել ձեր ուրախութուններն ու ցավերը: Ի՞նչ է, ավելի լավ է մի բա՞ն սիրել կամ մի բան ատե՞լ պարզապես: Դուք փնտրում եք վերջին՝ ամենաթաքուն պատճառները, փնտրում եք իրերի ոգին:

-Հնարավոր է,- ասաց Շտեֆանը,- հավանաբար հենց դրանից է, որ կարոտում ենք այն, ինչ ունենք, որ գտնվելով հայրենական տանը՝ տվայտում ենք հայրենաբաղձությամբ:

 

Գերմաներենից թարգմանեց Ամալյա Ալեքսանյանը

 

Անդին 9, 2016

Share

Կարծիքներ

կարծիք