Հար-ազատ բնագրից և հարազատ բնագրին

unnamed-1

Անդինի հյուրն է նկարիչ և թարգմանիչ Էդիկ Պօղոսեանը

Իրանում բոլորն իրանցի են

Մի բան է ձևակերպելը, թե ինչպիսին է ժամանակակից Իրանի մշակութային իրականությունը, մեկ այլ բան՝ այն տեսնելը և նրանում ապրելը: Իրանը բազմազգ երկիր է, կան ֆարսեր, քրդեր, ազերիներ, արաբներ, աֆղաններ, հայեր: Կան տարբեր կրոններ դավանողներ, բայց նրանք դիտվում են որպես կրոնական և ոչ թե ազգային փոքրամասնություն: Նրանք բոլորն իրանցի են:

Հենց այդ բազմատարրությունն է հարստացնում և բազմացնում Իրանի մշակույթը: Երբ առավոտյան դուրս ես գալիս տանից և պիտի լեզու գտնես ազերի խանութպանի հետ, շփվես աֆղան շինարարի հետ, խոսես ֆարս ընկերոջդ հետ, պետք է հաշվի առնես մշակութային բոլոր տարբերությունները: Երբ այդ ամենի մեջ ես մեծանում, ենթագիտակցորեն քո մեջ մշակվում է նաև բազմամշակութային լինելը:

Երբ ապրում էի Իրանում, առանձնապես հետաքրքրված չէի հասարակական հարցերով, մինչդեռ այստեղ՝ Հայաստանում, իմ գործունեությունը նույնիսկ արվեստում երանգավորված է հասարակական խնդիրներով: Մտածում էի պատճառի մասին: Հետո հասկացա. այնտեղ կա ամուր պետական մեխանիզմ, լավ, թե վատ՝ հարցի մյուս կողմն է, բայց այն իր գործն է անում, չի թողնում, որ իր քաղաքացին առանձնապես թաթախվի նման խնդիրների մեջ: Սա ինքնին պետական դիվանագիտություն է:

Երբ է ստեղծվում պոեզիայի նոր ձևը

Իրանում հեղափոխությունից հետո առաջ եկան նոր տեսակի սաhմանափակումներ, որոնք էլ իրենց առանձնահատուկ հետքն ունեցան գրականության վրա: Բայց ես չեմ կարծում, որ այսօր որևէ մեկը թերագնահատում է հետհեղափոխական գրականությունը: Թե՛ հեղափոխության թոհուբոհի և թե՛ պատերազմի ընթացքում ձևավորված գրական դաշտը, թերևս, ամենաբազմաբովանդակն ու հարուստն է եղել, որ սնել է նոր սերունդներին:

Բառակերտման վարպետությունը, նոր պատկերների որոնումը, ինքդ քեզ և տեղ-տեղ ընթերցողի հետ զրուցելու անկեղծությունն ստեղծեց համամարդկային խոսք: Եվ մարդը, ով ստացել է այդ սոցիալ-քաղաքական և գրական ժառանգությունը, «Երանի քեզ, քեզ մոտ ես» գրելով չի կարող լինել պարզունակ: Մանավանդ որ առաջացած մեկուսացումը, գրաքննությունը, որի ժամանակ նույնիսկ սիրելիիդ մասին չես կարող ուղիղ գրել, դրդում է ասելիքի դրսևորման նոր ուղիներ ու հնարքներ գտնել:

Հենց այսպես են ստեղծվում նոր ձևերը:

Վերացականից դեպի շոշափելին և հակառակը

«Սպասող մարդու օրագիր» գիրքն իմ առաջին փորձն էր: Գիրքն ունի կուռ կառուցվածք, բովանդակության և ձևի ուղիղ կապ, կոնկրետ հղացք: Նկատում եմ, որ երբեմն առանձնացնում են որևէ ստեղծագործություն և իբրև իրանական պոեզիայի տիպական նմուշ՝ քննարկում: Հասկանալ իրանական պոեզիա ընդամենը 365 շատ որոշակի նպատակով ու ձևաչափով ընտրված ստեղծագործություններով հնարավոր չէ:

Հատկապես շատ են առանձնացնում «Երանի մեկը գա. նա, ով գնալու պահին չի գնա» ստեղծագործությունը: Բոլորովին վերջերս այդ բանն ինձ ավելի հետաքրքրեց, քանզի հիշեցի, որ հենց այդ գործն է եղել գրքի առանցքը: Երբ ժամանակին գտա այդ բանաստեղծությունը, հասկացա, որ հենց դրա շուրջ պիտի հյուսվի գիրքը: Միակ բանաստեղծությունն էր, որ անհասկանալի է, թե որտեղի՞ց է գալիս և ո՞ւր է գնում: Այն գնալու ու գալու մեջտեղում է, ո՛չ «դու» է, ո՛չ «ես» է, ո՛չ ներկա, ո՛չ ապագա… Վերացականից հասնում է մինչև շոշափելին և հակառակը: Եվ հենց դա եղավ հիմնաքարը, որի վրա ստեղծվեց գրքի սցենարը։ Թարգմանում էի առանց որոշակի հերթականության, բայց քանի որ արդեն մտքումս ունեի ընդհանուր սցենարը, ենթագիտակցորեն հավաքվում էին տարբեր մասնիկները, որոնք Տաթև Չախեանի աշխատանքի շնորհիվ գտան իրենց վերջնական հերթականությունը։

Թարգմանության մեջ բացառելն ավելի հետաքրքիր է

Ստեղծագործությունների ընտրության և թարգմանության գործընթացում առերեսվում եմ բազմաթիվ բարդությունների: Բայց և այնպես փորձում եմ հնարավորինս պահպանել հեղինակի ոճը, բառապաշարը, օգտագործում գրաբարից կամ էլ պարսկերենից ժամանակին փոխառած արտահայտություններ, բառեր, որոնք գուցե մոռացվել են արդեն: Ինքս ինձ թույլ եմ տալիս նոր բառեր հորինել:

Թարգմանության մեջ բացառելն ավելի է հետաքրքրում ինձ, քան ընտրելը: Այն գայթակղությունը, որ արդեն գտել եմ համապատասխան բառը, հակադարձվում է բացառմանը՝ ո՛չ, սա ամենալավը չէ, պետք է թողնել ու նորից ճանաչել իմ և լեզվի հնարավորությունները:

Ես համարում եմ՝ թարգմանությունը պետք է հար-ազատ լինի բնագրից, բայց նաև՝ հարազատ բնագրին: Չի կարող թարգմանված գործը լինել այնքան մաքրամաքուր հայերենով, որով գրում են հենց հայ հեղինակները: Այդ հայերենի համար ունենք հրաշալի գրողներ:

Թերևս համաձայնվեմ փիլ. գիտ. թեկնածու, լեզվաբան Հակոբ Մադոյանի հետ, որ երբ ձգտում ենք հարազատության բնագրի հետ, բնականաբար պետք է վերարտադրել նրա բոլոր առանձնահատկությունները: Հայերենը թույլ է տալիս որոշ մասը վերարտադրել, որոշ մասը՝ ոչ, ուստի պիտի ստեղծել։ Հատկապես գեղարվեստական թարգմանությունը սկզբից պիտի չկարդացվի որպես տվյալ լեզվի բնագիր, միայն տարիներ անց այն կձուլվի տվյալ լեզվի շարժին: Այսինքն՝ ընթերցողը տողերի տակ պետք է կարդա բնագիրը: Ուստի կարծում եմ, որ թարգմանված լինելու արժեքը հենց դրա մեջ է, և պետք է պահպանել այդ արժեքը:

Ես բանաստեղծությունը նկարում եմ, ապա թարգմանում իմ նկարածը

Ինձ շատ է օգնում այն, որ ես նկարիչ եմ: Թարգմանելիս կա մի տիրույթ, որտեղ ես հայտնվում եմ շնորհիվ իմ ապրումների, որոնք ոչ մի կապ չունեն լեզուների հետ: Այդ տիրույթում՝ տեսիլքի մեջ, տեսնում եմ տարբեր պատկերներ և ապա թարգմանում, գրի առնում այդ պատկերները: Այլ կերպ ասած՝ ես բանաստեղծությունը նկարում եմ, ապա թարգմանում իմ նկարածը:

Ես նաև երգիծանկարներ եմ անում: Կարծում եմ, որ երգիծանկարչությունն էլ իր բնույթով նման է թարգմանելուն: Կարելի է պատկերել, արտահայտել որևէ իրավիճակ, ավելի գրոտեսկային շեշտեր դնել, խորհրդանիշների վերածել որոշ երևույթներ:

Ինձ թարգմանիչ չեմ համարում: Եվ ոչ թե պատասխանատվությունից խուսափելու համար եմ այդպես ասում, քանզի պատասխանատու եմ թարգմանածս յուրաքանչյուր բառի համար, այլ կարծում եմ, որ թարգմանիչն այն մարդն է, ով ունի համապատասխան մասնագիտական կրթություն և վերաբերմունք թարգմանչության նկատմամբ, արհեստավարժ է թե՛ գիտական և թե՛ գեղարվեստական նյութերի թարգմանության մեջ:

և բացական հայ գրականության մեջ

Ցանկությունս է, որ հայաստանյան գրական դաշտում ավելի ակտիվ և հաճախակի լինեին գրական կառուցողական քննարկումները, գրական քննադատությունը: Կարծում եմ՝ դրանք շատ կարևոր և առանցքային խնդիրներ կլուծեին առհասարակ հայ գրական դաշտում:

Հաճախ են սրտնեղում հայ հեղինակները, որ հայ գրողին չեն կարդում: Բայց գուցե պետք է ուրիշ բանի մասին գրել, ուրիշ ձևաչափով: Ըստ իս՝ հենց այս թնջուկները քանդելն է գրաքննադատի և գրականագետի գործը:

«Սպասող մարդու օրագիր» գրքի մասին լսել եմ հիմնականում սիրողական մակարդակի արձագանքներ, բայց կուզեի լիներ մի գրական քննարկում, թեկուզ մասնագիտական քննադատական խոսք, որը կուսումնասիրեր այն կամ դրա ազդեցություններն ու հետևանքները:

Չեմ ժխտում, գիրքն իսկապես հաջողություն ունեցավ: Չգիտեմ, հնարավոր է, որ գովազդային համեստ հնարավորություններս ու հնարքներս ազդեցին, բնականաբար երբ գործը քոնն է, քո երեխան, ուզում ես, որ նրա ընթացքը բարեկեցիկ լինի: Բայց գրքի հաջողությունը միայն իմ ջանքերի շնորհիվ չէ, ես պարզապես գործիք էի, միջոց, և եթե հեղինակների ստեղծագործությունները լինեին անբովանդակ, ոչինչ չէր ստիպի ընթերցողներին պարբերաբար իրենց ձեռքն առնել գիրքը:

 

Ներկայացրեց Լազարևա Մարիան

Share

Կարծիքներ

կարծիք