Բանաստեղծություններ

img_5205-copy

 

***

Զգույշ քայլիր, աշուն է,

խշխշան տերևների մեջ իմ մարմինն է:

 

***

Երբ կողքիս չես,

աշնան արևը գիշերվա պաղ անկողին է:

 

***

Գարունը հենց այնպես չի գալիս,

գարունը կանաչ արյուն է հորդում:

 

***

Քնած էի:

Բախտն իմ եկավ,

թակեց դուռս,

ինձ թվաց՝ երազ է:

 

***

Պատուհանդ գրկած գոլորշին

իմ շնչառությունն է:

Ցուցամատով դրոշմիր սիրտդ

ապակուն,

ես նրա մոտ եմ եկել:

 

 

***

Ինձ մի փնտրիր ողջերի մեջ, երբ ես չկամ,

Ինձ գտիր մեռյալներից, որ հարություն առնեմ:

 

 

***

Ջրհեղեղից առաջ և հետո

թե հրեշտակները, թե սատանաները

գալիս են կանացի դեմքով:

Կինն է տղամարդու փնտրտուքի աղբյուրը՝

թե սատանայի, թե հրեշտակի տեսքով:

 

 

Հայլուրից  հետո

 

Մի սև կատու հանդիպեց ինձ դեմ առ դեմ,

երեք անգամ պտտվեց տեղում և, նայելով դեմքիս, խռպոտ մլավեց…

Ես աշխատանքից տուն էի վերադառնում:

 

 

 

P.S. ինքնասպանությունից առաջ

 

Ձմռան առաջին կիրակի

կամ էլ վերջին օր՝ երբ այլևս չկամ,

իսկ հոգիս հեռացել է անարև, սմքած պատյանից…

 

Զգույշ հպվիր սառած շուրթերիս,

դա ձմռան սառնություն չէ, այլ մարմնի,

որ սառնասրտորեն դեռ ջերմում է՝ կրքոտ…

 

 

Մեներգ

 

Ձմեռը տաք չի լինում,

ինչպես լքված օրը,

շաբաթը, ամիսը, տարին:

 

Ձմեռը թաց չի լինում…

 

Լքված սրտերի պես

բյուրեղը սառչում է այտերին,

ափսոսանքը՝ շնչափողում,

սիգարետի ծուխը՝ թոքերում:

 

Ձմեռը ջերմ չի լինում,

երբ տանդ պատերը սառն են,

իսկ վառարանում բոխին

սընգսընգում է այրվելու մասին:

 

Ձմեռը հեզ չի լինում,

եթե գարունդ մենակ ես ապրել,

ամառդ՝ անհոգ,

աշունն՝ անիմաստ:

 

Ձմեռը գալիս է ու մնում…

 

Ու դու հասկանում ես, որ ոչ ոք,

առավել ևս ոչ ոք՝ բացի քեզանից,

չի կարող քեզ համոզել, որ կյանքը ջերմ է

նույնիսկ ձմռանը,

երբ վառարանից փախչում է

թաց բոխու կաղկանձը:

 

***

 

Վաղը կգամ ու կծնկեմ փեշիդ ծերին,

Կառնեմ փոշին տարիների մերկ լռության

Ու դալկացած աշնանն ընկնող գույների պես

Տեղ տուր ինձ էլ, քնեմ գրքիդ էջերի մեջ:

 

Վաղը կգամ, սառած՝ աշնան օրամուտից,

Ու չես զգա, որ մերկ եմ ես,

Դեղնած աշունն է մերկացել բառերիս մեջ,

Տեղ բաց, ինձ էլ տեղավորիր էջերիդ մեջ:

 

Վաղը, թեկուզ և ուշացած օրվա քամուց,

Կթափառեն ստվերներս անգիր, անէջ,

Ինձ մի փնտրիր, բայց փրկիր ինձ աշնան քամուց,

Տուն տար, ինձ էլ ջերմացրու էջերիդ մեջ:

 

***

Այս գիշեր բարի էր առավոտը

ու քամին մեղմ — գինու բույրով,

Հյուլե մարմնիցդ ծնվեց լուսաբացը,

Թափանցիկ ու զուսպ — զմրուխտե հրով:

 

Լուսինը փակեց դռներն երկնքի,

Աստղերը ծածուկ թաքստոց մտան,

Ճերմակ էր օդը խակ առավոտի

Ու դու՝ որ դարձար հերոսը օրվա:

 

Ու փաթաթվեցինք ամպերի նման

Ու ամպրոպից շիկնեցինք անձայն,

Ու կաթիլները քրտինքից ծնված

Խուլ թափառեցին ծովում ցամաքած:

 

Այս գիշեր մենակ իմ գիշերվա մեջ

Քեզ գտա ու քո ստվերն իրական,

Ինձ մնաց հուշն իմ երազներիս մեջ

Ու քո շուրթերի բույրը տիրակալ:

 

***

Քաղաք՝ անվերադարձ

Քաղաքն ինձանից ծածուկ հեռացավ,

Թողեց ինձ ցամքած իր ստվերի մեջ,

Տխուր է,

Մութ է,

Մայրամուտը՝ ցուրտ,

Կյանքը՝ դառնահամ օրամուտի պես:

 

Քաղաքն ինձանից հեռացավ ծածուկ,

Ինձ թողեց անտեր շներին բաժին,

Մեկն էլ չմնաց՝ ինձ ընկերանար,

Որ վերջաբանիս հեղինակ դառնար:

 

Քաղաքն անիծեց՝

Նզովք ու պատիժ…

Դառնահամ մաղձը բերնովս ընկավ,

Էս ո՞ւր գնացին Սյուները բոլոր

Ու ինձ թողեցին – հեզ մահվան վկա:

 

Քաղաքն հեռացավ, քամու փեշերով

Տեսա, որ փոշին վերևում պարեց,

Ինձանից հեռու ինչ¬որ բան ապրեց

Ու ծանր հևաց, ու լեղի լացեց:

 

Ես էլ հեռացա իմ քաղաքի հետ

Թողնելով քունս երախում մանկան,

Քաղաքս մեռած և կամ կենդանի

Արդեն երկինք է՝ ոտքերիս ընկած…

 

Անդին 9, 2016

Share

Կարծիքներ

կարծիք