Բանաստեղծություններ | Ժամանակակից իսպանական պոեզիա

Հեղինակ:

imagen114564g Արձակագիր և բանաստեղծ Բիսենտե Գայեգոն ծնվել է 1963 թ. Իսպանիայի Վալենսիա քաղաքում: Նրա հայտնի գործերից են՝ «Սրբավայր», «Օտարի աչքերը», «Իրական երազ», «Լույսը՝ այլ կերպ»… Նրա բանաստեղծությունները թարգմանվել են իտալերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, հունգարերեն և բուլղարերեն: 1987 թ. ստացել է «Խուան Կառլոս I» մրցանակ, 2001 թ.՝ Լոուվէ հիմնադրամի մրցանակ:

 

 

Ինքնաբուխ սերունդ

 

Այս ամպամած օրը թեկուզ հրահրում է ատելություն,

կարող է տրամադրել՝ տխուր լինել առանց պատճառի,

իր լինելն է պնդում

անգամ՝ ցավի քմահաճույքով:

Եվ անշուշտ քամին

և այս անձրևը

այսօր իմ հոգում հնչում են որպես

խաղաղության փողեր:

Այնտեղ, որտեղ դեռ երեկ փոթորիկ էր,

և անգամ երկնքի սևությունը ինձ

գեղեցիկ գույն էր թվում.

հիմա տխրությանը չեմ դիմանում,

մեզ փրկում է ուրախությունը,

որն ինքնին ծնվում է առանց պատճառի,

և այդ երջանկությունը այնքան տարօրինակ է

և այնքան անբասիր,

ինչպես ծաղիկը՝

անարմատ և անմշակ, որ աճում է ջրերի վրա:

Ջրերի վրա՝

այդպես մի օր կմեռնեն

զարմանքն ու ուրախությունը:

 

 

Թույն և հակաթույն

 

Չափելով

կաթիլ առ կաթիլ,

այն ամենը, ինչ մնացել է

իմ ուրախ ու համառ արյան մեջ,

այս գիշերն էլ ես ապրեցի:

 

Քամին էլ կարմիր տենդ չի բերի ինձ

ու՝ պարտություն.

ա՜խ, ինչ լավ է ապրել յուղերի և դրեյֆի մեջ՝

առանց սպասումների ու տառապանքի.

այսպես, ինչպես նավը՝ ծանծաղուտներում խրված:

Առանց գիշերային ուղիների

և նավարկության,

և հոգեվարքի մեջ

տեսնել բաց երկինքը,

որ նման է կախվողի

վերջին

առաստաղին:

Բաց երկնքի տակ,

ի վերջո

բացվող այս արշալույսին,

սամարացու լույսի պես մաքուր

լուսաբացը

իր հավատարիմ

սպիտակ վիրակապը

կծածանի

այդ

առաստաղից:

 

 

Թարգմանությունը իսպաներենից՝ Սլավի Ավիկ Հարությունյանի և Նարինե Այվազյանի

 

Իսպանական պոեզիայի շարքը՝ Անդին 9, 2016 համարում

Share

Կարծիքներ

կարծիք