Անցում

Հեղինակ:

img_2085

 

1.

Երազում՝ ինչպես երազում միայն:

Ոտքս մի անգամ խփեցի հողին՝

վեր եմ բարձրանում, լողում եմ հիմի…

 

Օդում՝ քաղաքիս տանիքներից վեր,

և անտառների փեշերին արդեն,

ուր մանկունթյունն իմ երազում թռա՜վ.

 

Եվ ծովի վրա, և ջրվեժն ի վար…

Թռչում եմ՝ ինչպես եղել է, գիտեմ,

վերևում՝ հանկարծ երբ տող եմ գտել,

 

Ու թռչունի պես փայփայել սրտում՝

մինչև վար բերեմ, գրառեմ արթուն

ու ճախրեմ որպես բանաստեղծությո՜ւն…

 

 

2.

Ավելին ոչ ոք չէր խոստանալու,

ե՛ս էլ ավելին քեզ չխոստացա.-

Պարզապես հաճախ կսուզվենք երկինք,

երբ հե՛տ գանք՝ կապրենք ավելի դժվար…

 

Դժվար, քան ջրի կաթիլն է քիչ-քիչ

ճեղքելու երկրի նյութը իրական.-

Մեր բաժին անվերջ փորձություններից

կփրկենք Սե՛րը մենք ամեն անգամ…

 

3.

Քաղաքըս աշնան երեկոյի մեջ

խոստումներ ուներ օդում թևածող…

 

Երթուղայինը իմ ուղուց թեքվեց,

իսկ ես ուզում եմ մնալ ուղևոր…

 

Պատուհաններից շենքերն այս ժամին՝

ամեն հարկի տակ լույս ունեն կանչող…

 

Բայց իմ տունն առավ օրերի քամին

հողմաղացի մեջ քաղաքըս քանդող.

 

…ու հիմա աշնան երեկոյի մեջ՝

պատրանքներ միայն օդում թևածող:

 

Ինձ դեռ տանում է օրերի քամին.

ես իմ քաղաքում՝ անտուն ուղևոր…

 

 

4.

-Ձեռքդ տուր, հիմա

փշրված սրտով մենք երկու թևեր –

խոյանա՜նք օդում.

մե՛զ ինչ, թե մարդիկ դավեր են նյութում,

թե՝ նյութն է առաջ, իսկ լույսը հոգու

մարդկանց աչքերում մարել է վաղուց…

 

-Ձեռքդ տուր, հիմա

փշրված սրտով մենք պիտի թևենք,

բայց նախ հասնելու

մեզ հասնող խենթին, որ չունի թևեր,

և հիմա հույսը հոգու մեջ — անքուն

կարոտում է մեզ…

 

-Իր հետ կտանենք նաև այդ մարդու

երազանքը վե՜ր…

 

5.

Ձյունը որտե՞ղ է բաժանում ճամփան

մարդու և անվարձ հրեշտակների.

որտե՞ղ է երթը միանում նրանց,

ձյունը մեզ ի՞նչ է պատմում անդինից…

 

Սահմանի բոլոր մահերից վերև,

ցավերից վերև ու աղետներից՝

պատերազմներում մարած արևներ,

և ծնվող կյանքեր՝ նոր գարուններին…

 

Ձյունը ինչո՞ւ է այսքան անարատ,

հոգու նման է մեր զավակների,

որ՝ չհասկացան, թե հերոսացան,

որ՝ պարզ — Հայրենին ազատագրեցին…

 

 

6.

Ինձնից մինչև ձեզ, սիրելինե՛րս,

մի չնչին բան է՝ ջուրը նույն գետի…

Ինձնից մինչև ձեզ՝ ժամանակ մի կարճ —

մամուռե երկինք… և՝ Տե՜րը գիտի…

 

Արտացոլանքը իմ և ձեր ափի

տարրալուծվել է ջրի հատակին

և հիշողության ավազուտներում

զտվելով՝ քիչ-քիչ ճամփա է գտնում…

 

Դեպի ջրվեժի անցումը հուժկու,

դեպի ծիածանն արևի ոսկու,

Որտեղից թեթև՜ դեպի ձեզ կգամ,

երբ, Աստծո կամքով, ժամանակըս գա…

 

7.

Քուլա-քուլա՜, փաթիլ-փաթի՜լ,

փերթ-փե՛րթ՝

իջած քո վերմակին,

բրդի ամպը

ճերմակաթույր՝

արևախարկ, արևաբո՜ւյր,

փաթույթ-փաթույթ

շրջել-բացել,

կարել վերմակըդ՝ հանգուցել,

ամեն կարով

գրել եմ քեզ՝

աղոթքիս պարզ բառերի պես

շարքով,

տողերը կարերիս.-

ահա՝ Հայր մեր,

ահա՝ երկինք,

անունդ ահա՝ Սուրբ եղիցի,

Արքայությունը –

Սե՛րն՝ ի մի,

և օրհնությո՜ւնը վերևի,-

Քե՛զ,

հավիտյան, իմ սիրելի՛,

որ ձմեռվա

ցուրտ օրերին

փաթաթվելով տաքուկ-տաքուկ

ձեռքիս հպումն ու

տաքն ըզգաս

գորովագիրկ իմ թևերի

անգամ

կողքիդ երբ չեմ լինի…

 

 

8.

Մի հրաժեշտ էլ ա՛յս պատուհանից.

չգիտեմ՝ որտեղ դեռ կասեմ բարև…

անտունի կոչվող այս հոգեհանից,

Տե՜ր իմ, թե երբ ինձ պիտի ազատես…

 

Դեռ քանի՜ անգամ էսպես ի դերև

հույսերս պիտի քիչ-քիչ կորսվեն.

սահող՝ ոտքերիս տակից, ափերիս,

ավազը ինչպ՞ս հաշվեմ մինչև վերջ…

 

Այսօր դեռ էլի լուռ պիտի լինեմ.

երեկ խեղդեցի խլացող մի ճիչ,

որ ունեցածս դարձրեց ոչինչ…

Ոչի՜նչ… հարկադիր տնաթողություն…

 

 

9.

Ծանոթ-անծանոթ

մարդկանց դեմքերով

մանուկ օրերիս փորձողը եկավ.-

Չհասկացա, թե փորձողն է եկել,

ծիծաղեցի մի զնգուն ծիծաղով

ու թավալգլոր փորսող տվեցի

իմ փոքրիկ գորգին…

 

…փորձողը իր մեջ որոշեց, որ գա՝

հաջորդ այցի հետ

ծիծաղըս տանի…

եկավ՝ երբ արդեն

կենդանակերպի առաջին փուլով

բոլորել էի տասներկու տարիս…

Փորձողը միայն ծիծաղս տաներ,-

հորըս ո՜ւր տարավ…

 

Երբ տգեղ դեմքով փորձողը եկավ՝

ես հասկացա, որ

պիտի դիմադրեմ…

Եվ երբ գեղեցիկ պատկերով եկավ՝

ես անելիքս գիտեի արդեն…

 

Ամեն փորձություն՝

ինձ թիրախ արած,

մի նպատակ էր հետապնդելու,-

-Ատի՛ր՝ պնդում էր,-

սովորիր ատել,

դե, գոնե մեկին՝ ե՞րբ ես ատելու…

 

Եվ երբ մահերով սիրելիների,

երբ կորուստներով

փորձողը եկավ՝

ես դարձյալ սիրո՜վ ճանապարհ դրի —

ապրելու՝ միայն սիրելո՛ւ համար…

 

10.

Ընձառյուծների հետևից ընկած

ամառվա օրը թաթախվեց ջրում,-

լույսը կաթկթաց կեսօրի մաշկից,

և ընձառյուծի ոստյունով ճարպիկ

տապը գիշատիչ

հալածվեց մինչև — մինչև ուշգիշեր…

 

Ամառվա վերջին շուքը մի վերջին

նվազ եղնիկի զոհաբերություն՝

օդում լողացող ընձառյուծներին…

 

Շիկաթավ բաշով աշնան կեսօրի

առյուծը արու՝ հորանջով անքուն,

Միաեղջյուրի անցումն է հսկում

աշունքից — ձմեռ…

 

Անդին 9, 2016

Share

Կարծիքներ

կարծիք