Բանաստեղծություններ

%d5%ac%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d6%80-23

 

***

Եթե մեզ

Ճանապարհները բաժանեին –

Ոտքերս ինչի՞ համար են:

 

Եթե մեզ

Օվկիանոսները բաժանեին –

Թևերս ինչի՞ համար են:

 

Եթե մեզ

Օրերը բաժանեին –

Երազներս ինչի՞ համար են:–

 

Բայց մեզ

Իմ տան

Շեմն է բաժանում…

 

***

Երբ գաս իմ ետևից,

Դեռ հեռվից կլսեմ

Ոտնաձայնը ձիուդ,

Եվ սրտիս բաբախից

Ես կհենվեմ պատին–

 

Որ

Տունս

Չքանդվի…

 

***

Քայլում էինք

Ծաղիկների միջով

Ես ու…

Քո փոխարեն

Այս բանաստեղծությունը.–

 

Քեզնից առաջ՝

Լինե՞լ, թե՞չլինել,

Քեզ հետ՝

Լինում է, չի լինում…

 

***

Նախ ամպրոպ կլինի,

Հետո՝ շանթ ու անձրև,

Հետո լույս կլինի

Եվ մեզանից մեկը:

Եվ կարոտ կլինի

Հետո

Կամ՝ ես,

Կամ՝ դու:

Հետո երգ կլինի–

Աստղո՜տ…

Հետո հրաժեշտը

Հովիտներով կգա–

Քեզնից ես կմնամ,

Ինձանից՝ դու…

 

 

***

Այրող

Քո կարոտից

Իմ կյանքի հաշվին

Արձակուրդ եմ վերցրել–

Նախ՝ դեպի դժոխք,

Հետո նոր՝ դրախտ:

Առաջինը

Դժոխք եմ գնում,

Որովհետև եթե այդպես

Դրախտ մտնեմ,

Դրախտը կմոխրանա…

 

***

Միայնակ

Կթափառեմ ծովի ափերով,

Եվ ոչ ոք չի իմանա,

Թե կարոտից

Քանի անգամ եմ ուշաթափվել,

Եվ ինձ ուշքի բերելու համար

Քանի անգամ է դատարկվել

Ծովը…

 

***

Ինձ այն լռությունը տուր,

Որ բառերից առաջ էր…

Թե չէ այս մեկը

Գնալով

Ավելի ու ավելի

Բարձր է արձագանքում:

Ինձ այն լռությունը տուր,

Երբ դու աստված էիր,

Եվ ես այս մեկում

Միայնակ

Աստվածուհի չէի…

 

***

Ինձ վերջին տեսնողը

Կյանքն էր,

Բայց նա

Այդ մասին

Առանց ապացույցների է վկայում:

 

Ի՞նչ ապացույց,

Եթե դու

Իմ կողքին չես եղել…

 

***

Ես չգիտեի,

Որ իմ սերը

Ժամ առ ժամ է մեծանալու,

Ինչպես

Թլոր Դավիթը:

 

Եվ հիմա

Իմ առջև էլ է

Ոսկիու կրակ,

Բայց ես ոչ թե

Ձեռքս եմ տանում,

Այլ

Ամբողջովին

Նետվում եմ սրտիդ մեջ…

 

 

***

Քո գալուց հետո է սկսվում

Իմ թվարկությունը.

Իմ գալուստով էլ

Քոնը սկսվեր–

Այդ ժամանակ

Անցյալն էլ կդառնար մերը,

Այդ ժամանակ կասեինք՝

Մեր

Թվարկությունից առաջ…

 

 

 

***

Երկնքին հարցնում եմ.

-Դու կարո՛ղ ես թարգմանել

Իմ բառերը –

Նա անձրևում է:

 

Երկնքին հարցնում եմ.

-Դու կարո՛ղ ես թարգմանել

Իմ լռությունը –

Նա ձյունում է։

 

Երկնքին հարցնում եմ.

-Դու կարո՛ղ ես թարգմանել

Իմ սերը։–

Երկնքով

Մի թռչուն է թևածում –

Ես եմ…

 

Անդին 9, 2016

Share

Կարծիքներ

կարծիք