Ճաքեր

Հեղինակ:

DSC04407---копияԱնանցյալ ճաքեր

Մենք խմում էինք սուրճ առանց մրուրի: Երեկո էր, որն ակնարկում էր մտքերով լի գիշերվա մասին: Փայտե նստարանին ծանրացել էր նրա ձայնը:

Նա սափրված չէր (քմծիծաղ): Նա չի սափրվում (ժպիտ): Ու ես հուսով եմ, որ երբեք ներողություն չի խնդրի դրա համար (ենթատեքստ):

Կուլ տվեցի սուրճի վերջին անցյալը: Մտքերը կենտրոնացել էին նրա կիսադեմի վրա, քանզի, լուսավորության տակ, ես շեղվում էի, ես կորչում էի, ես փրկության կարիք ունեի:

Երբ նա բազմակետ էր դնում, ես մտքումս սկսում էի փռթկալ, քանզի վստահ չէի, որ գիտակցում է պատասխանատվությունը կախման կետերի, կախվածության կախված թողնելու:

Իսկ օրերը նորից գնացին:

Ծովն անբացատրելի հուսահատ է: Մեռնելու աստիճան: Այստեղ ամեն օր մեռնում են հազարավոր մտքեր: Կիսաօր, կիսակյանք, կիսաշունչ: Ծովն ինձ չսիրեց, ես էլ նրան՝ առանձնապես… Այդպես է լինում նրանց հետ, ովքեր երբևէ սիրել են ու մի ցերեկ անհետացել: Այդպես, անձրևոտ մի ցերեկով ես էլ կգնամ այստեղից:

Անձրևները միշտ ամեն ինչ ավելի դրամատիկ են դարձնում: Բոլոր վախկոտները հեռացան անձրևի ժամանակ: Բոլոր անվախները մնացին իզուր: Սրանք մարդիկ են, ովքեր վախենում են կորցնելուց: Սրանք մարդիկ են, ովքեր վախենում են ունենալուց նաև: Սրանք այդպես էլ չհասկացան…

Սա վայր է, որտեղ բոլորը մենակ են: Այսօր ես եմ բոլորը, քանզի իմ ներսում մեկը միշտ պակաս է (ակնարկ):

Օտար քաղաքի սրճարանում երգում է երիտասարդը, իսկ ես չեմ հասկանում, թե ինչի մասին: Ես ընտրում եմ այսօր չհասկանալը: Սա իմ ամենաքամոտ օրերից է, երբ ծանոթ է միայն ծովի ձայնը, որը երբևէ պատկերացրել էի:

Գիշեր է, ու ես չեմ խմում սուրճ, որը սիրում եմ: Ես չեմ քայլում քաղաքով, որտեղ անցյալ ունեմ: Ես այսօր ոչ իմ տեղում եմ: Ես այսօր ոչմիտեղում եմ:

Ծովի ափին նստած՝ լռում էի, քանզի նրա ձայնը, փաստորեն, ծանրացել էր ոչ միայն նստարանին:

…Եվ սուրճս վերջացավ ասելիքիս պես…

 

Անզրույց  ճաքեր

Ես գրում եմ քո հանգերով, քո վանկերով… Ես ծխում եմ քո փոխարեն… Ես խմում եմ քո փոխարեն…

Եվ քո ձայնով եմ ես ինձ միշտ կարդում… Եվ քո ձայնով եմ ես ինձ միշտ պատմում, որ օրերը մեր լինում են առանց ժամերի նաև, առանց պահերի, առանց ոչ մի բանի:

Ես քո փոխարեն լցնում եմ նաև դատարկ տեղերը: Ես այդ տեղերում ծաղրածու եմ միշտ՝ հարբած ու ծխոտ…

Եվ ինչ սիրում էի, դարձավ շատ տհաճ՝ սուրճը շատ դառը, սիգարետը թունդ, գինին շատ կարմիր:

Եվ ում սիրում էի, դարձավ անիմաստ: Ով չէր սափրվում: Ով ինձ պատմում էր, որ սիրել է շատ…

Եվ ինձ հետ այսօր չեմ զրուցել ես: Ես նեղացել եմ ինքս ինձանից:

Ես գրում եմ քո բառերով, քո վանկերով, քո փոխարեն:

Ես զարթնում եմ քո փոխարեն մի քիչ ծխոտ, մի քիչ խռպոտ, մի քիչ հարբած: Քանզի սթափ ժամին չէր կարող լինել Նա քո փոխարեն: Նա քո փոխարեն սիրեց տխրությունը իմ: Նա երկրաշարժեց քո ձայնի խորքում կորած իմ հոգին: Իսկ դու այդ պահին քո տան պատերում կարդում էիր ինչ-որ հայտնի գրողի, գուցե և Նիցշե: Կարդում էիր բարձր, որ պատերդ տան երկրաշարժվեն լուռ:

Ու իմ կյանքի անսթափ ընթացքում ես քո փախարեն սիրեցի նրան:

 

 

 

Հուսահատ Ճաք

Նորից ստվերդ եմ փնտրում փողոցում օտարացած: Էդպես էլ կյանքս կանցնի, կմնամ ես շփոթված: Բաց կթողնեմ ամենքին, ովքեր գնալ էին ուզում,

Նույնիսկ նրանց, որ վաղուց բույն էին դրել իմ սրտում:

Դուռս ոչ ոք չի թակի: Կձուլվեմ ժամանակին: Կկորցնեմ ինքս ինձ ճամփեքում ցուրտ ու մթին:

Կթերթեմ պահը հանգած, որ մարի կարոտը հին,

Ու շուտ հեռանա ինձնից առավոտը այս ստին:

Ամեն բան կվերջանա, ճամփեքը մեր չեն խաչվի,

Ու փողոցները օտար էլ երբեք ինձ չեն սիրի: Գիշերը սև հետ կգա՝ մեղավոր ու աննկատ: Իսկ ես քնած կմնամ: Օրս է շատ հուսահատ:

 

Ճաքած հանդիպում

Գոնե այսօր մնա: Արի քայլենք փողոցներով քո սիրելի: Որտեղ ես էլ պատմություն ունեմ, քանզի անչափ փոքր է Երևանը մեր: Քայլենք ու ժպտանք մարդկանց անծանոթ: Գիտեմ, որ ինձ պես երբեք չես ժպտում անծանոթներին: Եկ անհոգ թվանք:

Բաց թող, որ նորից, փողոցում մենակ ես ստվերդ փնտրեմ: Գտնեմ: Կորցնեմ: Որ չերևացող աստղերը խմբվեն և փոշիանան: Քամիների մեջ ծանոթ բույր գտնեմ: Խորտակվեմ: Փրկվեմ:

Հարբեմ փողոցում: Նստեմ անկյունի ծեր նստարանին: Նայեմ քո ճամփին, երկխոսություններ անվերջ հորինեմ: Հորինեմ: Որ երբեք չասեմ: Պատմություն դարձնեմ:

Չէ, բաց մի թող ինձ: Քայլիր կողքովս: Խոսիր Նիցշեից: Թող չհասկանամ: Խոսիր մթության անկեղծությունից: Ու քեզ ապրեցնող մանր բաներից: Պատմիր, որ երբեք դուրս չէիր գա տանից: Մարդկանց չէիր տեսնի: Քանզի մենակ ես:

Ես էլ կպատմեմ, որ միշտ խեղդվել եմ իմ տան պատերից: Ու որ փախչել եմ ուզում ինձանից: Միշտ երազել եմ արևամուտը տեսնել իսկական: Իսկ մնացածը սուտի բաներ են…

Կպատմեմ հանկարծ, որ մի կորած օր քայլել եմ երկար Անկարևորի հետ ու լուռ մնացել: Նստել Նրա հետ քամոտ տեղերում Քո Երևանի: Ու ժամը հուշել է, որ հանդիպումները՝ մթության մեջ այս, չեն ավարտվել երբեք ոչ մի լավ բանով: Ու ցուրտը հուշել է, որ սառը օդում մարդիկ իրար գրկել են ուզում: Ու անհարմար էր քամոտ այդ տեղում: Անկարևորը իմ մասին էր լռում, իսկ ես երկխոսություններ էի հորինում նորից ուրիշի մասին՝ Նիցշե ցիտողի: Հորինում էի, որ երբեք չասեմ:

Կպատմես, որ անհետանում են երբեմն մարդիկ: Որ անհետացնում են երբեմն մարդկանց: Որ դու անհետացել ես բազում անգամներ: Թողել ես մարդկանց, պատմություն, կարոտ: Եղել է գիշեր, առավոտ, ցերեկ: Դու դա չես հիշում, քանզի հեռացողը չի նայում երբեք ժամի իսկական: Իսկ ես կպատմեմ, որ իմ օրերից շատ են հեռացել: Ու հեռացրել են ինձ իմ աշխարհից: Ու հեռացվել եմ ես ժամանակից:  Ու էական չէր՝ գիշեր է շուրջս, թե նույն ցերեկը, որը երեկ էր: Ու որը նաև վաղը կլինի…

Տարբեր են այսօր վախերն իմ ու քո: Տարբեր են նաև անքնության պատճառները մեր: Ուրեմն կարող ենք ես ու դու քայլել: Անցյալում թողնել անանցյալ բաներ: Կիսատ մնացած կարոտած պահեր:

Մեր Երևանը ուրիշ է այսօր: Առանց վախերի: Ամենաիսկական արևամուտով: Ու գիշերային շատ սառը օդով: Քայլիր կողքովս: Ու արի նստենք այն նստարանին, որտեղ հարբում էի Քո մասին հաճախ: Որտեղ ինձ համար կարդացիր Նիցշե: Ես չհասկացա: Դու չծաղրեցիր: Ուզում եմ այսօր, քանի այստեղ ես, չթողնես, որ ես երկխոսություններ հորինեմ նորից: Պատմություն դարձնեմ… Քանզի մրսում եմ այս քամոտ տեղում Քո Երևանի: Ու քո մասին եմ հենց հիմա լռում: Ու պահը հուշում է, որ սառած մարդիկ երբեմն իրար գրկել են ուզում:

 

Ճաքած օր

Ու առավոտը նորից բացվում է… Կեսօրից հետո: Ու մարմինդ դանդաղ զարթնում է… Ցավելով զարթնում է ալարկոտ: Ձեռքերդ դուրս են պրծնում վերմակի տակից ձմեռային, չնայած արդեն ամառ է և շոգ… այդպես են կարծում մարդիկ…

Սկսվում է հերթական օրը բարկացած, օրը չարացած… Ընթացքի մեջ է օրն անտրամադիր: Սուրճ: Անշաքար: Չգոլ: Մեծ սև բաժակով: Սուրճը միայնակ խմելու համար է: Սուրճը, անքուն գիշերից հետո, մտքերը կարգի բերելու համար է: Սուրճը նորը լինելու ու այդ հնարավորությունը բաց թողնելու համար է…

Սուրճը սառում է: Կիսատ է մնում: Չխմած, սառած է մնում: Սա ազդակ է ժամանակիդ լրանալու մասին: Օրդ նորից կիսատ-պռատ սկսելու մասին: Հին բարկությունդ այսօր տեղափոխելու և կպչուն մտքերից չազատվելու մասին:

Կեսօրից ժամեր են անցել, իսկ ձայնդ դեռ խռպոտ է: Ու դու հոգնել ես ասելուց.

-Չէ, չեմ ծխում:

Սա ժամանակ է, երբ ամեն ինչ պետք է հերքել: Չհամաձայնել: Լռել: Չլսել: Բայց հավատացնել: Օտար ձևանալ ու օտար դառնալ: Անտարբեր լինել:

-Չէ, հիվանդ չեմ:

Սա այն մասին է, որ պետք է թաքցնել: Ամենքից թաքնվել: Լավը ձևանալ ու չհավատալ: Ոչինչ չպատմել: Լռել ու լսել: Երբեմն ժպտալ: Լսել: Ժպտալ ու լռել: Ու լսել: Լսել: Երբեմն ժպտալ ու նորից լռել:

-Չէ, նոր չեմ զարթնել:

Ու միշտ արթուն ես, չնայած կեսօրն անց ես զարթնել: Տեսել ես մարդկանց: Լսել ես մարդկանց: Փողոցով քայլել: Քայլել: Լռել ու լսել մարդկանց: Լսել մարդկանց: Լռել ես: Լռել:

Ու գալիս է գոլացած սուրճը թափելու ժամանակը: Կիսատ բաները նետելու և դրա անիմաստության ժամանակը: Չստացված օրվա հանդեպ պարտականությունների և չկատարման ժամանակը: Լվանում ես բաժակը սև ու մեծ: Ասես չի եղել առավոտը, և բաժակում սուրճ չի եղել: Եվ գիշերը անքուն չի եղել: Միայն ձայնդ է մնում խռպոտ: Մնում հիշեցում:

Եվ ավարտվում է կեսօրը: Կեսօրը, որ վաղուց էր վերջացել: Կեսօրը, որ ոչինչի մասին էր: Այնպես, ինչպես երեկվա այս ժամն էր: Երբ պտտվում էին նույն մտքերը: Երբ տխրությունն ավելի քիչ էր, իսկ բարկությունը՝ մեկ օրով պակաս:

Ու գալիս է ժամը ձանձրույթի: Մեկ ժամ: Երկու: Երեք… Խելագարություն: Խելագարներին այստեղ չեն սիրում: Մի քիչ էլ ու վերջ: Ու ոչ ոք չասաց, թե քանի օր է այդ քիչը տևում: Քանի ամիս: Կամ քանի տարի: Ինչքան դեռ պետք է լսես մարդկանց: Լռես: Լռես: Մնաս չլսված…

Ժամը չի անցնում: Ինչպես չի անցնում տագնապը այստեղ հավերժ մնալու: Չի անցնում Վախը: Կարոտը: Անտրամադիրը: Գնում են մարդիկ: Բոլորը: Սերերը: Անբացառություն:

Եվ մոտենում է ժանգոտ երեկոն: Խաղաղ կիսամութ: Ձանձրույթն արդեն էլ չի վախեցնում: Օրը անառիթ մարում է դանդաղ աչքիդ առաջ: Սա ժամն է ազատ լինելու: Հանգիստ հոգնելու: Կպչուն մտքերից հաճույք ստանալու: Մենակ մնալու: Ազնիվ լինելու: Չձևացնելու և լուռ մնալու:

Սա պահ է՝ ամեն ինչ այստեղ թողնելու, գիշերը խաղաղ քնելու ու բարկությունից պոկվելու փորձի: Կորցրած հույսը նորից գտնելու, երեկվա սերը, ծանրացած սերը այստեղ թողնելու մի նոր առիթ է:

Կեսօրում թողած խաղերն անազնիվ թվում են կորած երեկվա մթում: Իսկ անքնությունը թվում է շատ հին: Ոչ երեկվա պես: Քիչ թեթևացած:

Սևանում է օրը: Ու թանձրանում են մտքերը նորից: Ավելի թանձր, քան նախորդ օրը: Կամ էլ երբևէ: Ու հետ է գալիս խելագարությունը, ձանձրույթը, վախը: Ու լուսաբացի կարիք է լինում: Բայց չի լուսանում: Պատրանքը՝ վաղը առողջ զարթնելու, կորչում է արագ:

Եվ արդեն թմրած, գիշերին սովոր, փակվում են կոպերդ: Ու լուսաբացի ակնարկն ես լսում: Ագռավը զարթնեց:

-Կա՜ռռ… Կա՜ռռ:

Կարող ես քնել: Բացվում է օրը: Քնիր, որ վաղը լռես: Լսես մարդկանց: Ժպտաս ու լռես: Ու չհավատաս: Ու օտարանաս: Ու նորից լռես: Լռես ու լռես…

Ու առավոտդ նորից կբացվի… Կեսօրից հետո: Ու մարմինդ դանդաղ կզարթնի… Ցավելով կզարթնի ալարկոտ: Ձեռքերդ դուրս կպրծնեն վերմակի տակից ձմեռային, չնայած արդեն ամառ է և շոգ… այդպես են կարծում մարդիկ…

 

 

Անդին 9, 2016

Share

Կարծիքներ

կարծիք