Հենդոյի բախտը

Հեղինակ:

dsc02906Հենդոյի բա՞խտը… Հենդոյի բախտն էս ասֆալտի վրա էր ու հենց էս ասֆալտն էր: Այնպես, ասես հենց էդ տեղում էլ ծնվել էր, կպել ու մնացել: Ու ապրում էր էդտեղ: Ու հենց նույն տեղում էլ պիտի մեռներ երբևէ: Եվ էդ ասֆալտից պիտի ծլեր ու բարձրանար նրա հուշարձանը:

Մանկությունից մինչ օրս Հենդոն էդ ասֆալտի վրա էր անցկացրել իր գորշ ու միապաղաղ կյանքը: Սկզբում մոր հետ, իսկ մոր մահից հետո՝ նրանից ժառանգություն ստանալով Մեր Հետնաբակ հորջորջյալ թաղի ասֆալտի էս կտորն ու կանաչի վաճառողի խիստ եկամտաբեր գործը, հետն էլ գործի դնելով մանկությունից ձեռք բերած, կուտակած անսպառ փորձը՝ արդեն ամուսնու հետ էր ծավալում իր բիզնեսը. թե խորհրդային արգելանքների, և թե հետխորհրդային ամենաթողության ժամանակներում:

Հա՛, հա՜… Հենդոն կին էր: Ապարանցի հայրը՝ Աժդահակը (թե նրա ի՞նչն էր աժդահակ. մանր-մունր մի մարդ), որ Մեր Հետնաբակի կանաչապատ տարածքների ջրվորն ու պահակն էր, էդ խոտի քաղվորն ու խուրձ կապողը, էդ խրձերից դեզ դարսողը, հետո դա սրան-նրան ծախծխողը (կանաչի վաճառող կողակցից ետ չէր մնում), մի խոսքով, ինչպես ասում էին՝ խոտի «տերուտնօրենը», միաժամանակ՝ խոտերը տրորողների, էդ խոտերի վրա ֆուտբոլ խաղացող մանուկների ահն ու սարսափը, և ուրեմն էդ Աժդահակն իր ժամանակին իբր ինչ-որ գիրք էր կարդացել (Հենդոն էր այդպես տարածել թաղում, իսկ իրականում պարզապես դիտել էր «Ֆանֆան տյուլպան» ֆիլմը) և դստերը Հենրիետա էր անվանակոչել՝ ի պատիվ միջնադարյան Ֆրանսիո շքեղաշուք արքայադստեր, որի ձեռքն ու սիրտն իր ժամանակին համառորեն իրենով էր փորձում անել հենց Ֆանֆանը: Բայց դե Ֆանֆանը մեզ ի՞նչ. ինքն ու իր Հենրիետան (որը հետո փոխարինվեց Ադելաիդայով): Իսկ մեր Հենրիետային մանկուց բոլորն էլ, տո հենց հայրն ու մայրն էլ, իրենց Հենրիետային (առաջին հերթին՝ հենց նրանք), հետամուտ անունները կրճատելու մերոց հնոց անխախտ սովորույթին, հենց Հենդո էին կանչում, իրենց արևին՝ մի տեսակ յուրօրինակ փաղաքշանքով: Ու աղջկա անունն այդպես էլ Հենդո մնաց: Իր ողջ կյանքում: Մինչ ի մահ:

Հենդոն իսկական Հենդո էր. չորուկ կազմվածքով, փոքր-ինչ կուզիկ, տղամարդուն խիստ բնորոշ թավ աչք-ունքով, կոշտուկոպիտ դեմք-դիմագծով, փնթի շարժուձևով: Մի խոսքով, հանց պոետը կասեր՝ կնոջը չեն բամբասի: Ասպարն էլ ամուսինն էր, Հենդոյից չորուկ, Հենդոյից տձև, միայն թե ձիգ քայլվածքով ու հավաք շարժուձևով: Բայց միևնույն է, Ասպարն իսկի էլ ասպար չէր Հենդոյի համար: Ավելի ստույգ՝ Հենդոն էր ասպար Ասպարի համար: Տես, է՜, ինչ բառախաղ ստացվեց: Ազնիվ խոսք, միամիտ եղավ: Բայց դրանից բան չի փոխվում: Հենդոն իրապես ասպար էր Ասպարի համար: Հապա թող առուտուրի ժամանակ կամ մեկ ուրիշ առիթով մեկնումեկը փորձեր ու հանկարծ Ասպարի խաթրին դիպչեր, Ասպարի թանին թթու ասեր: Ուղղակի գործ կունենար Հենդոյի հետ: Դե փողոց էր, անցուդարձը՝ հարահոսի պես, իսկ առուտուրի ժամանակ ինչ ասես կպատահի: Չնայած Ասպարի առերևույթ մեղմ ու հանդարտ, բայց և մի քիչ էլ խորամանկ բնույթին: Ու թե բան է, տվյալ պահին՝ էն պահին, երբ ինչ-որ մեկն Ասպարին, ասենք, հիշեցրած կլիներ, թե աչքի վերևը հոնք կա, կամ թե՝ նրա թանը թթու է, իսկ Հենդոն ապրանքի կողքին չէր լինի, ասենք՝ ինչ-ինչ պետք հոգալու համար կբացակայեր (իսկ մեծ մասամբ հենց Հենդոյի բացակայության ժամանակ էին Ասպարին «նեղացնում», կամ Ասպարն էր առիթ տալիս, որ իրեն «նեղացնեն»), միևնույն է, հետո, երբ կիմանար էդ «տհաճ» դիպվածի մասին, այսինքն՝ Ասպարին թթու խոսք ասելու կամ թարս չափելու մասին, Հենդոն կկորցներ քունուդադար, մինչև որ չգտներ ու չշշպռեր էդ «համարձակին».

-Էդ քու ուժ էս խեղճ հարիֆիս վըրեն պատեց, հա՞: Է՜հ, հետո՞,- կարճ, կոնկրետ իր ասելիքը կասեր, որոշ դադար կտար, դիմահայաց ծակող հայացքը կսառեցներ էդ ՙհամարձակի՚ վրա, կասես՝ աչքերի խորքը թափանցելու լուրջ մտադրությամբ, ապա առարկություն չընդունող հնչերանգով արագորեն կեզրափակեր,- հետո՞ ինչ, որ փափուկ մարդ ա: Ֆայմըն ի՞նչ ա, որ չունես…

Ու էդ «համարձակն» ամոթահար կթողներ կհեռանար: Մեկ ուրիշն էլ, ասենք, կսկսեր երկչոտ արդարանալ, թե բա՝ «Էսքան տարվա հաճախորդ ենք, ու Ասպարը ապրանքի մեջ լավի ու վատի կամ թե քաշի մեջ, ուրեմն, մեղմ ասած, խաբել էր փորձում», բայց միևնույն է, ի վերջո էլի ամոթահար կհեռանար: Այնպես որ Ասպարը, թիկունք ունենալով Հենդոյին, մշտապես պաշտպանված էր: Պաշտպանված՝ այլոց ոտնձգություններից, ի բացառյալ Հենդոյի, ով որպես գործի գլուխ կանգնած՝ հաճախ ինքն էր ոտնձգում Ասպարին և հիմնականում գործի մեջ ինչ-ինչ թերացումների ու բացթողումների համար: Ասենք՝ թարմ տեսք ապահովելուն հետամուտ՝ կանաչին ժամանակին չջրցանելու կամ համանման առուտուրային չգրված մանր-մունր այլ կանոնների անտեսման համար: Բայց և չի կարելի ասել, թե Ասպարը միշտ խեղճանում էր Հենդոյի մոտ: Երբեմն էլ պատահում էր, որ ըմբոստանում էր: Եվ այրուկին խոսքուզրույցի ու վեճուկռվի պես մի բան էին հանդես հանում փողոցի իրենց անկյունում. ցուցք, դիտարժան հանդիսանք: Բայց շատ դեպքերում արագ էլ հարթվում էր աշխատանքային վեճը՝ խորը հիասթափություն պատճառելով թամաշավորներին: Իսկ թե բան է, լինում էր և դեպք, որ անհաղթահարելի մի հանգամանք ձգձգում էր վեճը, նրանցից մեկնումեկը թողնում ու գնում էր. Հենդոն՝ տուն, որը հենց այդ փողոցում էր գտնվում՝ փողոցի ծայրում, Ասպարը՝ ձորի բերան, որ ձգվում էր հակառակ ուղղությամբ: Ու հեռացողն ավելի հաճախ Ասպարն էր լինում և խիստ հազվադեպ՝ Հենդոն: Որովհետև Ասպարը տնփեսա էր, ինչպես ասում են՝ «Տնփեսա, շան փեսա», ու տունն էլ, ասֆալտի էս կտորն էլ Հենդոյի էին պատկանում: Բա՜…

Մի խոսքով, Հենդոն ու Ասպարը հանգիստ իրենց առուտուրն էին ծավալում Հենդոյի մորից ժառանգություն մնացած փողոցի Հենդոյի բաժին անկյունում:

-Մոտիկացի՜, անտարբեր մի անցի՜,- սա էլ Հենդոյի ու Ասպարի «էստի համեցեքն» էր, թեև նրանք միմյանցից տարբերվող երանգներով էին հնչեցնում իրենց էդ գովազդային հոլովակը. Հենդոն՝ աշխույժ ու երգեցիկ գեղգեղանոք, Ասպարը՝ դինջ ու պաղած խռպոտությամբ:

Սակավախոս Հենդոն երբեմն էլ, թերևս շատ հազվադեպ, խոսքի էր բռնվում որևէ հաճախորդի հետ: Դե փողոց էր, չէ՞, անցուդարձը՝ ոնց հարահոս, իսկ ողջ օրվա ընթացքում ինչ ասես լինում էր: Եվ ուրեմն խոսքի կբռնվեր Հենդոն ինչ-որ մեկի հետ ու կասեր. «Լըսա, լավ լըսա, բան կը պատմեմ», հստակ շեշտադրումով առանձնացնելով «կը»-ն: Ու անպայման, եթե մոտերքում առևտուր անող մեկնումեկը չլիներ էլ, անցորդների մեջ կփնտրեր-կգտներ այլ մեկին ևս ու նրան էլ կասեր. «Դուն է լըսա…», այսինքն թե՝ դու էլ լսիր: Ու կաներ իր պատմությունը: Ու թե էդ միջոցին էլի ուրիշ մեկը մոտենար, նրան էլ կկանգնեցներ ու կդիմեր նույն պնդումով. «Դուն է լըսա, բան կը պատմեմ»՝ հստակ շեշտադրումով առանձնացված «կը»-ով հանդերձ, ու պատմությունը կշարունակեր նույն տեղից, որտեղ ընդհատել էր, առանց հաշվի առնելու, որ նոր մոտեցածն անտեղյակ է էդ պատմության սկզբնամասից: Է՜հ, Հենդոյի վե՞ջն էր:

Հենդոն էլ սովորական, նորմալ մարդկանց նման ամենևին չէր դժգոհում խելքից, այսինքն՝ խելքի պակասից, այլ դժգոհում էր բախտից: Իր բախտից: Ասենք՝ խելքի, այսինքն՝ դրա պակասի հետ կապված հարցեր չուներ Հենդոն: Նրանը ֆայմի հարցն էր, դա էլ իրեն հերիքում էր: Ա՜յ, մյուսների մոտ ֆայմի հարցը լուրջ էր: Հենդոն ըտենց էր իմանում:

Բա՜, Հենդոն ու Ասպարը… Ինչ էլ անուններ էին դրել ծնողները՝ Հենրիետա և Ասպար: Ինչ սրա հորն ասեմ, ինչ՝ նրա մորը…

Եվ ուրեմն, այս կերպ իրենց կյանքն էին ապրում Հենդոն ու Ասպարը: Ապրում էին ու վաստակում իրենց հաց-հանապազօրյան ամենօրյա-շուրջօրյա էս աշխատանքով: Վաստակում էին ու իրենց տունուտեղը պահում: Ու թեև ամեն մեկն իր հոգու խորքում համոզված էր ու հաստատապես էր համոզված (թերևս հանիրավի), որ մյուսն իր թայը չի, որ ինքն ավելի լավ բախտի էր արժանի, քան էս կողակիցը, բայց ընդհանուր առմամբ հաշտ ու համերաշխ էին ապրում Հենդոն ու Ասպարը՝ չհաշված երբեմնակի թույլից չափավոր ընդհարումները, այն էլ մեծավ մասամբ ոչ թե անձնական, այլ հիմնականում աշխատանքային հողի վրա: Այնպես որ, մեծ հաշվով իրողությունն այն էր, որ նրանք հենց մեկմեկու համար էին ստեղծված, ինչին միայն իրենք էին անտեղյակ հավանաբար:

Իսկ ընդհանրապես նրանց ողջ կյանքում լոկ մի մութ կետ կար, մի դիպված, որ կապված էր Ասպարի խոպանային արկածների հետ: Իբր արկածներ, էլի՜: Դե, դա այսպես էր եղել: Ուրեմն ջահել ժամանակ Ասպարը մի քանի անգամ թաղեցիների հետ խոպան էր գնացել, ռուսաստաններ ու իբր էդ խոպան կոչվածում՝ ռուսաստաններում, ուրեմն, կնիկ-երեխա էր հետ գցել ու դրա համար էլ իբր ամեն ձմեռ մի տեսակ չուզելով էր տուն վերադառնում, իսկ մի տարի էլ (ու դա եղավ վերջին տարին) բոլորովին տուն չեկավ: Բայց մերկ իրականությունն այն էր, որ այդ տարի խեղճուկրակ Ասպարի մեղքով ինչ-որ բան էր փչացել, շինարարական ինչ-որ խոտան էր թույլ տրվել, ու գործատուները նրա վաստակն ամբողջությամբ չէին վճարել, իսկ թաղեցիների բրիգադի մեկնումից հետո էլ նրան պահել էին՝ թույլ տրված թերությունները շտկելու և շինարարական խոտանը վերացնելու հստակ առաջադրանքով: Թե չէ՝ ի՜նչ կին, ի՜նչ երեխա: Խեղճուկրակ Ասպարն իսկի կարգին լեզու-բերան էլ չուներ ու ոչ էլ տեսք ու շնորհք, ու ոչ էլ՝ հակում ու հնարավորություն՝ էն անտեր ռուսաստաններում կին առնելու, երեխա վաստակելու: Թեև այդ փաստարկումներից և ոչ մեկն էլ ինքնին հիմնավոր պատճառ չէր կնիկ-երեխու հարցեր լուծել-չլուծելու գործում, բայց Ասպարի հետի թաղեցի ընկեր-տղերքն այսպես էին հավաստում՝ Հենդոյին համոզելու համար, որ նման բան՝ այսինքն կնիկ-երեխա չկա: Բայց դե Հենդոյին շատ բան չհետաքրքրեց էդ ողջ բարբաջանքից: Ու մի տարի, էն տարին, երբ շուրջ երկամյա ընդմիջումից հետո Ասպարը ձմռանը տուն էր վերադարձել, իսկ հաջորդ գարնանն էլ պատրաստվում էր նորից խոպան մեկնել, Հենդոն կտրուկ դրեց հարցը. «Քու չեղած խելքըն գլոխըդ հավքա. կամ ես, կամ խոպանըն», և Ասպարն իրոք շատ արագ էդ «չեղած խելքըն գլոխըն հավքեց», ընտրություն կատարեց ու վերջնական որոշում կայացրեց՝ ընդունելով իրականությունն ու Հենդոյի վերջնագիրը և կատարելով դրա միակ պահանջը: Էդ էր ու էդ. էլ Ասպարը խոպան չգնաց: Ու դիպվածն էլ փակված, սպառված համարվեց:

Հենդոյի և Ասպարի ամենաիսկական անբախտությունը նրանց որդին էր: Մինուճար որդին… Ու էդ որդին իրականում իսկի էլ իրենց որդին չէր: Այսինքն՝ իսկական որդին չէր: Այսինքն՝ էդ որդուն Հենդոն չէր ծնել: Ո՞ւր էր Հենդոյին ըտենց բախտ: Չորփոր էր Հենդոն: Չորուցամաք՝ չպտղավորվող ծառի նման: Իսկ էդ տղան վերցնովի երեխա էր: Ու քանի դեռ մանուկ էր, ի տարբերություն չորուկ զույգի՝ Հենդոյի և Ասպարի, լավ էլ թմբլիկ էր ու իր էդ փարթամ տեսքը երևի ժառանգել էր կենսաբանական ծնողներից, որոնց ոչ ոք չգիտեր: Բայց իր էդ փարթամ կազմուկառուցվածքի հետ մեկտեղ լավ էլ ժիր ու ճարպիկ, համով երեխա էր միառժամանակ, թաղում շատերի կողմից սիրվող ու երես առածի մեկը: Իսկ երբ մեծացավ, մի քիչ լղարեց (դե Հենդոյի պահածի արդյունքն էլ դա պիտի լիներ), բայց և դրանից անկախ՝ իսկական կրակուպատիժ դարձավ թե ծնողների և թե թաղի գլխին, հետո էլ նաև՝ թաղից դուրս: Ի համեմատություն թաղի մեկ այլ՝ ոչ պակաս կրակուպատիժ Նագլի Լակոտի, որը մանկության ու պատանության տարիներին չարաճճի էր այնքան, որ իր լկտի պահվածքով ու այլանդակ դրսևորումներով ի վերջո խեղճ Խև-Խանի Չախկալին՝ Մեր Հետնաբակի բազմամյա վաստակաշատ կլյաուզնիկին, ճամփեց Հայր Աբրահամի տամուկ ծոցը (գուցե ընդամենը գի՞րկը, ո՜վ գիտե), բայց դրանից հետո խելոքացավ, ուրեմն այս մյուս կրակուպատիժը՝ Հենդոյի և Ասպարի որդին, երբեք չնահանջեց իր բռնած ուղուց, որը միշտ խոտոր ընթացք ունեցավ ու նրան էլ ուղղորդեց խոտոր ճամփեքով, ինչն ամենքին էր հայտնի…

Եվ ուրեմն Հենդոյի և Ասպարի էդ վերցնովի որդին մի իսկական կրակուպատիժ էր, անունն էլ՝ Չակո, որ դրել էին հենց Ասպարն ու Հենդոն: Ու դա փոթ-անուն չէր, այլ իսկական, անձնագրային: Ու շատ երկար չէին վիճել, թե էդ ընկեցիկին ինչ անուն տան, և ուզեցել էին մի լավ, գեղարվեստական անուն տալ, Ասպարը ժպիտն երեսին խաղացնելով մեղմ ասել էր «Չառլի»՝ նկատի ունենալով Չապլինին, Հենդոն չոր հակադարձել էր թե՝ «Չառլին դուն ես, գյադու անուն Չակո կը դընենք», իհարկե մտքին ունենալով Չակ Նորիսին (հստակ շեշտադրումով առանձնացված «կը»-ն էլ անպակաս): Դե, Ասպարն ու Հենդոն էլ իրենց ծնողների պես գիրք չէին կարդացել, որ գրքային անուն մտքներով անցներ: Նրանցն էլ կինո նայելն էր, ու նրանք էլ իրենց ծնողների նման կինոյի միջոցով էին հաղորդակից դարձել և դառնում համաշխարհային գրական ու ոչ գրական կերպարներին: Ու քանի որ Հենդոյի փաստարկներն ավելի զորեղ էին (դե, Չակ Նորիսի կարգի զորընդեղ տղամարդու դեմ խեղկատակ Չառլին ոչ մի շանս չուներ), քննարկումն էլ ավարտվել էր դեռ մի կարգին չսկսված: Ու էդպես էլ Նորիսի անունը հայացրել էին, և իրենք էլ իրենց ծնողների հանգույն հետամուտ անուններն աղավաղելու մերոց հնոց անխախտ սովորույթի՝ փաղաքուշ Չակո էին դրել: Էդ հետո, ա՜յ, երբ արդեն ասում էին Չակո-Չուկո, այ դա էր փոթը՝ մականուն: Ու Չակոն էլ իր անեկդոտն ուներ, երբ ասում էին, որ եթե խմելը և ուռել-ծակվելը թարգի, կարգին էլ տղա է, հայտնի անեկդոտի փոխառությամբ նա հակադարձում էր որոշակի երգեցիկ երանգավորումով թե՝ «Ես որ խմա՜ծ կամ ուռած-ծակվա՜ծ եմ՝ համ գենեռա՜լ եմ, համ թաղապե՜տ, համ էլ դեպուտա՜նտ, էլ դրանցից լա՜վ տղա կա՞»: Ու միշտ նման դեպքերում իր իմացած սուղ ռուսերենով անկապ նետում էր չգիտես որտեղից լսած ու սերտած մի շնչակտուր նախադասություն՝ խաղացկուն հանգավորումով՝ «Յա նառկոման, սիդյաշչի նա իգլա չուժոյ պախմելյա, նե զադայ վապռոս, նե ուսլիշայ լոժ»…, որ արտաբերում էր խիստ ընդգծված առոգանությամբ ու որոշակիորեն աղավաղված իմաստով, միաժամանակ «նառկոման» բառը շեշտելով բոլորովին այլ նշանակությամբ՝ անկասկած նկատի ունենալով Հենդոյի ասած «նառկոմ» կարգավիճակը, այսինքն՝ իբր Չակոյի՝ մինիստրին հավասար լինելը, ինչպես որ Հենդոն էր կարծում Չակոյի մասին: Դե, Հենդոն ըտենց էր իմանում:

Ու թերևս այդպես էլ կար: Նույնիսկ աշխատանքային տարիքի հասնելուց հետո էլ Չակոն կյանքում շատ երկար ժամանակ որևէ տեղ չաշխատեց, բայց ապրում էր՝ ինչպես որ ապրում էր. նախ՝ Հենդոյի ու Ասպարի հաշվին, ապա՝ կնոջ, հետո՝ էլի Հենդոյի ու Ասպարի, ու էդ ողջ ընթացքում՝ նաև սրա-նրա հաշվին, իսկ մեծ հաշվով միշտ փողոցն էր նրան կերակրում ու վատ չէր կերակրում: Ու դեռ մանկուց էր նա օգտվում իր ժրության հանգամանքից՝ շահավետ գործածելով իր թոթով լեզուն: Կիսատ-պռատ հանգավորումներով անկապ ոտանավորներ արտասանելով՝ սրանից-նրանից զանազան ուտելի բաներ էր կորզում, ասենք՝ պաղպաղակ, կոնֆետ-մոնֆետ, թխվածքաբլիթ և ուրիշ անուշեղեն, իսկ երբ փոքր-ինչ մեծացավ՝ նաև խմիչք ու սիգարետ կամ խմիչքի ու սիգարետի փող էր շորթում, ով ձեռքն էր ընկնում, մինչև որ այնքան աճեց-բարգավաճեց, ու թոթով լեզուն էլ ավելի ճարտար դարձավ, իսկը օձի լեզու, որ նրան իրապես արհեստավարժ շորթողի աստիճանի հասցրեց:

Ու նրա կողմից մանկութ օրերին ամենից շատ գործածվող «պոեզիայի նմուշը» Խաչատուր Աբովյանի «մասին» էր՝ չգիտես ումից լսած ու սերտած, որ հնչում էր այսպես. «Անհայտ կորած Խաչատուր Աբովյանն եմ ես, // Օրհնվի էն սհաթը, որ դու ոտդ մեր տուն դնես, // Տանեմ պադվալն ու դանակ-մկրատս ցույց տամ քեզ, // Բայց տես հանկարծ իմ շլանգը չկտրես…», իսկ արդեն շարունակությունը հագեցած էր նրա ջրվոր պապացու Աժդահակի՝ խոտերը ջրելու ռետինե փողրակի հանգույն իր էդ անձնական «շլանգով» այստեղ-այնտեղ սրան-նրան «ջրցանելու» բազմազան ձևերի, եղանակների ու տարբերակների մասին բազմահարկ հայհոյախառն անհամ ու աղտեղ շաղակրատանքով, ինչի վրա քահ-քահ հռհռում էին կրթամշակութային մակարդակի լուրջ բաց ունեցող թաղեցիներն ու արգահատանքով երես թեքում իրենց ունկերը պղծել չցանկացողները…

Պատանության տարիներից ի վեր դեռահաս Չակոյի հագուկապն էլ էր մեծ հաշվով փողոցն ապահովում. շեն ու լի կենան լվացքի պարանները: Հա՛, հա՜, միառժամանակ, մինչ արհեստավարժ շորթողի արհեստը շոշափելի եկամուտներ կապահովեր, Չակոն գրեթե ամեն գիշեր իր թափառումների ժամանակ թիրախ էր ունենում լվացքի պարանները՝ սկզբում թաղում, հետո էլ՝ թաղից դուրս, ու նախապես հարմարեցրած ծալովի-բացովի բարակ ձողով էդ ձողի ծայրի կեռիկին հասանելի պարանների վրայից թռցնում էր՝ ինչ դուր էր գալիս իրեն. վերնաշապիկ, անդրավարտիք՝ ամենից հաճախ ջինսեր, իսկ հաջորդ առավոտյան ոմանք՝ Չակոյի թռցրած հագուստեղենի նախկին տերերը, հայտնաբերում էին, որ իրենք արդեն չունեն այդ հագուստը:

Չակոյին էր պատկանում նաև ժողովրդախոսակցական «տրնդեզ» բառի առաջին բաղադրիչի խիստ ուշագրավ ստուգաբանությունը: Չակոյի սահմանափակ իմացության չափումներում «տըրըն»-ը «պակռիշկա»-ի հայերենն էր, քանի որ այն ժամանակ բուն Տյառնընդառաջի մասին գաղափար չունեցող թաղի մեծ տղերքը, երբ այդ օրն իրենց արևին «տրնդեզ» էին անում, մի քանի բաժակ կոնծած ու մի քանի քաշ ուռած, ուրեմն, թաղի մի անկյունում (հիմնականում՝ դպրոցի խաղահրապարակում) մի քանի ավտոդող իրար վրա դարսելով ու վրան բենզին լցնելով՝ մի հսկա խարույկ էին վառում ու վրայով թռնում, իհարկե՝ կրակի բոցերի բավականաչափ հանդարտվելուց և կրակաշեղջի «նստելուց» հետո, մինչ այդ սև ծուխումուրը երկինք հանելով և այդ ընթացքում խմել-ուռելը շարունակելով, ապա և գարնան կանաչ արոտ ընկած հորթի պես հրճվելով իրենց ենթադրյալ ճարպկության վրա: Եվ այդպիսով էլ ավտոդողերի այդ դեզը Չակոյին հակել էր այն մտքին, որ «ըրըն»-ը «պակռիշկա»-ն ա, իսկ դե դեզն էլ… հասկանալի է, չէ՞. թաղի խոտի «տերուտնօրեն» պապացու Աժդահակի խոտի դեզերին մանկուց հո՞ ծանոթ էր:

Հավանաբար լսած կլինեք նաև կոնստրուկտորի և «Կազբեկ» պապիրոսի անեկդոտը: Բայց սկզբնապես դա էլ իսկի անեկդոտ չի եղել, այլ իրական պատմություն էր: Դա հետո է լոկ անեկդոտ դարձել: Ու էդ իրապատում-անեկդոտի հեղինակն էլ հենց Մեր Հետնաբակի էդ «անբախտ» Հենդոն էր: Երբ տարիներ անց նրա վերցնովի որդի Չակոն հերթական անգամ վերադարձել էր գաղութից (իրոք որ տարբեր հանցանք-զանցանքների, հիմնականում՝ շորթման և թմրանյութի հայթայթման ու գործածման պատրվակներով մի տեսակ շուտ-շուտ էր ընկնում իրավապահների ճանկը ու քրեական շրջանակներում էլ «ռեկետիր» Չակո «պատվանունն» էր վաստակել), ուրեմն օրերից մի օր մի հանդուգն հարևանուհի համարձակվել էր հարցնել թե՝ «Հենդո, էդ տղուդ էլի բռնել-դատել ե՞ն, չի երևում»,- Հենդոն հակադարձել էր. «Չէ, ախչի, հեչ էլ չեն բըռնե, պըռոստը գյադես խելոքցեր ա, դուս չի հելնըմ, որ էլ շառի ու փորձանքի մեջ չընկնի, սաղ օրըն իրա հըմար պապիռոս ա քանդըմ-հավաքըմ, լավ էլ ձեռի շնորհք ունի, ֆաբռիչնիի պես ընենց տեխնիչնի ա հավաքըմ, որ զավասկոյից երկար ա ստացվըմ»:

Այսպես նստել-ելնելով՝ ժամանակի ընթացքում Չակոն գնալով խեղճացավ: Հենդոն ու Ասպարն էլ խեղճացան ու կքեցին՝ ոստիկաններին, քննիչներին ու դատավորներին կաշառք հասցնելով, իսկ Չակոյին, ապա նաև Չակոյի անչափահաս որդուն բանտերում ու գաղութներում պահելով, «պըռավիզ» ու փող հասցնելով, ու էլ ավելի խեղճացան, երբ Չակոյի հերթական դատպարտվելուց հետո նրա կինը, համբերությունը հատած, վերցրեց դստերն ու թողեց հեռացավ… հայդե՜ Ռուսաստան՝ եղբոր մոտ: Էլի Ռուսաստան: Այդ ժամանակ Չակոյի որդին էլ հոր պես շարունակական դատապարտվածության մեջ էր:

Չակոն էլ ավելի խեղճացավ, երբ էն մութուցուրտ անդուր տարիներին որոշակիորեն գանգամաշկելու հակումներով մի ոստիկանապետ իր ողջ գործունեության եզակի դրական քայլերից մեկը կատարեց՝ քրեական բոլոր տարրերին երկրից հեռանալու որոշակի ժամանակ տալով, ապա և հարդյունս՝ նրանց քշելով երկրից… հայդե՜ Ռուսաստան: Ու էլի Ռուսաստան: Հիմնականում նախ Ռուսաստան:

Բայց Չակոյի բախտն այստեղ չբերեց: Ու Չակոն մնաց երկրում: Մնաց անտերուդուս: Լրիվ անտերուդուս: Դե որովհետև, ինչպես ասում են, Չակոն էդքան չկար, որ իրեն էլ քշեին երկրից, կամ որ իր հովանավոր քրեական տարրերն իրենց հետ նրան էլ տանեին ռուսաստաններ: Ախր ասացի, չէ՞, որ Չակոն էդքան չկար: Ախր Չակոն ռուսաստաններում ի՞նչ պիտի աներ, ոչ կարգին լեզու գիտեր, ոչ էլ… Չակոն միայն այստեղ կարող էր դրսևորվել: Իսկ, այ, այս հարցում Հենդոյի բախտը բերեց, իրոք բերեց, որ Չակոն մնաց երկրում: Ա՜խր, բա որ ռուսաստաններում Չակոն էլի ընկներ «մըլիցեքի ձեռըն», խեղճ Հենդոն ու Ասպարը ո՞նց էին հասնելու նրա «հավարին», ո՞նց էին նրա դատուդատաստանը մեղմացնելու: Ախր իրենք էլ լեզու-բերան չունեին, որ ռուսաստաններում շաղ տային: Նրանց ունեցած ողջ լեզու-բերանն էլ էր միայն այստեղի համար, այստեղին էր միայն հերիքում: Ու Հենդոն ճիշտ էր անում, որ հենց այսպես էր մտածում, որ Ասպարի հետ խելք խելքի տալով՝ այս մտքին էին հանգել. Չակոյի մնալը ճիշտ էր, դա մի ուրիշ բախտավորություն էր: Հա՜, Հենդոն ըտենց էր իմանում:

Ու տարիներ անց էդ բախտավորությունն իր ամենաառարկայական դրսևորումն ի հայտ բերեց, երբ Հենդոն ու Ասպարն արդեն հյուծված ու հալից ընկած, ձեռք ձեռքի տված՝ լքեցին Մեր Հետնաբակի իրենց անկյան ասֆալտն ու անկողին ընկան: Ով կմտածեր, որ Չակոն էր տիրություն անելու Հենդոյին ու Ասպարին: Էդ «բեդովլաթ» Չակոն, որ զարմանալիորեն անասելի նվիրումով հոգ տարավ ծերացած ու հալումաշ եղած ամուսիններին, մինչև նրանց վերջին շունչը խնամեց հոգատար: Իսկ թե ֆինանսական միջոցները որտեղից էր հայթայթում, դա էլ խնդիր չէր. Չակոյին էլ կասեն «որտեղի՞ց»: Այստեղ են ասել. «Ուղտն ինչքն էլ սատկած լինի, էլի կաշին մի իշաբեռ կլինի»: Իհարկե, Չակոն իր երբեմնի հմտությունների գործադրումից զրկված էր, ասենք՝ մի առանձնակի ասպարեզ էլ չկար, զի նորօրյա «տերերը», որոնցից ոմանք որոշակիորեն մութ անցյալով էին ներկա մտել, նախկին քրեականներից ավելի հունարով էին թե՛ «ռեկետ» անելու, թե՛ էդ «ռեկետի» արդյունքները պահպանելու հարցում. նրանցից շատերն այսօր վերևներում էին ու… անձեռնմխելի:

Այնպես որ Չակոն թեև էլ չէր կարող հին «արհեստով» ապրուստ վաստակել, բայց չընկճվեց, աչքն այսուայնկողմ չգցեց և ուրիշին ձեռք չպարզեց: Որովհետև առկա էր նաև շորթման հոդվածով անհարկի «մեղադրանքի» տակ ընկնելու վտանգը: Ու քանի որ դա այդպես էր, Չակոն ձեռնամուխ եղավ մեկ այլ՝ ավելի մատչելի գործի. Հենդոյի ու Ասպարի՝ ինչ-որ հնարով հետ գցած փողով մի ավտոմեքենա գնեց և, ինչպես ասում են, սկսեց «տաքսու տակ քշել» ու կայուն վաստակել, ըստ այդմ՝ հոգալ հիվանդ ծերերի կարիքները, մինչև նրանց մահը, ինչպես նաև տիրություն անել բանտերում ու գաղութներում ասես մշտական գրանցում ստացած արդեն չափահաս որդուն՝ «պըռավիզ» ու փող հասցնելով նրան:

Եթե հանկարծ ու մի հնարով Հենդոյի կամ Ասպարի հետ էդ օրերին զրույցի բռնվեիր (նախ պիտի այցելեիր, իհարկե), տեղնուտեղը կզգայիր, որ նրանք երբևէ մազաչափ անգամ կասկած չեն ունեցել, որ օր ծերության իրենց «ջառմեն» քաշողը Չակոն էր լինելու: Այդ առումով Հենդոն մահվան մահճում իրեն արդեն բախտավոր էր համարում: Ու Հենդոյի բախտն առանձնապես բերեց նաև, որ իր հաստատուն մտադրությանը հետամուտ և դրա համար անդադար Աստծուն աղոթելով՝ նա Ասպարից շուտ լքեց էս աշխարհը, որ էն աշխարհում Ասպարի համար ապահով տեղ հազրելու նույնքան հաստատուն իր նպատակադրումն էլ ի վերջո իրագործի: Ըստ այդմ, հավանաբար հավատարիմ մնալով Ասպարին մշտապես թևութիկունք լինելու իր առաքելությանը, Հենդոն շուտ ճամփա ընկավ, որ ինչպես էս աշխարհում՝ էն աշխարհում էլ իր ներկայությամբ մեկնումեկի մտքով չանցներ հանկարծ ու Ասպարի խաթրին դիպչել, Ասպարի թանին թթու ասել, երբ արդեն Ասպարն էլ իր հետևից կհասներ էն աշխարհ…

Միայն թե երբ ամուսինները հերթով ճամփա ընկան էն աշխարհ (Հենդոյի մահվան քառասունքը դեռ չլրացած Ասպարն էլ գնաց), երկու դեպքում էլ Չակոն այնքան հանգիստ գուժեց նրանց մահը, իսկ հերթապահ ձևական հարցուփորձ անող որոշ հուղարկավորներին ի պատասխան այնպես անտարբեր, այնպիսի սառնությամբ էր արտաբերում նրանց մահվան պատճառի մասին բժիշկների խիստ ընդհանրական ախտորոշումը՝ ծերունական հյուծախտ, ծերունական տկարություն, որ կարծես բոլորովին ուրիշ մեկի մահն էր գուժում, անծանոթ մեկի մահվան մասին էր խոսում, ու ձայնն էլ գալիս էր անդրաշխարհից: Ընդ որում՝ դիմացինների մոտ այնպիսի կասկածներ հարուցելով, որ ներքուստ այդ կասկածներով համակված՝ նրանք հետո գաղտագողի միմյանց ունկերին ինչ-որ բաներ պիտի քչփչային…

 

 

 

Անդին 8, 2016

Share

Կարծիքներ

կարծիք