Սլավիկ Չիլոյանը և Ժան Ռասինը… Կոշի բերդում

1970 թվականն էր: Խորհրդային Միությունը «աշխարհի ամբողջ առաջադեմ մարդկության» հետ նշում էր Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակը: Կենտրոնական մամուլն օրնիբուն ազդարարում էր, որ «Ленин и теперь живее всех живых»: Սլավիկ Չիլոյանի թարգմանությամբ այս նախադասությունը հնչում էր հետևյալ կերպ. «Լենինը հիմա էլ կենդանիներից ամենակենդանին է»: Ասում էր և, առանց սպասելու մեր անդրադարձին, տեղնուտեղն իր խռպաձայն, դիվական քրքիջը գցում փողոցով մեկ:

Չեմ կարծում, թե առանձնահատուկ լսողությամբ օժտված մարմիններն անուշադիր եղան այս՝ սեմանտիկ առումով անսխալ, բայց քաղաքականապես վտանգավոր թարգմանության հանդեպ: Հետևությունն արվեց քիչ ավելի ուշ, դարձյալ Իլյիչի առիթով, այս անգամ ոչ թե բանավոր, այլ տպագիր խոսքի համար, և Սլավիկը հայտնվեց Կոշի ուղղիչ գաղութում կամ, ինչպես ժողովուրդն էր ասում՝ Կոշի բերդում:

Կարճ ժամանակում հաջողվեց նրա հետ կապ հաստատել: Անգնահատելի է այս գործում Ալիխանե Մամեի ծառայությունը, որն այդ տարիներին ապրում էր Կոշում և կարողանում էր մեզնից նամակներ, անգամ գրքեր պարբերաբար հասցնել Սլավիկին և լուրեր բերել նրանից՝ գրավոր, թե բանավոր:

Եվ ահա օրերից մի օր Ալիխանեն, այցելելով  «Գարուն»-ի խմբագրություն, ինձ հանձնեց Սլավիկի կամ, ինչպես մենք էինք նրան դիմում՝ Չիլոյի ձեռքով գրված այս կարճառոտ նամակը.

 

Բարև Ալիկ,

Ալե20դր, ես ժամանակ ունեմ թարգմանելու: Խնդրում եմ ուղարկես կարգին, խելքը գլխին գործ (արձակ կամ չափածո) թարգմանելու: Հա, այնպիսի գործ, դե դա դու գիտես, որ հետո տպագրելու ուժը չկորցնի: Ուզում ես Արևշատին կամ Վարդերեսին փոստով ուղարկիր թարգմանեմ: Միևնույն է:

 

Ձեզ սարսափելի խնդրող՝

Խնդրարկու

Հայցվոր

Նույնը ամբաստանյալ

Նույնը կալանավոր

Նույնը դատապարտյալ

Նույնը բանտարկյալ

Նույնը՝ Սլավիկ

Նույնը՝ C’est la vie Tchiloïan

 

Իմ հասցեն՝

Աշտարակ, Կոշ,

փ/ա N6, Ինձ

 

 

Ես լավ գիտեի, թե նա որտեղ է, ինչ պայմաններում, և ովքեր են նրա, մեղմ ասած, խցակիցները: Պատկերացնում էի նրա՝ ազատությունից զրկված ստեղծագործող մարդու տառապանքը, նրա ամենօրյա զրկանքները և ստորացումները: Եվ այնուհանդերձ, նա պահպանել էր իր կենսախինդ ոգին, ամեն ինչին հեգնանքով նայելու կարողությունը: Նույնիսկ բարեկամաբար հեգնում էր ընկերներին. «Ուզում ես Արևշատին կամ Վարդերեսին ուղարկիր թարգմանեմ»:

Վարդերես Կարագյոզյանին, մեր հրաշալի ընկերոջը՝ բանաստեղծին, որի շնորհիվ ծանոթացանք Զահրատի, Զարեհ Խրախունու և ընդհանրապես պոլսահայ նոր բանաստեղծությանը, Սլավիկը մինչև Կոշ «ուղևորվելը» արդեն խնդրել էր, որ Փարիզից բերի Ժան Ռասինի և Պիյեռ Կոռնեյլի երկերը, քանի որ բուռն ցանկություն ուներ թարգմանելու ֆրանսիական կլասիցիզմի այդ երկու հանճարներին: Առատաձեռն Վարդերեսն էլ, որ սիրում և գնահատում էր Սլավիկին, փողը չէր խնայել և բերել էր յուրաքանչյուր հեղինակի մեկական հատորները, որոնցում, բարակ թղթի վրա, ամփոփված էր նրանց ամբողջ ժառանգությունը՝ գիտական մանրամասն ծանոթագրություններով և ընդարձակ առաջաբաններով:

Մտածեցինք, որ այդ շքեղ հատորները կարող են գայթակղության առարկա դառնալ «օպերների» համար և հասցեատիրոջը չհասնել: Դրանք ավելի ուշ հանձնվեցին Սլավիկին, երբ արդեն ազատվել էր, իսկ այդ օրերին իմ անձնական գրադարանից ուղարկեցի էժանագին հրատարակությամբ լույս տեսած Ժան Ռասինի «Էսթեր», «Անդրոմաքե» պիեսները և Պիյեռ Կոռնեյլի «Սիդ»-ը: Լրագրի թղթի վրա տպագրված երեք գրքույկ, որոնք իրենց անշուք տեսքով հազիվ թե հրապուրեին որևէ մեկին:

Եվ այդպես ֆրանսիական կլասիցիզմի հանճարներից մեկը՝ Ժան Ռասինը և «անիծյալ» բանաստեղծ Սլավիկ Չիլոյանը հանդիպեցին Կոշի բերդում: Սլավիկը թարգմանեց «Էսթեր»-ը՝ ամբողջությամբ, որը զետեղվեց 1992 թ. լույս տեսած նրա ժողովածուի մեջ ( Սլավիկ Չիլոյան, «Մենք մարդ ենք եղել», Երևան, «Նաիրի» հրատ. 1992 թ.): Իսկ «Անդրոմաքե»-ի թարգմանությունը մնաց կիսատ:

Այսօր, քառասունվեց տարի անց, կարդալով այս նամակը, անմիջապես հիշում եմ Վահե Գոդելի «Բանտերի ոսկին» հոյակապ էսսեն, որտեղ այսպիսի տողեր կան.

«Վերջերս Լոթարինգիայում իմ բարեկամ բանաստեղծ Բեռնար Վարգաֆտիգի հետ առիթ ունեցա մտնելու մի կալանավայր և այնտեղ հանդիպելու մոտ տասնհինգ աֆրիկացի ու ֆրանսիացի բանտարկյալների: Մեզ հավաքեցին մի սառը, անհյուրընկալ դահլիճում, որը, հավանաբար, միաժամանակ օգտագործվում էր որպես եկեղեցի և որպես թատրոն: Սկզբում մի քանի կտորներ կարդացի իմ ժողովածուներից, հետո բանտարկյալներից մի քանիսը ինքնաբուխ սկսեցին կարդալ բանաստեղծություններ, որոնք գրել էին բանտարկվելուց հետո (հետո նրանք խոստովանեցին, որ մինչ այդ երբեք չեն գրել): Ինձ անմիջապես հմայեց նրանց ուշադիր ունկնդրումը, նրանց լռությունը, նրանց հայացքների կրակը, որը դրսևորվում էր միևնույն ուժգնությամբ, երբ կարդում էին իրենց տողերը՝ նրանց ձայնի երաժշտականության, նրանց բառերի բաբախումների մեջ: Նրանք հանկարծ ինձ թվացին այլակերպված, վերակենդանացած… Ասես գտել էին իրենց իսկական դեմքը. դյութական բառերի գործածումը, սաղմոսերգությունը, դրվատանքն ու լուտանքը, դիվահալած աղոթքն ու երգը: Նրանց բանաստեղծություններից յուրաքանչյուրը տարածվում էր, արիաբար թև տալիս՝ որպես վիրավոր թռչուն, որպես հաշմված արծվաձագ, որին Դոստոևսկիի «Մեռյալ տան» բնակիչներն ազատություն էին տալիս… Մենք բոլորաձև նստած էինք բեմի առջև՝ հսկողության էկրանների և լուսարձակների տոտալիտար հայացքի տակ, իսկ սրահի խորքում, կիսախավարի մեջ երկու կոշտ ու կուռ հսկիչներ, ուս ուսի տված, ձեռքները գոտիների ճարմանդների տակ խրած, քնկոտվում էին: Մենք կարդում էինք հերթով: Անանուն: Միապես: Միաբան: Նրանք՝ բանտարկյալները, ասես հանկարծակի ազատվել էին: Իսկ ես՝ օտարականս, դրսից եկած մարդս, կարծես բանտարկյալ լինեի…»

Սլավիկը, ի տարբերություն Գոդելի նկարագրած «աֆրիկացի ու ֆրանսիացի բանտարկյալների», արգելավայրում ավելի շատ մտածում էր թարգմանությունների մասին: Ճիշտ է, նա այնտեղ մի քանի տասնյակ բանաստեղծություն գրեց, որոնք զետեղված են վերոնշյալ գրքում, բայց, որքան էլ տարօրինակ թվա, նրա ստեղծագործական տարերքը թարգմանությունն էր: Սեփական գործերին նայում էր իմիջիայլոց, քանի որ նա բանաստեղծում էր կյանքում: Եվ դա էր նրա համար ճշմարիտ ստեղծագործությունը, իսկ թուղթը լոկ ածանցյալ էր: Մինչև բանտ ընկնելը նա առանձապես շատ չէր գրել, իսկ ընկնելուց հետո գրեց, որովհետև մեկուսարանի կաշկանդիչ պայմաններում այլևս չէր կարող իրականացնել բանաստեղծական այն hapenning-ը, որի ականատեսն էինք դառնում բոլորս գրեթե ամեն օր նրան հանդիպելիս: Ուստի ստիպված ապավինում էր թղթին: Բայց այստեղ էլ, հավանաբար, խնդիրներ են ծագել: Այն մի քանի տասնյակ բանաստեղծությունը նա գրել էր նախկին կյանքի՝ ազատության շրջանի պաշարով, իսկ մեկուսարանի պայմանները նրա նկարագիրն ունեցող բանաստեղծին նոր բան չէին կարող տալ: Ահա ինչու, մեր կարծիքով, Սլավիկը գերադասեց նվիրվել բարձր դասականությանը: Մանավանդ որ մինչ այդ արդեն տրամադրվել էր թարգմանել այդ հեղինակներին:

Hapenning-ն այնուամենայնիվ շարունակվեց արգելավայրում՝ XVII դարից նրան այցելության եկավ Արև Արքա Լուի Տասնչորսերորդի սիրելի հեղինակը և մի քանի ամիս ջերմացրեց Սլավիկ Չիլոյանին:

 

 

Անդին 8, 2016

Share

Կարծիքներ

կարծիք