Այլ փրկեա զմեզ ի չարե

vahram-atanesyan21Պիտի սկսեմ քնարական զեղումով: Քսանվեց տարի առաջ այս օրը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ, ես, որ քվեարկել էի նրա օգտին, երկյուղ ունեի, թե երկրին փորձություններ են սպասվում` պառակտում, դիմակայություն, եղբայրասպան պատերազմ… «Խորհրդային Ղարաբաղ» թերթում Երևանից հեռախոսով թելադրված դիտարկումներիս Մաքսիմ Հովհաննիսյանը հեռատեսորեն «Եւ մի տաներ զմեզ ի փորձություն» խորագիրն էր տվել:

Քսանվեց տարի հետո մտորումներս վերնագրել եմ «Այլ փրկեա զմեզ ի չարե»: Ո՞վ է Չարը: Ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհած խո՞ւմբը: Առաջին հայացքից` այո, որովհետև նա է խախտել երկրի անդորրը: Նա է ոտնել բողոքի օրինական սահմանը:

Բայց դա, գուցե, սառցալեռան վերջրյա մասն է, խորքում ի՞նչ ունի հուլիսի 17-ը: Ինչո՞ւ 17-ին` Թուրքիայում ձախողված պետական հեղաշրջման փորձից և Շուշիում Արցախի հարցով «Հռչակագրի» ընդունումից մեկ օր հետո: Ժամանակային համընկնումը պատահակա՞ն է:

«Ապստամբների» առաջին հայտարարության հղումը, որ «իրենց են միացել բանակային ստորաբաժանումներ ևս», զուտ չափազանցություն է, պարզ ամբոխավարությո՞ւն: Թե այնուամենայնիվ գոյություն է ունեցել «Սասնա ծռերի» միջոցով Հայաստանը ներսից  «պայթեցնելու» ծրագի՞ր…

Այս հարցերի բուն պատասխանը մենք, երևի, այդպես էլ չենք իմանա: Ինչպես ասում են` աշխարհի կարգն է: Եթե «ապստամբությունը» ծավալվեր, իրադրության տերը հայտնվելու և արյան ու ավերումների վրա «սպիտակ ձեռնոցներով» ստանձնելու էր հաշտարարի դեր: Խռովությունը ժողովրդական աջակցություն չունեցավ: Եվ ավելի խորքերը բացահայտելու կարիք, թերևս, չկա` գոնե հրապարակայնացման իմաստով:

Բայց դա չի նշանակում, թե ամեն ինչ պիտի մոռացվի կամ, որ ավելի վտանգավոր է, նենգափոխվի այնպես, որ «տղերքը» հերոսացվեն: Ընդ որում` անցյալը և ներկան դավադրաբար ուրանալու գնով: Ինչպես, ցավոք, իրենց թույլ են տալիս ոմանք: Ավա՜ղ, նաև գրական, արվեստի, մշակույթի միջավայրի մարդկանցից…

Քաղաքական գործչի նենգամտությունը բացատրության տրվում է: Դա նրա «մասնագիտությունն» է: Բայց երբ գույների, բառերի, մեղեդիների մարդն է զինված «ապստամբության» մեջ ինչ-որ «հեղափոխական ռոմանտիկա» տեսնում, մնում ես ապշած: Մի՞թե մեր հիշողությունն, իրոք, այդքան կարճ է, մի՞թե չենք կարողացել հասկանալ, որ արդարությունից, ազատությունից, բարեկեցությունից, ամեն ինչից ի վեր կա անձեռնմխելին` Հայրենիքը, նրա պետականությունը:

Մի՞թե այդքան դժվար է գիտակցել, որ եթե թաղվենք եղբայրասպան պատերազմի արյունոտ ճահիճներում, և թշնամին վրա հասնի, որևէ տարբերություն չի դնելու` «պավլիկյա՞ն» ես, թե՞ հանրապետական, եվրասիականությո՞ւնն ես ուղիղ ճանապարհ ճանաչում, թե՞ եվրաատլանտիզմը: Թշնամու հայացքով մենք բոլորս ՄԵԿ ենք:

Մեկն է մեր Հայրենիքը: Լավ է, թե վատ` այնպիսին է, ինչպիսին տեսնում և գիտակցում ենք: Որպեսզի Հայրենիքը փոխվի, պետք է փոխվենք ինքներս: Փոխենք մեր հայացքը, և Հայրենիքը կհզորանա: Չենք փոխում: Որովհետև մենք դեռևս մեկ-միակ-եզակի` իրական Հայրենիքի գիտակցում չունենք:

Մեր գիտակցած հայրենիքը գերազանցապես բանաստեղծական է, անիրական, անմարմին: Եվ այդպես` թանկ, հարազատ, սիրելի: Որովհետև նա մեզնից ոչինչ չի պահանջում: Փոխարենը լիաբուռն տալիս է քնարական հպարտություն, ապրիլի 24-ին` արցունքներ: Իսկ ընդհանրապես` հավերժական կապվածություն ազգային անբավարարվածության բարդույթին…

Օտարները մեզ, երևի, մեզնից լավ գիտեն: Եվ մեկ անգամ չէ, որ մեզ մեր դեմ օգտագործել են: Հուլիսի 17-ին, հավանաբար, արվեց հերթական փորձը: Որպեսզի անխուսափելիորեն առարկայանար ամեն ինչ կորցնելու սպառնալիքը, երբ օտար միջամտության խնդրանքն այլևս հրամայական կլիներ, հարկավոր էր «Արցախը հանձնող իշխանության» դեմ զենք բարձրացնել…

Խարդավանքի խոփն այս անգամ, փա՜ռք Աստծո, քարին առավ: Իշխանությունը չտրվեց «ահաբեկիչների հետ չեն բանակցում, նրանց միայն ոչնչացնում են» մեծապետական հոխորտանքի գայթակղությանը, գտնվեց երկրի, ընդհանուր տան Հոր բարձրության վրա, իր մոլորյալ զավակների դեմ զենք ու զրահ չգործադրեց: Իշխանությունն «ապստամբներին» համոզեց, որ ուրիշի ձեռքում գործիք են: Որ իրենց կյանքի գնով ինչ-որ մեկն ուզում է աթոռ բարձրանալ: Որ դա, ահա, Արցախը կորցնելու ամենաստույգ սպառնալիքն է…

«Ապստամբները» համոզվեցի՞ն, թե՞ ընդամենը գիտակցեցին վիճակի անելանելիությունը` իրենց խնդիրն է: Բայց հուլիսի 31-ի անարյուն հանգուցալուծումը եթե համազգային սթափության սկիզբ չի դառնալու` մեծագույն վտանգն, ահա, դա է: Քանի որ այսքանից հետո, իրոք, արժե հանրային-պետական կյանքն սկսել մաքուր էջից` բացառելով «հեղափոխականությունն» ու «ռոմանտիկան»…

Ո՞վ է լինելու առաջնորդը: Իշխանությո՞ւնը: Բայց դա կդառնա պարտադրանք: Միայն հասարակության ինքնակազմակերպվածությունը կարող է օրակարգից բացառել ուժով ինչ-որ բան փոխելու տարբերակը: Միայն հասարակությունն է ընդունակ ներսից բարեփոխվել այն հավատի լույսով, որ Աստծո ամեն օր ավելի գեղեցիկ է, քան նախորդը:

Ոչ մի երկիր ցնցումներից ապահովագրված չէ: Ամենուր գտնվում են «ռոմանտիկներ»: Հավերժական է նաև «աշխարհ քանդելու, աշխարհ շինելու» ցնորամտությունը: Սոցիալական ընդվզումներին բացատրություն տրվում է, քաղաքացիական դիմակայությանը` նույնպես: Աններելին Հայրենիքի ճակատագրի փորձարկումն է: Երկիրը դիմակայեց նաև այդ մարտահրավերը:

Ըստ երևույթին, մեզ սպասում է վճռական որոշում ընդունելու ԺԱՄԱՆԱԿԸ: Հուլիսի 17-ի «ապստամբության» հաջողության դեպքում մենք կորցնելու էինք այն ընտրելու և մեր շահերին ծառայեցնելու հնարավորությունը: Հուլիսի 31-ից հետո պարտավոր ենք երիցս ամրապնդել սեփական ճակատագիրը տնօրինելու ինքնիշխան իրավունքը:

-Այլ փրկեա զմեզ ի չարե:- Պարտավոր ենք նախ մեզնից պահանջել: Եթե յուրաքանչյուրս Չարի գայթակղությունից փրկի թեկուզ մեկ հոգու, Հայրենիքի զորությունը նույնքան անգամ կբազմապատկվի…

 

 

Անդին 7, 2016

 

Share

Կարծիքներ

կարծիք