Բանաստեղծություններ

 

Ինչպես «նահանջն առանց երգի…»

 

Ծերանում է ժամանակդ, մանր բանից տխրել էլ չի լինում,

Հիմար բանից ուրախանալ ու կամ կռիվ սարքել չեղած բանից,

Հին քաղաքում ընկերներդ քեզ չեն սպասում, նորում՝ գալիս, գնում,

Ու մնում է միայն ճանապարհը, որով հեռացել ես տանից…

 

Ճանապարհը, որով դու անցել ես երկար, միանվագ երգի նման,

Անցորդներին բարևել ես ու խուսափել պատմել քո քաղաքից,

Մտածել ես, որ հուշերդ լավ կլինի միշտ անցյալում մնան,

Կարոտներդ խեղդել, դիտավորյալ ուշացել ես պատարագից…

 

ԻՆչպես «նահանջն առանց երգի», դու փորձել ես միշտ աննկատ մնալ,

Մինչդեռ նրանց թվացել է, թե քո մասին շատ բան գիտեն,

Պետք է կյանքում այնպես ապրել, որ երբ ուզես անհետանալ,

Քեզ գտնելը դժվար լինի, քաղաքներդ քեզ չմատնեն…

 

Ապրածի ու չապրածի միջև

 

Ես ողջ գիշեր ժամանակ եմ սպանել,

Դեգերել եմ ապրած ու չապրածի միջև,

Դիմակներս պատռել, երազներս քամել,

Ու քայլել եմ լուսաբացը մինչև:

 

Ես ծխել եմ հույսը, տանիքներին պարել,

Ու մայթերին թողել կոշիկներս բոլոր,

Ու դռներին սիրո նամակներ եմ շարել

Ու ժպտացել հարբածներին մոլոր:

 

Պոռնիկներին կոնֆետներ եմ տվել,

Անտունու հետ ես կիսել եմ հացս,

Կեսգիշերվա մենությանը տրվել

Ու անձրևին վստահել եմ լացս:

 

Ես ողջ գիշեր ժամանակ եմ սպանել,

Դեգերել եմ ապրած ու չապրածի միջև.

Դիմակներս պատռել, երազներս քամել

Ու քայլել եմ լուսաբացը մինչև:

 

 

Կյանքը այստեղ է

 

Կյանքը այստեղ է, ուր ուշանում եմ,

Ուր նախաճաշել երբեք չեմ հասցնում,

Ուր չեմ տեսնում, որ արդեն գարուն է,

Ուր ժամանակին չեմ անդրադարձվում…

Կյանքը այստեղ է, ուր ինձ լքում են,

Լքում են ներսից, մինչ ես սպասում եմ,

Կյանքը այստեղ է, որտեղ թքում են

Իմ հայացքի մեջ, մինչ արտասվում եմ…

Կյանքը այստեղ է, այս պատերի մեջ,

Այս անզորության կաղապարներում,

Ուր տառապանքը թվում է անվերջ,

Ուր պատրանքներ են իմ շուրջը պարում…

Ես երբեք մեռնել չեմ կարողացել,

Բայց գիտեմ՝ մի օր կավարտվի խաղը,

Ու եթե այսօր ինձ չես մոռացել,

Ընկե՛ր իմ, փորձի՛ր մոռանալ վաղը…

 

 

curriculum vitae

Երբ ես լրագրող էի, բոլորը լրագրող էին, և այդպես է մինչև հիմա…

Երբ ես դայակ էի, լավ գիտեի, թե ինչքան են բալիկները կարոտում իրենց ծնողներին: Հաճախ նա լալիս էր իմ գրկում, չնայած, որ խաղում էինք շատ…

Երբ կոշիկ էի վաճառում, գիտեի, թե ինչպիսին են բարձրակրունկ նախընտրող կանայք. նրանք վերևից էին նայում բոլորին կոշիկը փորձելու առաջին վայրկյանից, որովհետև ցանկալի էին, գեղեցիկ և մտքում արդեն տղամարդու հետ էին ու նույնիսկ հաճոյախոսություններ էին ստանում…

Գիտեի նաև, թե ինչքան են հոգնում մեծահասակները քայլելիս, շատ էի նայում մարդկանց ոտքերին, համեմատում նրանց կոշիկները, այսինքն՝ նրանց…

Երբ ես հուշանվերներ էի վաճառում, ինձ ստիպում էին ստել, որ մանեժներն, ասենք, ոչ թե չինական են, այլ ֆրանսիական, փափուկ խաղալիքները ձեռքի աշխատանք են, իսկ տիկնիկները՝ գերմանական: Ես ստում էի, ինչ խոսք, և ինձ հավատում էին հատկապես չինացիները ու գնում էին մաքուր չինական հուշանվերներ Փարիզից…

Երբ օգնականն էի մի հայտնի երաժշտի և արխիվացնում էի նրա ստեղծագործությունների ցանկը, օրվա մեծ մասը մենք զրուցում էինք, և ես շատ լավ էի վարձատրվում՝ զրուցելու համար… երբեմն ինձ թվում էր, որ օգնում եմ նրան պարզապես մենակ չլինել…

Հիմա աշխատում եմ իրավաբանական գրադարանում, երբեմն տեսնում եմ անկիրթ դատավորներ, փաստաբաններ, որ երազում են արդարադատություն, իրավաբաններ, որ ձևացնում են, թե օրենք են սերտում, դասախոսներ, որ գրքեր են գրում, ուսանողներ, որ պատրաստվում են աշխարհը փոխել՝ սելֆի անելով: ժամանակը սպանելու համար հաճախ ես կարդում եմ նախագահների կենսագրություններ, գրականություն, որ հեղափոխել է մարդու իրավունքը և նույնիսկ սկսել եմ օրենսգիրք գրել՝ տխրելու իրավունքի մասին:

Երբ ես գրող եմ, գիտեմ միայն, որ մարդկանց պաշտպանելու ամենալավ ձևը նրանց մասին լռելն է…

 

Անդին 6, 2016

 

Share

Կարծիքներ

կարծիք