Հուսիկ Արան և իր «Երևան քաղաքը»

dsc04922Էրեբունի-Երևան մայրաքաղաքի գալիք 2800-ամյակ է նվիրված Հուսիկ Արայի «Երևան քաղաք» խորագիրը կրող բանաստեղծական ժողովածուն: Գիրքը կազմված է «Արգիշտիի կառուցած քաղաքը», «Քաղաքը», «Քաղաք՝ իմ սեր», «Քաղաք առանց ժամանակի» շարքերից և «Երևան քաղաք» պոեմից: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 2-ին Երևանի քաղաքի պատմության թանգարանում:

-Հուսիկ Արան ռոմանտիկ, բայց միևնույն ժամանակ չափազանց իրատեսական գրականության ներկայացուցիչն է: Նա իր ստեղծագործություններում երիցս փաստում է, որ Երևանը պարզապես կոթող չէ, որին պետք է չափազանց զգույշ մոտենալ: Երևանը իր բնական հոսքի մեջ ապրող քաղաք է՝ իր դեմքը կրող մարդկանցով, — ասաց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:

«Երևան քաղաք» գրքի բանաստեղծություններն ուղեկցվում են մայրաքաղաքային  տեսարանների գծապատկերներով, որոնց հեղինակը նկարչուհի, Անդին ամսագրի լուսանկարիչ Մառամ Ավան է:

Իր խոսքում գրքի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը նշեց.

-Այս գրքում Երևանը շեշտադրված է որպես ոգեղեն կերպար, որից պակասող ամեն քարի հանդեպ տագնապ կա: Գիրքը ձոնված է վերջին տասնամյակների մեր իրականության ամենաբացառիկ երևանցիներից մեկին՝ Մհեր Դավոյանին: Եվ գրքում արտահայտված է նաև այն տագնապը, որ այդպիսի կերպարները մի օր անվերադարձ լքում են մեր քաղաքը:

Հիշեցնենք նաև, որ Հուսիկ Արան Անդինի լավագույն պոեզիայի 2015-16թթ. մրցանակակիրն է:

-Հուսիկ Արային ես վաղուց եմ ճանաչում, և նրա ստեղծագործությունը նոր չէ ինձ համար, ուստի իզուր չէր, որ նա դարձավ Անդինի մրցանակակիրը: Անդինի մրցանակակիրը դարձավ նաև Մհեր Դավոյանը, ում որ նվիրված է այս գիրքը: Որպես խմբագիր ես շատ հեղինակների եմ կարդում, որոնցից շատերն են, ցավոք, հիասթափեցնում, և պատճառը մանրաթեմայնությունն է, գրքից երկած գրականությունը, գրականությունից եկած գրականությունը, և ոչ կյանքից: Սակայն Հուսիկ Արայի գրքի առանցքը Երևանի կյանքն է և հեղինակի քաղաքացիական կեցվածքը, — ասաց Անդին ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը:

 

Կարծիքներ

կարծիք