Լատինական Ամերիկայի մենությունը

PARIS - SEPTEMBER 11:  Colombian writer and Nobel prize in literature winner Gabriel Garcia Marquez poses for a portrait session on September 11,1990 in Paris,France. (Photo by Ulf Andersen/Getty Images)

Նոբելյան մրցանակի է արժանացել1982 թ. «Վեպերի և պատմվածքների համար, որոնցում երևակայությունն ու իրականությունը արտասովոր կերպով և նրբորեն միահյուսվելով՝ ստեղծել են բախումներից բզկտվող ողջ լատինամերիկյան մայր ցամաքի կյանքի երևակայական պատկերներ»:

Գարսիա Մարկես Գաբրիել Խոսե (1928-1984) — կոլումբիացի գրող և լրագրող, ծնվել է Արակատակա փոքրիկ քաղաքում (Կոլումբիա), Կարիբյան ծովի ափին: 1947 թ. ընդունվել է Կոլումբիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը և նույն թվականին Բոգոտայի «Դիտորդ» թերթում տպագրել իր առաջին՝ «Երրորդ մերժումը» վիպակը: Թղթակից է աշխատել «Հերոլդ» (Կարտախենա) և «Դիտորդ» (Բոգոտա) թերթերում:

Ընթերցողներն ու քննադատները Գարսիա Մարկեսին ուշադրության արժանացրին «Թափված տերևներ» վիպակի  լույսընծայումից հետո (1955), գնահատումով են ընդունվել «Գնդապետին ոչ ոք չի գրում» վիպակը (1961), «Մեծ մոր հուղարկավորությունը» պատմվածքների ժողովածուն (1962): Բայց Մարկեսին իսկական փառք, ինչպես նաև հսկայական կոմերցիոն հաջողություն բերեց 1967 թ. հրատարակված «Հարյուր տարվա մենություն» վեպը, որը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով: Մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ են ընդունվել նաև նրա «Պատրիարքի աշունը» (1975), «Հայտարարված մահվան քրոնիկոնը» (1981) վեպերը և մյուս՝ երևի բոլոր ստեղծագործությունները:

 

Նոբելյան ճառը

 

Լատինական Ամերիկայի մենությունը

 

Անտոնիո Պիգաֆետան՝ Մագելանի հետ առաջին շուջերկրյա նավարկություն կատարած ֆլորենտացի ծովագնացը, Հարավային Ամերիկա այցելելու մասին հավաստիագույն հաշվետվություն է թողել, որը, սակայն, բացարձակ հորինվածք է թվում: Նա գրել է, որ տեսել է խոզերի՝ պորտերը մեջքերին և ոտքեր չունեցող թռչունների, որոնց էգերը ձագ են հանում արուների մեջքին, և թռչունների, որոնք նման են լեզու չունեցող հավալուսնների՝ գդալի նման կտուցներով: Նա նկարագրել է այլանդակ կենդանու՝ էշի գլխով ու ականջներով, ուղտի մարմնով և եղջերուի ոտքերով, որը վրնջացել է ձիու նման: Նա պատմել է, թե ինչպես Պատագոնիայում հանդիպած առաջին բնիկին ցույց են տվել իր պատկերը հայելու մեջ, և ցնցված հսկան կորցրել է գիտակցությունը իր սեփական արտացոլանքի սարսափից:

Այս փոքրիկ գրավիչ գիրքը, որն արդեն պարունակում էր ժամանակակից լատինամերիկյան գրականության սաղմերը, ամենևին ոչ ամենազարմանալի պատմությունն է այն ժամանակների մասին: Հարավային Ամերիկայի տարեգիրները նման անթիվ պատմություններ են թողել: Էլդորադոն՝ այնքան ձգող ու ցնորական երկիրը, աշխարհագրական քարտեզների վրա հայտնվելով, բազմիցս փոխել է իր գտնվելու վայրն ու ուրվագծերը՝ ենթարկվելով քարտեզագիրների քմահաճույքին: Հավերժական երիտասարդություն պարգևող աղբյուրի որոնումներում լեգենդար Ալվարո Նունյես Կաբեսա դե Բաքան ութ տարի հետազոտել է Մեքսիկայի հյուսիսը, նրա անխոհեմ արշավախմբի անդամները կոտորեցին ու կերան միմյանց, վեց հարյուր մարդուց վերադարձան միայն հինգը: Այն դարաշրջանի բազմաթիվ չբացահայտված գաղտնիքներից մեկը տասնմեկ հազար ջորիների անհետացումն էր, որոնցից յուրաքանչյուրի մեջքին բարձված է եղել հարյուր ֆունտ ոսկի, այդ ջորիները ուղարկվել էին Կուսկոյից, որպես Աթաուալպայի փրկագին, բայց այդպես էլ չհասան նշանակված վայր: Ավելի ուշ՝ գաղութացման շրջանում, Կարտախենա-դե-լաս-Ինդիասում վաճառում էին ջրաբեր հողերից բերված հավեր, այդ հավերի քարաճիկներում հանդիպում էին ոսկու կտորներ: Մինչև վերջերս մենք ցնցումների մեջ էինք ոսկու տենդից: Ոչ ավելի վաղ, քան անցյալ դարում, Պանամայի պարանոցում անդրօվկիանոսյան երկաթուղի կառուցելու հնարավորությունն ուսումնասիրող գերմանացի մասնագետների խումբն այն եզրակացությանն էր եկել, որ նախագիծն իրականանալի է միայն մեկ պայմանի դեպքում. ռելսերը ձուլել ոչ թե երկաթից, որն այդ վայրերում հազվագյուտ է, այլ ոսկուց:

Ազատագրվելով իսպանական տիրապետությունից՝ մենք չթոթափեցինք խենթությունը: Գեներալ Անտոնիո Լոպես դե Սանտա-Անան՝ Մեքսիկայի եռակի դիկտատորը, կազմակերպեց իր աջ ոտքի ճոխ թաղումը, որը կորցրել էր այսպես կոչված կարկանդակային  պատերազմում: Գեներալ Գաբրիել Գարսիա Մորենոն տասնվեց տարի ղեկավարում էր Էկվադորը որպես բացարձակ միապետ: Երբ մահացավ, նրա մարմինը՝ տոնական համազգեստով, բոլոր շքանշաններով ու տարբերանշաններով, բազմեցրին նախագահական բազկաթոռին՝ հրաժեշտի արարողության համար: Գեներալ Մաքսիմիլիանո Էրնանդես Մարտինեսը՝ Սալվադորի բռնապետը, թեոսոֆը, որը երեսուն հազար գյուղացի էր ոչնչացրել արյունալի ջարդի ժամանակ, ճոճանակի տեսքով մի հարմարանք ստեղծեց սննդի մեջ թույնը հայտնաբերելու համար և հրամայեց փողոցներում լապտերները փաթաթել կարմիր թղթով՝ քութեշի համաճարակի դեմ պայքարելու նպատակով: Գեներալ Ֆրանսիսկո Մորասանի հուշարձանը, որը կանգնեցված է Թեգուսիգալպայի գլխավոր հրապարակում, իրականում հանդիսանում է մարշալ Նեյի արձանը՝ ձեռք բերված Փարիզում կազմակերպված առուծախի ժամանակ:

Տասնմեկ տարի առաջ Պաբլո Ներուդան՝ արդիականության ամենամեծ բանաստեղծներից մեկը, իր ելույթով մեծարեց այս սրահը: Այն ժամանակից սկսած բարի կամքի,- իսկ երբեմն էլ ոչ բարի կամքի,- տեր եվրոպացիները աճող լարվածությամբ հետևում են ֆանտասմագորիկ իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Լատինական Ամերիկայում՝ այդ անծայրածիր թագավորությունում մոլեգին տղամարդկանց և արտասովոր կանանց, որոնց անսահման տոկունությունը լեգենդների նյութ է դարձել: Մենք ոչ մի րոպե հանգիստ չենք ունեցել: Իր ժողովրդի համար Պրոմեթևս դարձած նախագահը զոհվեց պաշարված այրվող պալատում՝ միայնակ մարտնչելով մի ողջ բանակի դեմ: Երկու տարօրինակ ավիավթարներում, որոնց պատճառներն այդպես էլ չեն պարզվել, զոհվեցին ազնիվ սրտի տեր ևս մի նախագահ և իր ժողովրդի արժանապատվությունը վերականգնած մի զինվորական դեմոկրատ: Պայթեց հինգ պատերազմ, տեղի ունեցավ տասնյոթ ռազմական հեղաշրջում, իշխանության եկավ սատանայական մի դիկտատոր, ով Աստծու անունով իրականացրեց նոր ժամանակների առաջին լատինամերիկյան ցեղասպանությունը: Այդ տարիներին մինչև երկու տարեկան քսան միլիոն լատինամերիկացի երեխաներ մահացան. ավելին, քան ծնվել են Եվրոպայում 1970 թվականից հետո: Բռնաճնշումների հետևանքով հարյուր քսան հազար մարդ անհետ կորավ, դա նույնն է, թե անհետ կորչի Ուփսալա քաղաքի ողջ բնակչությունը: Բանտարկված բազմաթիվ հղի կանայք ծննդաբերեցին արգենտինյան բանտերում, բայց անհնար է հաստատել զինվորական իշխանությունների կողմից որդեգրության կամ մանկատներ հանձնված նրանց երեխաների գտնվելու վայրն ու անձը: Մայր ցամաքի երկու հարյուր հազար տղամարդ և կին զոհվեց՝ փորձելով փոխել գոյություն ունեցող կարգը, ընդ որում, հարյուր հազարից ավելին բաժին է ընկնում Կենտրոնական Ամերիկայի երեք փոքրիկ, բազմաչարչար երկրների՝ Նիկարագուային, Սալվադորին և Գվատեմալային: Եթե այդպիսի բան տեղի ունենար Միացյալ Նահանգներում, այդ թվին կհամապատասխանեին մեկ միլիոն վեց հարյուր հազար բռնի մահեր չորս տարվա ընթացքում:

Մեկ միլիոն մարդ փախել է Չիլիից՝ ավանդաբար հյուրասեր երկրից. դա բնակչության տասը տոկոսն է: Իրեն մայր ցամաքի ամենաքաղաքակիրթ երկիրը համարող փոքրիկ Ուրուգվայի երկուսուկես միլիոն բնակիչներից յուրաքանչյուր հինգերորդը գտնվում է տարագրության մեջ: Սկսած 1979 թվականից՝ յուրաքանչյուր քսան րոպեն մեկ մի փախստական է լքում քաղաքացիական պատերազմով բռնկված Սալվադորը: Եթե Լատինական Ամերիկայի բոլոր տարագիրներից ու փախստականներից ստեղծեինք մի երկիր, դրա բնակչությունը Նորվեգիայի բնակչությունից ավելին կլիներ:

Համարձակվում եմ մտածել, որ հենց այդ ֆանտաստիկ իրականությունը, այլ ոչ թե միայն նրա գրական պատկերն է իր վրա գրավել Շվեդիայի ակադեմիայի ուշադրությունը: Ոչ թե թղթի վրա գոյություն ունեցող իրականությունը, այլ այն իրականությունը, որը շրջապատում է մեզ և ամեն օր, անկանգ մահ է սփռում մեր մեջ. ստեղծագործության անհատնում աղբյուրը սնուցող, տառապանքով և գեղեցկությամբ հագեցած իրականությունը, որի համար այժմ այստեղ՝ իր երկրից հեռու ձեր առջև ելույթ ունեցող կոլումբիացին ընդամենը մի ավազահատիկ է՝ ճակատագրի բարեհաճության դրոշմը ճակատին: Բանաստեղծներս ու աղքատներս, երաժիշտներս ու մարգարեներս, զինվորներս ու չարագործներս՝ մենք բոլորս՝ այս անսանձ իրականության զավակներս, հազիվ թե երևակայության կարիք ունենք, ընդհակառակը, դժվարությունը կայանում է նրանում, որ մեր կյանքը ճշմարտանման պատկերելու համար մեզ չեն բավարարում սովորական միջոցները: Սա է, բարեկամներ, մեր մենության էությունը:

Եվ եթե նման դժվարություն է ծառանում նույնիսկ մեր առջև, ում համար այդ ամենը մոտ ու սովորական է, ապա միանգամայն բնական է, որ մեզ ի վիճակի չեն հասկանալ սեփական մշակույթը ըմբոշխնելուց հմայված Եվրոպայի ռացիոնալ ուղեղները: Նրանք, բնականաբար, փորձում են մեզ մոտենալ իրենց չափանիշներով՝ մոռանալով, որ յուրաքանչյուրը կյանքում իր զոհաբերությունն է անում, և որ մենք ինքներս մեզ գտնում ենք այն նույն ջանքերով ու արյունով, որոնցով ինչ-որ ժամանակ իրենք են գտել իրենց: Եթե մեր իրականությունը ձգտում են բացատրել ուրիշների կաղապար-շաբլոններով, ապա մենք դառնում ենք առավել անհասկանալի, ավելի քիչ ազատ, էլ ավելի միայնակ: Պատվարժան Եվրոպան ավելի շուտ կհասկանար մեզ, եթե փորձեր հայտնաբերել մեզ իր սեփական անցյալում: Եթե նա միայն վերհիշեր, որ Լոնդոնին երեք հարյուր տարի պահանջվեց քաղաքային պարիսպ կառուցելու և դարձյալ երեք հարյուր՝ եպիսկոպոս ունենալու համար, որ Հռոմը քսան դար տառապում էր անորոշության խավարում՝ մինչ էտրուսկների արքան նրան մտցրեց պատմության մեջ, որ ներկայում այնքան խաղաղասեր շվեյցարացիները, ովքեր մեզ ուրախություն են պատճառում նրբահամ պանիրներով ու ճշգրտագույն ժամացույցներով, ոչ վաղ, քան 16-րդ դարում Եվրոպան հեղեղում էին արյունով՝ վարձկաններ մատակարարելով կռվող երկրների բանակներին: Վերածննդի դարաշրջանի ամենածաղկուն ընթացքում կայսերական զորքերում ծառայության մեջ գտնվող քսան հազար լանդսկնեխտներ թալանեցին ու ամայացրին Հռոմը՝ սրի քաշելով ութ հազար բնակիչների:

Ես չեմ կիսում Տոկիո Կրեգերի պատրանքները զուսպ Հյուսիսի ու կրակոտ Հարավի միության մասին, որի միտքը հիսուներեք տարի առաջ այս նույն տեղում այնքան հիացմունքով սատարեց Թոմաս Մանը: Բայց մտածում եմ, որ այն հեռատես եվրոպացիները, ովքեր պայքարում են հանուն մարդասիրական հիմունքների, կարող էին շատ ավելի օգնել մեզ, եթե մեզ նայեին ուրիշ աչքերով: Մեր ձգտումների հետ համերաշխությունը մեզ չի փրկի մենությունից, եթե չվերածվի արևի տակ իրենց տեղի մասին մտածող բոլոր ժողովուրդների գործնական, օրինական օգնության:

Լատինական Ամերիկան չի ցանկանում և չպետք է լինի իրավազուրկ զինվոր, ցանկանում եմ հավատալ, որ անկախության և ինքնատիպության նրա ձգտումը Եվրոպան ըմբռնումով կընդունի: Սակայն ծովագնացության հաջողությունները, որոնք կրճատեցին Ամերիկայի և Եվրոպայի միջև տարածությունը, թվում է, ընդհակառակը, ցույց տվեցին, թե որքան հեռու են միմյանցից մեր մշակույթները: Բայց, ախր, ինչո±ւ ինքնատիպությունը հաճույքով ընդունում են մեր գրականության մեջ և անվստահությամբ մերժում սոցիալական փոփոխությունների մեր փորձերում: Ինչո±ւ սոցիալական արդարությունը, որին ձգտում են առաջադեմ եվրոպացիները, չի կարող դառնալ բոլորովին այլ պայմաններում իր ուղիներով ընթացող Լատինական Ամերիկայի նպատակը: Ո՛չ, անսահման բռնությունն ու տառապանքները, որոնցից հյուսված է մեր պատմությունը, դարավոր անարդարության և կուտակված դաժանության հետևանք են, այլ ոչ թե մեզնից հազարավոր մղոններ հեռու կազմակերպված դավադրության: Բայց, ախր, հենց այդպես՝ երիտասարդ ժամանակ իրենց երակներում արյան խաղը մոռացած ծերերի միամտությամբ էին մտածում եվրոպական շատ առաջնորդներ ու փիլիսոփաներ, ասես հնարավոր չէ այլ ճակատագիր ունենալ՝ բացի աշխարհի երկու ամենազոր տերերից կախվածությունից: Այսպիսին է, բարեկամներս, մեր մենության ընդգրկումը:

Եվ այնուամենայնիվ ճնշումին, թալանին ու դավաճանությանը մեր պատասխանը կյանքն է: Ոչ ջրհեղեղները, ոչ ժանտախտը, ոչ սովը, ոչ համաղետները, ոչ էլ նույնիսկ դարերով իրար հաջորդող պատերազմները չեն կարող սասանել կյանքի անհաղթահարելի գերազանցությունը մահվան հանդեպ: Այդ առավելությունն անընդհատ աճում է. տարեկան ծնունդների քանակը յոթանասունչորս միլիոնով գերազանցում է մահերի քանակը, այդ նոր կյանքերը բավարար են, որ Նյու Յորքի բնակչությունը տարեկան յոթ անգամ ավելանա: Ծնունդների մեծամասնությունը բաժին է ընկնում ամենաընչազուրկ երկրներին՝ ներառյալ, իհարկե, նաև Լատինական Ամերիկայի երկրները: Եվ ընդհակառակը՝ ամենաբարգավաճ երկրները կարողացել են այնպիսի ավերիչ հզորություն կուտակել, որ այն կբավարարի, որպեսզի հարյուր անգամ ոչնչացվեն ոչ միայն բոլոր մարդիկ, այլև ամենայն կենդանի բան մեր այս բազմաչարչար մոլորակի վրա:

Հենց այսպիսի մի օր, ինչպիսին այս օրն է, իմ ուսուցիչ Ուիլյամ Ֆոլքներն ասաց. «Ես հրաժարվում եմ ընդունել մարդու վերջը»: Ես արժանի չէի լինի կանգնելու այստեղ, որտեղ նա է կանգնել, եթե չգիտակցեի, որ մեծ ողբերգությունը, որի հնարավորությանը նա հրաժարվում էր հավատալ երեսուներեք տարի առաջ, հիմա՝ մարդկության պատմության մեջ առաջին անգամ, միանգամայն հնարավոր է դարձել: Դեմ հանդիման հրեշավոր իրականությանը, որը բոլոր ժամանակներում մարդկությանը ուտոպիա է թվացել, մենք՝ մտացածին բաներ հորինողներս՝ պատրաստ հավատալու ինչի ասես, իրավունք ունենք հավատալու նաև այն բանին, որ դեռևս ուշ չէ զբաղվել ճիշտ հակառակ իմաստով մի այլ ուտոպիա ստեղծելով: Կյանքի նոր, գեղեցիկ ուտոպիա, որտեղ ոչ մեկը չպիտի որոշի ուրիշների փոխարեն, թե ինչպես պետք է մեռնեն նրանք, որտեղ կիշխի իսկական սերը և հնարավոր կլինի երջանկությունը, և որտեղ ի ծնե հարյուր տարվա մենության դատապարտված սերունդները մեկընդմիշտ կդառնան նոր երկրային ճակատագրի տերեր:

 

Թարգմանությունը՝   Հովհաննես Այվազյանի

Անդին 4, 2014

 

 

Share

Կարծիքներ

կարծիք