Նոբելյան ճառը

903002117

…«Ռուսաստանի համար բեկումնային ժամանակաշրջանի դոնյան կազակության մասին վեպի գեղարվեստական ուժի և էպիկական ընդգրկունության համար»:

 

Շոլոխով Միխայիլ Ալեքսանդրովիչ (1905-1984) — ռուս գրող, ծնվել է Ռուսաստանի հարավում` Վյոշենսկայա ստանիցայի Կրուժիլին խուտորում: Ավարտելով գիմնազիայի չորրորդ դասարանը` 1918 թվականին մտել է Կարմիր բանակի շարքերը:

            1922-ին մեկնել է Մոսկվա, որտեղ «Յունոշեսկայա պրավդա» թերթում 1923 թվականին տպագրվել են նրա առաջին ֆելիետոնները, իսկ 1924-ին` «Աղբյուրը» պատմվածքը: 1925 թվականին լույս տեսավ Շոլոխովի «Դոնյան պատմվածքներ» ժողովածուն, 1928-1929-ին`փառաբանված «Խաղաղ Դոն» վեպի երկու հատորները, վեպի երրորդ և չորրորդ հատորները լույս տեսան 1937-1940 թվականներին: Խորհրդային քննադատությունը բավական զուսպ ընդունեց վեպը, սակայն Գորկին ջերմորեն պաշտպանեց երիտասարդ գրողին:

1930-ական թվականներին Շոլոխովն ընդհատում է «Խաղաղ Դոնը» և գրում «Հերկած խոպան» վեպը կոլեկտիվացման մասին (առաջին հատորը լույս է տեսել 1932-ին): Պաշտոնական քննադատությունը փորձում էր հարձակվել այս վեպի վրա ևս, բայց այժմ Շոլոխովին պաշտպան կանգնեց արդեն ՀամԿ(բ)Կ կենտկոմը: Ավելի ուշ գրողը նշանակալի չափով վերամշակեց «Հերկած խոպանի» առաջին հատորը և 1960 թվականին ավարտեց երկրորդ հատորը:

            1943-ին «Պրավդայի» էջերում հայտնվեցին Շոլոխովի «Նրանք մարտնչում էին հայրենիքի համար» նոր վեպի գլուխները, բայց առաջին հատորը լույս տեսավ միայն 1958-ին, իսկ մնացածներն այդպես էլ անավարտ մնացին: Հետպատերազմյան տարիներին գրողը վերամշակեց «Խաղաղ Դոնը»՝ մեղմելով դրա հյութեղ լեզուն և փոփոխելով քաղաքական շեշտադրումները:

            1937 թվականին Շոլոխովն ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1961-ին դարձել ԽՄԿԿ կենտկոմի անդամ:

 

Նոբելյան ճառը

 

Այս հանդիսավոր հավաքին իմ հաճելի պարտքն եմ համարում մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Շվեդական ակադեմիային, որն ինձ Նոբելյան մրցանակ է շնորհել:

Ես արդեն հնարավորություն եմ ունեցել հրապարակավ վկայելու, որ դա իմ հոգում բավարարվածության զգացում է առաջացնում ոչ թե սոսկ իբրև իմ գրողական յուրահատկությունների և մասնագիտական վաստակի միջազգային ճանաչում: Ես հպարտանում եմ այն բանով, որ այս մրցանակը շնորհվել է ռուս գրողի, խորհրդային գրողի: Ես այստեղ ներկայացնում եմ իմ Հայրենիքի գրողների մեծ ջոկատը:

Ես արդեն իմ բավարարվածությունն եմ հայտնել նաև այն առթիվ, որ այս մրցանակը վեպի ժանրի ևս մեկ անուղղակի հաստատում է: Պիտի խղճի մտոք ասեմ, որ վերջին շրջանում հաճախ  եմ լսել ու կարդացել ինձ զարմացրած ելույթներ, որոնցում վեպի ժանրը հայտարարվում է հնացած, արդիականության պահանջներին չհամապատասխանող: Մինչդեռ հենց վեպն է հնարավորություն տալիս առավել ամբողջական ընդգրկել իրականության աշխարհը և բևեռվել դրա և դրա հիմնախնդիրների նկատամբ քո, քո համախոհների վերաբերմունքը պատկերելու վրա:

Վեպը, այսպես ասած, առավել է նախատրամադրում մեզ շրջապատող վիթխարի կյանքի խոր ճանաչմանը և ոչ թե մեր փոքրիկ «ես»-ը տիեզերքի կենտրոն պատկերացնելու նկրտումներին: Այս ժանրն իր էությամբ իրենից ներկայացնում է   ամենաընդգրկուն հենակետը ռեալիստ արվեստագետի համար: Բազմաթիվ երիտասարդ հոսանքներ արվեստում մերժում են ռեալիզմը` ելնելով այն մտայնությունից, թե դա իր դարն արդեն ապրել է: Չվախենալով պահպանողականության մեջ մեղադրվելուց` հայտարարում եմ, որ լինելով ռեալիստական արվեստի համոզված հետևորդ՝ հակառակ հայացքներ ունեմ:

Հիմա հաճախ են խոսում այսպես կոչված գրական ավանգարդի մասին՝ դա ընկալելով որպես ամենամոդայիկ փորձեր առավելապես ձևի բնագավառում: Իմ կարծիքով՝ իսկական ավանգարդ են այն արվեստագետները, ովքեր իրենց ստեղծագործություններում բացահայտում են մեր դարի կյանքի հատկանիշները սահմանող նոր բովանդակություն: Ե՛վ ռեալիզմն ընդհանրապես, և՛ ռեալիստական վեպը հենվում են անցյալի մեծ վարպետների գեղարվեստական փորձի վրա, բայց իրենց զարգացման մեջ ձեռք են բերել էականորեն նոր, խորապես ժամանակակից հատկանիշներ:

Ես խոսում եմ ռեալիզմի մասին, որն իր մեջ կրում է կյանքի նորացման, այն ի բարօրություն մարդու ձևափոխելու գաղափարը: Ես խոսում եմ, բնականաբար, այնպիսի ռեալիզմի մասին, որը մենք անվանում ենք սոցիալիստական: Դրա յուրօրինակությունն այն է, որ արտահայտում է մի աշխարհայացք, որը չի ընդունում ո՛չ ներհայեցողականություն, ո՛չ փախուստ իրականությունից, որը հրավիրում է պայքարի հանուն մարդկության առաջադիմության, հնարավորություն է տալիս հասնել միլիոնավոր մարդկանց հոգեհարազատ նպատակների իրականացմանը, լուսավորել նրանց պայքարի ուղին:

Մարդկությունը մասնատված չէ բազում միայնակների, անհատների, ովքեր ասես երկրի ձգողության սահմաններից դուրս եկած տիեզերագնացներ լողում են անկշռելիության մեջ: Մենք ապրում ենք երկրի վրա, մենք ենթարկվում ենք երկրային օրենքներին, և, ինչպես ասվում է Ավետարանում, մեր օրվա վրա ծանրացած են նրա խնդիրը, նրա հոգսերն ու պահանջները, լավագույն վաղվա օրվա նրա հույսերը: Երկրագնդի բնակչության հսկայական բազմություններ առաջ են մղվում միասնական ձգտումներով, ապրում են ընդհանուր շահերով, որոնք ավելի միավորում են նրանց, քան բաժանում:

Դրանք աշխատանքի մարդիկ են` այն մարդիկ, ովքեր իրենց ձեռքերով և ուղեղով ստեղծում են ամեն ինչ: Ես պատկանում եմ այն գրողների թվին, ովքեր բարձրագույն պատիվ ու բարձրագույն ազատություն են համարում իրենց գրիչով աշխատավոր ժողովրդին ծառայելու` ոչնչով չսահմանափակվող հնարավորությունը:

Այստեղից է սկիզբ առնում ամեն ինչ: Այստեղից են բխում այն հետևությունները, թե ես, որպես խորհրդային գրող, ինչպիսին եմ տեսնում արվեստագետի դերը ժամանակակից աշխարհում:

Մենք անհանգիստ տարիներ ենք ապրում: Բայց չկա աշխարհում մի ժողովուրդ, որը պատերազմ ցանկանա: Կան ուժեր, որոնք ամբողջ ժողովուրդներ են նետում դրա կրակների մեջ: Կարո՞ղ է, արդյոք, դրա մոխիրը չիջնել գրողի հոգուն, Երկրորդ համաշխարհային պատերազմի անծայրածիր հրդեհավայրերի մոխիրը: Կարո՞ղ է, արդյոք, ազնիվ գրողը հանդես չգալ նրանց դեմ, ովքեր կուզենային մարդկությանը դատապարտել ինքնաոչնչացման:

Ո՞րն է, ուրեմն, կոչումը, որո՞նք են խնդիրներն արվեստագետի, ով իրեն ոչ թե համարում է հակամարտող ուժերի գոտեմարտից վեր ինչ-որ Օլիմպոսի գագաթ բարձրացած, մարդկանց տառապանքներին անհաղորդ աստվածության նմանակը, այլ իր ժողովրդի զավակը, մարդկության փոքրիկ մասնիկը:

Խոսել մարդկանց հետ ազնվորեն, մարդկանց ասել միայն ճշմարտությունը` երբեմն խիստ, բայց միշտ առնական: Ամրապնդել մարդկանց հոգիներում հավատն ապագայի նկատմամբ, այդ ապագան կառուցելու ընդունակ իր ուժի նկատմամբ: Լինել ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման մարտիկ և յուր խոսքով դաստիարակել այդպիսի մարտիկների ամենուր, որտեղ այդ խոսքը հասնում է, միավորել մարդկանց դեպի առաջադիմություն բնական և ազնիվ ձգտման մեջ:

Արվեստն ունի մարդու ուղեղի և սրտի վրա ներգործելու հզոր ուժ: Կարծում եմ՝ այն մարդն ունի արվեստագետ կոչվելու իրավունք, ով այդ ուժն ուղղում է մարդկանց հոգիներում գեղեցիկի ստեղծմանը, մարդկության բարօրությանը:

Իմ հարազատ ժողովուրդն իր պատմության քառուղիներում քայլել է ոչ միայն տրորված ճանապարհով: Դրանք եղել են նոր կյանքը հայտնագործողների, առաջամարտիկ պիոներների ուղիներ: Իմ՝ որպես գրողի խնդիրը ես այն եմ համարում, որ այն ամենով, ինչ գրել եմ ու գրելու եմ, ծնրադրեմ ու խոնարհվեմ այդ աշխատավոր ժողովրդին, կառուցող ժողովրդին, հերոս ժողովրդին, որը երբեք ոչ մեկի վրա չի հարձակվել, բայց միշտ կարողացել է արժանապատվորեն պաշտպանել իր ստեղծածը, պաշտպանել իր ազատությունն ու պատիվը, սեփական ընտրությամբ իր ապագան կառուցելու իր իրավունքը:

Ես կուզենայի, որ իմ գրքերը օգնեին մարդկանց դառնալու ավելի լավը, դառնալու հոգով ավելի մաքուր, արթնացնեին սեր մարդու նկատմամբ, մարդասիրության և մարդկության առաջընթացի իդեալների համար ակտիվորեն պայքարելու ձգտում: Եթե ինչ-որ չափով դա ինձ հաջողվել է, ես երջանիկ եմ:

Շնորհակալություն բոլորին, ովքեր գտնվում են այս դահլիճում, բոլորին, ովքեր ողջույնի խոսքեր ու շնորհավորանքներ են ուղարկել ինձ Նոբելյան մրցանակի առիթով:

 

Թարգմանությունը`    Հովհաննես Այվազյանի

Անդին 11, 2013

 

Share

Կարծիքներ

կարծիք