Նոբելյան ճառը

Հեղինակ:

recomposing_t_s__eliot_by_ilikemockturtles-d5vnpdtՆոբելյան մրցանակի է արժանացել ժամանակակից պոեզիայի մեջ ակնառու նորարարական ներդրման համար:

 

   Էլիոթ, Թոմաս Սթեռնզ (1888-1965) — անգլիացի բանաստեղծ և թատերագիր, ծնվել է Սենթ Լուիսում (ԱՄՆ), ավարտել է Հարվարդի համալսարանը: Զբաղվել է փիլիսոփայությամբ, բուդդիզմով, սանսկրիտով: Բնակության է տեղափոխվել Անգլիա: 1917 թվականին լույս տեսած «Պրուֆրոք և այլ դիտմունքներ» բանաստեղծությունների ժողովածուն քննադատները մինչ օրս համարում են երևույթ XX դարի պոեզիայում: Էլիոթը լոնդոնյան «Թայմսի» գրական հավելվածի մշտական հեղինակ էր, ազդեցիկ և ժողովրդայնություն վայելող գրաքննադատ:

   1922 թվականին լույս տեսած «Անպտուղ երկիր» պոեմը նրա ամենանշանակալից ձեռքբերումն է պոեզիայում:

   30-ական թվականներին գրողն սկսում է զբաղվել թատրերգությամբ և հասնում ապշեցուցիչ հաջողությունների: Նրա «Սպանություն տաճարում» չափածո դրաման (1935) հաջողությամբ բեմադրվել է Եվրոպայում և ԱՄՆ-ում: Ժամանակակից կյանքն արտացոլող «Ընտանիքի վերամիավորումը» (1939), «Երեկոյան կոկտեյլ» (1950), «Անձնական քարտուղարը» (1954), «Տարեց պետական գործիչը» (1959) ստեղծագործությունները քննադատները համարում են ոչ այնքան հաջողված, բայց դրանք բոլորը բեմադրվել են:

    Սակայն Էլիոթի գլխավոր գործը պոեզիան էր, ինչը հաստատվեց «Չորս կվարտետ» ժողովածուով (1944):

 

 

Նոբելյան ճառը

 

Երբ մտածում էի, թե ինչ պետք է ասեմ այսօր, որոշեցի պարզապես երախտագիտությունս հայտնել այն բարձր պարգևի համար, որին ինձ արժանի համարեց Շվեդական ակադեմիան: Մտածածս իրականացնելը, սակայն, այնքան էլ հեշտ չեղավ. ես սովոր եմ գործ ունենալ բառերի հետ, բայց այս անգամ նրանք հրաժարվեցին ինձ ենթարկվել: Պարզապես ասել, որ ես ընդունում եմ միջազգային մրցանակը, որի մասին երազում է յուրաքանչյուր գրող, կնշանակեր ասել մի բան, որն առանց այն էլ հայտնի է բոլորին: Ի լուր ամենքի հայտարարել, որ ես այդ մրցանակին արժանի չեմ` նշանակում է կասկածել Ակադեմիայի ձեռնահասությանը, գովել Ակադեմիային` կնշանակեր, որ ես որպես գրաքննադատ հավանություն եմ տալիս ինձ որպես բանաստեղծի մրցանակը շնորհելու փաստին: Հետևաբար, թույլ տվեք հավաստիացնել ձեզ, որ, իմանալով ինձ Նոբելյան մրցանակ շնորհելու մասին, ես ապրեցի ուրախության և հպարտության խառը զգացումներ, որոնք միանգամայն բնական են նման պահին, և անհարմարության զգացում, որ հանկարծ հայտնվեցի հասարակական ուշադրության կենտրոնում: Եթե Նոբելյան մրցանակը լիներ այնպիսին, ինչպիսին մյուս մրցանակներն են, միայն թե ավելի բարձր մակարդակի, ես դեռ կփորձեի գտնել երախտագիտության անհրաժեշտ բառեր, բայց քանի որ այն բոլոր պարգևներից տարբերվում է հենց էությամբ, իմ բառապաշարում չգտա միջոցներ, որոնցով կարողանայի արտահայտել զգացմունքներս:

Այդ իսկ պատճառով ստիպված եմ դրանք արտահայտել ոչ թե ուղղակիորեն, այլ ձեր ուշադրությանը ներկայացնելով գրականության գծով Նոբելյան մրցանակի նշանակության սեփական մեկնաբանությունս: Եթե այն միայն լիներ գրողի ծառայությունների կամ այն փաստի ճանաչումը, որ նրա փառքը դուրս է եկել  հարազատ երկրի և մայրենի լեզվի սահմաններից, մենք կկարողանայինք պնդել, որ հազիվ թե մեզնից որևէ մեկն այդ մրցանակին առավել է արժանի, քան մյուսները: Բայց ես Նոբելյան մրցանակի մեջ տեսնում եմ ավելի մեծ մի բան, քան այդպիսի ճանաչումն է: Այն ինձ հիշեցնում է մեկ մարդու ընտրություն ասես բարձրից եկող կարգադրությամբ` առանձնահատուկ դեր կատարելու և ինչ-որ խորհրդանիշի վերածվելու համար: Տեղի է ունենում արարողություն, որի ընթացքում մարդու վրա այնպիսի պարտավորություններ են անսպասելիորեն դրվում, որոնք նա նախկինում երբեք չէր կատարել: Հետևաբար, բանն ամենևին այն չէ`արժանավոր ընտրյա՞լ է նա, թե ոչ, այլ այն, թե ընդունա՞կ է, արդյոք, կատարելու իր վրա դրված պարտավորությունները, ընդունա՞կ է, արդյոք, դառնալու,- իր ուժերը ներածին չափով, իհարկե,- ներկայացուցիչն ինչ-որ մի ավելի նշանակալից բանի, քան իր սեփական ստեղծագործությունն է:

Պոեզիան ավանդաբար համարվում է արվեստի «ամենատարածաշրջանային» տեսակը: Գեղանկարչությունից, քանդակից, ճարտարապետությունից, երաժշտությունից կարող է հաճույք ստանալ ցանկացած ոք, ով տեսնում և լսում է: Բայց լեզուն և, առաջին հերթին, բանաստեղծական լեզուն բոլորովին այլ բան է: Կարող է նույնիսկ թվալ, թե բանաստեղծությունն առավել բաժանում է մարդկանց, քան միավորում:

Մյուս կողմից` պետք է նկատի ունենանք, որ եթե լեզուն նույնիսկ արգելապատնեշներ էլ է առաջացնում, ապա հենց բանաստեղծությունն է օգնում հաղթահարելու այդ արգելապատնեշները: Հաճույք ստանալ օտար լեզվով գրված բանաստեղծությունից` նշանակում է հաճույք ստանալ այն մարդկանց հասկանալուց, որոնց պատկանում է այդ լեզուն, հասկանալուց, որին այլ ուղիով հասնել հնարավոր չէ: Մտորենք եվրոպական պոեզիայի պատմության շուրջ և վերհիշենք այն հսկայական ազդեցությունը, որը գործել է մի լեզվով գրված պոեզիան մյուս լեզուների վրա, կտեսնենք, որ յուրաքանչյուր խոշոր բանաստեղծ անվճարելի պարտքի տակ է եղել այլալեզու բանաստեղծների առջև, կարելի է նույնիսկ հաստատել, որ ցանկացած երկրի պոեզիա անկում կապրեր և կմահանար, եթե նրան չսնուցեր այլ լեզուների պոեզիան: Երբ բանաստեղծը խոսում է իր ժողովրդի հետ, նրա ձայնում հնչում են այն այլալեզու բանաստեղծների ձայները, ովքեր նրա վրա ազդեցություն են գործել: Միաժամանակ նա ինքն է խոսում երիտասարդ այլալեզու բանաստեղծների հետ, ովքեր իրենց ժողովրդին կփոխանցեն ինչ-որ բան կյանքի նրա ընկալումից և նրա ժողովրդի ոգուց: Մասամբ ուրիշ բանաստեղծների վրա ունեցած ազդեցությամբ, մասամբ թարգմանության միջոցով, որը, բնականաբար, մյուս պոետի հետ համաստեղծագործության արարողություն պետք է լինի, մասամբ իր երկրի ընթերցողների միջոցով, որոնք բանաստեղծներ չեն հանդիսանում, պոետը նպաստում է ժողովուրդների միջև փոխըմբռնման աճին:

Ցանկացած բանաստեղծի ստեղծագործություններում, անշուշտ, պետք է շատ լինի այն, որն ուղղված է բացառապես նրանց, ովքեր ապրում են իր կողքն ու խոսում նույն լեզվով: Եվ սակայն «եվրոպական պոեզիա» և նույնիսկ պարզապես «պոեզիա» հասկացությունները բնավ անիմաստ չեն թվում: Ինձ թվում է, որ պոեզիայի շնորհիվ տարբեր երկրների մարդիկ, ովքեր տարբեր լեզուներով են խոսում,- թող որ նույնիսկ ցանկացած երկրում նրանք փոքրամասնություն են կազմում,- ձեռք են բերում փոխըմբռնում, ինչը, որքան էլ սահմանափակ լինի, կարևորագույն դեր է խաղում: Բանաստեղծին շնորհված Նոբելյան մրցանակն ես առաջին հերթին ընդունում եմ որպես պոեզիայի վերազգային արժեք լինելու թեզիսի հաստատում: Ի պաշտպանություն այս թեզիսի պետք է ժամանակ առ ժամանակ բոլոր մարդկանց մեջ առանձնացնել բանաստեղծին, և ահա ես կանգնած եմ ձեր առջև, բայց ամենևին ոչ իմ ծառայությունների բերումով, այլ որպես խորհրդանիշ (իհարկե, ժամանակավոր)` պոեզիայի վսեմության խորհրդանիշ:

 

Թարգմանությունը`  Հովհաննես Այվազյանի

 

Անդին 3, 2014

Share

Կարծիքներ

կարծիք