Գրականության գոյության իրավունքը

Հեղինակ:

gaoՆոբելյան բանախոսություն

 

Չին արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, գրականագետ Գաո Սինցզիյանը (Gao Xingjian) ծնվել է 1940 թվականին Շանհայի մերձակայքում գտնվող գեղատեսիլ, փոքրիկ Խանչժոու քաղաքում, որն այդ ժամանակ օկուպացված էր ճապոնացիների կողմից: Նրա հայրը բանկիր էր, մայրը՝ դերասանուհի, հանգամանքներ, որ հետագայում՝ Մաո Ցզե Դունի օրոք, բացասաբար անդրադարձան չինական գրականության ապագա դասականի ճակատագրի վրա:

Գաո Սինցզիյանը ավարտել է Պեկինի օտար լեզուների ինստիտուտը, ուսումնասիրել ժամանակակից եվրոպական գրականություն, գրել սկսել է վաղ տարիքից, սակայն մշակութային հեղափոխության տարիներին, երբ  վերադաստիարակման է ուղարկվել աշխատանքային ճամբար, մատնությունից վախենալով՝ ստիպված այրել է իր բոլոր ձեռագրերը (մոտ 400 ստեղծագործություն):

Մինչ 1979 թվականի բարեփոխումները նրան արգելել են հրատարակվել և առանց ՙհատուկ թույլտվության՚ դուրս գալ բնակավայրից: Դեն Սյաո Պինի իշխանության օրոք միայն որոշ թատրոններ համարձակվեցին բեմադրել նրա պիեսներից մի քանիսը: Իսկ այդ ընթացքում երկրպագուներից ոմանք սկսեցին նրան մեծարել «Չինական Սոլժենիցին» անվամբ: Սակայն ի տարբերություն Սոլժենիցինի Գաո Սինցզիյանը գրեթե չի անդրադարձել ճամբարային թեմային: Նրա ստեղծագործությունները հիմնականում նվիրված են ծայրամասաբնակ փոքրիկ մարդուն, չափազանց պոետիկ են, հագեցած չինական փիլիսոփայությանը բնորոշ այլաբանություններով, բնության ու կյանքի նկարագրություններով, նաև եվրոպական գրականությանը բնորոշ տարրերով:

Սակայն նրա հանդեպ դրսևորված «ձնհալը» կարճ տևեց: 80-ականների կեսերին արգելվեցին նրա բոլոր ստեղծագործությունները (ներառյալ ամենահայտնին՝ «Ոգիների լեռը»), իսկ ինքը կրկին ենթարկվեց քաղաքական հալածանքների:

«Ձնհալի» տարիներին Գաո Սինցզիյանը հասցրեց տպագրել մի քանի գիրք (դրանց թվում եվրոպական գրականությանը նվիրված «Որոշ դիտարկումներ ժամանակակից արձակի արվեստի վերաբերյալ» էսսեների ժողովածուն, որ լույս է տեսել 1981-ին): 1982-ին Պեկինում կայացել է «Տագնապի ազդանշան» պիեսի առաջնախաղը: Երկրորդ պիեսը («Ավտոբուսի կանգառը», 1983 թ., համեմատվում է Բեկետի «Գոդոյի» հետ) քննադատվեց որպես գաղափարապես վնասակար ստեղծագործություն (Գաո Սինցզիյանի դրամատուրգիայում նկատելի է հակում դեպի Բեկետի և Արտոյի էսթետիկան): Երրորդ պիսը («Մյուս ափը», 1986 թ.) ընդհանրապես արգելվեց: Ավելին, հալածանքներից խուսափելու համար նա ստիպված էր թաքնվել Սիչուան նահանգի լեռներում ու անտառներում՝ տասը ամսվա ընթացքում կտրելով շուրջ 5000 կիլոմետր, Յանցզի գետի ակունքներից հասնել մինչև գետաբերան (այս դեգերումներն էլ հիմք են հանդիսացել «Ոգիների լեռը» վիպասքի համար, որը հաճախ անվանում են ՙուխտագնացության պատմություն՚):

1987 թվականին նրան Չինաստանից արտաքսեցին «պատվավոր տարագրության», իսկ երկու տարի անց՝ Տյանման հրապարակի ողբերգական իրադարձություններից հետո, ընդհանրապես զրկեցին Չինաստանի քաղաքացիությունից: Գաո Սինցզիյանի ստեղծագործությունները Չինաստանում հրատարակվել են Խորհրդային «սամիզդատի» տարբերակով՝ «հակահեղափոխական քարոզչություն» հորջորջված հրատարակումների միջոցով: Սակայն պետք է ասել, որ նույն ստեղծագործությունները բազմիցս հրատարակվել են Թայվանում, Սինգապուրում, Հոնկոնգում:

Չինաստանից հեռանալով՝ Գաո Սինցզիյանը բնակություն է հաստատել Ֆրանսիայում, հետագայում ստացել նաև այս երկրի քաղաքացիություն: Սակայն Չինաստանի կոմունիստական կուսակցության շարքերից նա հեռացել է միայն 1989-ին՝ Տյանման հրապարակի իրադարձություններից հետո:

Մինչ Նոբելյան մրցանակի արժանանալը Գաո Սինցզիյանը գրական մրցանակների է արժանացել Ֆրանսիայում ու Բելգիայում: Նա համարվում է ժամանակակից չինական գրականության հիմնադիրներից մեկը, զբաղվում է նաև թարգմանությամբ և ռեժիսուրայով: Բայցի այդ նաև հրաշալի տիրապետում է գեղագրության արվեստին, շնորհալի նկարիչ է, չինական «գո-խուա» ոճի հետևորդ, ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ:

Գաո Սինցզիյանի լավագույն ստեղծագործությունն է համարվում «Ոգիների լեռը» (չինական հիերոգլֆիների առանձնահատկություններից ելնելով՝ վերնագիրը թարգմանվում է նաև «Սրբազան լեռ», «Հրաշագործ լեռ») ստվարածավալ վեպը (մոտ 800 էջ):

Գաո Սինցզիյանը Նոբելյան մրցանակի արժանացած առաջին չին գրողն է: Շվեդական ակադեմիան այսպես է հիմնավորել իր որոշումը՝ «Համաշխարհային նշանակության ստեղծագործությունների համար, որոնք շաղախված են ժամանակակից աշխարհում ապրող մարդու ապրած ցավով և որոնք նոր ճանապարհներ են բացում չինական արձակի և դրամատուրգիայի առջև»:

 

 

 

Գրականության գոյության իրավունքը

 

Չգիտեմ՝ ճակատագի՞րն է ինձ բարձրացրել այս ամբիոն, բայց դրան նպաստած բարեբախտ հանգամանքները ներկայացնելու այլ բառ չեմ գտնում: Աստծու գոյության հարցը ես մի կողմ եմ թողնում: Երբ իմ առջև դրվում է այդ հարցը (ցանկացած ժամանակ), որի պատասխանը ես չգիտեմ, ամեն անգամ ինձ համակում է խորին երկյուղածություն, թեև ես միշտ ինձ աթեիստ եմ համարել:

Մարդը աստվածային էակի վերածվել չի կարող, էլ չասենք այն մասին, որ երբեք չի կարողանա փոխարինել իրեն՝ Տեր Աստծուն: Գերմարդու կողմից կառավարվող աշխարհն անպայման կվերածվի քաոսի, և այնտեղ տեղի կունենան ավելի ու ավելի ծանր դժբախտություններ: Մարդկության պատմության ամենասև էջերը գրել են մարդածին արհավիրքները. այն դարի ընթացքում, որի առաջին տարում մահացավ Նիցշեն: Սակայն փիլիսոփայի (կատարյալ նարցիսիստի) խելագար մտքերը անհամեմատելի են այն դաժան արարքների հետ, որ առանց դույզն-ինչ վարանելու գործել են ժողովրդի առաջնորդներ, պետության ղեկավարներ, ազգի ռահվիրաներ հորջորջված այլազան գերմարդիկ: Գրական այս ծանրակշիռ հավաքի համբերությունը պատմության և քաղաքականության մասին անօգուտ դատողություններով չարաշահելու մտադրություն չունեմ բնավ: Պարզապես ուզում եմ օգտագործել այս հնարավորությունը և արտահայտել մեկ անհատ գրողի ու անձի տեսակետը:

Գրողը հույժ սովորական մարդ է, թեև գուցե փոքր-ինչ ավելի զգայուն… իսկ գերզգայուն մարդիկ հաճախ անհամեմատ թույլ են մյուսներից: Եթե գրողը չի դառնում ժողովրդի խոսափող և հանդես չի գալիս որպես արդարության մարմնացում, նրա ձայնը, իհարկե, թույլ է հնչում: Բայց հենց անհատ մարդու ձայնն է ամենից մոտ ճշմարտությանը:

Այստեղ ես հենց այդ մասին եմ ուզում խոսել. գրականությունը լոկ անհատ մարդու ձայն է, և այդպես եղել է միշտ: Հայրենիքը և ազգի դրոշակակիրներին փառաբանող հիմնի, որևէ քաղաքական կուսակցության, որոշակի դասակարգի կամ հասարակական խմբի ներկայացուցչի խոսափողի վերածված գրականությունը կորուսանում է իր իսկական ոգին: Անգամ եթե բոլոր միջոցներով թմբկահարվում է աշխարհով մեկ, միևնույն է, այն կորցնում է գոյության իրավունքը և գահավիժում իշխանության կամ ոմն մեկի անձնական շահերին ծառայող գործիքի մակարդակի:

Նոր-նոր ավարտված դարի ընթացքում գրականությանը բաժին էր ընկել հենց այդ պատուհասը: Քաղաքականության և իշխանության խարանը 20-րդ դարում ավելի շատ տառապանք է պատճառել գրականությանը, քան անցյալ որևէ այլ ժամանակաշրջանում: Հետապնդումները և հալածանքները, որին ենթարկվել են գրողներն այդ դարում, նույնպես առավել զարհուրելի են, քան երբևէ:

Եթե գրականությունը կամենում է պահպանել գոյության իրավունք և խուսափել քաղաքական գործիք դառնալու վտանգից, կրկին պետք է դառնա մեկ անհատի ձայն, քանզի այն ծնունդ է առնում նախ և առաջ մեկ անձի հույզերից ու ապրումներից: Ես չեմ ասում, թե գրականությունը պետք է բացարձակապես մեկուսանա քաղաքականությունից: Նման պատկերացումները, ինչպես և պնդումը, թե գրականությունը պետք է լինի քաղաքականացված, սկիզբ դրեցին գրական ստեղծագործություններում «տենդենցներ» որոնելու, իսկ գրողին՝ քաղաքական հայացքների արտահայտչի վերածելու մտայնությանը և անհաշտ բանավեճերի: Անցյալ դարում դրանք ծանր անդրադարձան գրականության վրա: Ավանդույթի և նորարարության, պահպանողականության և հեղափոխականության հակամարտության շուրջ մոլեգնած այդ բանավեճերը նպաստեցին, որ գրականությունը վերածվի այնպիսի տիրույթի, ուր քննարկվում է առաջադեմ և հետադեմ քաղաքականությունների միջև ընտրություն կատարելու հարցը: Հենց այդ ժամանակ էլ գրականություն ներթափանցեց գաղափարախոսությունը: Իսկ երբ գաղափարախոսությունը ի վերջո միավորվեց իշխանության հետ և դրա հետևանքով ձեռք բերեց զգալի ազդեցություն, դա բացասաբար անդրադարձավ ինչպես անհատ գրողի, այնպես էլ գրականության ճակատագրի վրա ընդհանրապես:

Այն, որ 20-րդ դարի չինական գրականությունը այդքան միանման է ու անզոր և, ըստ իս, վերջնականապես ավանդել է հոգին, քաղաքանությանը լիովին ենթակա լինելու պատճառով է. հեղափոխության գրականությունն ու հեղափոխական գրականությունը և՛ անհատ գրողին, և՛ գրականությանը հասցնում են կառափնարան: Հանուն հեղափոխության Չինաստանի ավանդական մշակույթի դեմ կատարված արշավանքները ավարտվեցին գրքեր արգելելով, հրապարակավ վառելով: Մահապատժի ենթարկված, արտաքսված կամ ճամբար աքսորված գրողներն այս դարի ընթացքում այնքան շատ են, որ նույնիսկ անհնար է նրանց ստույգ թիվը որոշել: Չինաստանի ողջ պատմության ընթացքում կայսերական ոչ մի հարստության ժամանակ ոչ մի տիրակալ նման հալածանքների չի դիմել: Դա չինական գրականությանը կանգնեցրեց անվերջանալի դժվարությունների առջև: Գրողի՝ ստեղծագործ աշխատանքի տրվելու ազատությունը խստիվ սահմանափակվեց:

Ազատ մտածողության ձգտող գրողը ստիպված էր կամ լռել, կամ տարագրվել: Իսկ գրողի համար, ով կամենում է մտքերը թղթին հանձնել ազատորեն, հարկադիր լռությունը հավասարազոր է ինքնասպանության: Եթե գրողը ուզում էր խուսափել  ինքնասպանությունից և չհայտնվել արգելվածների ցուցակում, եթե ուզում էր, որ իր ձայնը լսվի, ստիպված լքում էր իր երկիրը: Հետադարձ հայացք նետելով Արևելքի, ինչպես նաև Արևմուտքի պատմությանը՝ կտեսնենք, որ այդպես եղել է միշտ: Օրինակները բազում են՝ Դանթե, Ջոյս, Թոմաս Ման, Սոլժենիցին, վաղ շրջանի չին բանաստեղծ Ցյույ Յուան և այլք, ինչպես նաև բազմաթիվ չին մտավորականներ, ովքեր արտաքսվեցին 1989 թ. Տյանման հրապարակում կազմակերպված սպանդից հետո: Սեփական ձայնը պահպանել ցանկացող գրողը կամ բանաստեղծը վաղ թե ուշ արժանանում է այդ ճակատագրին:

Տասնամյակներ շարունակ, երբ Մաո Ցզե Դունը վարում էր բացարձակ բռնապետական քաղաքականություն, իրականությունից, աշխարհից մեկուսանալու հնարավորություն անգամ չկար: Լեռնային այն վանքերն ու տաճարները, որոնք ֆեոդալիզմի շրջանում ապաստան էին ծառայում այլախոհ ուսանողներին, հողին էին հավասարեցվել, իսկ այն անձինք, ովքեր գրականությամբ զբաղվում էին գաղտնի, վտանգում էին իրենց կյանքը: Մտածողության ինքնուրույնությունը պահպանել ձգտող մարդուն մնում էր խոսել ինքն իր հետ, այն էլ՝ նույնիսկ ինքն իրենից գաղտնի: Այստեղ ուզում եմ շեշտել, որ հենց այն ժամանակ, երբ զրկված էի գրելու հնարավորությունից, ես հասկացա, թե ինչ անհրաժեշտ է գրականությունը. չէ՞ որ հենց նա է մարդուն ընձեռում գիտակից էակ մնալու հնարավորություն:

Եվ հենց ինքն իր հետ զրուցելը կարելի է համարել գրականության սկզբնաղբյուր: Այլոց հետ հաղորդակցվելու համար խոսքի օգնությանը դիմելը երկրորդական նշանակություն ունի: Երբ մարդու միտքն ու փորձառությունը մարմնավորվում է որպես խոսք, որը նա հետո գրի է առնում, հենց այդ ժամանակ էլ ծնվում է գրականությունը: Այն ժամանակ, երբ դա կատարվում է, գրողի մտքով անգամ չի անցնում, թե օգտակար է արդյոք այն, ինչ ինքը գրում է, ճիշտ այնպես, ինչպես գրելիս չի էլ մտածում, թե իր գրածը կհրատարակվի երբևէ: Գրողը շարունակում է գրել կենտ մի պատճառով. գրելը նրան գերագույն խինդ է պարգևում, հաճույք և մխիթարանք: Իմ ամենածավալուն վեպը՝ «Ոգիների լեռը», ես սկսեցի գրել այն ժամանակ, երբ իմ ստեղծագործություններն արգելվեցին, թեև պիտի ասեմ, որ մինչ այդ հենց ինքս էի դրանք ենթարկել ամենախիստ գրաքննության: Ես վեպը գրում էի ինձ համար՝ ճգնելով խեղդել միայնության զգացողությունը, այն հրատարակելու հույս անգամ չտածելով:

Երբ հետադարձ հայացք եմ նետում և մտորում իմ գրողական աշխատանքի մասին, ցանկություն է առաջանում առանձնահատուկ ընդգծել, որ գրելու ամենագլխավոր խնդիրը ինքն իր աչքին ինքնահաստատման հասնելու հնարավորությունն է: Իսկ կտպագրվի՞ այն և ի՞նչ ընդունելության կարժանանա հարցին կարող է պատասխանել միայն ժամանակը:

Ես համարում եմ, որ գրականությունը ծնունդ է առնում գրողի՝ ինքն իրեն խինդ պարգևելու ցանկությունից: Թե ընթերցողն ինչպես կընդունի ստեղծագործությունը՝ կպարզվի հետո, և գրողն ինքը դրա վրա ազդեցություն գործելու հնարավորություն չունի այլևս: Համաշխարհային գրականության անմահ ստեղծագործություններից շատերը հրատարակվել են հեղինակի մահից հետո միայն: Կարո՞ղ էին այդ գրողները շարունակել ստեղծագործել, եթե ստեղծագործելու բուն պահին չհանգեին սեփական արժևորման գիտակցության: Չին գրականության պատմության ամենանշանավոր վեպերը՝ «Ճանապարհ դեպի արևմուտք», «Գետախորշեր», «Սալորի ծաղիկներ ոսկե սկահակում կամ Ցզինը, Պինը և Մեյը» և «Նինջ կարմիր ապարանքի վերնահարկում», գրվել են չորս վարպետների կողմից, որոնց ճակատագիրը նույնքան դժվար է ուսումնասիրել, որքան Շեքսպիրինը: Պահպանված միակ փաստաթուղթը Նայանյա Շիի («Գետախորշերի» ենթադրյալ հեղինակի) ինքնակենսագրական էսսեն է: Հեղինակը ասում է, որ գրել է բացառապես իր հաճույքի համար: Եթե այդպես չէ, ապա հանուն ինչի՞ է նա ողջ կյանքը նվիրել այդ հսկայածավալ ստեղծագործությանը, որը նրան ոչ մի եկամուտ չի բերել: Եվ մի՞թե նույնը չի կարելի ասել Կաֆկայի՝ ժամանակակից վեպի նախակարապետի և կամ 20-րդ դարի ամենախորունկ պոետներից մեկի՝ Ֆերնանդո Պեսոայի մասին: Խոսքին ապավինելիս նրանք բնավ չէին մտածում աշխարհը փոխելու մասին: Ու թեև շատ լավ գիտեին, թե ինչ անզոր է մեկ մարդը, այնուամենայնիվ իրենց մտքերը մատուցում էին խոսքի հանդերձով: Ահա այդչափ վիթխարի է խոսքի մոգական զորությունը:

Խոսքը՝ լեզուն, ապշելու աստիճան նուրբ, ընդգրկուն և անորսալի, մարդկային քաղաքակրթության ամենապայծառ դրսևորումն է, բյուրեղացումը: Այն հասնում է ամենուր, ներթափանցում մարդու զգացմունքների ու գիտակցության խորքերը, ընձեռում աշխարհը ճանաչելու հնարավորություն: Նման հրաշք է նաև գիրը, որի շնորհիվ գրական ստեղծագործությունները հասնում են սերունդներին, որը առանձին անհատների հնարավորություն է ընձեռում առնչվել այլ մշակույթների և այլ ժամանակների մարդկանց հետ: Հենց գիրն է հանդիսանում կապող օղակ գրելու և ընթերցելու ակնհայտ այսրոպեականության և գրականության անժամանցելի արժեքների միջև:

Ինքս որոշ թերահավատությամբ եմ վերաբերում ժամանակակից այն գրողներին, ովքեր չափազանց ընդգծում են իրենց երկրի մշակույթը: Նկատի ունենալով իմ ծագումը և մայրենի լեզուն՝ ես կարծում եմ, որ ինքս էլ, անշուշտ, չինական մշակութային միջավայրի կնիքն եմ կրում, ինչը սերտորեն կապված է լեզվի հետ, որոշակիորեն ձևավորել է իմ մտածողությունը, մտքերն ու դրանք արտահայտելու ոճերը: Սակայն չէ՞ որ գրողը սկսում է իրապես ստեղծագործել այն ժամանակ, երբ ասելիքն արդեն ասվել է խոսքով, և դրանից հետո պետք է շարունակել ու պատկերել այն, ինչ խոսքը դեռ լիովին չի արտահայտել: Ով խոսք է ասում իր լեզվով, իր ազգային պատկանելիությունը ցուցադրող պիտակների կարիք չունի բնավ:

Գրականությունը չունի ազգային սահմաններ, իսկ թարգմանությունը նպաստում է լեզվական պատնեշների հաղթահարմանը: Երբ գրականությանը հաջողվում է հաղթահարել մեկ առանձին հասարակարգին բնորոշ ավանդույթների և որոշակի միջավայրում ու ժամանակաշրջանում ձևավորված միջանձնային հարաբերությունների շրջանակների սահմանները, ապա մարդու մարդկային էությունը դրսևորվում է ճիշտ այնպես, ինչպես ներկայացնում է ճշմարիտ ստեղծագործությունը, այսինքն՝ համամարդկային, ընդհանուր բոլոր մարդկանց համար: Սրա հետ կապ ունի նաև այն հանգամանքը, որ ժամանակակից յուրաքանչյուր գրողի վրա, իր ազգայինից զատ, ազդում են նաև բազում այլ մշակույթներ: Եթե գրողը, որի զբաղմունքը զբոսաշրջիկների համար ուղեցույց գրելը չէ միայն, չափազանց ընդգծում է իր երկրի մշակութային առանձնահատկությունները, ապա դա անպայման հարուցում է ընթերցողի կասկածը:

Ինչպես անհատականությունը որևէ կախում չունի այս կամ այն մտավոր (ինտելեկտուալ) ուղղությունից, այնպես էլ գրականությունը կախում չունի որևէ գաղափարախոսությունից, սահմաններից ու ազգային գիտակցությունից: Կեցության պայմանները առավել մեծ նշանակություն ունեն, քան ճապաղ դատողություններն ու ճամարտակությունները առ այն, թե ինչ է կեցությունը: Գրականությունը մարդկային կյանքը խնդրահարույց դարձնող հանգամանքների բազմակողմանի և անդուլ ու վտանգավոր զննություն է ու նկարագրումը: Գրականությունը սահմանափակելու յուրաքանչյուր փորձ թելադրված է արտաքո կարգի հանգամանքներով՝ քաղաքական, հասարակական, բարոյական (կամ կապված է ավանդույթների հետ), և նրա վրա ճնշում գործադրելու, այլևայլ կաղապարների ու շրջանակների մեջ խցկելու, պաճուճանքի վերածելու նպատակ է հետապնդում:

Սակայն գրականությունը ոչ իշխանական զարդ է, ոչ էլ աշխարհիկ ինչ-ինչ նրբաճաշակության նշանակ: Նա ունի իր չափանիշները, ինչը պայմանավորված է գեղագիտական գնահատականով: Մարդկային զգացմունքներից բխող և դրանց համապատասխանող գեղագիտական գնահատական. ահա միակ չափորոշիչը, որ ընկած պետք է լինի գեղարվեստական երկի գնահատման հիմքում: Անշուշտ, այդ գնահատականը տարբեր մարդկանց համար տարբեր է, քանզի մարդու զգացմունքները կախված են նրա անհատականությունից: Այնուհանդերձ, նույնիսկ այդ սուբյեկտիվ գեղագիտական գնահատականներում կարելի է նկատել համընդհանուր չափանիշներ: Քննադատաբար մտածելու ունակությունը, որ զարգանում է մշտական ընթերցանության շնորհիվ, կարող է մարդուն օգնել հասնելու գեղարվեստական ստեղծագործության պոետիկ որակների, գեղեցիկի պատկերացման, վեհ գաղափարների ճշմարիտ ընկալման, զանազանել զավեշտականն ու ողբերգականը, տեսնել երևակայականը, ինչպես նաև զատել հումորն ու հեգնանքը:

Պոեզիայի զգացողությունը սկիզբ է առնում ոչ միայն գրողի գերզգայնությունից: Գրողի անսահման նարցիսիզմը այնպիսի մանկական հիվանդություն է, որից սկսնակը դժվար թե կարողանա խուսափել: Բացի այդ գրողի անհարկի զգայնությունն արտացոլվում է նաև այլ հարթություններում: Եվ վերին ոլորտներում այն չի կարող համեմատվել տարածական հեռավորությամբ կատարված անկիրք դիտարկման հետ: Հենց այս՝ տարածական հեռավորությամբ կատարված դիտարկման մեջ է թաքնված պոետիկ զգացողությունը: Եթե դիտարկող հայացքը, սավառնելով գրքի հերոսների և հեղինակի գլխավերևով, զննում է նաև գրողին, ապա նման հայացքը դառնում է գրողի երրորդ աչքը, անկողմնակալ աչքը: Նույնիսկ աղետներն ու մարդկային աշխարհի այլևայլ աղտեղությունները կարող են դրա շնորհիվ պատկերվել ամենասրտահույզ կերպով: Եվ այդպես, պատկերելով տառապանք, ինչպես նաև արգահատելի և եղկելի իրադարձություններ, գրողը միաժամանակ կարող է արթնացնել կարեկցանքի, սիրո և կայնքի անսահման նվիրվածության վերապրում:

Գեղագիտական գնահատականը, որի արմատները սնվում են մարդու զգացմունքների խորքերից, հավանաբար չի կարող հնանալ, թեև գրականության մեջ, ինչպես և արվեստի այլ ճյուղերում ժամանակակից ասվածի պատկերացումը՝ մոդան, կարող է փոխվել: Այնուհանդերձ, ճշմարիտ գրականության և տվյալ պահին մոդայիկի գնահատականի տարբերությունը այն է, որ վերջինս ուշադրություն է դարձնում միայն նորին: Հենց այդ սկզբունքն է ընկած շուկայի հարափոխության հիմքում: Գրքի շուկան բացառություն չէ: Սակայն եթե գրողը իր գեղագիտական չափանիշներում առաջնորդվեր շուկայի վայրիվերումներով, ապա դա հավասարազոր կլիներ գրականության ինքնասպանության: Ինձ թվում է, որ մեր սպառողական հասարակության մեջ գրականության համար ամենաարժանապատիվ վիճակը սառնասիրտ սպասումն է:

Տասը տարի առաջ, երբ յոթնամյա աշխատանքից հետո ավարտեցի ՙՈգիների լեռը՚, գրեցի նաև մի կարճ էսսե, ուր խոսում եմ այն գրականության մասին, որը հոգեհարազատ է ինձ:

Գրականությունը քաղաքականության հետ որևէ ընդհանրություն չունի և հանդիսանում է սոսկ գրող անհատի գործ: Դիտարկումներ, նախորդ փորձառությունների հիշողություններ, մի քանի հնարովի պատմություններ, այլևայլ ապրումներ, որոշակի տրամադրության արտահայտում. գրողը կարող է իր մտքերը հիմնավորելու պահանջը բավարարել սրանցով:

Երբ գրողը զրուցում է ինքն իր հետ կամ գրում, այլք, եթե ուզում են, կարող են ականջ դնել նրան կամ ընթերցել նրա գործերը: Գրողը իր ժողովրդի տրիբունը չէ, պետք չէ նրան երկրպագել: Բայց նա ոչ հանցագործ է, ոչ էլ ժողովրդի թշնամի: Իր ստեղծագործությունների պատճառով նա երբեմն փորձանքի մեջ է ընկնում, բայց դա տեղի է ունենում, որովհետև այլոց պահանջն է այդպիսին: Երբ իշխանություն ունեցողներին հարկ է լինում ժողովրդի ուշադրությունը շեղելու համար հնարել ինչ-ինչ թշնամիներ, այդժամ գրողներին են զոհաբերում: Իսկ ամենացավալին այն է, որ ուղեծրից շեղված որոշ գրողներ մեծ պատիվ են համարում, երբ իրենց են զոհ ընտրում:

Իրականում գրողի և ընթերցողի միջև գոյություն ունի այնպիսի կապ, որի շնորհիվ նրանք ազատվում են միմյանց հանդիպելու կամ շփվելու անհրաժեշտությունից: Բավարար է հաղորդակցվել գրողի ստեղծագործությունների միջոցով, հոգևոր մակարդակում: Սակայն մարդկային գործունեության այն ոլորտը, ինչպիսին գրելն է, առաջադրում է մեկ պարտադիր նախապայման. գրողը և ընթերցողը պետք է հանդիպեն ինքնակամ: Այդ իսկ պատճառով գրականությունը որևէ պարտավորություն չունի լայն զանգված կոչվածի առջև:

Ոչինչ չի խանգարում մեզ «սառը-օբյեկտիվ» անվանել այն գրականությունը, որը վերագտել իր նախնական ոգին: Նրա գոյության իրավունքը կարելի է ձևակերպել այսպես. որովհետև նա մարդկությանը մատակարարում է նյութական պահանջմունքներից անդին գտնվող, զուտ հոգևոր զբաղմունք: Նման գրականությունը, իհարկե, ստեղծվել է ոչ այսօր: Սակայն եթե անցյալում այն հիմնականում ստիպված էր պաշտպանվել քաղաքակական իշխանությունից և ավանդամոլ պատկերացումների ճնշումից, ապա մեր օրերում ստիպված է պայքարել նաև սպառողական հասարակության գնահատման կոմերցիոն չափանիշների դեմ: Գոյահաղթելու համար այդ գրականությունը պետք է սովորի տոկալով դիմակայել միայնությանը:

Նման գրականության նվիրված գրողը իր հացը դժվար է վաստակում, ուստի շատ հաճախ ստիպված է լինում դիմել վաստակի այլ միջոցների: Գրողական նման կեցությունը հարկ է դիտել որպես յուրատեսակ պերճություն, զուտ հոգևոր պահանջների ուրույն բավարարում: Այդ սառը-օբյեկտիվ գրականությունը հրատարակելու համար գրողն ստիպված է լինում ապավինել իր բարեկամների օգնությանը: Նման օրինակ կարող են հանդիսանալ Ցաո Սուեցինը («Նինջ ապարանքի վերնահարկում» վեպի հեղինակը) և Կաֆկան: Նրանց ստեղծագործությունները չեն հրատարակվել հեղինակների օրոք, նրանք գրական հոսանքների սկիզբ չեն դրել, որպես գրող չեն համարվել վառ աստղեր: Ապրել և աշխատել են հասարակությունից մեկուսացած կամ նրա ճամփեզրի փոսորակներից մեկում: Պարգև չակնկալելով ու ճանաչում չորոնելով՝ նրանք համառորեն զբաղվել են հոգևոր գործունեությամբ, որ հաճույք էր պատճառում հենց իրենց:

Սառը-օբյեկտիվ գրականությունը այն գրականությունն է, որը գոյահաղթելու համար դիմում է տարագրության, որը հասարակությանը թույլ չի տալիս հեղձամահ անել իրեն և ձգտում է հոգևոր ողջագոյության: Եթե որևէ ազգ ավելորդ է համարում տեղ տալ նման անպետ գրականությանը, ապա դա ոչ միայն հարված է գրողին, այլև ծանր ողբերգություն ողջ ազգի համար:

Կյանքում իմ բախտը բերել է, Շվեդական ակադեմիան էլ ինձ արժանացրել է այս բարձրագույն մրցանակին, որովհետև իմ բարեկամները ողջ աշխարհում տարիներ շարունակ անշահախնդիր և հետևողականորեն թարգմանել, հրատարակել և ներկայացրել են իմ գործերը: Քանի որ այդ բարեկամների թիվը չափազանց մեծ է, ուստի անհնար է նրանց շնորհակալություն հայտնել անուն առ անուն:

Ուզում եմ նաև իմ երախտապարտությունը հայտնել Ֆրանսիային, որը գրկաբաց ընդունեց ինձ: Այդ երկրում, ուր ծաղկում է գրականությունը և արվեստը, ինձ ստեղծագործական աշխատանքով զբաղվելու ազատություն ընձեռվեց, այնտեղ ես ունեմ ընթերցողներ և մտերիմներ: Իմ բախտը բերեց նաև այստեղ. ես ինձ այլևս մենակ չէի զգում, թեև իմ գործունեության բնույթը պահանջում է վերին աստիճանի առանձնացում:

Ուզում եմ ասել նաև, որ կյանքը բնավ ոչ միշտ է տոն: Ոչ բոլոր երկներն ունեն Շվեյցարիայի նման (ահա արդեն 180 տարի) խաղաղությունը վայելելու հնարավորություն: Անցած դարում Երկիր մոլորակը պատուհասած ահավոր արհավիրքները դիմադրողականություն չներարկեցին այն դարին, որ նոր է սկսվել: Հիշողությունը հնարավոր չէ ժառանգել կենսաբանական գենի նման: Չնայած մարդը մտածող արարած է, սակայն նրա խելքն այդպես էլ չի բավարարում, որ ինքն իրեն ստիպի սովորել անցյալից: Ընդհակառակը, մարդու միտքը կարող է հանգեցնել զարհուրելի բռնկումների, որոնք սպառնալիք են հենց իր գոյությանը:

Անշուշտ, մարդկությունը ոչ միշտ է ընթանում առաջընթացի ճանապարհով: Պատմությունը (նկատի ունեմ քաղաքակրթության պատմությունը) ոչ միշտ է ընթացել առաջ: Լճացում միջնադարյան Եվրոպայում, Ասիայի զարգացման հետընթաց մեր օրերում. այդ քաոսային զարգացման գագաթնակետ հանդիսացան 20-րդ դարի երկու համաշխարհային պատերազմները, որոնց ժամանակ սպանության տեխնիկան հասավ ճարտարության աստիճանի: Մարդկային քաղաքակրթությունը չի զարգանում գիտության և տեխնիկայի նվաճումներին համընթաց:

Ոչ պատմությունը գիտական մեթոդներով մեկնաբանելու, ոչ էլ խաբուսիկ դիալեկտիկայի միջոցով վերլուծելու փորձերը զորու չեն բացատրություն տալ մարդու արարքներին: Ահա արդեն մարել է մոլագարության հասնող հետաքրքրությունը ուտոպիաների նկատմամբ, որ տևեել է ավելի քան հարյուր տարի, ահա արդեն ցրվել է փոշին, որ բարձրացրել էին միմյանց հաջորդող հեղափոխությունները, և մի՞թե նրանց համար, ում բախտ է վիճակվել ապրել այդ ամենից հետո, դեռ չի եկել դառնություն զգալու ժամանակը:

Բացասականի ժխտումը ոչ միշտ է հանգեցնում դրական պատասխանի, իսկ հեղափոխական գաղափարները ոչ միշտ է հնարավոր կյանքի կոչել: Նոր հասարակության վերաբերյալ ուտոպիաները հիմնված են այն պատկերացումների վրա, որ հին աշխարհը պետք է կործանել հիմնովին: Երբ հեղափոխության հասարակագիտական տեսությունը կիրառվում է գրականության նկատմամբ, նշանակում է՝ դրախտի այգին, որ ի սկզբանե նախատեսված էր ստեղծագործության համար, վերածվում է պատերազմի թատերաբեմի, ուր անարգվում են ավագ սերնդի ներկայացուցիչները և ոտնակոխ է արվում ավանդական մշակույթը: Ստիպում են ամեն ինչ սկսել զրոյից, ընդունել միայն նորի համարում ունեցողը: Գրականության պատմական զարգացումը հայտարարվում է հանրությանը խորթ իրադարձությունների անվերջանալի հաջորդականություն:

Գրողը իրոք չի կարող դեմիուրգի դեր տանել, ինչպես նաև չպիտի տրվի ամբարտավանության, հասնի այն աստիճանի, որ իրեն համարի Քրիստոսի վերամարմնավորում: Դա ոչ միայն կնշանակեր, որ նա խելքը թռցրել է, այլև նրա աշխարհը կվերածեր ցնորքի: Նա կհայտնվեր քավարանում, ուր բացառվում է կյանքի ցանկացած դրսևորում: Եթե դժոխքը  մնացյալ բոլորն են, ապա մի՞թե նա էլ չպիտի հայտնվի նրանց միջավայրում, քանզի կորցրել է սեփական ես-ը: Բացի այն, որ ինքն է զոհ գնալու ապագայի զոհասեղանին, այլք նույնպես ստիպված կլինեին կիսել նրա ճակատագիրը:

20-րդ դարի արդյունքները հանրագումարի բերելիս չպիտի շտապենք: Եթե խճճվելու ենք գաղափարական հերթական կառույցի ավերակներում, նշանակում է՝ անցյալի պատմական զարգացումը ոչինչ չարժե: Այդժամ կարգուկանոնը վերականգնելու խնդիրը ստիպված կլինի լուծել գալիք ժամանակների մարդը:

Նմանապես գրողը բնավ մարգարե չէ. գլխավորն այն է, որ նա ապրի ներկայով, մաքրագործվի խաբեություններից, հրաժարվի անիրագործելի երազանքներից, հստակ պատկերացնի, թե ինչ է տեղի ունենում ներկայի մեջ, և միաժամանակ քննադատաբար վերաբերի ինքն իրեն: Յուրաքանչյուր դժվարություն, ցանկացած ճնշում մեծ մասամբ հետևանք է արտաքին հանգամանքների, սակայն առանձին անհատի թուլության ու անհավասարակշռության պատճառով դրանք կարող են ավելի զորանալ և կործանարար ազդեցություն ունենալ նաև այլոց համար:

Երբ մարդկության գործողությունները հույժ անհասկանալի են, իսկ ինքնաճանաչումը խիստ դժվար է տրվում անհատին, գրականությունը կարող է ի հայտ գալ լոկ որպես ինքնահայեցումի արդյունք: Ինքնահայեցման տրվելիս գիտակցության միայնակ շողը կարող է լուսավորել մարդու սեփական ես-ը:

Գրականության խնդիրը հասարակական հեղաշրջում առաջացնելը չէ. կարևորագույն խնդիրը այս է՝ բացահայտել և հայտնաբերել ճշմարտություններ, որոնք դժվար են տրվում մարդկությանը, կամ որոնց մասին մարդիկ բավականաչափ տեղյակ չեն, կամ համարվում են հանրահայտ, սակայն իրականում մարդիկ պատկերացում անգամ չունեն դրանց մասին: Անշուշտ, ճշմարտությունը գրականության ամենահիմնական արժանիքն է:

21-րդ դարն արդեն սկսվել է: Չեմ կարող ասել նոր է այն, թե ոչ: Ժամանակն է, որ գրական հեղափոխությունը և հեղափոխության գրականությունը հետևեն  ավերակի վերածված գաղափարախոսությանը: Ավելի քան հարյուր տարի այլևայլ հանրությունների պարուրած պատրանքներն ու ուտոպիաները հողմացրիվ են եղել: Այլևայլ ինտելեկտուալ հոսանքների կապանքներից ազատագրված գրականությունը պետք է վերադառնա մարդկային կյանքի խեղաթյուրվածության պատկերմանը, խեղաթյուրվածություն, որ այնքան էլ չի փոխվել և բոլոր ժամանակներում եղել ու մնում է թեմա գրականության համար:

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որը զուրկ է ապագայի խոստումներից և կանխատեսումներից, ու ես կարծում եմ, որ այդպես էլ պետք է լիներ: Գրողն այլևս ստպված չէ կատարել մարգարեի կամ դատավորի դեր: Ապագայի շատ կանխատեսումներ, որ կատարվել էին անցյալ դարում, փուչ դուրս եկան: Մենք չպետք է անհարկի նախապաշարմունքներ ստեղծենք ապագայի նկատմամբ, ավելի ճիշտ կլինի դիտարկել կյանքի ընթացքը: Ավելի լավ է գրողը հանդես գա որպես վկայող և հնարավորինս հստակ պատկերի ճշմարտությունը:

Ես բնավ չեմ ուզում ասել, թե գրականությունը նունանում է իրականության պարզ նկարագրության հետ: Մենք պետք է հասկանանք, որ իրականությունը նկարագրելիս վկաների դիմելը չնչին պատկերացում է հաղորդում դրա մասին, իսկ արարքների և իրադարձությունների միտումները մեծ մասամբ մնում են չբացահայտված: Սակայն երբ գրականությունը հաղորդակցվում է ճշմարտության հետ, կարող է որևէ բան լռության չմատնելով վեր հանել այն, ինչ թաքնված է մարդու սրտում, և հետևել այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում դրա հետևանքով: Ահա թե ինչ զորություն ունի գրականությունը, իհարկե, պայմանով, որ գրողը բացահայտի մարդկային կեցության իսկությունը և ոչինչ չհորինի:

Ճշմարտությունը հստակ տեսնելու ունակությունը կանխորոշում է գրողի ստեղծագործության մակարդակը: Այդ ունակությունը անհնար է փոխարինել լեզվի խաղերով կամ ոճական ինչ-ինչ ճարպիկ հնարքներով: Գոյություն ունեն բազում տեսակետներ, թե ինչ է իրական ճշմարտությունը, ինչպես նաև բազում են նրան հասնելու ուղիները: Սակայն մի հայացքն իսկ բավարար է, որ տեսնես, թե գրողը կեցության կե՞ղծ պատկեր է նկարագրում, թե՞ ոչինչ չանտեսելով՝ ներկայացնում է ճշմարտությունը: Իմացաբանական տեսությունների միջոցով անհնար է պարզել, թե ինչ է ճշմարտությունը: Մինչդեռ հենց այդպես են վարվում այն քննադատները, ովքեր կապ ունեն որևէ գաղափարախոսության հետ: Բայց գաղափարախոսական սկզբունքներն ու դոգմաները որևէ կապ չունեն ճշմարիտ գրականության հետ:

Հարցը, թե գրողն իր ստեղծագործության մեջ հասնո՞ւմ է ճշմարտության, առնչվում է ոչ միայն գրողի ստեղծագործական մեթոդին, այլև սերտորեն կապ ունի իր իսկ ստեղծագործության նկատմամբ նրա ունեցած վերաբերմունքի հետ: Եթե այն, ինչ նա գրում է, ճշմարտություն է, ուրեմն գրում է ազնիվ մղումներով: Ճշմարտություն ասվածը տվյալ դեպքում սոսկ գրական արժեք չէ. այն ունի նաև բարոյական բնույթ: Գրողը ընթերցողի բարոյականությունը ամրապնդելու խնդիր չի դնում իր առջև: Նրա գործը անծայրածիր տիեզերքում բանտարկված էակների անհամար բազմության մասին (ինչպես ասել է Բուդդան) ճշմարտությունը պատմելն է, միաժամանակ, ոչինչ լռության չմատնելով, մերկանալու նման իր հոգին բանալը և մարդու սրտում անթեղված ճշմարտությունն ի ցույց դնելը: Գրողի համար ճշմարտության և գրականության հարաբերակցությունը հանդիսանում է բարոյական դրսևորում, գրական էթիկա, որ օժտված է բարձրագույն արժանապատվությամբ:

Երբ ստեղծագործելուն ամենայն լրջությամբ վերաբերվող գրողը գրիչ է վերցնում, նույնիսկ նրա գրողական երևակայությունն է սկսում սնվել մարդկային կյանքը ճշմարիտս ներկայացնելու պարտավորվածությունից: Համաշխարհային գրականության շատ գլուխգործոցների հենց սա է կենսունակություն հաղորդել: Հունական ողբերգություններն ու Շեքսպիրը երբեք չեն հնանում հենց դրա շնորհիվ:

Գրականությունը երբեք իրականության սոսկական պատճենահանում չէ: Նա  կարողանում է ներթափանցել իրականության արտաքին թաղանթից անդին և հասնել բուն  խորքերը: Նա ցույց է տալիս, որ գոյություն ունի սուտ, և առօրեականությունից վեր կանգնելով՝ ի տես հանում պատճառահետևանքային կապերը, որ բացվում են նրա լայն տեսադաշտի առջև:

Երևակայությունը նույնպես իր դրսևորումն է գտնում գրականության մեջ: Ոգու ճախրանքը սին խոսք չէ: Երևակայությունը, որը կապ չունի Ճշմարիտ զգացմունքների և հույզերի հետ և հիմնված չէ կենսափորձի վրա, դժգույն է ու անզոր: Ստեղծագործությունը, որին ինքը՝ հեղինակը, հավատ չի ընծայում, իհարկե չի կարող ազդեցություն գործել ընթերցողի վրա: Իհարկե, գրականության մեջ արտացոլվում է ոչ միայն գրողի ամենօրյա կյանքի փորձառությունը. գրողը չի սահմանափակվում սեփական փորձառությամբ: Խոսքի զորությամբ նա կարող է սեփական փորձառության վերածել այն, ինչ լսել է և տեսել, ինչի մասին առաջներում ասվել է գրականության մեջ: Ահա խոսքի մոգական զորության ևս մի օրինակ:

Այնպես, ինչպես հմայախոսություններում և աղոթքներում, խոսքի խորքերում գաղտնագրված է զորություն, որից մարդու սիրտը թրթռում է, և մարմինը՝ սարսռում: Խոսքի արվեստի էությունը հենց այն է, որ պատմողը կարողանում է իր անձնական ապրումները հաղորդել այլոց: Խոսքը ոչ միայն նշանների համակարգ է, իմացաբանական կառույց կամ քերականական կազմություն: Եթե մոռանանք խոսքի ետևում թաքնված պատմողին, ապա տեքստի նշանակության մեկնությունը կվերածվի ինտելեկտուալ խաղի:

Խոսքը սոսկ պատկերացումներ և գաղափարներ արտահայտող չէ, այն ուղղված է նաև ապրումներին և կանխազգացությանը: Հենց այդ պատճառով էլ նշանների և տեղեկատվության համախումբը չի կարող փոխարինել կենդանի խոսքին: Արտաբերված բառերի թիկունքում խոսողի ձգտումներն ու մղումներն են, ձայնի հնչերանգն ու հոգեվիճակը. դրանք հնարավոր չէ լիովին արտահայտել իմաստասացության և ճարտասանության միջոցով: Խոսքի իմաստը գրական տեքստում լիովին է արտահայտվում միայն այն ժամանակ, երբ հաղորդվում է կենդանի մարդու միջոցով: Տեքստը պետք է ընկալել նաև լսողությամբ և ոչ թե մարմնի սոսկ այն օրգաններով, որոնցով մտածում ենք: Խոսքը մարդուն պետք է ոչ միայն  մտքեր հաղորդելու համար: Այն անհրաժեշտ է նաև, որպեսզի մարդը լսի և հասնի ինքնաճանաչողության:

Այստեղ ես ինձ թույլ եմ տալիս վերափոխել Դեկարտի ասույթը և հասցեագրել գրողներին. «Ես իմ մտքերի համար խոսքեր գտնում եմ, նշանակում է՝ ես ապրում եմ»: Գրողի ես-ը կարող է արտահայտել ինքը՝ գրողը, որը հենց պատմողն է, կամ ստեղծագործության գործող անձանցից մեկը: Կարող է լինել կին, կարող է լինել տղամարդ, կարող ես լինել նաև դու: Պատմողը կարող է տարրալուծվել առաջին, երկրորդ, երրորդ դեմքերի մեջ: Ենթակայի և անձնական դերանվան նույնացումը ելակետ է՝ արտահայտելու համար այն մտքերն ու հույզերը, որոնցից կարող են սկիզբ առնել նույն պատմության երեք տարբեր կոմպոզիցիաներ: Պատմելու ինքնատիպ մեթոդ որոնելու միջոցով էլ գրողն արտահայտում է իր ապրումներն ու մտքերը:

Իմ վեպերում հերոսները հանդես են գալիս որպես անձնական դերանուններ: Տարբեր դերանունների՝ «ես», «դու», «նա»-ի միջոցով ես նկարագրում և հետևում եմ նույն գլխավոր հերոսներին: Նույն անձը ներկայացվում է տարբեր անձնական դերանուններով: Օտարացումը, որ ծագում է միևնույն կերպարը երեք տարբեր մեթոդներով ներկայացնելու շնորհիվ, գործող անձանց ընձեռում է ընդլայնված հոգեբանական տարածք: Դերանունների նման փոխարկում ես օգտագործել եմ նույնիսկ իմ դրամաներում:

Վեպ ու դրամա միշտ գրել են ու կգրեն: Գրական կամ արվեստի որևէ ժանր իր դարն ապրած հայտարարելը ծիծաղելի է:

Խոսքը, որ ծագել է մարդկության քաղաքակրթությանը զուգընթաց, նույնքան հրաշալի է, որքան կյանքը, իսկ արտահայտման զորությունը անսահման է: Գրողի խնդիրն է բացահայտել և զարգացնել խոսքի գաղտնածածուկ զորությունը: Գրողը աստվածություն չէ և աշխարհներ վերացնել չի կարող (նույնիսկ այսպիսի հնամաշ ու անկատար աշխարհը): Ու նաև չունի նոր, իդեալական աշխարհ ստեղծելու զորություն, թեև գիտի, որ աշխարհը, ուր ապրում ենք, տարօրինակ է և անըմբռնելի մարդկային բանականության համար: Սակայն գրողը կարող է շատ-քիչ նոր ու թարմ ինչ-ինչ բաներ արտահայտել, ինչ-որ բան ավելացնել մինչ ինքն ապրած գրողների ասածներին կամ սկսել այնտեղից, ուր վերջակետ են դրել նրանք:

Այն, որ գրականությունը հնարավոր է օգտագործել քայքայիչ նպատակներով, ընդամենը սնամեջ բարբաջանքն է նրանց, ովքեր պաշտպանում են գրական հեղափոխության գաղափարը: Գրականությունը մահ չունի, իսկ գրողին անհնար է հաղթել: Յուրաքանչյուր գրողի ստեղծագործություն իր նախասահմանված տեղն ունի գրապահոցի դարակներում: Գրողն ապրում է այնքան, քանի դեռ նրա ստեղծագործությունները ընթերցող ունեն: Եթե մարդկության հսկայական գրադարանում պահպանվում է ինչ-որ գրողի թեկուզ կենտ մի ստեղծագործություն, որը ինչ-որ ժամանակ գտնում է կենտ մի ընթերցողի, ապա գրողի համար դա գերագույն խինդ է լինելու:

Սակայն և՛ գրողի, և՛ ընթերցողի պատկերացմամբ գրականությունը այնպիսի բան է, որը կյանքի է կոչվում ներկայի մեջ, և հենց այս է նրա արժանիքը: Ապագայի համար գրող գրողը ընկնում է էֆեկտների հետևից ու խաբում և իրեն, և ուրիշներին: Գրականությունը ստեղծվում է ապրողների համար և իր մեջ կրում է հաստատումն այն իրականության, որի մեջ նրանք ապրում են: Հենց այդ հավիտենական ներկան, անհատ մարդու կյանքի այդ հաստատումն էլ գրականությանը շնորհում է գոյության անհերքելի իրավունքի ապացույց: Եթե, իհարկե, այդ հսկայական, ինքն իր մեջ անթեղված իրականության գոյության իրավունքը ապացույցի կարիք ունի:

Միայն այն ժամանակ, երբ մարդ գրում է վաստակի մասին չմտածելով կամ երբ գրելիս վայելք է զգում, չի հարցնում, թե հանուն ինչի և ում համար է գրում, նրա գիրը հանդես է գալիս որպես բացարձակ անհրաժեշտություն: Եվ հենց այդ պահին էլ ծնվում է գրականությունը: Կատարելապես անօգուտ լինելը ի սկզբանե դրված է նրա էության հիմքում: Այն, որ գրողական գործը սկսել է համարվել մասնագիտություն, ժամանակակից հասարակության մեջ աշխատանքի բաժանման սկզբունքի կիրառման ցավալի հետևանք է: Գրողը դրա դառը պտուղներից է տուժում:

Դա նախ և առաջ վերաբերում է մեր ժամանակաշրջանին, ուր շուկայական հարաբերությունները ձեռք են բերել այնպիսի իշխանություն, որ նույնիսկ գիրքն է ընկալվում լոկ որպես ապրանք: Այդ անծայրածիր ու անսանձ շուկայում տեղ չկա անցյալի գրական հոսանքներին և միավորումներին, էլ չենք խոսում առանձին անհատ, մեկուսացած գրողների մասին: Եթե գրողը հրաժարվում է ենթարկվել շուկայի ճնշմանը, հրաժարվում է նվաստանալ, իջնել մոդայի պահանջով մշակութային արտադրանք ստեղծելու աստիճանի, այդժամ ստիպված է լինում ինքն իրեն պահելու այլ միջոց գտնել: Գրականությունը ոչ մի ընդհանրություն չունի բեսթսելերների և այնպիսի ցուցակների հետ, ինչպիսիք են «Տասը լավագույն գրքերը»: Հեռուստատեսությունը և զանգվածային լրատվության մյուս միջոցները ավելի շատ գովազդով են զբաղված, քան գրողներով ու գրականությամբ: Գրելու ազատությունը գրողին անհատույց չի տրվում, և այն անհնար է գնել: Այն համապատասխան է հենց իր՝ գրողի ներքին պահանջներին: Այդպիսին է ազատության գինը:

Փոխանակ խոսելու այն մասին, թե քո սրտում Բուդդան է ապրում, ավելի լավ է ասել, որ այնտեղ ապրում է ազատությունը: Քեզնից է կախված, թե ինչպես կօգտվես այդ ազատությունից: Եթե պատրաստ ես այն ինչ-որ բանով փոխանակել, ապա այն կթռչի, կհեռանա որպես թռչուն, քանզի այդպիսին է նրա ոգին:

Երբ գրողը, վարձահատույց չլինելով, շարունակում է գրել՝ վարձահատույց լինելու մասին չմտածելով, դա  նրա անձնական արժեքի ինքնահաստատումն է: Դրանում, իհարկե, թաքնված է նաև մարտահրավեր հասարակությանը: Սակայն այդ մարտահրավերը ոչ լավ մշակված ժեստ է պարզապես: Գրողը ինքն իրեն հերոս կամ ռազմիկ ներկայացնելու կարիք չունի բնավ: Հերոսներն ու ռազմիկները մարտի են գնում հանուն վեհ նպատակների կամ հանուն փառքի, որ ձեռք են բերելու մարտի դաշտում, բայց այդ ամենը գրականության տիրույթներից դուրս է: Գրողը հասարակությանը մարտահրավեր է նետում խոսքի միջոցով, իսկ խոսքը պետք է համահունչ լինի նրա հերոսներին և այն իրադարձություններին, որոնց մեջ նրանք հայտնվում են: Հակառակ դեպքում ստեղծագործությունը վնաս կհասցնի գրականությանը: Գրականությունը չպիտի հավասարվի զայրույթի պոռթկումի, իսկ զայրույթը, որ կարող է զգալ գրողը, չպիտի վերածվի մեղադրանքի: Միայն այն ժամանակ, երբ գրողի զգացմունքները կմարմնավորվեն որպես նրա գրականություն, այն ձեռք կբերի կենսունակություն և չի հնանա ժամանակի ընթացքում:

Ուստի ճիշտ կլինի ասել, որ հենց ստեղծագործությունն է մարտահրավեր նետում հասարակությանը և ոչ թե հեղինակը: Մշտապես այժմեական ստեղծագործությունները հանդիսանում են գրողի ժամանակաշրջանի և հասարակական միջավայրի հզոր ձայնը: Երբ մարում են գրական ստեղծագործության մեջ նկարագրված իրադարձությունների հարուցած հույզերը, երբ լռում են իրական կերպարները, ահա այդ ժամանակ է լսելի դառնում գրողի ձայնը, եթե, իհարկե, նրա ստեղծագործությունը դեռ հետաքրքրում է ընթերցողին:

Այնուհանդերձ, նմանատիպ մարտահրավերները հասարակությունը փոխելու ունակ չեն: Նրա նշանակությունն այնքան է, ինչքան, օրինակ, առանձին անհատի ժեստը, որ գուցե այնքան էլ ցայտուն չէ, բայց այնուամենայնիվ դուրս է վարքի սովորական շրջանակներից և ձգտում է անցնել սոցիալական միջավայրի նախանշած առօրեականության սահմանը: Իր մարդկային արժանապատվությունը գրողը արտահայտում է հենց այդ ձևով: Չափազանց տխուր կլիներ, եթե մարդկային քաղաքակրթությունը զարգանար սոսկ անհասկանալի օրենքներով և ինքնահոսով ընթացող կույր հորձանքներին տրվելով, իսկ անհատ մարդը չկարողանար գտնել իր ուրույն՝ մեծամասնությունից տարբերվող տեսակետն արտահայտելու հնարավորություն: Այս իմաստով գրականությունը լրացնում է պատմությանը: Երբ պատմությունը, ընտրության հնարավորություն չընձեռելով, մարդկանց պարտադրում է իր օրենքները, անհատ մարդը պետք է պայքարի իր ձայնը լսելի դարձնելու համար: Մարդկությունը ունի ոչ միայն պատմություն, նրան շնորհված է նաև գրականություն: Եվ մարդուն, չնայած իր աննշանությանը, դրանով իսկ շնորհված է ինքն իր հանդեպ վստահության մի հյուլե:

Ակադեմիայի մեծարգո անդամներ: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ՝ իմ գրականությանը Նոբելյան մրցանակ շնորհելու համար. այն գրականությանը, որը զերծ չի եղել մարդկությանը պատուհասած տառապանքներից ու քաղաքական հալածանքներից, բայց չի հնազանդվել: Ես շնորհակալ եմ, որ այս պատվավոր մրցանակը շնորհել եք մի համեստ գրականության, որը հեռու է շուկայի խորամանկություններից, բայց այնուամենայնիվ արժանանում է ընթերցողի ուշադրությանը: Միևնույն ժամանակ կցանկանայի Շվեդական ակադեմիային շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ ինձ հնարավորություն ընձեռվեց ելույթ ունենալ ամբիոնից, որին հառված է ողջ աշխարհի հայացքը, այն բանի համար, որ ինձ լսելու ցանկություն ի հայտ եկավ, փոքր մարդուն հնարավորություն տրվեց բարձրացնել իր ցածր ձայնը, որ այնքան հազվադեպ է հնչում զանգվածային լրատվամիջոցներով, հնարավորություն տրվեց խոսելու ողջ աշխարհի հետ: Ես կարծում եմ, որ դա համահունչ է Նոբելյան մրցանակի նպատակներին: Ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ինձ այդպիսի հնարավորություն ընձեռելու համար:

 

Թարգմանությունը՝ Հակոբ Սողոմոնյանի      

 

 

Անդին 9-10, 2015

Share

Կարծիքներ

կարծիք