Անկախության առաջին արշալույսը

Հեղինակ:

78888

Երբ հնչեղ անուն-ազգանունով անձնավորությունը հրապարակեց Անկախության մասին որոշումը և ձեռքերը հաղթական պարզեց վեր, Հայոց աշխարհը բերկրանքից ալեկոծվեց: Անկախության ավետիսը Գերագույն խորհրդից վայրկենապես դուրս հորդեց, ցնծությամբ լցրեց ամեն քաղաք ու գյուղ, ամեն տուն ու փողոց: Այն հասավ նաև համալսարան, դուրս բերեց մեզ լսարաններից, ու միջանցքներում խռնված ուսանող ու դասախոս խանդավառ ճիչերով իրար գիրկ նետվեցինք, ողողեցինք միմյանց ամեն տեսակ օրհնանք-մաղթանքներով, որոնց մեջ առավել լսելի էին «աչքներս լույս», «բարով վայելենք», «Աստված մեկը հազար անի» և նման այլ տեղին ու անտեղի պապենական բարեմաղթանքները:

Ընդհատված դասերը շարունակելու մասին ոչ ոք չէր ուզում լսել, ուստի բոլորը շտապեցին տուն՝ մերձավորների հետ կիսելու իրենց խնդությունը: Մենք էլ, համակուրսեցի չորս-հինգ անբաժան ընկերներով, մեկտեղվեցինք՝ մտմտալու այս թանկ ու անսովոր իրադարձությունը ինչ-որ կերպ նշանավորելու մեր պարտավորությունը: Որևէ մեկիս տանը հավաքվելու տարբերակն անմիջապես մերժվեց, քանզի հաճախադեպ դարձող ու երբեմն մինչև լույս ձգվող մեր գինարբուքները սկսել էին հարուցել մեր տնեցիների դժգոհությունը: Առավել ընդունելի համարվեց Արթուրի առաջարկը, ով ամեն առավոտ դասի էր գալիս Երևանից ոչ շատ հեռու գավառական «Չ» քաղաքից: «Չ»-ի քաղխորհրդում Արթուրին հասարակական հիմունքներով ինչ-որ պաշտոն էին վստահել և ամենակարևորը՝ հատկացրել էին աշխատասենյակ: Այդ նեղլիկ աշխատասենյակի խաղաղությունը և մանավանդ քաղխորհրդի շենքի տարեց պարետի՝ ուստա Ռաֆիկի հյուրընկալ ջերմությունն ու ամեն ինչի մասին արտառոց խրատ-դատողությունները մեզ հաճախ էին հասցնում այնտեղ, ուր տասնյակ գիշերներ էինք լուսացրել օղու շշերի շուրջը:

«Չ» շարժվող ավտոբուսում անմիջապես զգացվեց, որ մենք մենակ չենք մեր հպարտության մեջ: Ուղևորները կարծես թոթափել էին օրեցօր դժվարացող ապրուստի հոգսերը և լավատեսական մտքեր էին փոխանակում մոտալուտ բարօրության մասին: Իսկ հնամաշ ավտոբուսի փնչոց-ործկոցը հնչում էր որպես անկախության ախորժալի ղողանջ ու կարկաչ:

Այդ ամիսներին մեր ուսանողական խնջույքները սկսել էին սահմանափակվել Սևանի անխնա սպառվող սիգի պաշարներով և անպիտան մրգերից թորված վատորակ օղիով: Քաղաքի աղքատիկ շուկայից ձեռք բերեցինք դրանցից մի զգալի քանակություն և հաղթական մուտք գործեցինք քաղխորհուրդ: Աշխատակիցներից արդեն դատարկված շենքի մուտքի մոտ ուստա Ռաֆիկը հարազատի նման դիմավորեց մեզ, ուղեկցեց ներս, վերցրեց ձկներն ու անհրաժեշտ համեմունքները և ուղղվեց իր խուցը՝ դրանք խաշելու: Վերև բարձրանալիս մենք հորդորեցինք նրան այս անգամ առանձնակի ակնածանքով վերաբերվել սիգերին, քանզի դրանք այլևս անկախ Հայաստանի ձկներն էին:

Որոշ ժամանակ անց Արթուրի գրասեղանի շուրջ Անկախությունն իր տարերքի մեջ էր: Ի՜նչ բաժակաճառեր հնչեցին… Դրանցից ամեն մեկը Անկախության հռչակագրի արժեք ուներ: Դրանցում արդեն իսկ ուրվագծվում էին մեր ապագա Սահմանադրության հիմնարար հոդվածները՝ երկրի հզորությամբ, ինքնիշխանությամբ, իրավունքի տեսակներով ու էլի այլ կարևոր բաներով: Միայն թե ուստա Ռաֆիկը համը հանում էր: Ամեն բաժակից առաջ ու հետո նա մեր աչքն էր խոթում իր տարիքն ու փորձառությունը, խրատում շատ չոգևորվել ու պատրաստ լինել ամեն փորձանքի: Նույնիսկ բերեց աֆրիկյան ու ասիական ինչ-որ երկրների օրինակներ, որոնցում անկախության ժամանակ ամեն ինչ կերել էին ու հետո սկսել էին իրար ուտել: Ի վերջո նա մեզ այնպես զզվեցրեց, որ կոպտորեն քշեցինք ներքև՝ իր բույնը:

Հետադարձ հայացքով պիտի խոստովանեմ, որ այդ օրը աշխարհից մոռացված «Չ» քաղաքը և մասնավորապես քաղխորհրդի շենքը դրսևորվեց որպես Անկախության կատարյալ առաջամարտիկ: Դեռ նոր էին մեզանում սկսել խոսել ապասվող էներգետիկ ճգնաժամի մասին, մենք դեռ չէինք պատկերացնում, թե ինչ է հովհարային անջատումը, բայց այդ երեկո, մեր ոգևորության ամենաթունդ պահին, քաղխորհրդի շենքը հանկարծ հոսանքազրկվեց: Քիչ առաջ պայծառ բոցկլտացող Անկախությունը խավարի մեջ դարձավ խորհրդավոր ու առեղծվածային:

-Էս Ռաֆիկի կռկռոցից էր,- հնչեց Արթուրի ձայնը,- բայց դուք դարդ մի արեք, վերջերս հաճախ է էսպես լինում, ու ես դարակում մոմ եմ պահում:

Նա վարժ շարժումներով դարակից դուրս բերեց մոմի կտորտանքներ, վառեց ու ամրացրեց որտեղ պատահի: Մեր գինարբուքը լցվեց չարագուշակ ստվերներով, բայց նույն ոգով շարունակվեց էլի մի քանի ժամ:

Կեսգիշերն անց էր, ու օղին սպառվելու վրա էր: Հանկարծ Արթուրը այլայլված վեր ցատկեց: Նրա ընդոստ շարժումից մարմրող մոմերը թրթռացին, ու սենյակը խճողած ստվերները դարձան սարսափազդու ուրվականներ:

-Ի՞նչ պատահեց,- անհանգստացանք մենք:

-Բա մենք մարդ ե՞նք, բա մենք թասիբ ունե՞նք: Էս քանի ժամ ա՝ Անկախություն ենք նշում, իսկ շենքի գլխին սովետական դրոշն ա ցցված:

Արթուրի այս ուշացած նկատառումը մեր բորբոքված ուղեղներում ևս ընկալվեց որպես աններելի բարբարոսություն: Վրդովված նայեցինք միմյանց. կարծես մեղավորը մեր մեջ էր: Բայց մեր հնարամիտ ընկերը դրա լուծումն էլ գտավ.

-Աստված մեզ հետ ա: Մեր քաղաքի թատրոնը իր շենքը չունի, դեկորները էս շենքի նկուղում ենք պահում: Դրոշների հավաքածուի մեջ ես Եռագույն տեսել եմ: Քանի լույսը չի բացվել, պետք ա ուղղենք մեր սխալը:

Արագ դուրս եկավ միջանցք ու սկսեց կոկորդով մեկ ձայն տալ ուստա Ռաֆիկին: Քիչ անց մոմը ձեռքին քստքստացնելով ներս մտավ քնաթաթախ Ռաֆիկը: Խեթ-խեթ նայեց պարպված շշերին ու միանգամից անցավ ինքնապաշտպանության.

-Իզուր չհամոզեք, ոչ մի տեղ էլ չեմ գնա: Էս ժամին արաղ ճարող չկա:

-Արաղը գլխիդ կպչի,- վրա տվեց Արթուրը,- հիմա ավելի կարևոր գործ կա: Արագ իջնում ես պադվալ, դրոշների անկյունը հիշում ես, չէ՞, դրանց միջից գտնում ես Եռագույնը, բարձրանում ես տանիք, էն կարմիր լաթը հանում ես ու տեղը Եռագույնն ես դնում: Հասկացա՞ր:

-Եռագույնն ի՞նչ ա,- տարակուսեց Ռաֆիկը:

Մեզ հազիվ զսպեցինք, որպեսզի սեղանի շշերը չշպրտենք այդ թշվառ արարածի ուղղությամբ:

-Դրո՛շ ա, ի՛նչ ա,- պոռթկաց Արթուրը,- Անկախության դրոշն ա: Ուշադիր կլինես, վրան երեք գույն կա՝ կարմիր, կապույտ ու ծիրանագույն: Կհիշե՞ս:

-Ծիրանագո՞ւյնս որն ա,- այս անգամ զգուշավոր հարցրեց Ռաֆիկը՝ վախվորած նայելով մեր կողմը:

-Դեղի՛ն,- կռնչաց Արթուրը,- դեղինի նման մի բան ա: Հիմա շուտ իջի՛ ու գտի՛:

Ուստա Ռաֆիկը դեռ համառում էր.

-Չի լինի՞ էդ առավոտը անենք, լուս աչքով: Վռազներդ ի՞նչ ա:

-Չի՛ լինի, այ մարդ: Լույսը որ էն կարմիրով բացվեց՝ խայտառակ ենք լինելու: Գնա ու գտի՛ր Եռագույնը: Ու լա՛վ իմացի, դրանով մտնելու ես էս քաղաքի պատմության մեջ:

Ուստա Ռաֆիկը քստքստացնելով հեռացավ:

Արթուրն ապահովության համար մի անգամ էլ գոռաց նրա հետևից.

-Չմոռանա՛ս, կարմիր, կապույտ, դեղին:

Համարեցինք, որ այս կարևոր հարցն էլ լուծվեց, վերջին բաժակը պարպեցինք Ղարաբաղի ու Նախիջևանի շուտափույթ ազատագրման համար, մի կերպ տեղավորվեցինք բազմոցի ու բազկաթոռների վրա ու առաջին անգամ քուն մտանք որպես անկախ երկրի քաղաքացիներ:

Առավոտյան աչքերս բացեցի դրսի աղմուկից: Մոտենալով պատուհանին՝ տեսա, որ բակում ստվար բազմություն է հավաքվել: Մարդիկ մատնացույց էին անում դեպի վեր, ու ոմանք վրդովմունքով, ոմանք էլ հռհռոցով ինչ-որ բան էին ասում: Նրանց մեջ իսկույն նկատեցի ուստա Ռաֆիկին, որ եռանդով բացատրություններ էր տալիս: Ըստ երևույթին, դա նրան այնքան էլ չէր հաջողվում, որովհետև հավաքվածները նրա խոսքերից ավելի էին բորբոքվում:

Ձայն տվեցի տղաներին, ու հորանջելով իջանք ներքև:

Երբ բակում մարդկանց հայացքների ուղղությամբ նայեցինք վեր՝ վերջնականապես արթնացանք, ավելին՝ սարսռացինք: Շենքի տանիքին ծածանվում էր ծիծեռնակի պոչի նման երկճյուղ ու խայտաբղետ մի դրոշ, որի կենտրոնում պատկերված էր երկարապոչ ինչ-որ գազան՝ մեծադիր թագը ինքնագոհ գլխին: Այդ գազանը շեղ հայացքով վերևից կարծես չարախնդում էր մեզ վրա՝ խոստանալով ամեն տեսակ շառ ու փորձանք:

Սթափվեցինք ուստա Ռաֆիկի ձայնից: Նա ջանում էր մարդկանց բացատրել, որ դա Անկախության դրոշն է, քանի որ ուշադիր նայելու դեպքում դրա վրա կարելի է նկատել կարմիր, կապույտ ու դեղին գույները: Ուստա Ռաֆիկը չէր սխալվում. այդպիսի գույներ նշմարվում էին դրոշի վրա: Բայց դրանցից զատ կային նաև այլ գույներ ու երանգներ: Չգիտես ինչու, ամենից ընդգծվածը երկնագույնն էր, որը սկիզբ էր առնում գազանի թագից, ընդարձակվելով խեղճացնում էր մյուս գույները ու միախառնվելով անամպ երկնքին՝ ոչ մի տեղ չէր վերջանում:

Երբ քաղխորհրդի գործկոմի աշխատակիցները մեկը մյուսի ետևից սկսեցին ժամանել աշխատավայր, իրավիճակն ավելի լարվեց: Սակայն մեզ առավել անհանգստացնում էր տարածքը հսկող միլիցիոները, ով շրջում էր բազմության մեջ, լսում հնչող կարծիքներն ու դատողությունները, նայում էր վերև ու ոչ մի կերպ չէր կարողանում որոշել իր անելիքը: Ի վերջո, նա արագ անհետացավ: Ըստ երևույթին, գնաց վերադասին զեկուցելու և ցուցումներ ստանալու:

-Բիձեն երևի գիշերը ճիշտ էր ասում. էս Անկախությունից փորձանքի հոտ է գալիս,- մտահոգ նկատեց մեր ընկեր Սերոժը, ով մեզնից ամենազգուշավորն էր ու չափավորը:

Այլևս հապաղել չէր կարելի: Բազմությունից դուրս քաշեցինք ուստա Ռաֆիկին ու տարանք մի անկյուն:

-Էս ի՞նչ ես արել, ա՛յ ցնդած,- ֆշշաց Արթուրը:

-Կարում էիք՝ ավելի լավն անեիք,- հոխորտաց Ռաֆիկը,- էն մթան մեջ էս էլ որ գտել եմ՝ գոհ եղեք:

Վիճելն անիմաստ էր: Կիսաձայն, բայց հատու հրահանգեցինք Ռաֆիկին աննկատ բարձրանալ վերև և վայրկյան առաջ դրոշազերծել տանիքը: Ու մինչ նա կաներ այդ, մենք մի շնչով հասանք մոտերքում գտնվող ավտոկայանն ու մեզ նետեցինք Երևան շարժվող ավտոբուսը:

Ամբողջ ճանապարհին փորձում էինք գուշակել, թե ինչ դրոշ էր դա. հայոց արքայական կամ նախարարական որևէ տոհմի՞նն էր, թե ինչ-որ ներկայացման համար բեմանկարչի կողմից պատվիրված երևակայական մի բան:

Ավտոբուսի միալար փնչոցը քունքերիս մեջ հնչեցնում էր վաղուց մոռացված և այդ օրերին նոր կյանք առնող մի երգ.

Ահա եղբայր քեզ մի դրոշ,

Որ իմ ձեռքով գործեցի,

Գիշերները ես քուն չեղա,

Արտասուքով լվացի…

Ճիգեր էի թափում՝ պատկերացնելու իտալացի աղջկա գործած և արցունքներով պարզաջրած դրոշը, սակայն խումարը չէր թողնում: Աչքերիս առաջ շարունակ ցցվում էր ուստա Ռաֆիկի ծամածռված կերպարանքը՝ իր անճոռնի դրոշը ձեռքին:

 

 

Անդին 3, 2016

Share

Կարծիքներ

կարծիք