Խուդավերդի

file0611-e1469609262552«Հը՜, նա Խուդավերդի ի, նա կարքկանուն կիմանա»

«Սասնա Ծռե», 1979 թ., հատոր Գ, Հարակից զրույցներ, էջ 58

 

Ասես մի արև երկնքում լինի, մի արև՝ հոգումս…

Մի սքանչելի հեքիաթ պատմում էր այն աշխարհի մասին, որն ուներ երկու արև. մեկը երկնքում, մյուսը՝ երկրում… Իսկ եթե ասեմ, որ հեքիաթը չի ստո՞ւմ: Իսկ եթե պնդեմ, որ հեքիաթը չի՛ ստում…

Հայկական հեքիաթներն արտասովոր են նախ հետևյալով. կարդում ես ինչ-որ հեքիաթային, անհավանական աշխարհների մասին, էլի ես կարդում ու հանկարծ հասկանում, որ նման մի աշխարհ կա մտքերիդ, հոգուդ, քայլերիդ, կյանքիդ մեջ: Եթե չկա էլ՝ եղել է ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ: Իսկ եթե եղել է, ուրեմն կարող ես նորից ապրեցնել: Կարող ես ապրեցնել նախ ինքդ ապրելով այն: Այո՛, ապրելով հեքիաթը: Ավելի ճիշտ՝ վերապրելով, քանի որ ամենը, ինչ մեզ այսօր անհավանական է թվում, գրված ու կուտակված է հենց մեր մեջ: Ուղղակի բանալ, կարդալ և ՀԱՍԿԱՆԱԼ Է պետք:

Շնչող ու կենդանի համակարգ է հեքիաթը: Այն ստիպում է քեզ նախ շնչել: Միայն թե՝ այլընտրանքային շնչառությամբ: Այն քո իսկ հայելին է բոլոր իմաստներով, քո մեջ ապրող ամենատարբեր կարգավիճակների արտացոլանքն է՝ որպես մայր, քույր, հարազատ, զինվոր, արքա, մանուկ, ավազակ և, ի վերջո, որպես հայ: Քո ճակատագրի հանգույցներն այստեղ են: Կարո՞ղ ես՝ փնտրի՛ր դրանք: Իսկ դա հեշտ չէ: Ուժ է պետք և կամք: Եվ սա՝ ՓՆՏՐԵԼԸ, առաջին փուլն է միայն: Առավել ուժեղ եղար՝ կգտնես ամենը, խելացի և զորեղ եղար՝ կկիրառես ու կստեղծես այն աշխարհը, որտեղ երկու արևներ կան՝ մեկը երկնքում, մյուսը՝ երկրում: Ու երբեք չես երկմտի արդար, ազնիվ, բարի ու խիզախ լինելուց առաջ: Երկմտանքդ կծառայի մի բանի միայն. երկմտում ես, որպեսզի ծնվի ճշմարտությունը: Հեքիաթի արտասովոր ուժը նաև սխալները մատնանշելու մեջ է: Սխալներ, որոնց հետևանքը կամ զգացել ու տեսել ես, կամ տեսնում ես: Եթե չես էլ նկատում, հեքիաթը համառորեն հուշում է՝ «Նորից կարդա… Մյուսն էլ կարդա… Գուցե պատմե՞ս մեկին իմ մասին…»: Հեքիաթի օգնությամբ կգտնես համամարդկային, տիեզերական, միևնուjն ժամանակ այնքա՛ն անձնային արժեքներ, որոնց կորուստն անվերադարձ է համարվում: Կգնտես դրանք նախ քո մեջ, ապա կփոխանցես զավակներիդ: Չէ՞ որ դա այնքա՜ն հեշտ է: Ուղղակի նրանց կպատմես մեր իմաստուն հեքիաթները, ասենք, Խուդավերդին: Այո, ուղղակի կպատմես այն: Մնացածն արդեն Հեքիաթի գործն է, և նա իր գործը կանի:

Իմաստուն Դարվիշը գիտի, որ սարի մեջ է պահվում բոլոր ցանկություններն ու երազանքներն իրականցնող Ֆանառը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ Գիտելիք: Սակայն նրան պետք է մեկի օգնությունը ևս՝ այն ձեռք բերելու և կիրառելու համար: Բախտ գցելու միջոցով նա իմանում է, որ թագավորի որդուն է վիճակված սարից իր համար Ֆանառը հանելը: Սակայն արքան, որի հարստությանն ու ունեցվածքին սահման չկար, ամենադժբախտն էր աշխարհում, քանի որ Աստված նրան ժառանգ չէր պարգևում: Օգնության է հասնում Դարվիշը՝ նրան տալով կախարդական մի խնձոր և պատվիրելով այն ուտել թագուհու հետ: Եվ այս «լավության» դիմաց Դարվիշը պահանջում է «տղեն մենձցած վախտը» տալ իրեն: Թագավորը համաձայնում է:

Հետաքրքիրն այն է, որ Դարվիշն ինքն անկարող էր հանել Ֆանառը սարից, այսինքն՝ տիրապետել Գիտելիքին, նրան հարկավոր էր թարմ ու կարող ուժի օգնությունը: Կյանքում ևս քիչ չեն նման դեպքերը, երբ երիտասարդ ու նորարար ուժերի միջոցով մարդիկ ձգտում են հասնել իրենց ուզածին:

Թագավորի որդին մեծանում, դառնում է 15 տարեկան: Ինչպես հայոց «Սասնա Ծռեր» էպոսում, բազում այլ հեքիաթներում և ասքերում, հենց այս տարիքից են սկսվում հերոսի՝ կայանալու և գործողությունների ամբողջական փուլի բացահայտումը: Բացառություն չէ նաև Խուդավերդին:

15: Ի՞նչ է խորհրդանշում այս թիվը: Ինչո՞ւ են մեր և այլ հերոսների կողմից բոլոր կարևոր ու սկզբնական քայլերն արվում հենց այս տարիքում: Հեքիաթի արխայիկ շերտերն ի՞նչ են պարունակում և ի՞նչ են հուշում մեզ՝ ամեն անգամ նշելով 15-ը: Թվային համակարգում ամեն թիվ ունի գործառույթների իր դաշտը՝ գաղտանգրումների մի հսկայական լաբիրինթոս:

15 թիվը նույն 6-ն է՝ 1+5=6: Հնագույն պատկերացումներում 6-ը համարվում էր կատարյալ և վերին թիվ: Շումերական աղբյուրներում, ինչպես նաև արիական պատկերացումներում այն հավասարազոր է աշխարհի արարման գաղափարին: Պատահական չէր հետագայում քրիստոնեական կրոնում աշխարհի արարումը 6 օրում: Ավեստայում ևս արարման ընթացքը 6 փուլով է ընթանում՝ ստեղծում է երկինքը, ջուրը, հողը, բույսերը, կենդանիները և վեցերորդը՝ մարդուն՝ Հայոմարդուն: Պյութագորոսն այն համարում էր երջանկության և հաջողության խորհրդանիշ: Եվ կարևոր մի փաստ: Մհերի դռան արձանագրություններում նշվում է, թե որ աստվածությանը, որ դիցերին ու դիցուհիներին թվով որքան և ինչ կենդանիներ են զոհաբերվել: Գերագույն Աստծուն՝ Հալդին, ով նույն 1-ն է, զոհաբերվել է 6 այծ: Գերագույն Հալդին այն Ամբողջն է, Բովանդակը, որը ձևավորում է Տիեզերքը: Քրմերը, որոնց անհատակ գիտելիքներից պատառիկներ են մեզ հասել միայն, այն էլ՝ վերածված փշրանքների տարբեր աղբյուրներում, թվերի միջոցով էին բացատրում աշխարհի գոյաբանական մեխանիզմները: Այսօր մեզ համար ինչ-որ տեղ անհասկանալի կարող է թվալ այդ աշխարհի միստիցիզմը, բայց այն կա այսօր էլ և գործում է նույն օրինաչափություններով, անկախ նրանից՝ կտեսնես ու կզգաս դու դրանք, թե կնախընտես չհավատալ:

Այսպես, Խուդավերդին, ում ծնունդը աստվածային համարելով տալիս են այս անունը՝ Աստվածատուր, 15 տարեկանում կատարում է իր առջև ի վերուստ դրված քայլերից առաջինը: Դարվիշը նրան տանում է իր հետ: Երբ հասնում են սարի մոտ, Դարվիշը հանում է երկու «թսլմի» գիրք, մեկը տալիս է Խուդավերդիին, մյուսն ինքն է վերցնում՝ ասելով, որ պիտի կարդան այնքան ժամանակ, մինչև այդ սարը երկու կես լինի:

Հրաշալի ու խորախորհուրդ մի դրվագ: Սարն այստեղ Գիտելիքի դարպասն է՝ ամուր փակված երբեք չժանգոտվող կողպեքով: Այն կբացվի միայն նրա առջև, ով համառորեն և տքնաջան աշխատանքով կստիպի իրեն հասնել այն մակարդակին, որ դարպասն այդ ինքնըստինքյան բացվի:

Կարդում են Դերվիշն ու Խուդավերդին, այնքան են կարդում, որ սարը կիսվում է մեջտեղից: Այս դրվագը պարունակում է և՛ ուղղակի, և՛ անուղղակի փիլիսոփայություն: Կարդալով և գիտելիքներ ձեռք բերելով՝ կարելի է հատել անհնարինի սահմանը, հասկանալով և համադրելով ստացած գիտելիքները՝ հասնել կատարելությանը, այս դեպքում՝ Ֆանառին: Կարդալուց առաջ Դարվիշը Խուդավերդիին զգուշացնում է, որ ներս մտնելուց հետո հանկարծ չգայթակղվի անգին քարերով և հարստությամբ: Սարը կիսվում-բացվում է, Խուդավերդին մտնում է ներս, վերցնում է Ֆանառը, բայց անտեսելով Դարվիշի խորհուրդը՝ գրպանները լիքը լցնում է անգին քարերով և զմրուխտներով: Սարը բնականաբար փակվում է, և Խուդավերդին բանտարկվում է ներսում:

Գիտելիքի ճանապարհը խրթին ու մութ բավիղ լինելով հանդերձ ի վերջո հասցնում է քեզ Լույսին: Իսկ այդ Լույսը, որն ունի երկու ճառագայթ՝ Հոգևոր և Նյութական, պիտի ներդաշնակորեն ապրի քո մեջ: Պետք է այնքա՜ն ուժեղ գտնվել՝ Նյութականի լարած թակարդներից խուսափելու համար: Առավել քան ուժեղ է պետք լինել՝ այդ թակարդն ընկնելուց հետո վերստին այն հաղթահարելու համար:

Հեքիաթի հերոսը տիրանում է Ֆանառին՝ Հոգևոր հզոր գիտելիքին, սակայն չի կարողանում խուսափել Նյութականի ծուղակից:

Այլ հեքիաթներում մեզ արդեն հանդիպել է հետևյալ իմաստությունը՝ երբեք պետք չի հուսահատվել, վախենալ՝ առավել ևս: Խուդավերդին սարը փակվելուց հետո լալիս է հուսահատությունից, բայց նա չի վախենում, քանի որ պառկում ու քնում է: Ապա հեքիաթը մեզ է պատմում հետևյալ իմաստուն դրվագը. «Շատ ա քնում, քիչ ա քնում, աստոծ ա խաբար, բիրդան մի ջրի խշշոցից զարթնում ա: Զարթնում ա, տենում ա՝ էլի էն սարի մեջին ա: Էս յան ա ման գալի, էն յան ա ման գալի, տենում ա հրեն մի փետի կտոր. էթում ա փետը վերնում, գալի էն ջրի խշշոցի տեղը: Փորփրում ա սենց, էնքամ փորում ա՝ բիրդան մի եքա գետ ա բացվում, ընենց վարար, ընենց վարար, որ էլ չեմ կարա ասի: Մին էլ տենում ա հրես մի մենձ տախտակի կտոր ջրի էրեսին գալիս ա, անխոս տախտակը կալնում ա, ինքը վրեն նստում, ասսու անըմը տալիս՝ ընկնում ճամփա… Տենում ա, յավաշ, յավաշ լիս ա էրևում…»:

Երբ կյանքում ամեն ինչ կորած կհամարես, նույնիսկ վերջին հույսդ ու հավատդ շպրտած կլինես մի կողմ, հիշիր մի պահ մեր հեքիաթների հարյուրավոր Խուդավերդիներին, ովքեր քո այդ մութ ճանապարհն իրենց Ֆանառով լուսավորելու համար են ստեղծվել: Միշտ կա ելքը: Այն երբեք չի դադարում «խշշալուց», ինչպես այս հեքիաթում ջրի բարակ հոսքը: Միշտ կարող ես ունկդիր լինել այդ խշշոցին՝ փորձելով գտնել այն: Միշտ կարող ես գտնել այն փոքրիկ-փոքրիկ փայտը, որը գտավ Խուդավերդին: Եվ այդ «փայտիկով» կարող ես համառորեն փորփրել Գիտելիքի անհատակ շտեմարանը, մինչև այն վարար գետի պես կհորդի՝ այնքա՜ն անսպասելի: Կհորդի քե՛զ համար, քո հոգու և մարմնի փրկության համար: Դեռ ավելին, այն ոչ միայն կփրկի քո անանցանելի ու մութ բավիղներից՝ հանելով լույս աշխարհ, այլև կուղեկցի քեզ քո բոլոր ճանապարհներին: Կհասկանա՞ս արդյոք, որ անտեսելու իրավունք չունես հազարամյակներով ապրված ու փորձված այս իմաստնությունը:

Խուդավերդուն ջրի հոսանքը բերում, հանում է լույս աշխարհ, և նա հանգրվանում է հովվի տանը՝ մի քանի տարի ապրելով այնտեղ: Իր բերած անգին քարերով նա տուն ու տեղ է կառուցում իրեն որդեգրած հովվի համար:

Հետաքրքիրն այն է, որ Խուդավերդու մոտ են գտնվում և Ֆանառը, և անգին քարերը: Սակայն նա չի կիրառում Ֆանառը: Նա չի հասել դեռ այդ գիտակցմանը, այդ հոգևոր ուժը կիրառելու համար նա նախ պիտի ազատվի նյութականի կապանքներից: Իհարկե, նյութականը ևս ունի իր ուժն ու կիրառման որոշակի ոլորտը, սակայն այն մի օր սպառվում է: Հենց այդպես էլ սպառվում են Խուդավերդու անգին քարերը:

Խուդավերդուն որդեգրած հովվի կերպարը ևս մաքուր, աշխարհի դեմ չարություն ու ոխ չունեցող կերպար է՝ լի բարությամբ՝ «Ա՛ռ, ա՛յ կնիկ, աստոծ մեզ մի թազա տղա էլ է ղրկե, թող օխտը տղա չունենանք, ութը ունենանք: Լավ պահի, մուղայիթ կաց, քու էրեխեքանցիցը մի ջկի»: Խուդավերդին նրա լավությունը հատուցում է հովվի յոթ որդիներին պսակելով: Իսկ երբ հերթն հասնում է իրեն, նա պատմում է հովվին, որ ինքը թագավորի որդին է և պիտի գնա իր ծնողների ծերության օրերին հույս լինելու: Տունդարձի ճանապարհին Խուդավերդին որոշում է փորձել Ֆանառը: Հայտնվում են չորս արաբ. «Հը, թագավորի ցեղ, աշխարքը քանդե՞նք, թե՞ շինենք»: Այս հարցումն ամբողջովին ի հայտ է բերում Ֆանառի ողջ ուժն ու զորությունը: Հենց այդ ուժն ունի Գիտելիքը՝ աշխարհներ քանդելու և արարելու:

Խուդավերդին Հրեղեն ձի է պահանջում արաբներից: Այո, նա արդեն կայացել է այնքան, որ կարող է հեծնել Հրեղեն ձիուն: Այս դրվագը ևս գաղտնագրված է: Միայն որոշակի Գիտելիքի տիրապետելուց և հստակ մակարդակի հասնելուց հետո կարող ես կիրառել Հրեղեն ձի համակարգը:

Շատ թե քիչ գնալուց հետո Խուդավերդին հասնում է մի գյուղի և տեսնում, թե ինչպես են գյուղացիք ոտքի տակ տվել մի մեռելի: «Էդ խեղճ մեռելը ձեզ ի՞նչ ա արել, որ ըդենց ծեծում, ջարդոտում եք, մեղքը չի՞»: Պարզվում է, որ մեռելը բոլորին պարտք է՝ մեկին 20 մանեթ, մեկին՝ 50, մյուսին՝ 10:

Խուդավերդին մեռելի փոխարեն բոլոր պարտատերերին վճարում է, ապա նրան ամեն կարգով հանձնում հողին ու շարունակում ճանապարհը: Այս մեռելի հրեշտակը հետո նրան փրկում է Դարվիշից՝ հատուցելով Խուդավերդու լավությունը:

Թվում է, թե մեռելը, որին այս աշխարհում այլևս ոչինչ չի հուզում, ոչինչ չունի տալու և պահանջելու: Այս ծեծված, ջարդված մեռելի կերպարի տակ թաքնված է ժողովուրդը՝ բոլոր ժամանակներում պարտքերի ու բազում հարկերի տակ կքած, բազմաչարչար ժողովուրդը: Նրան պարտք տվողները, հնում՝ վաշխառուներն ու հարուստ կալվածատերերը, մերօրյա բանկերը, կառավարական օղակները, բազմաթիվ կլանող այլ կառույցներն ու համակարգերը, սպանում են նրան դանդաղ, տանջալի մահով: Ու չեն էլ զլանա հարվածել, ծեծել ու ջարդել նույնիսկ նրա դին՝ կրկին ու կրկին պահանջելով պարտք կոչվածը: Սակայն բավական է մեկի օգնության մեկնված ձեռքն ու… ժողովուրդը փրկվելով՝ փրկում է նաև ամենը… ԱՄԵՆԸ:

Խուդավերդին հասնում է տուն, առողջացնում հորն ու մորը, նաև հաղթում երկիրը շրջապատած «ղոշունին», ամուսնանում վազիրի աղջկա հետ՝ բոլոր այս քայլերով իսկ առավել ամբողջական և կատարյալ դառնալով:

Եվ հեքիաթն այսպես ավարտվում է… Հեքիաթն ավարտվո՞ւմ է…

 

Անդին 7, 2016

Share

Կարծիքներ

կարծիք