Կին, ով սիրում է գեղեցիկ զարդեր ու իր մշակույթը

img_8888

Անվերջ ձգվող իրար նման ու աննման զարդատեսակների մեջ, «մեր տեղական» ու չնաշխարհիկ գործերի «չխկչխկոցի» ու կուրացնող փայլի մեջ աչքդ վերջապես հանդիպում է հարազատ, թանգարանից ազատագրված, ազգություն ունեցող մի թռչունի նախշի:

Մենք հետևեցինք մանրանկարներից դուրս թռած ու երևանյան փողոցներում հայտնված այդ թռչուններին և հասանք արվեստանոց, որտեղ նրանց թևավորում էր հեղինակը՝ Լինա Գագիկյանը: Զարդատուփերի վրա, սակայն, գրված է՝ Պիաֆչիկ: Թե ինչպես գրվեց այդ անունն ու ծնվեց առաջին թռչունը՝ աշխատանքի ընթացքում պատմեց ինքը՝ հեղինակը:

 

Հնաոճ զարդի երազանքով

Երբ խոսում եմ իմ զարդերի ստեղծման պատմության մասին, անպայման սկսում եմ կանացի հնաոճ զարդերի իմ այն փնտրտուքից, որը տևել էր երկար տարիներ: Գտածս զարդերը կամ ճչացող փայլ ունեին, կամ էլ իսկապես հին էին և թանկարժեք: Բայց իմը չէին: Ուստի մի օրորոշեցի ինքս մետաղի վրա փորագրելով պատրաստել իմ զարդը: Մասնագիտությամբ նկարչուհի եմ, և գրքերում տեսած նախշերն ու կերպարները իրար հետևից էին պատկերանում աչքիս առջև: Պատրաստեցի մի քանի զարդ և որոշեցի հատուկ տեխնիկայով կանաչ երանգ տալ դրանց, որպեսզի հին տեսք ստանան: Զարդերը մեծ հետաքրքրություն առաջացրին, տեսնողները հարցնում էին՝ որտեղի՞ց է, ասում էի, որ հին են, բայց չէի ասում, որ հեղինակը ես եմ: Սակայն մի օր մի զբոսաշրջիկ տեսավ ու ասաց, որ կուզեր գնել այսպիսի աշխատանքներ, ասացի, որ չեն վաճառվում, ասաց՝ հեղինակին ասեք, որ ես պատվիրում եմ:

 

Բիզնես չդարձող արվեստը

Արդեն հինգ տարի է, որ Պիաֆչիկը գոյություն ունի: Ի դեպ, հորս ընկերն էր ինձ այդպես դիմում, ասում էր՝ դու Էդիտ Պիաֆին ես նման, փոքրիկ Պիաֆչիկ ես: Երբ սկսեցի զարդեր պատրաստել, չէի ուզում իմ իրական անունով ներկայանալ, որ բիզնես չդիտվի, չէ՞ որ նկարչուհի եմ, ոչ թե գործարար կին: Մինչ օրս էլ Պիաֆչիկը բիզնես չի դարձել, ես ստեղծագործում եմ և ոչ թե հաջորդական արտադրանք եմ պատրաստում: Ի սկզբանե ուզում էի ստեղծել զարդ, որը կգտնի իր կրողին, ուստի յուրաքանչյուր զարդ պատրաստում եմ մեկ օրինակով:

Վերջերս գաղափար առաջացավ զարդանախշել նաև հագուստները, այդպիսով ես սկսեցի համագործակցել  Peacoco նորաձևության սրահի հետ: Ես ստեղծում եմ նախշը, ապա ընտրում դրա նյութականացման ձևը՝ մետաղյա զարդ կամ հագուստ:

Ժառանգված ու հորինված նախշերը

Զարդերումս ներկայացվող թեմաների առումով ունեմ մի քանի շեշտադրում. զարդամոտիվներն անպայման պետք է լինեն հայկական մշակույթից: Իսկ եթե առանձին գորգանախշերից կամ մանրանկարներից չեմ օգտվում, ինքս եմ հորինում: Ի վերջո, հայ եմ, հայկական արվեստը երակներովս է հոսում: Երկրորդ պայմանս՝ որ զարդը լինի հնաոճ և իրեն կրողին նոր մոտեցմամբ ներկայացնի հայկական արվեստն ու կամրջի իր ակունքներին:

Ինձ համար կարևոր է, որ զարդը վերագրվի իրեն կրողին: Օրինակ՝ այս զարդի վրա (Լինայի ձեռքերի մեջ նրբահյուս մի թևնոց է.- Մ.Լ.) խաչվող հանգույցներ են, որոնք խորհրդանշում են սերն ու հավատարմությունը:

Ես ինձ զարդագործ չեմ համարում, ես ստեղծագործող կին եմ, ով սիրում է իր մշակույթը և սիրում է գեղեցիկ զարդեր:

img_8936

img_8913

Զրուցեց Լազարևա Մարիան

 

Անդին 7, 2016

Share

Կարծիքներ

կարծիք