Գարունը ժամանակի և խմբագրի հանդիպման ճիշտ վայրն է

dsc04097

Նոյեմբերի 4-ին գրողներին և ընթերցողներին ներկայացավ Գարուն ամսագրի սպասված նոր համարը: Ամսագրի գլխավոր խմբագրի պարտականությունները կրում է գրող, գրականագետ Աշոտ Գաբրիելյանը:

-Մեր սերնդի կյանքում Գարունը գրականության նոր լեզու և մտածողություն էր, համաշխարհային գրականությանն առչնվելու մեծ պատուհան, — իր խոսքում նշեց գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, — ես հույս ունեմ, որ նոր Գարունը կկարողանա կրկին համախմբել մերօրյա գրականության, գիտության համարձակ գաղափարակիրներին:

-Երբ հանձն առա Գարունի գլխավոր խմբագրի պարտականությունները, սկսեցի համար առ համար թերթել ամսագիրը: Ես ուզում էի հասկանալ գլխավոր խմբագիրների մոտեցումները: Գարունն իր մեծ ճանապարհն անցավ հատկապես գլխավոր խմբագիրների համառ ջանքերի շնորհիվ,- նշեց ամսագրի գլխավոր խմբագիր Աշոտ Գաբրիելյանը:

1967 թվականին հիմնադրված ամսագիրը իր կեսդարյա պատմության ընթացքում դարձել էր Հայաստանում ամենասիրված և ընթերցված ամսագիրը, որի էջերում տպագրվել են ժամանակակից և դասական հայ, ինչպես նաև  արտասահմանցի գրողները, գիտնականները: Գարունը կամուրջ էր նաև սփյուռքահայ գրականության և հայ ընթերցողի միջև: Ամսագրի գլխավոր խմբագիրներն են եղել Վարդգես Պետրոսյանը, Անժիկ Հակոբյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Լևոն Անանյանը և Վարուժան Այվազյանը:

Շնորհավորելով Գարունի վերածնունդը՝ ամսագրի 1986-1990 թվականների գլխավոր խմբագիր, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց.

-Գարունն իր գործունեության ընթացքում աշխարհիկ եկեղեցի էր, որտեղ հավաքվում էին մարդիկ, ովքեր խենթ էին, ապստամբ, անհնազանդ, բայց տաղանդավոր էին: Մարդիկ, որոնց ոչ մի տեղ չէին տպագրում, բացի Գարունից: Ես խնդրում եմ Աշոտ Գաբրիելյանին, որ այդ ավանդույթները շարունակվեն, քանզի Գարունն այդպիսով էր բացառիկ: Եվ ես երջանիկ կլինեմ, որ մեր գրական մամուլի ոլորտում Անդին ամսագրին այսուհետ մրցակից լինի:

Գարունի նոր համարը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Մինչև տարեվերջ ամսագիրը լույս կընծայի ևս երեք համար:

-Ամեն ժամանակաշրջան իր թարմությունն է պահանջում: Եվ սա է եղել Գարունի հարատևման գաղտնիքը: Նոր Գարունի խնդիրը կրկին հասարակության հետ երկխոսության պահպանումն է լինելու՝ նոր թեմաներով և նոր մոտեցումներով: Գարունը ժամանակի և խմբագրի հանդիպման ճիշտ վայրն է, — Անդինի հետ զրույցում նշեց ամսագրի գլխավոր խմբագիր Աշոտ Գաբրիելյանը:

dsc04126 dsc04175 dsc04033

 

 

Share

Կարծիքներ

կարծիք