Բանաստեղծություններ

Հեղինակ:

10590574_737258809666347_5080382086640127625_n

 

***

Լռության թմրությունը

թափանցում է աչքերիցս ներս,

լցվում ուղեղիս ծալքերը բոլոր.

ես փակում եմ աչքերս,

որպեսզի լավ զգամ

անկանոն ու անհոդաբաշխ

ձայների կործանման հաճույքը,

ակնթարթորեն մարող պատկերներն

առօրյա դիպվածների…

Ծաղկում են լույսերը՝

փափուկ ու մաքուր երանգներով,

տարրալուծում ինձ

իրենց առէջներում…

Ես կառչում եմ ամուր

թելիկներից ծաղկաթերթերի,

որպեսզի չպոկվեն հանկարծ

դավադիր քամիներից,

քանզի թանկ է չափազանց

վայելքի ամեն ակնթարթը՝

անմարմին ու աննյութեղեն:

Հետո տարրալուծվում եմ

ծաղկաթերթերից մեկի մեջ

ու այլևս չեմ վախեենում քամուց,

որը գալու է

ճիշտ նախանշված պահին:

 

***

Մի՛ շրջիր օրվա էջը,

ձեռքդ կայրվի,

դեռ տաք է մոխիրը՝

կայծերով լեցուն:

Մի՛ նայիր, քանզի

այնտեղ այրվող պատկերներում

կտեսնես նաև

քո ուրվագիծը մարմրացող:

Ետ մի՛ նայիր,

որպեսզի առաջ նայելիս

տեսնես այն, ինչ փնտրում ես…

Մի՛ շրջիր օրվա էջը,

այն շրջվում է, հեռանում է

ինքնիրեն՝

քեզ ևս տանելով բույլ առ բույլ

այնտեղ, որտեղից եկել ես:

 

***

Երբ փակում եմ աչքերս,

լույսն առավել տաք ու պայծառ է դառնում

իմ երազի գունեղ աշխարհում,

ուր հանդիպում եմ քեզ…

Մենք հազիվ ենք հասցնում վայելել

գգվանքների տարբեր արտահայտությունները

զգացմունքների բազմապատկվող հղացումներում:

Ամեն ինչ իրական է առավել,

քան եղել է նախկինում,

երբ միամտաբար չէինք էլ մտածում,

որ իրականից առավել իրականն է լինելու:

-Ես նույնպես այստեղ եմ՝

այս հիասքանչ աշխարհում,

մենք միաժամանակ ենք փակել մեր աչքերը

և բացելու ենք միևնույն պահին,-

ասում ես դու՝ խառնած հաշիվը մեր գգվանքների…

Երբ ցերեկը հարցնում են ինձ,

ես ասում եմ, որ երազ չեմ տեսնում,

ասում եմ՝ մենք հանդիպում ենք ՄԵՐ երազում,

ու ոչ ոք ինձ չի հասկանում…

Միայն դու գիտես հեռո՜ւ հեռվում,

որ մեզ ընդամենը մի ցերեկ է բաժանում:

 

 

***

Մենք վերևում էինք, շատ վերևում,

և դու ուզեցիր վայելենք անկման հաճույքը:

Ես ամուր բռնեցի քո ձեռքից

և փորձում էի մինչև հողին հասնելը

համոզել, որ բացենք մեր թևերը:

Ես գերադասում էի թռիչքի վեհությունը,

դու՝ անկման երանությունը:

Ինքնամոռաց հրճվանքի մեջ էինք,

մինչև զգացինք վերջին պահին

պաղաշունչ սարսափը

(Կարծես հողը կլանելու էր երկուսիս,

և ոչ ոք մեզ չէր գտնելու):

Դու բացեցիր թևերդ, ես նույնպես,

բայց արդեն հնարավոր չէ

հասնել այն ոլորտները,

որտեղից սկսվել էր մեր անկումը:

Մենք վախենում ենք փակել մեր թևերը,

երբ նույնիսկ դադար ենք առնում

ամպերի բամբակե բարձին,

քանզի հասկացել ենք ի վերջո,

որ անկման հաճույքը

միայն մեկ անգամ են վայելում,

իսկ փակված թևերին երկրորդ անգամ

հնարավոր չէ համոզել,

որ բացվեն…

 

Անդին 7,  2016

Share

Կարծիքներ

կարծիք