Բանաստեղծություններ

Հեղինակ:

%d5%b6%d5%b8%d6%80%d5%a1%d5%b5%d6%80

 

 

***

Սև քառակուսի՝ սպիտակ անապատում:

Իսկ ես դեռ երազում եմ գետերով ճամփորդելու մասին:

Արևն այրում է մաշկս,

Մողեսները ներս են սողոսկում որովայնս՝

Անընդհատ կրծոտելով տարիների հետքերը կրող սպիներս:

Մատներս դողում են, գրկում եմ մի բառով ամփոփված սերը,

Նայում հեռվում թափառող մայրամուտի ստվերներին,

Որ կարմիրով հաղթանակի կամարներ են նկարում երկնքում:

Պահում եմ սերը ափիս մեջ՝

Այրվող շրջանակի նման սպի է գծում ափիս,

Ցավից սեղմում եմ այն:

Պաղում է…

Բացում եմ ափս… Լուսին՝ պաղ, դալկադեմ:

Երեք բլուր անդին արևը շարունակում է մայր մտնել.

Կիսաբաց դռները փակվում են,

Իջնում են վարագույրները:

Կյանքը պատրաստվում է սառնաշունչ գիշերվան:

Իսկ ես շարունակում եմ թուլացած մատներով պահել քո անունը եզերող բառը:

 

***

Կարծես պտտվում է ամեն բան՝

երկինքը,

քամիներն անցնում են մեր կողքով,

լուսինը փակում է աչքերը,

աճում ու չորանում են ծաղիկները

մեր ոտքերի տակ:

Սևանում ու մթնում է աշխարհը

քեզ համբուրելիս:

 

***

Աշնան տերևն, անշուշտ, դու էիր,

որ կաթեցիր ծառից անձրևի պես…

Ափերիս մեջ…

 

***

Բամբակե անունդ փաթաթեմ հույսով,

ու կախեմ գիշերվա աստղերից…

Երազեմ արթմնի՝ անունդ շուրթերիս,

ու մատներդ շոյեն անուրջներս…

 

Ուշացում

 

Դեղին անթառամները,

քամու հետ զրուցելով,

չորացան փայտե նստարանին:

 

***

Ես նամակ էի՝ քեզ չհասած:

Ծովում դեռ թափառում են

իմ թրջված փետուրների

ծվենները:

 

 

***

Սկզբում պոկվեց ստվերս,

հալվեցին տներն ու տանիքները,

ամենը վերադարձավ սկիզբ,

իսկ այնտեղ մի մերկ երեխա էր՝

կծկված ցեխերի և կիսահում քարերի միջև:

Ոչինչ գույն չուներ, իսկ ցեխից գոլորշի էր ելնում:

 

***

Միալար, ընդհատվող աղմուկ ամառվա,

գնացքը սահում է անդունդի եզրով,

մարդիկ համակերպվել են անկման մտքի հետ:

 

***

Ձյուն, որ գալիս ես ի հեճուկս ինձ,

նայիր աղավնուն,

որ թաքնվել է քո ճերմակի մեջ,

հալվում ես՝

աղավնուն թողնելով հրացանիս փողի դեմ միայնակ:

 

***

Սկզբում ճանաչեցի հորս ու մորս…

ծաղիկները, որ շրջապատում էին ինձ,

ժպիտները…

Մի արկղ ինձ նվիրեցին,

ու դրա մեջ լցնում էի այն ամենը, ինչ ճանաչում էի՝

խաղալիքներս, մարդկանց, կենդանիներին, հուշերս…

Իմ արկղը դեռ լողում է գետի մակերեսին,

և որքա՜ն արկղեր խորտակվեցին կիսով չափ լցված…

Բոլորիս թվում է, թե մեր արկղը դեռ տեղ ունի լցվելու:

…Սկզբում ճանաչեցի հորս ու մորս,

դեռ շարունակում եմ ճանաչել ինձ…

 

Անդին 7, 2016

Share

Կարծիքներ

կարծիք