Վերնագիրը՝ չգիտեմ…

Հեղինակ:

DSC02381---копия«…բնությունը քեզ արարեց, որ դու մրցես նրա հետ…»

Շեքսպիր, «Վեներա և Ադոնիս»

 

Իմ սենյակի դռան բռնակը հայրս է ամրացրել: Նա մասնագիտությամբ հաշվապահ է ու ամրացրել է իմ դռան բռնակը:

Քանի օր էր արդեն իմ սենյակում արտասովոր հյուրեր ունեի: Նրանք գրականության իմ անդրանիկ հյուրերն էին: Երկու օրից քննության էի: Մեր դասախոսը, ով բավականին երիտասարդ գրականագետ է, հանձնարարել էր ծանոթանալ Չարենցի, Զորյանի, Բակունցի, Շահնուրի, Մաթևոսյանի, Գրիգորյանի ու Սևակի հետ: Բոլորին ճանաչում էի՝ բացի մեկից: Նրանցից յուրաքանչյուրին դեմքով ճանաչում էի, բայց ոչ նրան: Ամեն անգամ սենյակիս դուռը բանալիս հերթով բոլորին բարևում էի, բայց ոչ նրան: Ինքն ինձ օտար էր:

Բայց ես նրանց չէի հրավիրել: Արդեն քանի օր էր՝ ես նրանց հետ ապրում էի վերջերս վերանորոգված իմ սենյակում: Սենյակս այդքան էլ փոքր չէր, բոլորս տեղավորվում էինք: Նրանցից յուրաքանչյուրը գտել էր իր անկյունը իմ չորս անկյունանոց սենյակում:

Երկու օր էր մնացել 06-ի առաջին նստարանին նստելուս: 06-ը իմ սիրելի հարկում էր: Նկուղային հարկում է 06-ը: Էդտեղ միշտ հով է, ու քիչ մարդ կա: Ու ես հաճախ եմ անջատում էդ երկար միջանցքի ինձ այդքան նյարդայնացնող լույսերը: Քիչ վարձատրվող պահակն ու հավաքարարը էլի միացնում են: Ձևը դա է…

Կիրակի առավոտյան ես զաթնեցի 9-ին: Նրանց վեճը հասել էր ականջներիս: Նորից Չարենցն ու Բակունցն էին:

-Ախր ես 4-ին եմ քնել: Ախր Նենեթին մեռցրին, Պիեռը, թո՜ւ, Պետրոսը մնաց անսեր, անկին, անհոգի, իսկ դուք էլի կռվում եք ու բարձր, է՜: Ախր պիտի քունս առնեմ, որովհետև Մաթևոսյանը էսօր պիտի ձեռքերս բռնի: Իր հերթն է:

Շահնուրը թեթևակի սրտնեղեց անփույթ խոսքիցս: Բայց ախր նոր էի աչքերս բացել, ինչ արած: Իսկ Մաթևոսյանը աճող համբերությամբ շարունակեց քարտեզը ավարտին հասցնելը: Ծմակուտինն էր, ու չթողեց նայեմ: Ասաց․ «Քո երևակայությունը հաստատ հերիքում է, որ պատկերես քո Ծմակուտը»: Ժպտացի ու իջա սուրճի հետևից: Երբ արդեն վերադարձա, ամենքն իրենց գործին էին, միայն Սևակն էր, որ քանի ժամ էր՝ պատուհանիս նեղ նստատեղն էր մաշում: Նեղացել էր․ Գրիգորյանին ավելի էի հավանել: Սուրճ առաջարկեցի: Ձեռքերի կաշին հասցրել էր արդեն հետ քաշվել, ու դողում էր: Ձախ ձեռքն էր, որ մեկնեց սուրճը վերցնելու, հետո նայեց աչքերիս մեջ, նայեց, նայեց ու էլի նայեց, մինչև Զորյանը վերցրեց օդում այդքան երկար մնացած ու գուցե արդեն հովացած սուրճը:

-Սիգարետը լրիվ հերիք է,- վառեց ծխախոտն ու նորից շարունակեց մաշել նոր վերանորոգված սենյակիս պատուհանի նեղ նստատեղը:

Երբեմն Բակունցին էի նայում՝ հասկանալու համար, թե ինչ է այդքան փնտրում բրդյա գորգիս մեջ: Երևի մյուսներից տարբերվող իմ հայկական նախշերն էին: Անհագ նայում էր: Կարծես էդտեղ էր, որ ըղձալին ու երազյալը հատվեցին: Ի՜նչ տեսարան… Բակունցն իմ սենյակում՝ գորգիս վրա իր նոր աշխարհն է շինում:

Առանց վատ զգալու Մաթևոսյանը բռնեց քրտնաթաթավ ձեռքերս, ու սկսեցինք մեկ այլ օտար ճամփորդություն դեպի Ծմակուտ: Նրա զորեղ շուրթերը, իմոնց հետ համեմատած, տիեզերք էին: Դժվար էր պատկերացնել, որ ինքն էլ իմ պես փորձում էր անշունչին շունչ ու հոգի տալ: Դա ինձ դուր էր գալիս: Երբեմն աչքերս աննկատ պոկում էի տողերից, որ տեսնեմ նրա աչքերի աշխարհափոխումը: Աչքեր չէին դրանք, տիեզերք էին: Բոլոր մոլորակները կային՝ բացի իմ Երկիր մոլորակից: Մեր մոլորակը տեղ չէր արել նրա աչքերի մեջ, որովհետև մաքուր չէր մնացյալի նման: Ու ծանր էր, կեղտի ու փոշու մեջ կորած: Թողնելու չափ ամուր էի բռնել ձեռքերը: Նման ափեր իմոնք երբեք չէին բռնել:

Արդեն երեկո էր: Ձեռքերս բաց թողեց: Նրանն էլ էր թացացել, բայց իրեն վատ չզգաց:

Սևակը դեռ ծխում էր, Բակունցը շինում էր, Սևակը Գրիրգորյանին ծխախոտ առաջարկեց ու նայեց ինձ: Ամաչեցի շատ ուժեղ: Զորյանն ու Շահնուրը չորացած տերևներիս իրենց հերոսներին էին նմանեցնում ու ինչ-որ արտառոց անուններ կնքում իմ չոր ու բարի տերևներին: Չարենցն էլ ասես սիրահարվել էր լուսամփոփիս: Բակունցը նկատեց, որ նայում էի, ու հանդիսավոր էր նրանց զարմանքը, երբ սկսեցի երգել «Լուսամփոփի պես աղջիկը»:

-Շատ լավ էր, բայց ինձ պես չես կարող: Քեզ մոտ չէ այն գույնը, որով ես ծնել եմ էդ բանաստեղծությունը: Դու չես տեսել նրա աչքերը, ում նվիրված են էս անշուք տողերը:

Չշարունակեցի: Չուզեցի մեռած վերքը թարմացնել: Եթե, իհարկե, վերքը մեռած էր: Եթե իհարկե վերք էր…

Ու նորից այն մարդը, ում ես չեմ ճանաչում և ում առավոտյան սուրճ էլ չհյուրասիրեցի:

-Պարոնաաաա՜յք, դեմ չե՞ք լինի, որ Կոմիտաս միացնեմ:

-Քո գույնը դեղինն է մանուշակագույնի հետ խառնած, վրան մի քանի թարմ ու չորացած հասմիկ, մի փոքր թախիծ, մի երկու կտոր խոհ, մի քանի պոկված նոտա, սառը ջուր ու անվերջ պահերը սիրունագույնս տեսնելու համար…

Մի պահ թվաց՝ հարբած են սենյակումս վառվող ագարբատտիի՝ հնդկական փայտիկների ծխով: Թախիծն ու երևակայությունն էին պայքարի մեջ մտել…

-Մի հատ էլ Գրիգորյան ու հանգեմ:

-Իսկ ե՞ս:

Խռպոտ ձայնով էր այդ անծանոթը: Մորուքը սև ու սպիտակ էր, բայց վստահ եմ՝ այլ գույներ էլ կային նրա մեջ: Տվեց ձեռքի տետրերը ինձ ու նստեց իմ փայտյա աթոռին: Նորից նայեցի նրան: Հասկացավ, որ ձեռքերն էին պակասում: Եկավ բամբակյա անկողնուս նստեց, բռնեց ձեռքերս ու նայեց աչքերիս մեջ:

-Տետրերը թող: Քեզ ինչ պետք է, իմ աչքերի մեջ է: Սկսի՛ր:

«Ամբողջ գիշեր չէին քնել: Այդ գյուղի երկու հյուսն ու երեք օգնականները…»:

Քիչ էր, շատ քիչ: Այդ տառապյալ ու հոգնաբեկ աչքերից ինձ ավելին էր պետք: Պետք էր էլի, ու չտվեց՝ պնդելով, որ ինձ այդքանն էր հանձնարարված:

-Իսկ բո՞ւն: Ո՞վ էր նա այդտեղ: Ո՞ւմ գույնն էր: Ո՞ւմ մոլորակից էր փախել: Ո՞վ էր նրան վարձել, որ Գառնիկին տանջի…

Չասաց, նա ոչինչ չասաց ինձ: Ես պետք է էդպես մութ-մութ էլ քնեի, առանց իմանալու բուին: Բուն ախր իմ սիրելի խորհրդավորն է, իսկ նա չի ասում ոչինչ: Հետաքրքրությանս չափ չկար: Ուրեմն լավ դաստիարակված բու էր… պառկեցի, խնդրեցի Չարենցին հանգցնել իր սիրելի լուսամփոփը:

-Քո երևակայությունը լրիվ հերիք է, որ ասածդ հարցերին պատասխանես,- շշնջաց ինձ համար խորհրդավոր Խեչոյանը։

Հարբած էի այն հույսով, թե կիմանամ պատասխանը: Ես ժպտացի, ու նա լսեց իմ ժպիտը: Ժպիտը երեք տեսակի է լինում․ ժպիտ, երբ ատամներդ չեն երևում, ժպիտ, երբ ատամներդ երևում են, ու ժպիտ, որը լսելի է: Պետք է զգալ լսելի ժպիտը՝ սրտով: Ու իմ ժպիտը երրորդ տեսակին էր պատկանում: Չոր ձեռքն էլ զգուշությամբ տարավ խոնավ ճակատովս: Հետո կամ նրա ափը խոնավացավ, կամ էլ ճակատս չորացավ:

 

Անդին 6, 2016

Share

Կարծիքներ

կարծիք