Գյուրջիևի երազին կապող կապույտ թելը

Հեղինակ:

gurdjieff1Ես մի տատիկ ունեմ:

Տատիկս աշխարհի ամենա-ամենատատիկն է: Ամեն առավոտ տատիկս ինձ տանում է երազ տեսնելու և ասում. «Տղա՛ս, կամ արա այնպես, ինչպես ոչ ոք չի արել, կամ պարզապես մի՛ արա»:

Մահից առաջ այս էր պատգամել տատիկը մանուկ Գեորգի Գյուրջիևին, և այս էր գրված եղել այն ցուցանակի վրա, որին մշտապես հանդիպել էր միստիկ մեծ փիլիսոփան իր ամբողջ կյանքի ընթացքում: Եվ նրա՝ օտարականի կյանքը մանկության տարիներին իր թափառած երազների նման էր՝ գիր ու մագաղաթ, թևատարած պատկերներ, հնչյուն, ռիթմ, լեզու օտար աշխարհների… Նա ապրում էր երազի մեջ, և ինչպես սովոր չենք միանգամից հասկանալու երազը, չէինք հասկանում նաև կյանքը նրա:

Նկարիչ Հայկ Սայադյանի «Պապիկիս երազը» անիմացիոն պատկերաշարը, որին ֆիլմ անվանելը, թերևս, «կսեղմի» նրա բովանդակությունը,  կապույտ թելը մատներիս կապած՝ տանում էր դեպի Գյուրջիևի կյանքը: Եվ խրթին էր, ինչպես իրական երազ, և առեղծվածային էր, ինչպես Գյուրջիևի միտքն ու գործը:

Փոքրիկ աղջնակն ամեն առավոտ արևածագից առաջ իր պապիկին ճանապարհում է դեպի նրա երազը, և որպեսզի պապիկը չմոլորվի և վերադառնա, հելլենուհի Արիադնեի նման թելի մի ծայրը կապում է իր մատից, մյուսը՝ պապիկի: Թելն այդ կապույտ է, և կապույտ է նաև երազի թիթեռը, որ պապիկին տանում է դեպի իր հնաբույր անցյալը, դեպի իր հույն նախնիների առասպելական լաբիրինթոսը, դեպի ցլամարդ Մինոտավրոսը, դեպի իր հայ նախնիների ծաղկոց-ձեռագրերը՝ թռչնապատկեր ու գեղագիր, դեպի լուսավորյալ պայծառատեսների ոլորապտույտ պարերը, դեպի իր ծննդավայր Ալեքսանդրապոլը, դեպի՜ ու դեպի՜ իր բազմադեմ, բազմաշերտ ես-երը և նրանց անվերծանելի գրերով  անվերջ լաբիրինթոսները…

-Մարդը չունի մշտական և անփոփոխ Ես, -ասում էր Գյուրջիևը: Եվ երազն արդեն ես-կենտրոնների բախումն է, երբ դրանցից մեկը սողոսկում է մյուսի սահման, քանի որ հիշողությունը, ուշադրությունը և զգացողությունը ոչ այլ ինչ են, քան մի կենտրոնի հսկումը մյուսին:

Հայկ Սայադյանն իր պատկերներում ընդգծել, բայց նաև նոսրացրել է այդ սահմաններն ու կենտրոնները՝ ցույց տալով Գյուրջիև-հանճարի ծանրաքայլ, բայց սահուն ու բանիմաց ճանապարհորդությունը սեփական ես-երի տիրույթներում:

Պատկերաշարում նկարիչը խորհրդաբանորեն ներգծել է Գյուրջիևի փիլիսոփայության բոլոր թեմաները՝ դրանցով կերտելով այդ լաբիրինթոսի առանձին «երազ-սենյակները»:

Պապիկի կերպարում Գյուրջիևը ևս նավարկում է դեպի սեփական երազի պատգամը, որը հիշողությունն է իր մանկությունից, երբ մեծ մայրն ասում էր՝ կամ արա այնպես, ինչպես ոչ ոք չի արել, կամ պարզապես մի՛ արա: Նա նավարկում է Լուսնից դեպի Արևը:

 

gurdjieff5

gurdjieff2

gurdjieff3

gurdjieff4

 

 

Share

Կարծիքներ

կարծիք