Արցախի 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը և պատերազմների էվոլյուցիան

gndapet-xachatrean-m-r-img_1483-090914

 

Ժողովուրդների պատմութիւնն այլ բան չէ, քան իրենց գոյամարտի,

իրենց յաղթութեանց եւ պարտութիւնների պատմութիւնը:

Գարեգին Նժդեհ

 

Մաս I

 

Նախաբան

Նահանջ տարի է 2016-ը…

Եվ այնուամենայնիվ, կարծես ո՛չ մի հայ պատերազմի չէր սպասում…

Թե՞ չէր կամենում…

Խաղաղասե՛ր ազգ ենք… Խաղաղասե՞ր…

Անշուշտ, բոլորս կամ շատերս հասկանում էինք, որ կովկասյան թուրքերի արհեստածին՝ «Ադրբեջան» կոչեցյալ պետության կողմից մեր դեմ 1988 թ. փետրվարին սումգայիթյան եղեռնով փաստացի սանձազերծված ու պաշտոնապես այդպես էլ չհայտարարված պատերազմը իրավանաբանորեն՝ դե յուրե, ավարտված չէր, քանզի 1994 թ. մայիսին կնքվել էր ընդամենը հրադադար՝ կրակի դադարեցման համաձայնագիր…

Սակայն 2014 թ. ամռանից սկսած և 2015 թ. հունվարին ոսոխը առավել շեշտված ցույց տվեց, թե պատերազմը փաստացիորեն՝ դե ֆակտո ևս ավարտված չէ…

Ավելի ճիշտ, 20-րդ դարի վերջին բռնկված հայ-թուրքական (Արցախյան) պատերազմը վերածվել է պատերազմների շարքի՝ քառամյա, մեկօրյա, քառօրյա… և այսպես շարունակ… Այնքան ժամանակ, քանի կողմերից մեկը չի հանձնվել…

Պետք է ճիշտը խոստովանել՝ թշնամին որոշ չափով հանկարծակիի էր բերել մերոնց… 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ժ. 3:00-ին Արցախ-Ադրբեջան ամբողջ սահմանագծով որոտացին ոսոխի գրեթե բոլոր զինատեսակները… Դավադիր մեր թշնամին, հավատարիմ իր գենետիկորեն նենգ բնույթին և չդավաճանելով դավով ու անակնկալով մեզ հանկարծակիի բերելու իր բազմադարյան ավանդույթին, գիշերային խավարի մեջ գրոհեց մեր առաջին գծի վրա…

Եվ խաղաղասեր մեր ազգի գլխին դարձյալ արյունոտ ամպրոպի պես պայթեց պատերազմը…

Այս անգամ՝ քառօրյա…

 

Ի՞նչ սովորեցրեց պատերազմը

 

Վատ բան է պատերազմը, թե լավ, բայց փաստն այն է, որ Քառօրյա պատերազմը կայծակի պես եկավ մաքրելու թուխպերը Հայոց աշխարհի երկնքից, մաքրելու ծանր, հեղձուցիչ ներքին մթնոլորտը, վառ լույս նետելու մեր տուն-ամրոցի բոլոր անկյունները, չթողնելու խավարի ոչ մի ծվեն՝ մեր Հայրենական հարկի ներքո…

Քառօրյա պատերազմը իր հրթիռների ու արկերի պայթյունների լույսի ներքո բազում ճշմարտություններ բացահայտեց… Այդ ճշմարտությունները մինչ այդ էլ կային, սակայն ճանապարհ չէին ստանում… Արդյունքում սկսվեց զինված ուժերի մաքրման գործընթացը… Իսկ առանց դրա չի կարող տեղի ունենալ ընդհանրապես հայոց պետության մաքրման, հզորացման և նոր՝ բարձրտեխնոլոգիական պատերազմների դարաշրջանում մարտունակ ու հուսալի բանակ ստեղծելու գործընթացը…

 

Ի՞նչ է պատերազմը, Քառօրյա պատերազմի յուրահատկությունը

 

Հայտնի ճշմարտություն է, որ պատերազմը պատմական երևույթ է: Եվ պատմությունը վկայում է, որ բոլոր պատմական ժամանակներում մարդկային հասարակությունը և պետությունը հաճախակի դիմել են պատերազմին ու ռազմական բռնությանը իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար:

Մեր տարածաշրջանը աշխարհի ամենառազմականացվածներից է, եթե ոչ հենց ամենառազմականացվածը: Անտարակույս, պատերազմները նաև մեր և հատկապե՛ս մեր տարածաշրջանում երբեք չեն ավարտվում, այլ միայն ընդհատվում են փխրուն հրադադարով կամ ոչ պակաս փխրուն զինադադարով: Չպետք է վայրկյան իսկ մոռանանք նժդեհյան հետևյալ իմաստուն միտքը. «Պատերազմ է անվերջ, եւ եթէ երբեմն ժողովուրդները կռւադաշտում չեն, ապա նրանք զօրանոցներում են, ուր խելայեղօրէն պատրաստւում են նորանոր բախումների համար»:

Բայց եթե անգամ հրադադարից անցնենք զինադադարի ռեժիմի և նույնիսկ կարողանանք թշնամուն ստորագրել տալ հաշտության պայմանագիր, անգամ այդ ժամանակ ապահովագրված չենք պատերազմի վտանգից: Մարդ արարածը, մարդկային հասարակությունն են այսպիսին: Ահա թե ինչու նույնիսկ ամենանպաստավոր, ամենալավագույն հաշտության պայմանագիրը չի կարող ապահովագրել մեզ մի նոր պատերազմի պայթյունից:

Պատերազմը, սակայն, հատկապես մեր այս դարաշրջանում, ընդունում է նոր կերպարանք ու ձև… Դառնում նույնիսկ բազմաչափումնային և հիբրիդային…

Պատերազմը բուն մարտադաշտերից զատ զուգահեռաբար սկսում է մղվել նաև այլ մարտադաշտերում. տեղեկատվական, հոգեբանական, տնտեսական, էներգետիկ, դիվանագիտական, կրթական, գիտական, մշակութային…

Եվ արդեն չկա ճիշտ ու սխալ, արդար ու անարդար… կա միայն հաղթող ու պարտված և… ի վերջո, միշտ էլ հաղթողն է արդարացի, իսկ պարտվածը՝ մեղավոր…

Հարկ եմ համարում հիշեցնել մի ուշագրավ փաստ:

2016 թ. ապրիլի 2-ի վաղ առավոտյան Արցախյան ռազմաճակատի ամբողջ գծով մեկ ընթանում էին արյունահեղ մարտեր ընդդեմ թշնամու:

Մեր զորքերը՝ մեծ մասամբ 18-20 տարեկան զինվորներ և նրանց 21-23 տարեկան դասակի ու 24-26 տարեկան վաշտի հրամանատար սպաները անձնազոհաբար հետ էին մղում իրենց վաշտերի դեմ նետված թշնամու բրիգադների հարձակումը:

Թշնամու՝ ա. հանկարծակիության, բ. թվական ու գ. սպառազինության առավելություն ունեցող զորամասերը հարձակվում էին՝ փորձելով ճզմել մարտական հերթապահություն իրականացնող մեր փոքրաթիվ ստորաժանումներին:

Թշնամու զորամասերն ուժեղացված էին հատուկջոկատայինների և լեռնահրաձգային ստորաբաժանումներով, համադրված, սատարված, հզորացված անօդաչու թռչող սարքերով ու մարտական ուղղաթիռներով… Դրանց աջակցում էին հակառակորդի մի քանի հարյուր Տ-90 արդիական տանկերը և հրթիռային զորքերի ու հատկապես հրետանու գրեթե բոլոր տեսակները, այդ թվում ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» սադիստական զենքը՝ ծանր հրանետային համակարգերը՝ «Տյաժոլիե օգնեմյոտնիե սիստեմի»…

Ես Վիքիպեդիայում ապրիլի 4-ին արագ ստեղծեցի ՏՕՍ-1 «Բուրատինո» և նրա ձևափոխումը հանդիսացող ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մասին հոդվածը: Ժողովուրդը հնարավորություն ստացավ մայրենիով ծանոթանալու այդ դաժան զենքի մարտավարատեխնիկական բնութագրերին: Դաժան զե՞նք… Մի՞թե ոչ դաժան զենքեր էլ են լինում… Չեն լինում… Բայց այս մեկը դաժանագույնների շարքին է դասվում… և հավանաբար մեր մարդկային կորուստների զգալի մասը նրա գործողությունների հետևանք էր…

Ահա մի հատված ՏՕՍ-1Ա-ի մարտավարական կիրառման մասին:

«ՏՕՍ-1Ա-ի կիրառումը մարտական պայմաններում կարող է զգալիորեն փոխել ուժերի հարաբերակցությունը հօգուտ կիրառող կողմի: Միայն մեկ թերմոբարիկ, այսինքն՝ ջերմաճնշային կամ ծավալա-դետոնացնող զինամթերքի կիրառումը իր հզորությամբ քիչ է տարբերվում ոչ մեծ մարտավարական միջուկային լիցքի պայթյունից, ինչն ահաբեկող ազդեցություն է ունենում հակառակորդի զորքերի վրա: Կարող է մոտ 3 կմ շառավղով ամեն ինչ այրել ու մոխրացնել, ոչնչացնել քաղաքի ամբողջ մի բնակելի թաղամաս»:

Նման զինատեսակը կիրառվում է հակառակորդի դիրքային հզոր պաշտպանությունը ճեղքելու համար… Այդ զենքն արդեն կիրառվել էր Աֆղանստանում, Չեչնիայում, Սիրիայում…

Թշնամու խնդիրն էր՝ ճեղքել հայկական առաջին գծի վաշտերի հենակետերը և հաջողության դեպքում զարգացնելով գրոհը՝ շարունակել հարձակումը դեպի Արցախի խորքը…

Սակայն առաջին գծի վաշտերի քաջարի անձնակազմը անձնվիրաբար պաշտպանվում էր: Սպայական կազմը հմտորեն կազմակերպում էր փոքրաթիվ ուժերի պաշտպանությունը ընդդեմ թշնամու գերակշիռ ուժերի: Հայտնվելով ծանրագույն դրության մեջ՝ մեր զինվորականները, այդ թվում սպաներն ու սերժանտները դրսևորում էին արտակարգ անձնազոհություն՝ անգամ նռնակներով իրենք իրենց պայթեցնելով, սակայն պաշտպանությունը պահում մինչև վերջին հնարավորությունը…

Առաջին գծի վաշտերի ու դասակների այդպիսի համառ ու խիզախ դիմադրության շնորհիվ մեր ռեզերվային ուժերին հաջողվեց թիկունքից օգնության հասնել և հակահարձակման անցնել ու թշնամուն հիմնականում հետ շպրտել մեր տարածքից…

Սակայն ռազմական այս իրադրության ֆոնի վրա շատ ուշագրավ քաղաքական, ավելի ճիշտ՝ միջազգային քաղաքական մի իրադարձություն տեղի ունեցավ, որին մեկ-երկու օր հետո ես անդրադարձա մամուլում, սակայն, ցավոք, քաղաքական և ռազմական վերլուծաբանների և քաղաքական գործիչների կողմից այդ փաստը, կարելի է ասել, բնավ ուշադրության չարժանացավ…

 

Ի՞նչ իրադարձության մասին է խոսքը:

Արցախյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող կազմակերպությունը՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, ավելի ճիշտ՝ նրա համանախագահ երկրների լիազոր ներկայացուցիչները՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները, ԵԱՀԿ-ի պաշտոնական համացանցային կայքում հրապարակեցին մամլո մի հաղորդագրություն, որը ստորև ներկայացնում ենք հայերեն թարգմանությամբ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մամուլի հաղորդագրությունը:

ՄՈՍԿՎԱ, ՎԱՇԻՆԳՏՈՆ, ՓԱՐԻԶ, 2 ապրիլի, 2016 թ. – ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպան Իգոր Պոպովը Ռուսաստանյան Դաշնությունից, դեսպան Ջեյմս Ուորլիքը Ամերիկայի Միացյալ Նահանգներից և դեսպան Պիեռ Անդրիուն Ֆրանսիայից) խիստ լուրջ մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի ունեցող հրադադարի լայնամասշտաբ խախտումների մասին հաղորդումների հետ կապված: Մենք խստիվ դատապարտում ենք ուժի կիրառումը և ցավ ենք ապրում անիմաստ կորսված մարդկային կյանքերի համար, որոնց շարքում կան քաղաքացիական զոհեր:

Համանախագահները կոչ են անում կողմերին դադարեցնել կրակը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ տեղում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Նրանք վերահաստատում են, որ հակամարտության խաղաղ բանակցային լուծումն այլընտրանք չունի, և որ պատերազմը չի կարող տարբերակ լինել»:

Այսինքն՝ փաստորեն համանախագահ երկրներն ընդամենը մտահոգություն են արտահայտում, կոչեր են անում, սակայն որևէ կոնկրետ միջոց չեն ձեռնարկում պատերազմը դադարեցնելու համար…

Ավելին, նրանք, ի դեմս ամերիկյան համանախագահի՝ Ջեյմս Ոուրլիքի, երեք օր ժամանակ են տալիս պատերազմող կողմերին: Քանզի ամերիկացի դիվանագետն իր թվիթերյան միկրոբլոգում ապրիլի 2-ի երեկոյան ժ. 5:51-ին գրել էր, թե միայն ապրիլի 4-ին կհանդիպեն Վիեննայում և կքննարկեն Արցախում բռնկված ռազմագործողությունների հարցը… Այն էլ ռազմագործողություն չի անվանել, այլ խախտումներ, բռնություններ…

Փաստացի, Մինսկի խումբը քարտ բլա՞նշ էր տվել Ադրբեջանին… Կարո՞ղ ես՝ զավթի՛ր: Ինչքան կխլես, այնքանին կտիրես…

Բայց, փաստորեն, ոչ ոք չէր կարող այդ նույն քարտ բլանշից օգտվելու իրավունքից զրկել նաև հայկական կողմին…

Ձևական տեսակետից Մինսկի խմբի համանախագահները կարող էին արդարանալ, թե պատերազմը սկսվել էր ուրբաթ լույս շաբաթ օրվա՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ուրեմն իրենք չէին կարող հավաքվել շաբաթ՝ ապրիլի 2-ին կամ կիրակի՝ ապրիլի 3-ին… Մնում էր ապրիլի 4-ը՝ երկուշաբթի… Բայց համանախագահների մասնակցությամբ Մինսկի խմբի լիագումար նիստը լիագումար կայացավ նույնիսկ մի օր էլ ավելի ուշ՝ միայն ապրիլի 5-ին՝ երեքշաբթի… Նույն օրը՝ ցերեկվա ժ. 12:00-ին, երկու կողմերին փաստորեն բարձր ցուցում տրվեց՝ կանգնեցնելու մարտական գործողությունները…

Չգիտեմ՝ ով ինչպես կբացատրի այս առեղծվածային իրադարձությունը… Ի դեպ, Քառօրյա պատերազմը բավական առատ է առեղծվածներով:

Ինձ թվում է՝ Քառօրյա պատերազմում ամերիկա-ֆրանս-ռուսական համանախագահների՝ ազերիներին տված քարտ-բլանշի իրավիճակը որոշ չափով հիշեցնում է 1918 թ. դեկտեմբերին մեր անգլո-ֆրանսիական դաշնակիցների՝ վրացիներին տրված քարտ բլանշի իրավիճակը: Բայց եթե հիշում եք՝ հայկական կողմն այդ ժամանակ փայլուն հաղթանակ տարավ…

 

Պատերազմների սերնդափոխությունը

 

Հայտնի է, որ միջպետական և առավել ևս տարածաշրջանային պատերազմներն են, որ հանգեցնում են համամոլորակային աղետների, այսինքն՝ դրանք հղի են գլոբալ պատերազմի վերածվելու վտանգով:

Ընդ որում, գլոբալ պատերազմը, եթե այն պայթի (իսկ, մեր կարծիքով, համաշխարհային մրցակցող ուժային կենտրոնների միջև մեծացող լարումը աստիճանաբար դրան է տանում), արդի ժամանակում կլինի 6-րդ սերնդի պատերազմ: Այդ հասկացությունը 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին հայտնվել է ռուսական ռազմական գիտության մեջ: Այն լայնորեն քննարկվել է, ուսումնասիրվել, մշակվել և զգալիորեն ազդել թե՛ ռուսական, թե՛ համաշխարհային ռազմական գիտության և ռազմարվեստի զարգացման վրա…[1]

 

6-րդ սերնդի պատերազմում իրենց նշանակությունը գործնականում կորցնում են այնպիսի ավանդական հասկացությունները, ինչպիսիք են «ռազմաճակատի գիծ», «զորքերի շարակարգ», «թիկունք» և կոնտակտային կամ շփումնային պատերազմի այլ հատկանշական երևույթները:

Ռազմավարական և մարտավարական խնդիրները կվճռվեն հակառակորդի տարածքի գործնականում յուրաքանչյուր խորությունում գտնվող առանցքային ռազմական և քաղաքացիական օբյեկտների՝ մե՛ր բարձր ճշգրտության սպառազինությունների խոցմամբ: Եվ հակառակը. նույնը կփորձի անել թշնամին…

Այդ տեսանկյունից պետք է վերլուծել թե՛ 2016 թ. ապրիլյան Քառօրյա պատերազմի դասերը և թե՛ Արցախի քաջարի Պաշտպանության բանակի ու առհասարակ Հայաստանի քաջարի զինված ուժերի տեղն ու դերը համաշխարհային ռազմական զարգացման և Մերձավոր Արևելքի ռազմաբեմում ու Կասպից-Սևծովյան տարածաշրջաններում հավանական պատերազմական գործողությունների ժամանակ, որոնց ամեն կերպ աշխատում են ներգրավել հայկական կողմին…

Անաչառ և գիտական քննության պետք է ենթարկել մեր զինված ուժերի վիճակը, Հայաստանի ամբողջ պաշտպանական համակարգի, այդ թվում նրա ուժային կառույցների, մասնավորապես զինված ուժերի, նրա բոլոր զորատեսակների, հատկապես օդուժի, հակաօդային պաշտպանության և օպերատիվ-մարտավարական հրթիռային զորքերի հավասարակշիռ զարգացումը, ռազմավարական զսպման հրթիռային զորքերի ստեղծման գործընթացի անհապաղ մեկնարկումը, բացի այդ ռազմական գիտության (ռազմագիտության) և նրա մասը կազմող ռազմարվեստի պատմության առաջանցիկ զարգացման հնարավորությունները, մոտ ու հեռու բոլոր հարևան պետությունների և մեր տարածաշրջանում ռազմական գործողություններին ներգրավվելու ունակ համաշխարհային գերտերությունների և միջազգային ռազմաքաղաքական դաշնախմբերի ռազմական դոկտրինները, ինչպես նաև համաշխարհային վտանգ ներկայացնող ահաբեկչական կազմակերպությունների հավանական գործողությունների սցենարները: Եվ այդ ամենը պետք է զուգակցվի արագ, ճշգրիտ ու նպատակասլաց գործնական աշխատանքների իրականացմամբ՝ հանուն մեր ռազմական հզորացման…

Կարիք կլինի վերանայելու Հայաստանի ռազմական դոկտրինը, լուրջ փոփոխություններ կատարելու ազգային անվտանգության ռազմավարությունում… Կարիք կա կատարելու լուրջ պաշտպանական, տնտեսական, գիտական, կրթական բարեփոխումներ և առհասարակ քաղաքական համակարգի լուրջ փոփոխություններ…

 

Ռազմապատմական էքսկուրս

 

Պարզաբանելու համար, թե ի՞նչ է 6-րդ սերնդի պատերազմը, կատարենք ռազմապատմական էքսկուրս:

Մեր մոլորակի վրա երբևէ տեղի ունեցած բոլոր պատերազմները կարելի է բաժանել երկու խմբի.

—           միջուկային ժամանակաշրջանի պատերազմներ,

—           մինչմիջուկային ժամանակաշրջանի պատերազմներ:

1945 թ. միջուկային զենքի ի հայտ գալը և կիրառումը խախտեց պատերազմների ավանդական էվոլյուցիոն՝ բնաշրջական զարգացման գործընթացը:

Անշուշտ, պատերազմների նոր սերունդը չի գալիս վայրկենապես: Դրա համար անհրաժեշտ է որոշակի ժամանակաշրջան, որը կախված է հասարակության տնտեսական զարգացման մակարդակից:

Ցանկացած սերնդի պատերազմը պետք է դիտարկել որպես բարդ-հասարակական-քաղաքական երևույթ, որն ընդգրկում է պետությունների և հասարակական-քաղաքական համակարգերի միջև պայքարի զանազան տեսակների ամբողջությունը, այդ թվում քաղաքական, դիվանագիտական, գաղափարախոսական, տնտեսական, ռազմական, տեղեկատվական, բնապահպանական և այլն…

Բոլոր ժամանակներում պատերազմը իր մեջ համադրել է քաղաքականության և ռազմական բռնության հակասական միասնությունը և հիմնվել այն բանի վրա, որ յուրաքանչյուր պատերազմող կողմի համար զինված պայքարի բանաձևը կարելի է ներկայացնել որպես երկու փոխկապված, բայց ուղղությամբ հակադիր գործողությունների վեկտորների գումար.

ա. հակառակորդի նկատմամբ գործողությունը մեր խոցման միջոցներով (հարձակողական հարվածային վեկտոր),

բ. մեր զորքերի և օբյեկտների պաշտպանությունը հակառակորդի գործողության (խոցման) միջոցներից (պաշտպանական վեկտոր):

Զինված պայքարի բանաձևը սովորական պատերազմում կարելի է պատկերացնել հետևյալ հինգ փոխկապված բաղադրիչների ձևով.

  • հակառակորդի զորքերի և ռազմական օբյեկտների խոցում,
  • մեր զորքերի և օբյեկտների պաշտպանություն խոցումից,
  • մեր զորքերի գործողությունների համակողմանի ապահովում,
  • զինված պայքարի ուժերի և միջոցների կառավարում,
  • տեղեկատվական պայքար:

Այս բոլոր բաղադրիչները համալիր տեսքով հանդիսանում են զինված պայքարի բովանդակությունը ցանկացած սերնդի պատերազմում, ուստի և՝ ռազմագիտության տեսական ուսումնասիրման առարկան: Տեղեկատվական պայքարն առկա է պայքարի վաղուց հայտնի ձևերի կողքին՝ սկսած առաջին սերնդի պատերազմներից, սակայն բարձր ճշգրտության զենքերի կիրառմամբ պատերազմում, ինչպիսին հանդիսանում է 6-րդ սերնդի պատերազմը, տեղեկատվական պայքարը վճռորոշ դեր է ստանում:

Նշենք միջուկային պատերազմի, այսինքն՝ 5-րդ սերնդի պատերազմի հիմնական առանձնահատկությունները.

  • միջուկային զենքի կիրառմամբ պատերազմը անխուսափելիորեն հանգեցնում է իրեն ծնած քաղաքական կարգի ոչնչացմանը,
  • այդպիսի պատերազմում զինված պայքարի ձևը ոչնչացնում է նրա բովանդակությունը,
  • միջուկային պատերազմը իրենից նեկայացնում է տոտալ՝ համընդհանուր զինված բռնություն ոչ միայն պատերազմող կողմերի, այլև ամբողջ մարդկության նկատմամբ, ներառյալ առհասարակ պատերազմի հետ կապ չունեցող միլիոնավոր մարդկանց,
  • այդպիսի պատերազմում զինված պայքարը դադարում է լինել քաղաքական նպատակների ձեռքբերման միջոց, քանզի միջուկային զենքի կիրառմամբ պատերազմը անխուսափելիորեն կհանգեցնի մարդկության ոչնչացմանը:

Յուրաքանչյուր պատերազմ (թե՛ միջուկային, թե՛ սովորական), որպես բռնության ձև, գոյություն ունի կենդանի օրգանիզմի նման, որն ունի իրեն յուրահատուկ հատկանիշների ամբողջություն, ունի իր կառույցը, իր տարբերակված կառուցվածքներն ու գործառույթները, հարաբերական ինքնուրույնություն, իր զարգացման ներքին տրամաբանությունը:

Ահա ինչու, երբ պատերազմը սանձազերծվում է, շատ դժվար է լինում այն կանգնեցնել: Նա սկսում է զարգանալ իր սեփական ներքին տրամաբանությամբ:

 

Ասացինք, թե պատերազմը պատմական երևույթ է, և պատմությունը վկայում է, որ բոլոր պատմական ժամանակներում մարդկային հասարակությունը և պետությունը հաճախակի դիմել են պատերազմին ու ռազմական բռնությանը իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: Եթե նույնիսկ շատ հեռու չգնանք դեպի մարդկային հասարակության անցյալի խորքերը, ապա անգամ վերջին 5500 տարվա ընթացքում, երբ մարդկության պատմությունը կարելի է համարել նաև պետականության պատմություն, Երկրագնդի վրա տեղի է ունեցել շուրջ 15000 պատերազմ: Այդ մեկ ու կես բյուր պատերազմում զոհվել է մոտավորապես 3 մլրդ 500 միլիոն մարդ… Հենց նույն այդ վերջին 5500 տարվա իր ամբողջ պատմության ընթացքում մարդկությունը խաղաղ է ապրել, անդորր է վայելել ընդամենը մոտ 300 տարի: Այսինքն՝ յուրաքանչյուր 100 տարվա մեջ մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ…

Անդրադառնանք 1-ից 4-րդ սերնդի պատերազմներին:

 

1-ից մինչև 4-րդ սերնդի պատերազմները կամ մինչմիջուկային պատերազմները

 

Պատերազմների և խաղաղության միմյանց հաջորդումը Երկրագնդի վրա եղել է բնական և նույնիսկ շատ սովորական երևույթ: Ավելին: Վերը նշեցինք, թե պատերազմը պատմական երևույթ է: Կարող ենք ասել, որ պատերազմը պատմաստեղծ երևույթ է… Այսինքն՝ հենց պատերազմի և պատերազմների միջոցով են ստեղծվել, զարգացել և վերացել զանազան ժողովուրդների պետականությունները… Հենց նշանավոր, բեկումնային, շրջադարձային բնույթի պատերազմներն են սկիզբ դրել մարդկության պատմության հաջորդական փուլերին, դարաշրջաններին, պատմաշրջաններին և իրարահաջորդ աշխարհակարգերին՝ դառնալով նաև նրանց եզրագիծ-սահմանները… Օրինակ՝ 1618-1648 թթ. 30-ամյա պատերազմով հիմք դրվեց այսպես կոչված Վեստֆալյան աշխարհակարգին, 1798-1815 թթ. ֆրանսիական հեղափոխական և նապոլեոնյան պատերազմներին հաջորդեց Վիեննայի կոնգրեսով սահմանված նոր աշխարհակարգը, 1914-1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմը սկիզբ դրեց մարդկության պատմության մեջ այսպես կոչված Նորագույն դարաշրջանին, որին համընկնում է սկզբում Վերսալյան աշխարհակարգը՝ 1920-1939 թթ., իսկ 1939-1945 թթ. Երկրորդ համաշխարհայինից հետո սկսվեց այսպես կոչված Սառը պատերազմի ժամանակաշրջանը, որին համընկնում է Յալթա-Պոտսդամյան աշխարհակարգը: 1991 թ. ԽՍՀՄ-ի փլուզմամբ, որն ուղեկցվում էր նրա ներսում և հարակից տարածաշրջաններում բոցկլտացող պատերազմներով, սկիզբ առավ նոր՝ միաբևեռ աշխարհակարգը, որին էլ 2008 թ. պաշտոնապես մարտահրավեր նետվեց նոր երկբևեռ կամ բազմաբևեռ աշխարհի կողմնակիցների կողմից, բռնկելով պատերազմների մի ամբողջ շարք, որտեղ առանցքային դեր էր խաղում 08.08.2008 թ. ռուս-վրացական պատերազմը… Դրան էլ հաջորդեց «արաբական գարնան» պատերազմների շարքը, որոնցից ամենաարյունալին դարձավ դեռ շարունակվող Սիրիական պատերազմը՝ 2011-2016 թթ., և 2014-2016 թթ. նույնպես շարունակական, դաժան ու արյունահեղ Նովոռոսիայի կամ Արևելաուկրաինական պատերազմը… Պատերազմների այս շարքում մեզ՝ հայերիս համար իհարկե ահազանգային իմաստ ուներ 2016 թ. ապրիլի Քառօրյա պատերազմը…

Ըստ որոշ տեսակետների՝ պատերազմը բխում է մարդ արարածի մեջ առկա և անշրջանցելի բնազդից: Ըստ որոշ այլ տեսակետների՝ պատերազմը մարդու ուղեղի կենսաբանական կառուցվածքի հետևանքը չէ: Այսինքն՝ մարդու ուղեղի կենսաբանական կառուցվածքը պատերազմի առաջացման պատճառը չէ: Պատերազմի ծագման պատճառը քաղաքականությունն է: Ընդ որում, կարևոր չէ, թե ի՞նչ շրջանակներում և ի՞նչ ծավալներում է վարվում քաղաքականությունը՝ ցեղային միությա՞ն, թե՞ արդյունաբերական պետություններից բաղկացած միջազգային հանրության…

Քաղաքական գործիչները, պետությունների կառավարողները պատերազմին դիմել են թե՛ անցյալում, թե՛ արդի ժամանակաշրջանում: Երբեմն նրանք նույնիսկ չեն էլ փորձում հիմնախնդիրների լուծման ոչ ռազմական ձևերն ու եղանակները, այլ միանգամից գործի են դնում զինված բռնությունը…

Պատերազմների և ռազմական կոնֆլիկտների պատմության վերլուծությունը ցույց է տալիս, որ մինչմիջուկային ժամանակաշրջանում պատերազմի ու խաղաղության հերթագայությունը Երկիր մոլորակում բնական և ինչ որ չափով էլ սովորական վիճակ էր…

Պատերազմները երբեք չէին դադարում, ունեին իրենց զարգացումը. Վաղնջական ժամանակներից մինչև 20-րդ դարը միմյանց հաջորդել է պատերազմների առնվազն 4 «սերունդ»:

Ընդ որում, պատերազմների այդ «սերունդների» միմյանց հաջորդելու սահմանագծերը հիմնականում համընկնում են մարդկային հասարակության զարգացման որակական, պատմական նշանակություն ունեցող ցատկերի հետ, որոնք էլ պայմանավորում են խոցման սկզբունքորեն նոր միջոցների ի հայտ գալը, որն էլ իր հերթին հանգեցնում էր պատերազմի վարման նոր ձևերի ու եղանակների ծնունդին…

Պատերազմների սերունդների դասակարգումը, որն առաջարկել է Ռուսաստանի ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ռազմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պահեստազորի գեներալ-մայոր Վլադիմիր Սլիպչենկոն, ներկայացված է ստորև բերված աղյուսակում:


Պատերազմների դասակարգումը

Սպառազինությունը Պատերազմի տեսակները Պատերազմի նպատակները
Առաջին սերունդ
Սառը զենք: Մարտավարական մասշտաբի ստորաբաժանումների կամ զորամասերի պատերազմներ: Գլխավոր նպատակը՝ ոչնչացնել հակառակորդին, կողոպտել նրան և վերցնել ստրուկներ:

 

Երկրորդ սերունդ
Հրազեն՝

վառոդ և հարթափող զենք:

Ստորաբաժանումների, զորամասերի, միավորումների մարտավարական մասշտաբի պատերազմներ: Գլխավոր նպատակը՝ ոչնչացնել հակառակորդին, տիրանալ նրա արժեքավոր ունեցվածքին և տարածքին:
Երրորդ սերունդ
Ակոսավոր բազմալիցք հրազեն՝ բարձր արագաձգությամբ, կրակի դիպուկությամբ և հեռահարությամբ: Օպերատիվ-մարտավարական մասշտաբի պատերազմներ: Բուն նպատակը՝ ջախջախել հակառակորդի գլխավոր ուժերը, ավերել նրա տնտեսությունը և տապալել նրա քաղաքական կարգը:
Չորրորդ սերունդ
Ինքնաձիգ և ռեակտիվ զենք, հրասայլեր, օդուժ, լիովին մեքենայացված վերջրյա և ստորջրյա ռազմական նավատորմ, ռազմական տրանսպորտային միջոցներ և ռազմական կապ: Ռազմավարական մասշտաբի պատերազմներ: Գլխավոր նպատակը՝ հակառակորդի զինված ուժերի ջախջախումը, նրա տնտեսական ներուժի և քաղաքական համակարգի ավերումը:

 

            Պատերազմների դասակարգումը

 

Պատմությունը վկայում է, որ պատերազմների առաջին չորս սերունդները, որոնք կոչվում են նաև մինչմիջուկային ժամանակաշրջանի կամ կոնտակտային (շփումնային) պատերազմներ, հանդես են եկել որպես հիմնականում քաղաքականության գործիքներ, եղել են քաղաքականության ընդունելի կամ թույլատրելի շարունակությունը: 5-րդ սերնդի պատերազմը, իսկ դա արդեն միջուկային պատերազմն է, կարող է լինել միակն ու վերջինը այդ էվոլյուցիոն շղթայում, եթե այն բռնկվի…

ա. 1-ին սերնդի պատերազմները պատմական առումով արդեն հանդես էին գալիս որպես հակասությունների լուծման եղանակ, սակայն դեռ միշտ չէ, որ կրում էին վառ արտահայտված քաղաքական բնույթ: Նրանց ծագումը կարելի է վերագրել մարդկության զարգացման ցեղային և նույնիսկ տոհմական ու նահապետական-գերդաստանային փուլերին, որոնց հատուկ էր աշխատանքի արդյունքների փոխանակումը ցեղի, տոհմի սահմաններում, որն աստիճանաբար ապրանքային հարաբերություններից վերաճեց ապրանքադրամայինի:

1-ին սերնդի պատերազմներում զինված պայքարը իրականացվում էր հիմնականում ստորաբաժանումների, երբեմն՝ զորամասերի մարտավարական մակարդակով, ընդ որում՝ դրանք բացառապես կենդանի ուժով համալրված ստորաբաժանումներ և զորամասեր էին՝ բաղկացած հետևակային և հեծյալ ռազմիկներից՝ զինված սառը զենքով:

1-ին սերնդի պատերազմները բնութագրական են հատկապես ստրկատիրական դարաշրջանի համար (ծաղկումը՝ մ.թ.ա. VI դ. — մ.թ. II դարեր, անկումը՝ մ.թ. III-V դարեր):

բ. 2-րդ սերնդի պատերազմների վարման ձևերն ու եղանակները պայմանավորված էին ռազմական գործում կատարված հեղափոխությամբ, որը կապված էր ավատատիրական (ֆեոդալական) հասարակությունում նյութական արտադրության զարգացման հետ: Այդ հեղափոխության սկզբնական եզրագիծը կարելի է համարել վառոդի և հարթափող հրազենի ի հայտ գալը:

Իհարկե, հրազենը ի հայտ է եկել շատ վաղ ժամանակներում, ըստ որոշ տեղեկությունների՝ վաղ միջնադարյան Չինաստանում: Սակայն այն որպես զենք սկսեց կիրառվել ավելի ուշ: Ուշմիջնադարյան Եվրոպայում հրազենի կիրառումն առաջացրեց հեղափոխություն պատերազմի վարման մեջ (15-16-րդ դարեր), դրանով իսկ սկիզբ դնելով 2-րդ սերնդի պատերազմներին: Դրանց ծաղկման ժամանակաշրջանն էր 17-ից 18-րդ դարերը և 19-րդ դարի առաջին կեսը:

Այդ դարաշրջանը ծնունդ տվեց ո՛չ միայն զինված պայքարի նոր ձևերին՝ ստորաբաժանումների, զորամասերի ու զորամիավորումների մասշտաբներով, այլև առաջ բերեց կատարելապես նոր տեսակի պատերազմ:

գ. Մարդկային հասարակության զարգացման դրամատիրական կամ կապիտալիստական ժամանակաշրջանը նպաստեց տեխնոլոգիաների առաջընթացին, մեծ քանակությամբ ակոսավոր բազմալիցք հրաձգային զենքի և ակոսավոր հրետանու ի հայտ գալուն, որոք ունեին մեծ հեռահարություն, մեծ արագաձգություն և մեծ դիպուկություն: Դա հանգեցրեց ռազմական գործում հերթական հեղափոխությանը և ծնեց 3-րդ սերնդի պատերազմները: Վերջիններս վարվում էին արդեն օպերատիվ-մարտավարական մասշտաբներով: Օպերացիաները կոնկրետ, որպես ցամաքային ռազմաբեմում խնդիրների լուծման ձև ի հայտ եկան իմպերիալիզմի կամ կայսերապաշտության ժամանակաշրջանում, իսկ ավելի որոշակի՝ Առաջին աշխարհամարտի տարիներին (1914-1918 թթ.):

դ. XX դարի կեսին տեղի ունեցավ հերթական հեղափոխությունը ռազմական գործում, որով սկիզբ դրվեց 4-րդ սերնդի պատերազմներին: Այդ սերնդի պատերազմները չեն դադարում նաև այժմ և շարունակում են զարգանալ: Պատերազմները ձեռք են բերել ռազմավարական բնույթ: Նրանք հանդիսանում են դրամատիրական-կայսերապաշտական և հետդրամատիրական հասարակության զարգացման, ինչպես նաև երկու հակադիր համաշխարհային համակարգերի ծագման արդյունքը, ինչը հանգեցրեց Երկրորդ աշխարհամարտի բռնկմանը:

Դա նպաստեց ինքնաձիգ զենքերի, զրահատեխնիկայի, մարտական օդուժի՝ ավիացիայի, մարտական վերջրյա և ստորջրյա նավերի արագացված ստեղծմանն ու սպառազինության մեջ մեծ քանակությամբ ընդգրկելուն: Ի հայտ եկան ռադիոտեղորոշիչ միջոցները, զանազան նշանակության էլեկտրական և էլեկտրոնային կապի միջոցները, նոր ռազմատրանսպորտային միջոցները:

4-րդ սերնդի պատերազմների հայեցակարգը գոյություն ունի ավելի քան յոթանասուն տարի: Այդ պատերազմների հիմքը ցամաքային զորքերի հսկայական քանակությունն է, որոնք զինված են զրահատեխնիկայով, մարտական օդուժով, լրիվ մեքենայացված ռազմական վերջրյա և ստորջրյա նավատորմով, որոնք գործում են սերտ փոխգործակցությամբ:

Պատերազմների և ռազմական կոնֆլիկտների ընթացքում միշտ շեշտը դրվել է մարդկային մեծ զանգվածների կիրառման և մարդուժի մեծ ռեզերվների ստեղծման և օգտագործման վրա:

Ընդ որում, կիրառվող կենդանի ուժի, այդ թվում հատկապես մարդուժի, ինչպես նաև սպառազինությունների, ռազմական տեխնիկայի և զինամթերքի քանակությունները բոլոր, նույնիսկ ամենափոքր ռազմական կոնֆլիկտներում եղել են բավական մեծ, իսկ զինված պայքարի լարվածությունը և բոլոր տեսակի ցամաքային, օդային ու ծովային ուժերի կորուստները միշտ բավական բարձր են եղել:

4-րդ սերնդի պատերազմների ժամանակ ցամաքային ռազմաբեմերում մարտական գործողությունների հիմնական ձևերը մի քանի ռազմաճակատների ռազմավարական, ինչպես նաև ռազմաճակատային ու բանակային օպերացիաներն էին: Զինված պայքարի ծովային ռազմաբեմերում հիմնական դերակատարությունն անցավ ավիակիրներին, սուզանավերին և հակասուզանավերին, որոնք երկրորդ պլան մղեցին 3-րդ սերնդի պատերազմներում հիմնական դեր կատարած հածանավերին, գծանավերին, զրահանավերին ու էսկադրային ականակիրներին:

Այսպիսով, 4-րդ սերնդի պատերազմները բնութագրվում են ռազմավարական մասշտաբի օպերացիայի ձևով զինված ուժերի բոլոր տեսակների և զորատեսակների լայն օգտագործմամբ:

4-րդ սերնդի պատերազմների ժամանակ ռազմարվեստը հետագա զարգացում ստացավ ռազմավարության, օպերատիվ արվեստի և մարտավության ասպարեզներում: Ռազմարվեստի նոր սկզբունքները, այնպիսիք, ինչպիսին են համալիր կրակային խոցումը, ծածուկությունը, հանկարծակիությունը, ռադիոէլեկտրոնային ճնշման և քողարկման միջոցների օգտագործումը, նպաստում էին հաղթանակի ձեռքբերմանը:

Երկրորդ աշխարհամարտում հականացիստական բլոկի դաշնակիցների հաղթանակում ընդհանուր առմամբ գլխավոր դեր խաղացին հատկապես ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի տնտեսական հզորությունը և ռազմական ներուժը, ինչն էլ ապահովեց նրանց սպառազինությունների թե՛ քանակական, թե՛ որակական գերազանցությունը հիտլերյան դաշնախմբի նկատմամբ: Ռազմական տեսության մեջ ի հայտ եկան նոր հասկացություններ՝«ռազմական հզորություն», «ռազմական ներուժ» և «բարոյական գործոն»: Հենց դրանք էլ ապահովեցին հակահիտլերյան դաշնախմբի հաղթանակը Երկրորդ աշխարհամարտում:

Այն հատկապես արյունահեղ էր: Երկրորդ աշխարհամարտի զոհերի թիվը ռեկորդային էր. այն 4-րդ սերնդի պատերազմներից ամենազոհառատն էր…

Պատերազմական շուրջ 60-80 մլն կորուստները կազմում էին աշխարհի 1940 թ. բնակչության մոտ 2 մլրդ 300 մլն-ի 3% — 3,5%-ը: Քաղաքացիական բնակչության զոհերի թիվը հասնում էր 50-55 միլիոնի, ներառյալ 19-28 մլն՝ պատերազմի առաջացրած հիվանդությունների և երաշտի զոհերը: Զինծառայող զոհերը կազմում էին 21-25 մլն, այդ թվում շուրջ 5 մլն՝ գերության մեջ:

4-րդ սերնդի պատերազմի փայլուն օրինակ պետք է համարել Իսրայելի մղած վեցօրյա պատերազմը: Փայլուն օրինակ մեզ՝ հայերիս համար, քանզի հրեական Իսրայել պետությունը 1967 թ. հունիսի 5-10-ի ընթացքում միայնակ պատերազմեց Մերձավոր Արևելքի արաբական հինգ պետությունների դեմ (Եգիպտոս, Սիրիա, Հորդանան, Իրաք, Լիբանան) և հաղթանա՛կ տարավ… ՎՃՌԱԿԱ՛Ն ՀԱՂԹԱՆԱԿ… Ի դեպ, արաբական հինգ պետություններին աջակցություն էին ցուցաբերում արաբական ևս վեց (Ալժիրի հանրապետությունը, Քուվեյթի Էմիրությունը, Լիբիայի Հանրապետությունը, Մարոկկոյի Թագավորությունը, Սուդանի Հանրապետությունը, Թունիսի Հանրապետությունը) պետություն և մեկ ոչ արաբական իսլամական հզոր պետություն՝ Պակիստանը, ինչպես նաև Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը, որը փաստացի չկայացած Պաղեստինի արաբական պետությունն էր…

Հաղթական պատերազմի արդյունքում Իսրայելը տիրացավ այդպես էլ չստեղծված Պաղեստինյան պետության Գազայի հատվածին և Եգիպտոսի Սինայի թերակղզուն (որը տարածքով Իսրայելից գրեթե կրկնակի մեծ էր)… Հորդանանի Հաշիմյան թագավորությունից խլեց Հորդանան գետի արևմտյան ափը՝ ներառյալ Արևելյան Երուսաղեմը, իսկ Սիրիայից խլեց Գոլանի բարձունքները, որոնք առ այսօր պահում է զինակալման ներքո… և նպատակ ունի հավերժացնելու Երուսաղեմի ու Գոլանի վրա իր տիրապետությունը…

Արժե հիշել 4-րդ սերնդի այդ իրոք «Կայծակնային պատերազմի» հաղթող կողմի՝ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության անունները, քանզի նրանք դասական օրինակ ցույց տվեցին, թե ինչպես փոքր ուժերով կարելի է պատերազմել մի քանի ճակատով և հաղթանակ, այն էլ ՎՃԱՌԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ տանել…

Լևի Էշկոլ, Մոշե Դայան, Իցխակ Ռաբին, Ուզի Նարկիս, Մոտտա Գուր, Իսրայել Տալ, Մորդեխայ Հոդ, Յեշայահու Գավիշ, Արիել Շարոն, Էզեր Վայցման, Շլոմո Արել:

Շատ կուզենայի, ավելին, մեծ հույս ունեմ և գրեթե հավատացած եմ, որ կգա մի օր, երբ մեր ազգը կունենա ի՛ր ապագա ՎՃՌԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ռազմաքաղաքական հերոս ղեկավարներին, որոնց անունը կկարողանանք դնել Արգիշտի Մեծի, Արտաշես Մեծի, Տիգրան Մեծի, Արշակ Մեծի, Աշոտ Մեծի, Լևոն Մեծագործի, Դավիթ Բեկի ու Մեծն Նժդեհի նվիրական անունների կողքին…

Ներկայացնենք 1967 թ. վեցօրյա օրինակելի ՙբլից կրիգի՚ պատերազմող երկու կողմերի ուժերի հարաբերակցությունը և կողմերի տված կորուստները:

Իսրայել՝ 50000 զինվոր ու սպա և 214000 պահեստազոր, 300 մարտական ինքնաթիռ, 800 տանկ: Ընդամենը՝ 264000 զորք, որից մարտի համար բացազատված՝ 100000:

Արաբական ռազմադաշինքի երկրներ՝ գրեթե 550 հազար զինվորական (մարտի համար բացազատված՝ 240 հազար), մոտ 1000 ինքնաթիռ, ավելի քան 2500 տանկ:

Պատերազմող կողմերի զոհերը և այլ կորուստները.

Իսրայել՝ 776-983 սպանված, 4517 վիրավոր, 15 գերեվարված:

Արաբական դաշինքի երկրներ՝ ավելի քան 20-25 հազար սպանված և անհայտ կորած, մոտ 21 հազար վիրավոր, ավելի քան 5 հազար գերի, հարյուրավոր տանկեր, ավելի քան 450 մարտական ինքնաթիռ:

Ի դեպ, սպանվել էր նաև Իսրայելի 20 քաղաքացի և ԱՄՆ ռազմածովային ուժերի 34 նավաստի… Վերջիններիս հարվածել էր իսրայելական կողմը, քանզի ԱՄՆ նավատորմը հետախուզական տեղեկատվություն էր հաղորդում Արաբական ռազմադաշինքի երկրներին…

Հույժ կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ Իսրայելի այս վճռական հաղթանակը մարդուժի և ռազմատեխնիկայի քանակով իրեն գերազանցող, իսկ սպառազինության և տեխնիկայի արդիականությամբ բոլորովին չզիջող հակառակորդի հանդեպ տեղի ունեցավ Իսրայել պետության ստեղծումից ընդամենը 19 տարի անց…

____

[1] 6-րդ սերնդի պատերազմների տեսության հեղինակներն ու զարգացնողներն են գեներալ-մայոր, Ռուսաստանի ռազմական ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր Վլադիմիր Սլիպչենկոն, որն այդ հարցին նվիրել է մի քանի գիրք, այդ թվում «6-րդ սերնդի պատերազմե (Война шестого поколения), «Ապագայի պատերազմըե (Война будущего), ինչպես նաև ԽՍՀՄ և Ռուսաստանի նավատորմի ծովակալ Իվան Կապիտանեցը, որն այդ հիմնախնդիրն է քննարկել իր «Պատերազմը ծովում. Ռազմածովային գիտության հրատապ խնդիրներըե գրքում (Капитанец И.М., Война на море. Актуальные проблемы развития военно-морской науки. — М.: Вагриус, 2001.):

 

Մնացական Ռ. Խաչատրյան

ռազմական պատմաբան

պհզ. գնդապետ

 

 

Հոդվածի շարունակությունը կարդացեք Անդինի 2016թ. 5-րդ և 6-րդ համարներում

 

Անդին 6, 2016

Share

Կարծիքներ

կարծիք