Գիծը

img_4457

Ո՞ւր է տանում այս գիծն աղոտ,

Օլոր-մոլոր գնում է հեռուն՝

Այնտեղ պարում, պտտվում, գալարվում…

Մեկ էլ՝ դեմս ելնում այդ հեռվից նվաղոտ:

 

Ի՞նչ է այս գիծը, ի՞նչ է ուզում.

Ուզում է՝ բռնե՞մ այն, փռեմ իմ թղթի՞ն

Ու կազմեմ նրանով պատկե՞ր մի մթին,

Եվ միտքս իր հետ գնա՝ մոլորո՞ւն…

 

Ո՞ւր պիտ գնա իմ միտքը վարանոտ՝

Դեպ տիեզե՞րքն անհուն, աստղե՞րը վառ,

Թե՞ մի աշխարհ չգո, տարօր ու սառ,

Որ չունի ձև, կերպար, պատկեր ծանոթ…

 

Արդ, ինչ անեմ. չգիտեմ ես ճիշտ՝

Երթա՞մ այս ծիրով անգո, անծանոթ,

Որ դյութում է սիրտս ուժով մշուշոտ…

Թե՞ սթափվեմ, կանգ առնեմ մեկ ընդ միշտ:

 

Է՜հ, դե, գնա՛մ նրա ետևից:

Ահա, տանում է ինձ՝ մեկ վեր, մեկ վար,

Մեկ բեկվում, մեկ ժանիքվում՝ տեսար,

Զերթ շարժասանդուղք, ասես… վիհից:

 

Ուստի՞ է գալիս և ո՞ւր է սուրում.

Չգոյի՜ց է ելնում և գնում դեպ անգո՜…

Ուր որ է ինձ էլ կանի… իր տակով.

Ահա և հասնո՜ւմ եմ շեմին Անանուն…

 

Աստ ինքս եմ ոտք դրել կամովի

Ծորուն ծիրի ստեփին հարընթաց.

Ցնո՜րք, այրո՜ցք, անկո՜ւմ՝ վերահաս…

Սուրում եմ դեպ Շեմն Անհայտ Վիհի.

 

Ահա՜, անկո՛ւմ՝ խորքերն Անգոյի…

Սառը քրտինք, սարսո՜ւռ, դողե՜րք.

Մահվան շնչյո՞ւն, սուլող եղերե՞րգ…

Ապա… լույս՝ կապույտ, սառնակեզ, մոլի՜…

 

Սուզվում եմ անդ՝ օվկիանը Գոյի.

Մերթ տաք, մերթ սառը, շնչակեզ քամի…

Վնգոց… ցավ սոսկալի, վիթխարի

Այրում է շունչս, տանում անդունդը հոլի…

 

Եվ՝ հրա՜շք. ճերմակում է կապույտը Գոյի,

Մերթ-մերթ առկայծում նշույլով ճաճանչ.

Անկումս՝ շտկվո՜ւմ է, դառնում թռիչք աննահանջ…

Շունչն իմ այլևս չի սարսռում խոլից,

 

Այլ տեսնում է իր շուրջը մի լույս հարաճուն:

Տանջալից այն ճեղքում է մութը Գոյի…

Ինչպիսի՜ Տարերք անանուն… գալի՜ք.

Փոթորի՞կ՝ անտես, տարօր ու թաքո՞ւն:

 

Տագնապում է շունչս, անորոշ սավառնում,

Տեսնելով՝ ինչպես ճաճանչն է աճում,

Դառնալով հուր-կրակ՝ բոցեղեն մի շաչյուն.

Շունչս ցնդո՜ւմ է, ունկս՝ թնդո՜ւմ…

 

Այս ի՞նչ կրակ է, բոց վառվռո՜ւն,

Որն ինձ գրկում է ձեռամբ իր անտես

Ու տանում ինձ, տանո՜ւմ հեռուները վես.

Այրվո՜ւմ եմ, այրվո՜ւմ, բայց չեմ հրկիզվում…

 

Ուշքս եռում է. ցնորք տենդագի՜ն,

Ես բոցկլտում եմ, բոցավառվո՜ւմ,

Զերթ հնոցի մեջ՝ պողպատանում

Այս թռիչքի մեջ ահեղ, մոլեգի՜ն…

 

Թեժ հուր, կրակ ու բոց ամեհի

Լափում է շունչս, ուշքս՝ խժռում.

Ես վերանում եմ այս խենթ քուրայում՝

Անէանում եմ արգանդում Տիեզերքի…

 

Սակայն, օ՜ հրաշք. մարում է հուր ու կրակ…

Ձայնե՜ր, ձայներ, տարօրինա՜կ…

Ծնծղալի՜ց զրինգ, կապուտակ՝ ջնարակ…

Ծիածանվո՜ւմ է Լո՜ւյս մի՝ համակ…

 

Հոգեդա՜րձ, արթնացում…

Պաղ քրտինք… և՝ սթափո՛ւմ.

Լռիկ անդորր սենյակիս…

Գիծ քաշած ձեռքս՝ թղթիս…

 

 

Անդին 6, 2016

Share

Կարծիքներ

կարծիք