Օրինաչափի դարձերեսը

Հեղինակ:

dsc02210r-copyՊոնտացի հույների ցեղասպանության

100-րդ տարելիցի կապակցությամբ

 

Միհրդատ Պոնտացուց ու Տիգրան Մեծից, իմ նախնիներից մինչև իմ ծնունդ… ցեղասպանություն է:

Մի անեզր, անտերունչ, բայց սրբազան հայրենիք՝ թուրքանուն ու թուրքադեմ: Ես պատեպատ եմ խփվում իմ և միևնույն ժամանակ ոչ իմ հայրենիքներում, ես թույլտվություն եմ խնդրում իմ պապերի հայրենիք ոտք դնելու համար:

Տարիներ առաջ շատ ու շատ պոնտացիների նման ես էլ ուխտի գնացի դեպի պատմական Պոնտոս, և իմ առջև նյութականացան ծովաթաթախ Տրապիզոնը և պոնտական մյուս քաղաքները, որտեղ, հավանաբար, դեռ չէին ջնջվել իմ նախնիների ոտնահետքերը: Ես մինչև երկինք հառեցի հայացքս, որ տեսնեմ երկնակարկառ, փառազարդ, բայց խաչազուրկ եզերքը հզոր Պանագիա Սումելա մենաստանի, որտեղ անհավատի մի դույլ ջրով էին «տանտերերն» ընդհատում քրիստոնյաների խորահավատ մոմերի կրակը՝ վառված առ Աստված, առ մեր նահատակ նախնիների հոգիները…

Ես թվաբանություն լավ չգիտեմ և, գիտեք… ինձ համար բնավ նշանակություն չունի երեք, չորս, թե յոթ հարյուր հազարը, նույնիսկ մեկուկես միլիոնը: Քանզի եթե իր հայրենիքում ապրելու, արարելու և իր աստծուն հավատալու համար սպանվում են նույնիսկ երեք մարդ, ապա դա ի՞նչ է, եթե ոչ ցեղասպանություն, սովորական ցեղասպանություն…

Եվ միջազգային ատյանները կատարվածը կբնութագրեն տարհանում, զանգվածային ջարդ, բռնություններ ու ուրիշ այլ կոկիկ բառերով, որոնք կխլացնեն կանանց ու աղջիկների աղաղակները, կթմրեցնեն սոված երեխաների աչքերի սարսափը, բայց երբեք չեն ընդգրկի այդ կատարվածի էությունը:

Իսկ կատարվածը ճիշտ և ճիշտ նույն սցենարով էր, ինչպես խոստացել էր Էնվեր փաշան՝ «Ես կուզեի լուծել հունական հարցը պատերազմի ընթացքում նույն ձևով, ինչպես արդեն լուծել եմ հայկականը»:

Ինձանից առաջ և ինձանից հետո էլ պատմաբանները կգրեն վիճակագրությունների ու թվերի մասին, աշխարհագրական քառակուսի կիլոմետրերի մասին, ճշգրիտ թվականների ու ոճրագործների անունների մասին, բայց Ցեղասպանության ճանաչման պահանջի արահետն իմացող իմ հայ հայրենակիցները վաղուց են հասկացել մի պարզ ճշմարտություն, որ խուլ ու համր աշխարհից և Թուրքիայից արդարություն պահանջելուց առաջ պետք է նախ ցեղասպանությունն ապրել արյան հիշողությամբ, մանկան օրորոցից մեծանալ որպես պահանջատեր ու արդարության մարտիկ… Գիտեն նաև, որ ցեղասպանությունը չի վերաբերել ու չի վերաբերում միայն աշխարհասփյուռ հայրենազուրկին, այլև նրա՝ պետություն ունեցող հայրենակցին, եղբորը: Այս դեպքում՝ հույնին, Հունաստանի Հանրապետության քաղաքացուն:

Եվ ցեղասպանությունը, փաստորեն, միայն մեկ արարով ողբերգություն չէ: Անվերջ շարունակվող մի անմխիթարություն է, սուգ, քանի դեռ չկա պահանջ, ճանաչում, հատուցում ու վերածնունդ: Քանի որ ժամանակները միշտ նպաստավոր են էնվերների համար, իսկ արդարների համար այդ նպաստավորությունը ստեղծելու համար մի քիչ միաբանություն է պետք, մի քիչ էլ հեղինակություն և ուժ, որովհետև աշխարհը տաշած քարերով ճամփա է սարքում, այդ քարերն աշխատեցնում իր տնտեսության ու մշակույթի մեջ, իսկ հետո ջարդում՝ անունը դնելով տարհանում…

 

…Երբ ես դեռ երեխա էի, մտածում էր, որ աշխարհի բոլոր ազգերին հայերի ու հույների, ասորիների նման ցեղասպանել են, ես մտածում էի, թե դա օրինաչափ է, և թուրքերի առաքելությունը մոլորակի վրա հենց դա է:

Եվ հիմա ես ուզում եմ, որ ցեղասպանության մեր հարյուրամյակները շրջեն մարդկության պատմության ծուռ ուղին դեպի Արդարությունը, Ազատությունը, Ճշմարիտը: Ես ուզում եմ աշխարհի բառարաններից ջնջել ցեղասպանություն բառը:

 

 

Անդին 6, 2016

Share

Կարծիքներ

կարծիք