Կյանքը ի ցույց

1000Ես ծնվել եմ միջնադարում՝ քսաներորդ դարի միջնադարում: Այդ դարի երրորդ քառորդում երկիրն ավելի քան կարիք ուներ երիտասարդական խանդավառության ու նվիրումի: Դա մեզ ներշնչում էին զօր ու գիշեր բոլոր միջոցներով: Շատերի հետ ես նույնպես կուլ տվեցի գաղափարական աճպարարության խայծը և հայտնվեցի հեռավոր մի երկրամասում, ուր կյանքը, շրջանցելով իշխանական շրջաբերականներն ու որոշումները, դժգույն էր ու տաղտուկ: Նմանատիպ օրերը միապաղաղ անտարբերությամբ շարվում էին ուլունքահատիկների նման, որոնք ամբողջության մեջ հմայքի հեղհեղուկ պատրանք էին ստեղծում:

Հեռու քաղաքակրթությունից ու առօրեական հաճույքներից, որոնց այդպես ձգտում է հեռանկարների շնչով ապրող ցանկացած երիտասարդ, ինքնամոռաց նվիրվել էի աշխատանքիս ու շրջակա գորշ ու թանձր իրականությունը ինչ­որ չափով տանելի էր դառնում, մոռացության տրվում:

Դեռ մինչև ճքճքան սառնամանիքների սկսվելը գիշերն արդեն այնքան երկար էր տիրում աշխարհին, որ նահանջում էր հեգնանքով՝ հուշելով, որ միևնույնն է՝ քիչ անց կրկին իր սևաթույր գորգն է փռելու անհրապույր բնության վրա: Իսկ այս ու այն կողմում թարթող եզակի լապտերներն ավելի էին ընդգծում գիշերվա անթափանցությունը, քանզի տկար լույսով անզոր էին ցրել նրա թանձրությունը:

Շրջապատի թախիծը խտացնում էին անշուք բարաքներն ու լվացքից հետո չորացող անհավանական չափսերի ներքնաշորերը: Երեկոները կարճում էին թղթախաղ, դոմինո, շաշկի խաղալով, մտքի տիտանները Կաիսա աստվածուհուն էին պաշտում, մնացյալը երկրպագում էին Բաքոսին: Թատրոն չկար, կրկես՝ նույնպես, և պարզ չէր՝ կենցաղի գորշությունն էր պատճառը, թե ծաղրածուների բացակայությունը, բայց մարդիկ քիչ էին ծիծաղում այստեղ: Անգամ քաջասիրտ Կոբզոնը չէր երևում այս կողմերում, իսկ Հերբերտ ֆոն Կարայանը իր ամենամղձավանջային երազում անգամ չէր կարող պատկերացնել, թե հյուրախաղերով կարող է հայտնվել այստեղ. դրսում ակուստիկան այն չէ, իսկ շքեղ համերգասրահ չկար: Կար մի խղճուկ ակումբ, ուր երբեմն կինոնկար էին ցուցադրում կամ պարեր կազմակերպում:

Ես նախընտրում էի ընթերցանությունն ու երաժշտությունը, նրանց հետ տեղափոխվում էի այլ աշխարհներ՝ լի վայելքներով, արկածներով ու գունեղ ելևէջներով: Ու թերևս չկար ավելի ցանկալի պահ, քան տաք վառարանի մոտ նստած՝ ընկղմվել այդ հեքիաթային ու երևակայական աշխարհը, մոռանալով բնության կամակոր ու անսանձ տարերքը պատուհանից այն կողմ: Փախուստ տալով իրականությունից՝ դրանով իսկ հագեցնում էի իմ միապաղաղ առօրյան:

Սառնամանիքը պարուրում էր աշխարհն ու ստիպում ծառերին ճարճատել, թռչուններին՝ հանկարծահաս վայր ընկնել թռիչքի պահին, ու թվում էր, թե խտացել են բոլոր սանդղակների բացասական ջերմաստիճանները մի կետում՝ Ցելսիուսի, Ֆարենհայթի, Ռեոմյուրի, Կելվինի, դեռ Ռիխտերի ցնցումներն էլ նրանց հետ:

Առանձնապես հուսահատեցնող էր ուշացող գարունը, երբ հավերժ թվացող ձմեռվա ձյունաթմբերից, բքերից ու մերկիրան ծառերից ձանձրացած՝ անհամբեր սպասում ես ձնհալին, առվակների խոխոջին, աչք շոյող կանաչին ու արևի քնքույշ ջերմությանը, սակայն ամենը անհուսալի ուշանում էր, թեև օրացույցը համառորեն փորձում էր հաստատել իր իրավունքները:

Աշունն անտանելի էր ամենուր սողոսկող խոնավությամբ ու միալար անձրևներով, որոնցով հագեցած կավահողը վերածվում էր լպրծուն կոշտուկներով, սոսնձի նման կպչուն ցեխի: Այն անձկությամբ փարվում էր ամենին, ինչն անցնում էր իր վրայով՝ անիվներին, կոշիկներին, կճղակներին, ինչպես ջրահեղձն է փորձում ազատվել իրեն շրջապատող մահացու տարերքից: Գորշ ու ծանր ամպերը մշտապես հղի էին անձրևով ու մոռացել էին, որ աշխարհում կան այլ վայրեր, ուր իրենք իրավամբ ցանկալի են:

Սովորական կիսակոշիկ հնարավոր էր հագնել միայն կարճատև ամռան ընթացքում, այն էլ բարենպաստ եղանակին. այդ կոշիկները գործնականում անմահ էին, պարզապես հնարավոր չէր մաշել: Ձմռանը թաղյակները, իսկ աշնանն ու գարնանը ռետինե երկարաճտքերն էին դրանց փոխարինում, որոնց պահանջարկն ավելի մեծ էր, քան «Սալամանդր» կոշիկներինը Եվրոպայում. մեր խանութի դարակներին շարված շքեղ տուփերի վրա փոշի էր նստած, մինչդեռ ռետինե երկարաճտքերը սպառվում էին մեկ օրում: Աշխարհից մոռացված այդ բանավանում ամենից հարգին, սակայն, ճահճային երկարաճտքերն էին, դրանք մինչև աճուկներն էին հասնում, ու այնուհանդերձ շուք էր համարվում եզրերը ծնկներում ծալած շրջելը. դա տեղի պճնամոլներին գրեթե հրացանակիրների տեսք էր տալիս: Բազմաթիվ խանդակներն ու փոսերը անգամ ցերեկային ժամերին անկայուն էին դարձնում քայլվածքը, իսկ գիշերը լապտերով իսկ հնարավոր էր վտանգվել ու սայթաքել լպրծուն կավահողի վրա: Երբեմն ճմաթմբի վրայով քայլելն ավելի անվտանգ էր: Աշխարհը լի է լեռներով ու գետերով, հզոր անտառներով ու ծովերով, որոնց տեսքը աչք է շոյում, իսկ այստեղ մոծակներով լի ճահճուտներ, անհրապույր, նվազ ծառերով անտառակներ են միայն ցրված: Հորիզոնը կորությամբ եզրագծվում էր շուրջդ և տեղիք տալիս կարծելու, թե ճիշտ էին Հին աշխարհի միամիտները, թե Երկիրը մի սկուտեղ է ու կանգնած է երեք փղերի վրա:

Ես ազատ նետաձիգ էի, սակայն ծեքծեքուն վիթեր չէին հանդիպում. կանայք կոշտ ու կոպիտ հագուստի մեջ կորցրել էին ոչ միայն իրենց դեմքը, այլև հմայքն ու քնքշությունը: Շատերն էին գեղեցիկ, բայց չէին առանձնանում բարեկիրթ շարժուձևով. այդպիսին էին դարձել ծանր աշխատանքից ու անուրախ առօրյայից: Ի՞նչ քնքշանքի մասին է խոսքը, եթե հերթափոխով աշխատում ես երկաթուղու շինարարությունում կամ հորատանցքի մոտ: Եվ ո՞վ պետք է գնահատի քո գեղեցկությունն ու հրապույրը. տձև հագուստի մեջ շարժվող կնոջ քայլվածքը, ավա՜ղ, հեռու էր նազանքից: Ձմռան երեկոներին, աշխատանքից հետո նրանք մուշտակներով էին պճնվում, իսկ տղամարդու համար ամենապատշաճը ոչխարենու քուրքն էր: Մարդիկ անտարբեր էին դարձել, ինչպես շրջապատի բնությունը՝ առանց հոգևոր կայծի ու թռիչքի: Վատ չէին վաստակում, և ամեն բան ենթարկվում էր դրան, ամենը ժամանակավոր էր՝ գումար էին կուտակելու ու հեռանան, քանի որ Մեծ երկրի կարոտը կրծում էր բոլորին: Ողջ կյանքն անցկացնել այստեղ՝ նշանակում էր դատապարտվել մտագարության: Իսկ հոգեբուժարան մոտակայքում, իհարկե, չկար:

Ինչ­որ երեկույթի կամ տոնախմբության մասնակցելիս սովորական էր թևատակին մի զույգ կոշիկով ներկայանալը, մանավանդ եթե դա ակումբում կամ գրասենյակում չէր, այլ ինչ­որ մեկի տանը:

Եվ իհարկե, երբ աշնանային խոնավ ու անձրևոտ եղանակից պատսպարվելով տաքուկ սենյակում միացնում ես նվագարկիչը կամ ձեռքդ առնում գիրքը, երանության այնպիսի ալիք է պարուրում, ասես չեն հետապնդելու քեզ երբեք ցուրտն ու քամին, անձրևն ու կպչուն ցեխը:

Գիրքը… Այն հիասքանչ է իր անհատակ խորհրդավորությամբ ու աննվաճ է, ինչպես ճշմարտությունը: Եթե հետաքրքրում է, վերցնում ես ափերիդ մեջ, շոշափում, շոյում, անգամ բուրմունքն ես ընկալում: Ու ամեն էջը շրջելիս նոր հույզեր են ծնվում, խորանում ես բավիղներում, կիրքն առնում է քեզ իր անդիմադրելի հոսանքի մեջ ու տանում բերկրանքի թևերի վրա: Կարևորը՝ ընթերցումն ավարտելուց հետո անտարբեր չես՝ երբեմն դառնանում ես, որ բովանդակությունը համապատասխան չէ շքեղ կազմին: Հետո կամ դեպի նա ես մղվում ու անասելի հաճույքով վերընթերցում, կամ իսպառ մոռանում ես՝ այլևս չհիշելու համար: Բայց կատարյալ երջանկություն է, եթե այդ գիրքն ուղեկցում է քեզ ամբողջ կյանքում:

Որքա՜ն նմանություններ ունեն գրքերն ու կանայք…

Գլորվում էին օրերը, վերածվում շաբաթների, ամիսների, որոնք նման էին իրար, ինչպես սիամյան երկվորյակները՝ անբաժանելի ու անբնական:

Ու հանկարծ աշխատանքային մռայլ օրը լուսավորվեց ու ժպտաց ինձ՝ քաղաք էին գործուղում: Երբ ձեռքս առա հրամանը, այն ուղիղ չվերթով դեպի դրախտ մեկնելու ուղեգիր թվաց, այնքան անսպասելի էր կատարվածը: Թեկուզ մեկ­երկու օրով, բայց հեռու այս անտանելի ձանձրույթից, մառախլապատ եղանակից, ճապաղ բնությունից, ցեխաշաղախ ճանապարհներից ու սեփական մռայլությունից:

Հեռավոր կիսակայարանից սկսվում էր հոգնեցուցիչ նստափոխերով երկար ճանապարհորդությունը, բայց երբ գնացքը հաջորդ առավոտյան ճռնչալով կանգ առավ մեծ քաղաքի շքեղ կայարանում, եղանակն անգամ բարյացակամ էր: Ճիշտ է, աշունն իր իրավունքներից չէր հրաժարվել, բայց դալուկ արևը ժպտում էր, շրջապատը ողողված էր զվարթ բարյացակամությամբ, օդը թափանցիկ էր, ու տրամվայի զնգոցն անգամ մեղեդի էր թվում: Կայարանամերձ հրապարակի սիզամարգերը դեռ կանաչ էին, ամենուր եռուզեռ էր, բացվում էին խանութները, մարդիկ զբաղված այս ու այն կողմ էին շտապում, բայց հայացքներում աշխուժություն ու կյանք կար: Շուրջբոլորը մաքուր էր ու խնամված, թարմ, ակնահաճո:

Կանգառում սկսել էր հերթ գոյանալ, ծաղկավաճառ կոկիկ տատիկը փնջեր էր ձևավորում: Քիչ այն կողմ տարածվում էր եղևնիների պուրակը, որն իր մշտադալար կանաչով օազիս էր թվում տերևաթափ իր եղբայրների մեջ: Ինչպե՜ս էի կարոտել մեծ քաղաքի գերող խորհրդավորությանը: Անասելի թեթևություն էի զգում, ասես սավառնում էի, ոչ թե քայլում: Պատճառը չոր ու մաքուր մայթին քայլելու, կոշիկները վայելելու զգացողությունն էր, քանի որ չկար ամենուր հետապնդող կպչուն ցեխը: Ոտքերս թեթև էին, ու քայլելը կատարյալ բերկրանք էր պատճառում:

Գործերն ավարտելուց հետո հսկա ու գեղեցիկ այս քաղաքում, ուր եռում էր կյանքը, մեղք չէր հագուրդ տալ աշխարհիկ հաճույքներին: Եզակի այցելություններս միշտ զարդարում էի որևէ ներկայացում, համերգ կամ ցուցահանդես այցելելով: Օրվա երկրորդ կեսին արդեն ազատ էի, ինչպես կենգուրուն Ավստրալիայում: Իհարկե, գրադարան չվազեցի, քանի որ գրքեր տանն էլ կարող էի կարդալ: Բայց գրախանութներով անցա:

Չնայած տոն էր իմ հոգում, այնուհանդերձ չէր լքում զգացումը, որ ժամանակավոր է այն ու շատ կարճատև: Բնակավայրիս աղքատիկ բնությունը, լարված աշխատանքը, զուսպ միջավայրը ինձ հեռու էին պահել էպիկուրյան հերոսների կենսաձևից: Սակայն այստեղ քերականական կտրուկ անցում կատարվեց, ու ես անցյալ կատարյալից հայտնվեցի ներկա շարունակականի ոստայնում: Իսկ այն թելադրում էր ցանկությունների ընտրություն, բազմազանություն, այդ ամենից հաճույքներ կորզելու հնարավորություն:

Այցելեցի պատկերասրահ, ուր առանց մեծ հաջողության ցուցադրվում էին տեղական երիտասարդության գլուխգործոցները: Դրանք հավակնում էին նոր խոսք ասելու տարածված ՙիզմ՚-երի միջև, սակայն հարելով ռեալիզմին՝ շեղվում էին մինչև ՙնոնսենսիզմ՚, այդ խաբուսիկ ճանապարհին կորցնելով ոչ միայն գույների երանգները, իրերի ուրվագծերն ու ծավալները, այլև կտավի թեման ու բովանդակությունը: Խորհելով այդ մասին՝ առանց զանգահարելու հայտնվեցի հին ծանոթներիցս մեկի արվեստանոցի շեմին, ով նկարիչ էր, սակայն, ի զարմանս ինձ, ցուցադրված չէր պատկերասրահում: Նա մի անգամ ժամանել էր մեր խուլ անկյունը՝ մտադրվելով իր լուման ներդնել բեմականացված ցնծության ու ձոներգերի տենդով վարակված համայնական մթնոլորտում, թերևս ստեղծագործական երկունք ակնկալելով: Սակայն տափարակ տեղանքն ու վտիտ ծառերով խղճուկ բնապատկերը ոգևորություն չէին արթնացրել կատարելության ձգտող նրա հոգում, ու քաղաք էր վերադարձել՝ իր թղթապանակում չավելացնելով մի ճեպանկար անգամ: Նրան բոլորը Բոցման էին կոչում. ինչ­որ ժամանակ նավարկել էր հեռավոր ծովերում, ու այդ մականունը այնքան էր սազում բամբ ձայնով, հին ծովային գայլի մորուքով հյութեղ կերպարանքին, որ շատերը մոռացել էին իսկական անունը:

Նա ինձ դիմավորեց ուրախությամբ ու զարմանքով:

­Բոլորովին չէի սպասում, թե այն կողմերից մեկը կարող է դուրս պրծնել ու այցելել մեզ՝ քաղաքի պիժոններիս,­ բացականչեց նա՝ գրկելով ուսերս,­ ուրախ եմ սխրանքիդ համար:

Առօրյա հարցերին հագուրդ տալով ասացի, որ դիտել եմ ցուցադրությունը:

­Հետաքրքիր գործեր կան,­ ձեռքը թափ տվեց նա,­ բայց քչերն են իրական արվեստի ուղին ընտրել: Տեղ­տեղ զգացնել է տալիս արվեստը արհեստով փոխարինելու մարմաջը, իսկ երբեմն մրցակցությանն են առավել տուրք տալիս, քան մուսաներին: Բոլորն էլ ապրել են ուզում, վաճառել են ուզում իրենց կտավները, ճանաչում են ուզում, վերջապես:

­Իսկ դու ինչո՞ւ չես ցուցադրվել,­ հարցրեցի:

­Մի ինձ նայիր, բարեկամս,­ թնդաց նրա քրքիջը,­ չէ՞ որ վերնագրված է՝ «Երիտասարդ նկարիչների ցուցահանդես», և ուշադրություն դարձրեցի՞ր մանր տառերով գրվածին՝ «Սերնդափոխություն» Այսօրվա քաջերին թվում է, թե մենք վերջին դինոզավրերից մի փոքր ենք ընդամենը ջահել, և փորձում են ծերուկներիս մղել իրենց կողմից մեզ հատկացված անկյունը, և դեռ հայտնի չէ՝ արխի՞վ, թե՞ աղբանոց: Մենք ի՞նչ ենք հասկանում արդի հովերից: Նոր սերնդին թվում է, թե մեր մակարդակը հնամենի ժայռապատկերներն են, և դրանից հետո ոչ մի քայլ չենք կատարել: Բայց ո՛չ մենք, ո՛չ նրանք, ցավոք, ոչ մի նոր ուղղություն չենք հայտնաբերել. դա վաղուց կատարել են մեր նախորդները:

­Էլի հայրերի և որդիների հավերժական դժգոհությունը,­ ժպտացի ես,­ բայց մի՞թե արվեստում ամենագլխավորը նոր ուղղության հայր ու օրենսդիր լինելն է:

­Ո՛չ, իհարկե,­ համաձայնեց Բոցմանը,­ բայց յուրացնելով ստեղծվածը՝ հարկ է ձգտել հասնել ավելիին: Գոնե մի աղյուս դնել գեղեցիկի պաշտամունքի տաճարին: Հիմա հասկացա՞ր, թե ուր եմ թեքում. ես ո՞ր օրվա երիտասարդն եմ: Ավաղ,­ ձեռքը կրկին թափ տվեց նա,­ երիտասարդի փորձն է սահմանափակ, ծերունու՝ հնարավորությունները:

­Բայց ո՛չ արվեստում,­ ըմբոստացա ես,­ համ էլ դու ի՞նչ ծերուկ ես: Դու իսկական Կարլսոնն ես մշտապես ծաղկուն տարիքում:

Նրա դեմքին թախծոտ ժպիտ հայտնվեց:

­Ա՜յ դու ասում ես, որ տպավորված չես ցուցադրությունից: Բայց գիտե՞ս, թե ինչ կրքեր, խլրտումներ, ներքին հոսանքներ կան այդ ամենի խորքում: Մեկը իրեն չճանաչված հանճար է երևակայում, մյուսը տառապում է թերարժեքության բարդույթով: Յուրաքանչյուրն իր նպատակն ունի, բայց մոտենում է տարբեր ուղիներով: Օրինակ՝ ռոմանտիզմը կարելի է ճանաչել, անգամ շոշափել: Այն ինքնատիպ է և ունի իր բնորոշումը: Սակայն ստեղծագործողը յուրովի է ընկալում այն. մեկի համար մեղմ է, ինչպես հեզությունն ինքը, դյուրաբեկ, քնքույշ: Մյուսին այն թվում է անկիրք կամ սրտաճմլիկ: Բայց առաջին հերթին դու պիտի տառապես, հուզվես, որպեսզի անտարբեր չթողնես դիտողին: Արվեստը անտարբերության հետ անհամատեղելի է:

­Բայց ես կարող եմ ապառաժի նման կարծր լինել ու անտարբեր քո ստեղծածի նկատմամբ:

­Հսկան էլ կարող է պայտ ծռել, բայց զգացումներով զիջել անգամ ամեոբային,­ հակադարձեց Բոցմանը,­ դա դուրս է օրինաչափությունից:

­Իսկ եթե այնուհանդերձ չի հուզում ցուցադրվածը, ի՞նչ կասես,­ շարունակեցի ես:

­Նշանակում է կա՛մ իմ արարած կտավը բանի նման չէ, կա՛մ դու ոչինչ չես հասկանում:

­Ճանաչելով քեզ ու քո կտավները,­ ձեռքս տարածեցի արվեստանոցի պատերին,­ թերևս ճիշտ է երկրորդ տարբերակը, թեև խոստովանեմ, որ անտարբեր չեմ:

­Հարցը իմ կամ քո ընկալման մեջ չէ: Բայց եթե անտարբեր ես հեռանում, ամեն դեպքում արվեստն է տուժում: Եթե քո մեջ Աստծո կայծը բացակայում է, համոզված եղիր՝ մի օր ոգեշնչումդ էլ կմարի: Իսկ դա մեծ ողբերգություն է արվեստի մարդու համար: Թեև յուրաքանչյուրն իր տաղանդի շրջագծով է սահմանափակված. եթե անգամ իմ երկու ականջը կտրեն, միևնույնն է՝ Վան Գոգ չեմ դառնա:

­Բայց բոլորը արվեստագետներ չեն,­ ալարկոտ հակաճառեցի ես,­ կան ճշգրիտ գիտությամբ զբաղվողներ՝ գիտնականներ, իրավաբաններ, բժիշկներ, քաղաքական գործիչներ, վարորդներ: Ո՞րը թվարկեմ:

­Դու կարող ես կոշկակար լինել, բայց հոգով պոետ: Հենց այդ ներքին թրթիռի մասին է իմ խոսքը,­ ոգևորվեց նկարիչը,­ դու երբևէ մտածե՞լ ես, թե որտեղից Ամենաբարձրյալին այդքան գիտելիք, չէ՞ որ նա դպրոց չի հաճախել, մանկապարտեզում երգել չի սովորել,­ նա խորամանկ ժպտաց,­ բայց երգչի մեջ իր շնորհքն է դնում՝ դրա շնորհիվ է աստվածային ձայնով երգել Կարուզոն: Բայց արի ու տես, որ նաև ատոմ է ստեղծել, պոզիտրոն ու նեյտրոն, որոնց կառուցվածքը դժվարությամբ է պատկերացնում ոչ մասնագետը:

­Այդ իսկ պատճառով Նա ստեղծել է տարբեր մասնագիտություններ,­ պարզաբանեցի ես,­ տնտեսագետը պարտավոր չէ խորանալ ո՛չ ատոմի միջուկի, ո՛չ բջջի կորիզի մեջ:

Նա առանց ուշադրություն դարձնելու իմ հեգնանքին շարունակեց.

­Գիտնականները գլուխ են կոտրում Նրա ստեղծածը վերծանելու համար՝ փորձում են կրկին հեծանիվ հայտնագործել: Բայց դեռ այնքա՜ն հեռու են հասկանալուց, քանզի այնքա՜ն լայն է նյութի անսահմանությունը:

­Բայց չէ՞ որ Նա է հուշում, թե ինչպես Միքելանջելոն արարի իր գլուխգործոցները, արևը՝ ուժ տա հատիկին, Նա ինքն է հրահրում աշխարհակործան պատերազմներն ու սովը:

­Նա ստեղծել է ու քմծիծաղ տվել՝ դե՛, հայտնագործեք, բացահայտեք, բայց բարին արարեք: Իսկ մարդիկ փորձում են ինքնագլուխ գործել: Դեռ որքա՜ն ՙինկոգնիտոտրոններ՚ թաքնված են մնում հանճարների աչքերից: Եվ որքա՜ն մեծ է հակադրությունը՝ տիեզերքի անսահմանությունից մինչև ներատոմային լաբիրինթոսները: Իսկ դու դժգոհում ես, որ այս ցուցահանդեսը հաջողված չէ: Ինչպիսի՜ մանրուք այս մեծ աշխարհում:

­Նման մանրուքներն են, որ գունազարդում են մեր կյանքը կամ հիասթափեցնում մեզ,­ հոգոց հանեցի ես, քանի որ աչքերիս առաջ հայտնվեց տամուկ աշնան մեջ լողացող իմ բնակավայրը, ուր վերադառնալու էի՝ թողնելով քաղաքի շնչակտուր հևքը, ձեռակերտ փարթամությունը, հաճելի թվացող ժխորը, անգամ չգործող շատրվաններն ու տերևաթափ այգիները, որոնցով չէի հասցրել հագենալ:

­Ի դեպ, փարատելու համար քո հիասթափությունը՝ հարցնեմ՝ ի՞նչ ես ակնկալում այս երեկոյից:

­Որևէ ներկայացում…­ խոսքս չհասցրեցի ավարտել:

­Եվ դու կարծում ես, որ մենք՝ այս հիասքանչ քաղաքի քաղքենիներս, այնքան ենք տարված մեր կենցաղային մանրուքներով, որ ներկայացումները ընթանում են դատարկ դահլիճներո՞ւմ: Իսկ դու փորձիր գեթ մի տոմս գնել ներկայացումից առաջ. բոլորը վաղուց վաճառված են:

­Մի՞թե,­ շվարեցի ես,­ այսքան համերգասրահներում, թատրոններում մի ազատ տեղ չի՞ գտնվի խեղճ գավառացու համար:

­Ա՜յ ես էլ դա եմ շեշտում,­ քրքջաց Բոցմանը,­ դու հաջողակ ես: Ահա քեզ մի տոմս լիակատար երջանկության համար: Ինձ համար էին բերել, բայց հոգուս ճռինչով զիջում եմ, միայն թե ձեր կողմերում վատ կարծիք չտարածես պիժոններիս մասին:

Դա նրա վաղեմի սովորությունն էր, բայց թե ինչո՞ւ էր հոգնակի դիմում իրեն «պիժոն» մեծարելիս՝ անհայտ էր:

Երեկոյան օպերային թատրոնի շքեղ սպասասրահում էի, ուր ճեմում էր բարձրաշխարհիկ հասարակության սերուցքը: Ես փոքր­ինչ ճնշված էի այդ փայլից, բայց արագ հասկացա, որ հագնված եմ հավուր պատշաճի, ճակատիս գրված չէ, որ երկրամասի խորքերից եմ ժամանել, և, վերջապես, անձրևաջուր չի ծորում իմ վրայից, ու հաճույքով նայեցի ոտքերիս, որոնք ոչ թե տխրահռչակ ցեխոտ երկարաճտքերի մեջ էին, այլ կաշվե նրբագեղ կոշիկների, որոնց վրա փոշու հատիկ անգամ չկար:

Օպերային թատրոնի շենքը նորարական ճիչ էր և ուներ եթերային շունչ, սակայն ինձ առավել գրավեցին ճեմասրահում կանգնած օպերային հերոսների արձանները, որ ընկերացնում էին իրենց իսկ ստեղծած հեղինակներին՝ Պուշկինը Եվգենիի ու Տատյանայի կողքին էր, Օթելոն ու Դեզդեմոնան՝ Վերդիի, Դոն Ժուանն ու Լեպորելլոն պատկառանքով նայում էին Մոցարտին:

Իսկ ես հմայված նայում էի անթև զգեստներով լանջաբաց կանանց, ովքեր սիգաճեմ էին ու անմատչելի՝ ապավինելով թևանցուկ արած ինքնավստահ տղամարդկանց: Ու հանկարծ պատկերացրեցի, որ ճեմասրահը լի է ոչ թե այս պնճված բազմությամբ, այլ բանավանի բնակիչներն են ամենուր իրենց բամբակե խունացած բաճկոններով, հաստ գլխաշորերով, ականջակալները իջեցրած մորթե գլխարկներով, կոպիտ բրդե գուլպաներով ու թաղյակներով: Ա՜յ քեզ Կաֆկա, ա՜յ քեզ օպերա ու բալետ… Ցնորքը անէացավ, ու իրականությունը կրկին ներկայացավ հրաշագեղ սանրվածքներով, կայծկլտուն զարդերով ու թանկարժեք օծանելիքների բուրմունքով պարուրված գեղեցկուհիների, խնամքով հագնված, ՙթիթեռնիկ՚ փողկապներով գիրգ տղամարդկանց տեսքով:

Դպրոցական էի, երբ ծնողներս ակորդեոն նվիրեցին, սակայն միապաղաղ գամմաներն ու հաստափոր «մաեստրոն», որից մշտապես թթված գինու հոտ էր փչում, սպանեցին երաժշտության նկատմամբ ծնվող թրթռուն սերս՝ այդպես էլ չսովորեցի նվագել: Տասնութ տարեկանում ջութակ գնեցի ու սկսեցի երաժշտական սրահ հաճախել՝ հարուցելով թե՛ ուսուցիչների, թե՛ մանկահասակ սաների զարմանքն ու թաքուն հեգնանքը: Սակայն ջութակին տիրապետելը մնաց որպես չնվաճված սեր. զորակոչվեցի բանակ:

Մայրաքաղաքում էինք ապրում, և երաժշտության նկատմամբ անկասելի մղումս յուրատեսակ էի դրսևորում. գիշերները ազդագրերից կտրում էի հյուրախաղերի ժամանած երաժիշտների լուսանկարները, և նրանք համերգից հետո թողնում էին իրենց ինքնագրերը հենց այդ նկարների վրա: Զարմանում էին, քահ-քահ ծիծաղում, երբեմն իրենց շքեղ լուսանկարներն էին նվիրում ինձ՝ պատանյակիս, կամ մակագրում էին սեփական կատարումներով ձայնասկավառակների վրա, որոնք վերցնում էի ինձ հետ համերգ գնալիս:

Երաժշտությունը… Ունկնդրում ես մերթ կոհակների նմանվող մեղմ ելևէջները, մերթ բարձրակետում խտացած պոռթկումն ու խոյանքը, որը գրեթե մարմնական է դառնում իր հզորությամբ, ու պարզորոշ տեսնում ես հռոմեական լեգեոնների նման իրար ընդառաջ մղվող հակամետ կրքերը՝ անհավատն ու հավատացյալը, խաղաղասերն ու ռազմատենչը, բոլշևիկն ու մենշևիկը, ստրուկն ու տերը, հարուստն ու աղքատը: Բոլորը բռնկված են կրքով, ուր որ է ծվատելու են իրար, բայց հանդիպակաց ալիքների նման անցնում են իրար միջով, ապա վերջին ակորդների հետ լուծվում ու անհետանում հավերժության մեջ ու կորչում ինչպես այն մոլուցքը, որ համակել էր բոլորին քիչ առաջ:

Գիտելիքներս քիչ էին, ինձ ավելի շատ ուղղորդում էր երևակայությունը: Գիտենալով հանդերձ, որ և՛ բասո պրոֆունդոն, և՛ կոնտր տենորը տղամարդու ձայներ են, բայց համեմատելով վերջինս կոնտրալտոյի հետ, դժվարանում էի որոշել կատարողի պատկանելիությունը այս կամ սեռին: Այնուհանդերձ դա չէր խանգարում զմայլվել ձայների բազմազանությամբ:

Տանը բազմիցս ունկնդրելով ձայնապնակներից տարածվող երաժշտությունը՝ անգամ հանդգնում էի քննարկելու փորձեր կատարել՝ համարելով, օրինակ, թե «Տիբալտի մահը» Պրոկոֆևը ավելի քան կայտառ ու կենսահաստատ խանդավառությամբ է պատկերել, թեև ի վերջո համոզում է, որ հերոսը այնուհանդերձ մահացավ: Այնքան էի լսել «Լուսնի սոնատը» Մարիա Գրինբերգի կատարմամբ, որ ձանապնակը արդեն ֆշշում ու խշշում էր իրեն բաժին ընկած դառը ճակատագրից: Ցանկացած այլ կատարում ունկնդրելիս դժվարանում էի ասել՝ Ռիխտե՞րն է, Ցիֆրա՞ն, Հորովի՞ցը, թե՞ մեկ ուրիշը, բայց միանշանակ զգում էի, որ Գրինբերգը չէ:

Իսկ իսպանական ժամանակակից գրականությանը ծանոթանալով՝ պարզապես հիասթափություն ապրեցի. թվում էր, թե «Դոն Կիխոտից» և «Լասարիլյո Տորմեսցու կյանքից» հետո այն ոճական զարգացում չի ունեցել: Այսօրյա գործերը ձանձրալի մանրամասներով հագեցած նկարագրություններ են, անհամ բովանդակությամբ, որ համեմված են եզակի երկխոսություններով միայն: Եթե հանկարծ որևէ իսպանացի փոխադարձաբար հետաքրքրվեր հայ գրականությամբ, ու նրա ձեռքն ընկներ Դերենիկ Դեմիրճյանի «Հայը», զուսպ ինքնաբավության դեպքում անգամ կխոստովաներ, որ այն ամեն ինչով գերազանցում է իր հայրենակից Ֆրանսիսկո Ումբրալի փորձին, որը կերտել է իսպանացու հավաքական կերպարը «Վատ ճաշակի ազգային թանգարան» շարքում:

Օպերային թատրոնի թավշապատ ու շքեղ դահլիճը լույս էր ճառագում ու զմայլանք: Հետո հնչեց երրորդ զանգը, ու ներկայացումը սկսվեց: Մուսորգսկու «Խովանշչինան» էր. այն միանգամից ընկալել դժվար էր: Այնուհանդերձ, երաժշտությունը թևածում էր դահլիճում՝ մերթ դյութելով, մերթ ձանձրացնելով ինձ, ներկա դարձնելով հնածես աղանդավորների անզոր պայքարին, որի մասին երբեք տեղյակ չեմ եղել: Հմայված էի բեմում կատարվող ամեն ինչով՝ երգեցողությամբ, հագուստներով, ձևավորմամբ: Գործող անձինք այնքան շատ էին, ու խմբերգերն՝ այնքան հզոր, որ կողմնորոշվում էի ձեռքիս հուշագրով, քանի որ դժվար էր օպերային երգեցողության մեջ տարբերակել արիաների բառերն ու իմաստն ամբողջությամբ:

Ընդմիջմանը փորձեցի իջնել ներքնահարկ, որտեղ բուֆետն էր, սակայն անկարելի էր հաղթահարել կուտակված հերթը: Արվեստը՝ արվեստ, բայց ոչ ոք դեմ չէր նրբախորտիկներ ճաշակել մուսաների տաճարում, մանավանդ որ դրանք համադամ էին և այդ պատերից դուրս ճարվում էին դժվարությամբ: Ներկայացման գործողությունները շարունակվում էին, ընդմիջվում, ու հանդիսականները շարունակում էին քայլել, զրուցել, ծիծաղել, ցուցադրել իրենց փայլը:

Ու հանկարծ կրկնվեց խաբկանքը. այս անգամ բեմն էր լցված բանավանի բնակիչներով՝ կոշտ ու կոպիտ հագուստով, մազաթափ գլխարկներով ու բրդե հաստ գլխաշորերով: Դոսիֆեյը, որի գավազանին փոխարինում էր երկաթե լինգը, գրեթե չէր տարբերվում Խովանսկուց, որի ձեռքին ոչ թե տապար էր, այլ մուրճ: Մարֆան հիշեցնում էր գրասենյակի հավաքարարի, Գոլիցինը պահեստապետի էր նման, քանի որ կաշվե երկարաճտքերով էր ու կզաքիսի մորթուց գլխարկով: Պարուհիները ռուբենսյան մարմնեղ կանայք էին խավոտ հաստ կտորից կարված կիսավարտիքներով, որոնք մինչև ծնկներն էին հասնում: Լայն ուսակապերով նրանց կրծկալները զրահի էին նման ու պարում էին երկաթգծի փայտակոճերը ուսերին առած: Ես ընկալում էի այս ամենի անիրական ու դաժան հեգնանքը, սակայն պատրանքը չէր լքում ինձ: Որքա՜ն անբուժելի էր տպավորվել առօրյա շրջապատիս գորշությունը, որ անգամ օպերային թատրոնի բեմում նրանք ինձ հետապնդում էին անասելի համառությամբ:

Հետո կրկին լսողությունը գերակայեց տեսողությանս, ու երաժշտությունը ինձ տարավ իր անտես թևերով: Այդ օվկիանոսում ես ինքնաշեն նավակ էի, բայց ոչ սուզանավ. լողում էի՝ տրված մակերեսային հոսանքներին, բայց անմասն էի խորքի դյութական գաղտնիքներին: Չէի տարբերում ռե մինորը ֆա մաժորից, պարզապես ընկալում էի մեղեդու թովչանքը՝ չմտածելով, թե ինչ տոնայնությամբ է այն ստեղծվել: Երաժշտության անընդգրկելի բազմազանության մեջ ծանոթ ու բազմիցս ունկնդրած գործերն առավել հաճելի ու դյուրընկալ էին դարձնում կատարումները: Ես սիրողներից էի, ովքեր չունենալով երաժշտական կրթություն՝ հաճույք են զգում այն գործերից, որոնք բազմիցս հնչել ու նստվածք են թողել, որոնց մեղեդին կռահում ես մեկ տակտ առաջ ու ըմբոշխնում այդ հոգեպարար հաճույքը: Ցավոք, Մոդեստ Պետրովիչը այդ նրբությունը հաշվի չէր առել, և ես ընդմիջման էի ելնում՝ փոքր­ինչ խոնջացած տպավորությունների առատությունից:

Հանդիսատեսը կրկին գրոհեց ներքնահարկը, աներկբա համոզմունքով, որ թատրոնը թեև սկսվում է հանդերձարանից, բայց շարունակվում է բուֆետում, ուր տեսականին գայթակղում էր նրբաճաշակ երաժշտասերներին: Սեթևեթող կանանց եթերային հագուստները մեղմ սոսափում էին: Նրանց ուղեկցող տղամարդիկ շռայլ էին ու բարյացակամ: Որքա՜ն գեղեցիկ է կյանքը, մտածում էի ես, ու որքա՜ն տարբեր:

Այս անգամ իմ փորձը հաջողվեց, և սկուտեղին դրված մի ըմպանակ շամպայնով ու օղակներով կտրած նարինջով ինձ թույլ տվեցի տեղավորվել անկյունի միակ ազատ բազկաթոռին: Փոքրիկ սեղանիկի շուրջը մի զույգ էր նստած, նրանք համակերպված ժպիտով դիմավորեցին իմ հանդգնությունը. փարվել էին իրար ու ղունղունում էին սիրատոչոր աղավնիների նման: Նրանց դիմաց թխվածք էր դրված և հյութով լի բաժակներ: Ես մի քանի կում շամպայն ըմպեցի, համտեսեցի նարինջն ու սկսեցի զննել սեղանակիցներիս: Կինը երիտասարդ էր ու գեղեցիկ, հագուստն այնքան վավաշոտ էր գրկել նրա պոռթկուն մարմինը, ասես հենց նոր տիրել էր այդ շքեղությանն ու շարունակում էր իր մեղսական ու սիրառատ խաղը: Սիգապանծ լանջը խոշոր մարգարտի երանգն ուներ, որը գողտրիկ ծիկրակում էր նրա կիսաբաց խեցիների միջից՝ փորձելով նրբին լույսի տեսքով շղարշել իր մեջ պարփակված կիրքն ու հմայքը: Նուրբ մետաքսը շնչում էր ու շրշում կնոջ շարժումների հետ: Տղամարդը որքան էլ կոկիկ ու անթերի էր, այդ պերճության լոկ ստվերն էր կազմում:

Տանջալի խանդոտությամբ պատկերացրի, թե այս քնքուշ վարուժանը ինչպես է ննջարանում վերածվելու վավաշոտ ճագարի: Կոկորդս չորացավ, իմ մեջ ճմլված արուն ծառս եղավ ու ընդվզեց անարդարության դեմ՝ ինչո՞ւ նա, այլ ոչ թե ես: Սակայն ուղեղս անմիջապես սաստեց՝ միանգամայն տարբեր հարթակներում էինք:

Եվս մի քանի ումպ շամպայնից հետո թեթևակի գլխապտույտ զգացի ու կատարելապես ձուլվեցի բազկաթոռին, որն անկիրք գրկել էր ինձ: Հյութեղ նարինջը թարմացնում էր, սակայն զգում էի, որ թմբիր է իջնում վրաս, հուլությունն ու երանությունը պարուրել էին ինձ, ու այլևս չէր հետաքրքրում ոչինչ այս սեղանիկից այն կողմ՝ մի՞թե կես ըմպանակ շամպայնը ընդունակ է արբեցնելու:

Պատճառը դա չէր, այլ քիչ այն կողմ նստած կատարելությունը: Մինչդեռ զույգը զրուցում էր, հյութ խմում, նրանք ոչինչ չէին նկատում իրենցից բացի: Ես նույնպես…

Հետո դիցուհին հոգնեց նույն դիրքով նստելուց և ոտքը գցեց ոտքին: Հրայրքոտ ազդրերի շփումից կապրոնե նուրբ գուլպաները զգլխիչ խշշացին, ու այդ նուրբ շրշյունը բազմիցս պատեպատ եղավ ու դեռ երկար արձագանքում էր ականջներիս մեջ: Նայելով նրա բարետես սրունքներին, պատկերացրի, թե որքան անշուք, անձև, անգամ վանող են նույն նրբահյուս գուլպաները, երբ անկամ ու անփույթ ընկած են հատակին: Մինչդեռ սլացիկ ոտքերի վրա որքան գայթակղիչ են և ինչպիսի՜ հմայք են ստեղծում՝ ի զեն կոչելով սիրառատ ասպետներին:

Չգիտեմ, շամպայնն էր պատճառը, թե տեսիլքը, որը քիչ հետո աներևութացավ, բայց անկարող էի լքել բազկաթոռը: Շուրջս թովիչ, պայծառ լույս էր, թավիշ, գորգեր ու մարմար, բարետես, հաճելի հանդիսականներ: Ինչպե՞ս թողնես այս շքեղ հեքիաթը: Որքան անուրախ էր կտրվել այդ ճոխությունից ու վերադառնալ դալուկ ու թխպամած աշնան գիրկը, ուր չկա ոգևորություն, ուր անգամ բնությունն ընկճված է սեփական ունայնությունից:

Հնչեց երրորդ զանգը, և ես, ըմպելով շամպայնը, դահլիճ վերադարձա: Ականջներիս մեջ գեղեցկուհուց տարածվող շրշյունն ու սոսափն էր: Թեթև գլխապտույտը շարունակվում էր, բայց հաճելի էր այն, ու երբ ներկայացումն ավարտվեց, դեռևս գինովցած էի անկրկնելի երեկոյի շնչից:

Դրսում անձրև էր սկսվել, ու բարձրացնելով բաճկոնիս օձիքը՝ քայլեցի արագ, չնկատելով ո՛չ մերկիրան ծառերը, ո՛չ լապտերները, որոնք արդեն թախծոտ էին լուսավորում, և ո՛չ էլ տհաճ եղանակը, որովհետև այն ինչ­որ բան էր հիշեցնում իմ ոչ հեռու անցյալից…

 

 

Անդին 6, 2016

 

Share

Կարծիքներ

կարծիք