Բանաստեղծություններ

DSC06399--

***

Ճանապարհի որ կողմում է վառվում

աչքերիդ լապտերը՝ չգիտեմ,

երազներս ոտք են դնում հայացքիդ ափին թե չէ՝

գիշերս լուսանում է:

 

***

Խելագարվել է քամին,

և աչքերիդ կապույտ երաժշտության մեջ

յասամանի արտացոլանքն է օրորում:

 

***

Քո մասին գրածս

միակ բանաստեղծությունը

սպիտակ թղթին աղմկող լռությունս է:

 

***

Գլխավերևումս պտտվող քամու հետ գալիս

սրբում ես պարտեզիս ծաղիկները փոշուց

ու գնում ես չգրված երգիս թևերով…

 

Ծովի հետ

Պատուհանիս ետևում ծփում է

արցունքիդ կապույտ առեղծվածը,

հասցեդ են փնտրում

մթան մեջ նավարկող բառերս,

որոնք երբեք չեմ գրելու…

 

***

Երբ օծանելիքդ բռնել է վերնաշապիկիս օձիքից

և չի թողնում քնեմ,

մնում է ինչ-որ բան հորինել

մենակ սուրճ խմելու համար:

 

***

Արևի դեղին ժպիտը այնպես է կախվել

ծիրանենիների ծաղկաթերթերից,

որ պատուհանից նայելիս

ասես Նարեկացի եմ կարդում:

 

***

Ախ այդ մութ առավոտները,

որոնց միջով ճամփորդում եմ

գինու դատարկ շշերի ուղեկցությամբ,

մի դեմք անհետ կորել է անկողնուցս:

 

***

Գետի մեջ պառկած երեկոյի արևը

ուռենու սաղարթախիտ տերևների տեսքով

գարուն է շշնջում,

երթևեկության մեջ մայր մտած արևը

հեծկլտում է փոշոտ փողոցում,

կենդանաբանական այգում

լացող առյուծին նայելիս

մարդիկ կարծում են, թե նա մռնչում է:

 

***

Դու ես, որ արարեցիր

քամին լսելու ընդունակությունս

և ձայն դրեցիր շրթունքներիս:

 

***

Պապս իր քաշած օղին պահել մառանում

և անհամբեր սպասում էր Նոր տարվան,

որ հանդիպեր որդուն,

հետո ակնոցը թողեց պատուհանի գոգին

և չտեսավ կռունկների թևերին սառած աշունը:

 

Ծիածանը

Աշունը պառկել է անձրևաջրի մեջ,

քամին դեղին երազներ է տրորում մայթերին,

երկինքը քեզ է հիշեցնում դարձյալ:

 

***

Երբ կարդանք

հասարակ մահկանացուների սրտերը՝

կհանդիպենք Բուդդաներին:

 

Արև

Թե մնայիր,

միասին կտեսնեինք

խոտի վրա արտասվող եղյամը:

 

Ցորեն

Անունդ թողել ես հասկերի մեջ,

տուն չեմ գնում դաշտից:

 

***

Գիշերս,

որը չկարողացավ իր թևերին պահել

քո երազները,

մրսում է

ձմռանը դրսում քնած մուրացիկի պես£

 

Կարկուտ

Սպիտակ մղձավանջ

հաշմանդամ ծառերի տակ,

ուր է գնում այգու արցունքը:

 

***

Քեզանից հետոն

տանն է արդեն,

ում հետ փնտրեմ

ձնծաղիկը լեռների:

 

***

Իմ հազարավոր մահերից վերջինը՝

չեմ տեսնում՝ ինչպես ես

քո ձեռքերով մեկնաբանում ալյուրը,

որ դառնա հաց:

 

 

***

Դռանս առջև

մնացած ստվերդ

հիշողությանս հավեժությունն է,

որով սրբում եմ աստղերի փոշին երազներիցս:

 

***

Երազում էինք միասին գնացք նստել,

հիմա իջել

և փնտրում եմ

եկեղեցու որմնանկարից անհետացած հրեշտակին:

***

Ես քսան տարեկանից զրուցում եմ քեզ հետ,

գնացողների ետևից լացող հուշատախտակների քաղաք,

օրերս կաթիլ-կաթիլ ամբարում են բազալտե սյուներիդ խոյանքը,

խրտնած փողոցներում ընկնում, վեր ենք կենում միասին,

միևնույնն է, քեզ բոլորից շատ սիրում են

օտար նավերի վրա կոնյակ խմելիս:

 

***

Արևից ոսկի է կաթում լճի արծաթե գավաթում,

բացում եմ պատուհանը և տեսնում քեզ

ծիծեռնակի կտուցին բույն դրած գարնան և անձրևի մեջ…

Չգիտեմ ինչպես կվարվեի հիմա,

երբ դուռը բացեր ու անտարբեր հայացքով ինձ նայեր նա,

ում գիշերները երազներիս շնչառությունն են:

 

 

Անդին 6, 2016

Share

Կարծիքներ

կարծիք