Գյուրջիևի «երազը» կներկայանա հանդիսատեսին

14470598_1141669412534960_578889305267970977_n

Հոկտեմբերի 26-ին Նարեկացի Արվեստի միությունում առաջին անգամ կցուցադրվի այլընտրանքային ֆիլմերի հեղինակ Հայկ Սայադյանի «Պապիկիս երազը» ֆիլմը:

«Պապիկիս երազը» կարճամետրաժ երազ-ֆիլմերից «Մեծ երազներ» ֆիլմաշար-նախագծի առաջին երազն է: Նախագծի գաղափարին հեղինակն սկսել է կենդանություն տալ դեռևս մեկ տարի առաջ, իսկ այսօր արդեն մշակվում են երկրորդ և երրորդ ֆիլմ-երազները: Հայկ Սայադյանն այս անգամ ևս հարազատ է մնացել իր գեղարվեստական ձեռագրին, որին ինքը՝ հեղինակն անվանում է «այլընտրանքային».

— Քանի դեռ մարդ տեսակը շարունակում է երազներ տեսնել և իր կամքից անկախ ընկղմվել ամենաանսպասելի, անհավանական ու անկառավարելի  իրավիճակների հորձանուտում, կարելի է համարել, որ նա դեռևս չի սպառել իր այլընտրանքային զգայարանները՝ լինի նա 21-րդ դարի մարդը, թե գալիք դարերի կենվորը, — Անդին ամսագրին տված հարցազրույցի ժամանակ նշել է հեղինակը:

Ֆիլմի սեղմազդն արդեն շրջանառվում է համացանցում, և շատերը, թերևս նկատել են, որ ֆիլմում Պապիկի կերպարում 20-րդ դարի մեծանուն միստիկ, փիլիսոփա և կոմպոզիտոր Գեորգի Գյուրջիևն է: Եվ ֆիլմի հեղինակը նրա կերպարի նման արտահայտումը մեկնաբանում է այսպես.

-Ում համար փիլիսոփա, ում համար կոմպոզիտոր կամ ուսուցիչ, իսկ ում համար՝ պապիկ: Ֆիլմում նա իսկապես պապիկ է՝ բոլորիս պապիկների պես, քանի դեռ բոլորիս հետ է, իսկ երբ ինքն իր հետ է, իր Ներսում, նա արդեն մեկ ուրիշ աշխարհ է:

«Պապիկիս երազը» ֆիլմի հիմքում Հայկ Սայադյանի հեղինակած հեքիաթն է: Նկարիչը ներկայումս աշխատում է նաև «Մոմիկ» այլընտրանքային ֆիլմի վրա, իսկ հեղինակի մյուս ֆիլմերը՝ «Նազարե»-ն, «Կոմիտաս»-ը, «Pater Noster»-ը և մյուսները վաղուց արդեն ներկայացված են հանդիսատեսի դատին:

Հայկ Սայադյանի հետ Անդինի հարցազրույցը այստեղ

 

Կարծիքներ

կարծիք