Նա, ով դարձավ արքա

DSC02520---Հորիզոնի մուգ կապույտ երկինքը դանդաղորեն վերափոխվում էր բացի: Լույսի առաջին շողերը, դուրս գալով արևելքից, արագորեն բարձրանում և տարածվում էին երկնքում՝ աշխարհին ավետելով արևի ծագման լուրը:

Նա կանգնած էր դեմքով դեպի արևելք և նրա առջև փռված էր հսկա ու խորհրդավոր անտառը: Նրան թվաց, թե անտառից քամի պոկվեց և գալով դեպի իրեն՝ սառնորեն փարվեց իր երեսին: Քամին թափանցեց նրա ներսը և միտք դարձավ՝ նե՛րս մտիր, դու պետք է տեսնես անտառը, հետո պետք է լսես նրան և ապա՝ զգաս:

Նա առաջ շարժվեց, մտավ անտառ և քառասուն քայլ կատարելով՝ կանգ առավ:

Ահա բացվեց մի հոգեհմա ցուցահանդես շուրջը: Նա դիտում էր ծաղիկները, որ չէր տեսել երբեք այլ վայրերում, նայում էր ծառերին, խիտ տերևներին, որոնք քամու ձեռքով նկարում էին հազարավոր կտավներ: Կտավներ, որ վրձնում էր հենց ինքը՝ ամենազոր նկարիչը տիեզերքի՝ բնությունը: Անտառը ներկված էր բյուրավոր գույներով, երանգներով, երևում էին տարատեսակ արարածներ անտառում: Տեսարաններ, որ դեռ լավ չէին նշմարվում, բայց առինքնում էին դեպի իրենց: Ահա ծառի մի ճյուղ նմանվեց սլաքի և ուղղորդեց նրան դեպի խորքը անտառի:

Որոնողը առաջ անցավ քառասուն քայլ էլ: Սկսեցին լսվել բազմատեսակ ձայներ: Անտառը վերածվեց բնության սիմֆոնիայի, ուր ծառերի խշշոցը, խոտերի շնկշնկոցը, տերևների շշնջյունը, թռչունների դայլալը և ողջ կենդանական աշխարհի ձայնապնակը ստեղծում էր բնական և ականջաշոյ ներդաշնակություն: Այդ բազմազան ձայների մեջ Որոնողը տարբերեց հաստաբուն ծառի թավ ձայնը, որ ասես խոսում էր ու խորախորհուրդ առակներ պատմում: Որոնողը երկար լսում էր ծառին, որից հետո ծառը հուշեց ճանապարհը, և Որոնողը անցավ ևս քառասուն քայլ:

Իմաստունը սկսեց շնչել անտառի բույրը. նա արդեն տարբերում էր իր հոտառությամբ ուտելու և չուտելու բույսերը, համեղները և պարզապես օգտակարները: Ծառերի ճյուղերից, տերևներից նա սկսեց սովորել պարել, կրկնօրինակում էր ամեն շարժում, որ բնության մեջ տեսնում էր: Ծառի ձև էր ընդունում, հետո՝ օձի, հետո՝ ձկան և ամեն բանի, որ տեսնում էր անտառում: Նորից էր պարում, պարում քամու հետ: Պարում էր, շարժվում ու կանգնում կրկին, կենտրոնացած ներշնչում օդը: Այդ օդի հետ նա շնչում էր անտառը: Իմաստունը զգում էր անտառը՝ անտառը իր շուրջը և անտառը իր ներսում: Զգում էր համը անտառի, հոտը անտառի և շարժումները անտառի:

Իմաստունը շրջվեց, ետ գնաց տասներկու քայլ և գտավ մի մոգական վայր, որտեղ վերևում ծառերի խիտ ճյուղերը բացվել էին շրջանաձև՝ արևի տեսքով, դեպի արևելք:

Նորից առավոտ էր, և առաջին օրվա նման այսօր էլ հորիզոնում ի հայտ եկան լույսի առաջին շողերը՝ որպես արևի պատգամաբերներ: Բնությունն արթնացավ և հրճվեց արևածագի լուրից:

Սկսվեց արևի ողջույնը: Բարակիրան ծառերը խոնարհումից ասես պառկել էին՝ ճյուղերը պարզած դեպի արևելք: Հաստաբուն ծառերը, ծանր հենված հողին, միայն տերևներն ու ամենաբարակ ճյուղերն էին ուղղել դեպի լույսը: Թռչունները, կենդանիները յուրահատուկ ձայներ էին հանում, որոնք հատուկ էր արևածագին: Կարծես նրանց ձայներում կար միևնույն բառը՝ Ողջո՛ւյն, արև՛:

Եվ ահա հորիզոնից պոկվեցին ծիրանեգույն առաջին շողերը և անմիջապես նվաճեցին բնությունը: Իմաստունը կանգնած սպասում էր, որ արևը հայտնվի խիտ ճյուղերի շրջանաձև բացվածքում:

Արևի ողջույնից հետո արծիվը, որ համայն թռչողների արքան է, և առյուծը, որ հողի վրա ապրող կենդանիների արքան է, մոտեցան բնության արքային՝ իմաստուն մարդուն: Նրանք նայեցին բնության արքային, խոսեցին, խոնարհվելով արտահայտեցին իրենց օրհնության զգացումը:

Արևը դանդաղ հայտնվեց շրջանաձև բացվածքում, և բնության արքայի ճակատին պատկերվեց լուսապսակ թագը: Արծիվն ու առյուծը, տեսնելով գլխավերևի լուսապսակը, անհոգ հեռացան:

Արևը գրավեց ողջ շրջանակը, և բնության արքան ձգվեց, բաց և անթարթ հայացքով նայեց արևին ու շշնջաց.

-Ողջո՛ւյն քեզ, արև՛։

Եվ ահա լսվեց արևի ձայնը, ու նա զգաց, թե ինչպես է արևը մտնում իր մարմնի և հոգու մեջ: Արքան շունչ քաշեց և սկսեց դանդաղ արտաշնչել: Արտաշնչելու հետ սկսեց քամի բարձրանալ, հետո խշշոց լսվեց: Աղմուկը կլանեց ողջ անտառը… Քամին սաստկացավ…

Եվ նա խառնվեց անտառին…

 

Անդին 7, 2016

Share

Կարծիքներ

կարծիք