Բանաստեղծություններ

Հեղինակ:

106406-1353473371

 

Ի՞նչ է անում ինձ հետ Դամասկոսը

1

Ձայնս այս անգամ դուրս է գալիս Դամասկոսից,

Դուրս է գալիս մորս ու հորս տնից:

Դամասկոսում մարմնիս աշխարհագրությունը փոխվում է.

Արյանս գնդիկները դառնում են կանաչ,

Նաև այբուբենս է դառնում կանաչ:

Շամում[1] բերանիս համար նոր բերան է աճում,

Ձայնիս համար նոր ձայն է աճում,

Ու մատներս դառնում են

Տոհմ՝ ստեղծված մատներից:

 

2

 

Դամասկոս եմ վերադառնում՝

Հեծնելով հասունության ամպին,

Հեծնելով աշխարհի ամենագեղեցիկ ձիերին՝

Սիրո

Եվ բանաստեղծության:

Վաթսուն տարի հետո վերադառնում եմ՝

Փնտրելու համար իմ ընկերքի պորտալարը,

Եվ դամասկոսյան վարսավիրին, ով ինձ թլփատեց,

Եվ տատմորը, ով ինձ նետեց մահճակալի տակ

Դրված լողանալու տաշտի մեջ

Ու հորիցս վերցնելով իր ոսկե լիրան՝

Դուրս եկավ մեր տնից:

Այդ օրը 1923 թվականի մարտ ամիսն էր.

Նրա ձեռքերը կեղտոտված էին կասիդայի արյունով…

 

3

 

Վերադառնում եմ դեպի արգանդ, ուր ես ձևավորվել էի…

Դեպի առաջին գիրքը, որը կարդացել եմ…

Դեպի առաջին կինը, ով ինձ սովորեցրել է

Սիրո աշխարհագրությունը…

Կանանց աշխարհագրությունը…

 

4

 

Վերադառնում եմ…

Այն բանից հետո, երբ իմ մարմնամասերը ցրիվ եկան բոլոր մայրցամաքներում,

Իմ հազը տարածվեց բոլոր հյուրանոցներում:

Հեռու լինելով դափնու օճառի բույրով լցված մորս սավաններից՝

Չեմ գտնում մի մահճակալ, որ վրան քնեմ…

Հեռու լինելով ծոթրինի ու ձեթի հարսնացուից՝

Ով պարուրվում էր ինձ.

Ողջ աշխարհում որևէ հարսնացու չի կարող այլևս ինձ զարմացնել…

Հեռու լինելով սերկևիլի մուրաբայից, որը քո ձեռքերով էիր պատրաստում,

Նախաճաշին, առավոտյան խանդավառված չեմ գա…

Հեռու լինելով թթի հյութից, որը քամում էիր,

Այլևս որևէ գինի անկարող է ինձ արբեցնել…

 

5

 

Ներս եմ մտնում Օմայանների մզկիթի բակ,

Ողջունում եմ բոլորին՝

Անկյուն… առ անկյուն,

Սալաքար… առ սալաքար,

Աղավնի… առ աղավնի,

Թափառում եմ Քուֆյան[2] գրի պարտեզներում.

Աստծո խոսքից գեղեցիկ ծաղիկներ եմ հավաքում,

Աչքերովս լսում եմ խճաքարի ձայնը,

Քաղկեդոնաքարե համրիչի երաժշտությունը…

Ու պարուրում է ինձ հիացմունքի ու հայտնության մի զգացում,

Բարձրանում եմ մինարեթի առաջին աստիճանը, և անսպասելի ինձ հանդիպում է՝

Ձայն տալով.

— Շտապե՛ք հասմիկի մոտ:

— Շտապե՛ք հասմիկի մոտ:

 

6

 

Վերադառնում եմ քեզ մոտ.

Ես ողողված եմ իմ զգացմունքի անձրևով,

Վերադառնում եմ՝ գրպաններս լցնելու համար

Բոված սիսեռով, կանաչ սալորով ու կանաչ նուշով,

Վերադառնում եմ դեպի իմ խեցին,

Վերադառնում եմ դեպի իմ օրորոցը:

Վերսալի շատրվաններն

Ինձ համար չեն փոխարինի ալ-Նուֆարա[3] սրճարանը,

Ոչ էլ Փարիզի Լե Ալլ[4] շուկան

Ինձ համար կփոխարինի Ալ-Ջումաա[5] շուկային,

Եվ ոչ էլ Լոնդոնի Բուքինգհեմյան պալատը

Ինձ համար կփոխարինի ալ-Ազիմ[6] պալատին…

Վենետիկի Սան Մարկո հրապարակի աղավնիներն ավելի շատ օրհնված չեն

Օմայանների հրապարակի աղավնիներից …

Եվ Հաշմանդամների տանն ամփոփված Նապոլեոնի գերեզմանը

Ավելի շատ նշանակալից չէ Սալահ ադ-Դին Այուբիի[7] գերեզմանից:

 

7

 

Թափառում եմ Դամասկոսի նեղլիկ թաղերում.

Մեղրագույն աչքերն արթնանում են պատուհանների ետևում

Ու ողջունում են ինձ,

Հագնում են աստղերն իրենց ոսկե ապարանջանները

Ու ողջունում են ինձ,

Իջնում են աղավնիներն աշտարակներից

Ու ողջունում են ինձ,

Դուրս են գալիս ինձ համար դամասկոսյան մաքուր կատունները,

Որոնք ծնվել են մեզ հետ համաժամ…

Որոնք հասունացել են մեզ հետ համաժամ…

Որոնք ամուսնացել են մեզ հետ համաժամ…

Թող ողջունեն ինձ…

 

8

 

Սողոսկում եմ ալ-Բուզուրիյա շուկան՝

Նավարկելով ամպերում համեմունքների,

Մեխակների,

Դարչնի,

Անիսոնի…

Վարդաջրով ցողվում եմ ևս մեկ անգամ՝

Մոռանալով, որ ես օծանելիքների վաճառականների շուկայում եմ.

Բոլոր պատրաստողների՝ Նինա Ռիչի,

Կոկո Շանել…

Ի՞նչ է անում ինձ հետ Դամասկոսը.

Ինչպե՞ս է փոխում իմ մշակույթն ու գեղեցկություն զգալու իմ համը.

Մատուտակի օղու գավաթների զնգոցը մոռացնել է տալիս ինձ

Ռախմանինովի դաշնամուրային համերգը…

Ինչպե՞ս են ինձ փոխել Դամասկոսի այգիները.

Ես դարձել եմ աշխարհում առաջին երաժիշտը,

Ով ղեկավարում է Ուռենիների

Նվագախումբը:

 

9

 

Եկել եմ ձեզ մոտ…

Դամասկոսյան վարդի պատմությունից,

Որոնք թանձրացնում են բուրմունքի պատմությունը…

Եկել եմ Ալ-Մութանաբիի[9] հիշողությունից,

Որոնք թանձրացնում են բանաստեղծության պատմությունը…

Եկել եմ ձեզ մոտ…

Նարնջի ծաղիկներից…

Նաև՝ գեորգինի

Ու նարգիզի…

Եվ ա-Շաբ ա-Զարիֆը[10],

Ով ինձ սովորեցրեց առաջին նկարը…

Եկել եմ ձեզ մոտ

Դամասկոսյան կանանց ծիծաղի միջից,

Որոնք ինձ սովորեցրին իմ առաջին երաժշտությունն…

Ու առաջին հասունությունը:

Մեր թաղի ջրհորդանները,

Որոնք ինձ սովորեցրին առաջին հեծեծանքը:

Եվ մորս աղոթքի գորգը,

Որն ինձ սովորեցրեց

Աստծո մոտ տանող առաջին ճանապարհը….

 

10

 

Բացում եմ հիշողության դարականները

Մեկ առ մեկ.

Հիշում եմ հորս՝

Մուավիայի զուկակում գտնվող իր գործատեղից դուրս գալիս:

Հիշում եմ ձիաքարշ կառքերը,

Կակտուսի վաճառականին,

Եվ ալ-Ռաբուի սրճարանները,

Որոնք գրեթե հինգերորդ մրցավազքից հետո,

Որն ընկել է գետի մեջ…

Հիշում եմ գունավոր սրբիչները

Ալ-Խայատին բաղնիքի դռան վրա պարելիս,

Ասես ազգային տոն են նշում:

Հիշում եմ դամասկոսյան տներն իրենց

Դռների պղնձե բռնակներով,

Զարդանախշ առաստաղներով

Ու բացօթյա բակերով,

Որոնք քեզ հիշեցնում են նկարագրվող դրախտը…

 

11

 

Դամասկոսյան տունը

Ճարտարապետական արվեստի ստանդարտից դուրս է,

Մեզ մոտ տների ճարտարագիտությունը

Կանգնած է զգացմունքի հիմքի վրա

Յուրաքանչյուր տուն… հենք է տալիս մեկ ուրիշ տան,

Յուրաքանչյուր պատշգամբի

Ձեռք ձգվում է դիմացի պատշգամբին…

Դամասկոսյան տները սիրահար տներ են.

Առավոտյան միմյանց են ողջունում,

Այցելում են միմյանց

Գիշերով… գաղտնի…

 

12

 

Երբ Բրիտանիայում դիվանագետ էի,

Երեսուն տարի առաջ,

Գարնան սկզբին մայրս իր

Յուրաքանչյուր նամակում ինձ ուղարկում էր

Թարխունի փունջ…

Իսկ երբ անգլիացին կասկածանքով էր վերաբերվում նամակիս պարունակությանը,

Տանում էր այն լաբորատորիա…

Դնում լազերային ճառագայթների տակ,

Փորձաքննության տանում Սքոթլանդ Յարդ,

Իսկ երբ պայթուցիկ նյութերի փորձագետները

Հոգնում էին ինձանից… ու իմ թարխունից,

Հարցնում էին ինձ՝ հանուն աստծո ասա մեզ՝

Ի՞նչ է այս կախարդական խոտի անունը, որը մեզ մոտ գլխապտույտ առաջացրեց…

Ա՞յն թալիսման է,

Թե՞ դեղ,

Գուցե գաղտնի կո՞դ,

Անգլերեն լեզվով ինչի՞ն է այն համարժեք:

Նրանց ասում եմ, որ դժվար է ձեզ բացատրել,

Քանի որ թարխունը խոսում է միայն Դամասկոսի այգիների լեզվով…

Այն մեզ համար սուրբ խոտ է…

Այն բուրավետ պերճախոսություն է,

Եթե ձեր մեծ բանաստեղծ Շեքսպիրն իմանար թարխունի մասին,

Նրա ողբերգություններն ավելի լավը կլինեին:

Կարճ ասած.

Իմ մայրը շատ հաճելի կին է… ինձ շատ է սիրում…

Երբ կարոտում է ինձ,

Ինձ ուղարկում է թարխունի մի փունջ…

Թարխունը նրա մոտ զգացմունքին է համարժեք,

Սիրելիս բառին…

Իսկ երբ անգլիացին ոչ մի բառ չի հասկանում իմ պոետիկ պաշտպանական ճառից…

Ինձ է վերադարձնում իմ թարխունն ու փակում ընթացիկ արձանագրությունը…

 

13

 

Խան Ասադ փաշայից[12]

Դուրս է գալիս Աբու Խալիլ ալ-Կաբբանին[13]՝

Վառ կարմիր գույնի վերնաշապիկով,

Ասեղնագործ չալմայով,

Աչքերում հարցեր ծվարած՝

Համլետի աչքերի նման…

Փորձում է ներկայացնել ավանգարդային ներկայացում,

Բայց նրանից պահանջում են Կարաքուզի[14] վրան…

Փորձում է ներկայացնել Շեքսպիրից որևէ տեքստ,

Հարցնում են նրան Ա-Զիրի նորություններից…

Փորձում է գտնել գեթ մեկ կանացի ձայն,

Երգում է նրա հետ՝

Ո՜վ Դամասկոսի հարստություն…

Նրանք լիցքավորել են իրենց օսմանյան հրացաններն

Ու հրով կրակում են վարդի բոլոր տնկիների վրա,

Զբաղվում է երգով…

Փորձում է գտնել մի կնոջ…

Ով իր ետևում կկրկնի՝

Ով թռչունների թռչուն, ով աղավնի..

Դուրս են հանում իրենց դանակներն…

Ու զոհաբերում աղավնիների բոլոր սերունդներին,

Կանանց բոլոր սերունդներին…

Հարյուր տարի հետո

Դամասկոսը ներողություն խնդրեց հորիցս՝ Խալիլ Կաբբանուց,

Ու նրա անունով գեղեցիկ թատրոն կառուցեց:

 

14

 

Հագնում եմ Մուհայի ադ-Դին բըն Արաբիի[15] ջուբբան[16],

Իջնում եմ Կասյուն լեռան գագաթից՝

Քաղաքի երեխաների համար տանելով…

Սալոր…

Նուռ…

Քնջութի հալվա…

Իսկ կանանց համար՝

Փիրուզե վզնոցներ

Ու սիրո կասիդաներ:

Ներս եմ մտնում

Երկար թունելը՝ կազմված ճնճղուկներից,

Շահպրակից,

Մոլոշավարդից

Ու հասմիկի փնջերից…

Ներս եմ մտնում բուրմունքի հարցերի մեջ…

Կորցնում եմ իմ դպրոցական պայուսակն

Ու նախաճաշի մեղրագույն տուփը,

Որի մեջ դնում էի իմ ուտելիքը…

Նաև կապույտ համրիչը…

Որը մայրս կախում էր վզիցս:

Ո՜վ Դամասկոսի բնակիչներ…

Ձեզանից ով գտնի ինձ… թող վերադարձնի ինձ Ում ալ-Մուաթազը

Եվ Աստծուց կստանա իր պարգևը…

Ես ձեր կանաչ ճնճղուկն եմ, ո՜վ Դամասկոսի բնակիչներ,

Ձեզանից ով գտնի ինձ… թող կերակրի ինձ ցորենի հասկով…

Ես ձեր դամասկոսյան վարդն եմ, ո՜վ Դամասկոսի բնակիչներ,

Ձեզանից ով գտնի ինձ… թող ինձ դնի առաջին ծաղկամանի մեջ…

Ես ձեր խենթ պոետն եմ, ո՜վ Դամասկոսի բնակիչներ,

Ձեզանից ով տեսնի ինձ… թող ինձ համար լուսանկարի հիշողություններ,

Մինչ կհասնեմ հմայիչ խելացնորության եզրին…

Ես ձեր թափառական լուսինն եմ… ո՜վ Դամասկոսի բնակիչներ,

Ձեզանից ով տեսնի ինձ …

Թող ինձ մահճակալ նվիրի… և բրդե վերմակ…

Քանի որ ես արդեն դարեր ի վեր չեմ քնել…

 

 

 

Ծանոթագրությունները թարգմանչին են

 

 

  1. Շամ — Դամասկոսի այլ անվանում:
  2. Քուֆյան — Միջնադարյան արաբական լեզվաբանության զարգացումը կապվում է մի քանի դպրոցների ձևավորման հետ, որոնք մշակեցին արաբերենի ուսումնասիրության տարբեր սկզբունքներ: Դրանցից են Բասրայի, Քուֆայի և Բաղդադի դպրոցները. ավելի ուշ՝ արաբերենի քերականության և բառապաշարի հարցերն ուսումնասիրվում են նաև Եգիպտոսում և Իսպանիայում:
  3. Ալ-Նուֆարա — Դամասկոսի ամենահին սրճարանը:
  4. Լե Ալլ — Փարիզի սրտում գտնվող թարմ սննդի մեծածախ շուկա:
  5. Ալ-Ջումաա — Կասյուն լեռան ստորոտին գտնվող շուկա:
  6. Ալ-Ազիմ — Ազիմի պալատ — թանգարան:
  7. Սալահ ադ-Դին Այուբիի — առավել հայտնի է որպես Սալադին, Եգիպտոսի և Սիրիայի առաջին սուլթանը, Այուբյան հարստության հիմնադիրը:
  8. Ալ-Բուզուրիյա — իր համեմունքներով հայտնի շուկա:
  9. Ալ-Մութանաբի — արաբ մեծ բանաստեղծ:
  10. Ա-Շաբ ա-Զարիֆը — /1289-1263թթ./ զգայական բանաստեղծ:
  11. Զուկակ — նեղլիկ փողոց, նրբանցք:
  12. Խան Ասադ փաշա — հնագույն քարավանատուն, որը գտնվում է Ալ-Բուզուրիյա շուկայի կենտրոնում, կառուցել է Խան Ասադ փաշան, համարվում է իսլամական ամենագեղեցիկ շինություններից մեկը:
  13. Աբու Խալիլ ալ-Կաբբանի — Նիզար Կաբբանիի պապի եղբայրը, արաբ առաջին դրամատուրգներից էր, ստեղծագործել է 20-րդ դարի սկզբին:
  14. Կարաքուզ — Ստվերների ազգային թատրոնի անվանում:
  15. Մուհայի ադ-Դին բըն Արաբի — անդալուզյան բանաստեղծ /1165-1240թթ./:
  16. Ջուբբա — լայնաթևք վերնազգեստ:

 

Արաբերենից թարգմանեց Ռուզաննա Մանուկյանը

 

Անդին 6, 2016

Share

Կարծիքներ

կարծիք