Բանաստեղծություններ

portrait1

***

Բառերի հորձանք

իշխանության ցնորում

մեր մտավախությունները

չեն հասկացվում:

Ուժի մեջ չէ վաղուց

մեր վճարածը:

Եվ հետքերը մեր ամառային փոշու մեջ

ավելի իրական են թվում, քան մենք:

 

Թռչունները

Երբեմն նրանք ունենում են

մարդկային գլուխներ

և իրենց ծաղկաբողբոջ աչքերը հառում են

երկրին,

որը գետը բաժանում է ափերի:

Նրանք նստում են ճյուղերին,

քամուց ժայռերի դեմ

օրորվող ստվերներին:

Բարձրանում են.

երկինքը լցված է ձյութով

և երգում է:

Ձկնորսը պատմում է

գինովի

զվարթախոս լեզվով

երեկոները ծովափին:

Ալիքները՝ փոթորկի կողմնացույց

և սուզվող ցանց,

որ ամեն հայտնվելով

գայթակղում են

երգող ձկներով:

Նա անցնում է գյուղի նրբանցքներով,

ասում է՝ վերքեր է դարմանում,

թե հավատանք իրեն.

կանգնում է գյուղի հրապարակում, ասում է՝

գալու է, ձկներին կանչել,

շրջիկ մանրավաճառը

հայացքն ուղղում է հեռուներին:

Նա ծեր թռչունի կերպարանք ունի,

չարիք տարածելը

նրանց պահում է:

Երբ նա անտառի փեշերին

առավոտն է ազդարարում

և երեկոյան՝ գիշերը,

համրանում են շները,

և հորդում է լռությունը:

 

Հերոսը

Կինը լսում է նրա քայլերը

փողոց տանող աստիճանների վրա,

նայում է անօգնական թիկունքին

և զգում է՝

ինչպես է վախն անհետանում իր սրտից:

Կինը սպասում է նրան

ստվերում,

որը, նրան փաթաթված,

թռցնում է ճամփաներով՝

իր աշխարհի ափերը բերող,

ուր նրան դիմավորում է խռովքը,

փարվում է նրա ուսերին,

լռում է:

 

 Պատերազմական բանաստեղծություններ

***

Հայրիկ, դու, որ

մեր

վախի և երևակայության ծնունդն էիր

և երբեք չէիր եղել,

դու, որ

երկնքում վիհ ես բացում ինձ համար

ասես պատվիրված դժոխք,

մի՞թե օտար հայրենիքը

իմ աչքերի լեզուն էր

արդեն այն ժամանակ:

 

Նրանք բռնեցին քեզ

կարծես դու,

հայրիկ, դու

մեզ համար կայիր,

իսկ ինքդ անհայր կորած էիր:

Եթե դու միայն

պատերազմից խեղված

քո ձեռքով

հեռվում

պատուհանը փակես,

որ ես չընկնեմ ներքև

քո բերանը՝

վախից…

 

***

Բառերն ավելորդ են:

Խանձված հող,

սրբված հետքեր և մահվան հոտ:

Ոչ Արեսը՝ հզորը,

/այնումենայնիվ ինչ-որ դեմք/

և կործանող ոչ մի գեղեցիկ բան,

մերկ հաշվարկ,

անհրաժեշտ խելագարություն՝

կենդանական մոլուցք.

պատերազմ:

 

***

Որքան ռումբերն են

գութ ունենում,

Եվ մարդասպանները՝ կարեկցանք,

նույնքան էլ գթասիրտ կլինեն նրանք,

ովքեր վերապրել են գետնախորշերը՝

քարերի տակ, աղբի տակ,

սառնամանիքին:

Պատերազմը հաղթում է:

 

 

Գերմաներենից թարգմանեց Ամալյա Ալեքսանյանը

 

Անդին 7, 2016

Share

Կարծիքներ

կարծիք