Զրույց գեղանկարիչներ Դավիթ և Նարեկ Քոչունցների հետ

Հեղինակ:

Qochunts

Ճերմակ կտավից մինչև ստորագրություն

 

 

Դավիթ, չնայած առաջին հարցս այսպես չէի նախատեսել, բայց հունիսի վերջին կայացած ցուցահանդեսիդ ընթացքում աչքիցս չվրիպեց, որ եղբայրդ, ինքը նկարիչ լինելով, մեծ խանդավառությամբ է մասնակցում քո ցուցահանդեսի կազմակերպմանը, հյուրերին դիմավորում: Ճիշտն ասած՝ հենց Նարեկի հետ էլ պայմանավորվեցի ձեզ հետ զրուցելու համար:

 

Դավիթ Քոչունց — Ընդհանրապես Նարեկի դերը իմ արվեստի մեջ նույնպես շատ մեծ է: Այն, որ ես կարողանում եմ անհոգ նկարել, ունեմ ներկեր, զերծ եմ կենցաղային խնդիրներից, Նարեկի շնորհիվ է:

 

Վան Գոգի և եղբոր՝ Թեոյի պատմության նմա՞ն է:

Դավիթ —  Չէ, ես Վան Գոգը չեմ, բայց Նարեկի աջակցությունը շատ մեծ է: Նարեկը համեստություն է անում, բայց ինքը շատ լուրջ նկարիչ է:

 

Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ մի ընտանիքում երկուսդ էլ ընտրեցիք արվեստը:

Նարեկ Քոչունց Մեր տոհմում բրուտագործներ ու նկարիչներ են եղել, հայրս նույնպես նկարիչ է: Ծագումով Խնձորեսկից ենք, բայց ծնվել ենք Գորիսում:

Դավիթ Թերլեմեզյանում ուսանելու տարիներից ես Երևանում եմ ապրում, հետո արդեն ընտանիքս տեղափոխվեց: Նարեկը դեռ սովորում է, նկարիչ-արվեստաբան է:

 

Մայրաքաղաքում աչքերի առջև բացվող տեսարա՞նը ձեր կտավը ձևակերպեց:

Նարեկ Երևանը շատ եմ սիրում: Բայց քաղաքային տեսարանները Դավիթի գործերում ավելի շատ են:

Դավիթ — Չէ, Նարեկի մոտեցումն ավելի հետաքրքիր է:

Նարեկ — Իրականում ես քաղաքային շարժումն եմ սիրում:

 

Միաժամանա՞կ եք սկսել ստեղծագործել:

Դավիթ Ինչքան հիշում եմ ինձ՝ նկարում եմ:

Նարեկ — Սկզբում կավագործությամբ էի զբաղվում, հետո անցա նկարչության: Բայց, ճիշտն ասած, ինձ սիրողական նկարիչ եմ համարում:

Դավիթ – Մի՛հավատացեք, համեստություն է անում: Ճիշտ է, կավի հետ լավ է աշխատում, լավ է զգում, բայց կերպարվեստում մի անբացատրելի արտահայտչականություն ունի: Այնպես չէ, որ եղբորս եմ գովում, որպես նկարիչ եմ տեսնում:

 

Որպես արվեստագետի՝ ի՞նչն է ձեզ ոգեշնչում:

Դավիթ — Երբ նկարում, աշխատում ես ամեն օր, դժվար կլինի ասելը, թե ինչից ես ոգեշնչվում: Ամեն բացվող օրը մի նոր գաղափար, ինչու չէ, նաև խնդիր է իր հետ բերում:

 

Այս դեպքում երևի Ռոդենի հետ համաձայն եք, որ ասում էր. «Հույսը մի դրեք ոգեշնչման վրա, քանի որ առհասարակ գոյություն չունի ոգեշնչում: Ձեր գործը կատարեք որպես ազնիվ աշխատավորներ»:

Նարեկ Եթե հայտնաբերես, թե ինչն է քեզ ոգեշնչում, այլևս չես նկարի: Ասենք՝ քեզ ոգեշնչում է անձրևը, մի անգամ ոգեշնչվեցիր, հաջորդ անգամ մտովի կպատկերացնես և այլևս չես նկարի:

ԴավիթՈգեշնչում կա՝ բնություն, կին… Բայց ամեն առավոտ պիտի արթնանաս ու աշխատես, նույնիսկ միտքդ պիտի աշխատի: Լինում է, որ արթնանում եմ գիշերն ու չեմ կարողանում քնել, վրձինը ձեռքս չեմ առնում, բայց միտքս արդեն պատկերում է կտավը: Ամեն առավոտ լույսը կարի մեքենայի կամ բաժակի վրա մի այլ կերպ է ընկնում: Երբեմն հենց այդքանը տեսնելու համար եմ շուտ արթնանում: Եկեք հենց դրա անունն էլ դնենք ոգեշնչում:

 

Վախ չկա՞ ճերմակ կտավից:

Դավիթ Մի՛շտ կա: Եվ հենց այդ ճերմակ կտավից մինչև քո ստորագրություն ձգվող ճանապարհն է վախը, որի հաղթահարումն էլ հոգևոր բավարարման է հանգեցնում: Կարևորը ճիշտ ժամանակին կանգ առնելն է: Անտանելի բան է նկարչության մեջ շատախոսելը:

 

Ի՞նչ եք կարծում, ստեղծագործությունը ընթա՞ցքն է, թե՞ արդյունքը:

Դավիթ Ավելի շուտ ընթացքն է, նոր դռներ ու ելքեր հայտնաբերելը: Երբեմն կտավները շրջում եմ և ամիսներով չեմ նայում: Հետո, երբ միտքս արդեն մաքուր է պատկերներից, նորից եմ դառնում այդ կտավներին: Ինքնաբացահայտման ճանապարհ է արվեստը:

Նարեկ Չէի մտածել այս հարցի շուրջ, բայց հիմա համոզված կասեմ՝ միանշանակ ընթացքն է, որի մեջ էլ նկարիչն իրեն ազատ է զգում, ինքնադրսևորվում, զարգանում, բացահայտում: Իսկ արդյունքը արդեն դիտողինն է:

 

Դավիթ, վերջերս Նավավարում բացված քո ցուցահանդեսին գեղանկարներից բացի կոլաժներ էլ էիր ներկայացրել: Կոլաժի բնույթն ինչպե՞ս ես ընկալում:

Դավիթ Երբեք չեմ հասկացել այն նկարիչներին, որոնք կոլաժով ուզում են զարմացնել, ցույց տալ, թե տեսեք՝ ինչ ճարպիկ եմ, տեխնոլոգիական ինչ հնարքներ, պտուտակներ ու խցաններ եմ կարողանում օգտագործել: Այդպես կոլաժն իր արվեստակիր հիմքից կտրում են: Ես տեսնում եմ նկարն ու հորինվածքը ամբողջացնելու համար մի քանի բան եմ ավելացնում, բայց կոլաժն իր բովանդակությամբ շարունակում է մնալ իմ գեղանկարչական-զգայական ընկալման մեջ:

Առաջին ցուցահանդեսս «Արմատակից գույներ»-ն էր, բացվեց հունիսին: Շուրջ քառասուն գործ էի ցուցադրել, որոնք տարբեր տարիներին եմ նկարել: Այնտեղ կային գործեր, որոնց նման այսօր արդեն չեմ նկարում, բայց ցուցադրել եմ, որպեսզի դիտողը տեսնի այն ճանապարհը, թե ինչպես սկսեց և ուր հասավ վրձինը: Կարճ ասած՝ այդ ցուցահանդեսն իմ համառոտ ինքնակենսագրությունն էր: Առաջիկայում նախատեսում եմ ավելի մեծ ցուցահանդես, որտեղ կներկայացվեն վերջին շրջանի գործերս, այդ թվում նաև մեծադիր կտավներ:

 

Կա՞ն մանկության այնպիսի պատկերներ, տեսարաններ, որոնց պարբերաբար վերադառնում, դիմում եք:

Դավիթ — Գյուղն է պատկերավորված հիշողությանս մեջ: Միշտ թվում է, թե հենց գյուղ մտնեմ, մանկությունս եմ գտնելու: Երկրագործական տեխնիկան, անասունների հոտը, ձայները, փոշոտ ճանապարհները, տների կամ ակումբի դիմաց նստած, ձեռնափայտերին հենված ծերունիների լռությունը… Այդ օդը, տրամադրությունն անպայման ազդում են ինձ ու իմ գործերի վրա: Կարծում եմ՝ եթե գնամ մի ամիս Փարիզում ապրեմ, անպայման այդ փարիզյան տրամադրությունը կազդի: Չգիտեմ՝ ինչպես կարելի է չտպավորվել ու ապրել, չտեսնել ու նկարել:

Նարեկ  Մանկությունը չգիտեմ երբ է սկսվում և ավարտվում: Մարդը միշտ հեքիաթի մեջ է ապրում և ինչքան մեծանում է, այնքան այդ հեքիաթն ավելի է ուժգնանում, երբեմն՝ ոչ այնքան քաղցր ու բարի: Պարզապես պիտի երևակայությունդ գործի դնես, որ հեքիաթը տեսանելի լինի: Ուստի երբեք մանկությանը չեմ դիմում, որովհետև անցյալը, մանկությունը միշտ ներկա են, կողքիս են: Կտավներս էլ իմ այսօրն են ու ներկան:

 

Իսկ մեր դարի օդն ինչպիսի՞ն է:

Դավիթ Ռեժիսոր Ռոման Բալայանը մի օր մի ուշագրավ միտք ասաց՝ մեր երիտասարդությանը պակասում է հանդգնությունը, ընդվզումը: Իրոք այդպես է: Պետք է չվախենաս սխալվելուց և ուրախանաս, որ սխալվելու շատ հնարավորություն ունես:

Նարեկ Ժամանակը կարևոր չէ, բոլոր ժամանակներում էլ մարդը պետք է տեղից շարժվի: Եթե դու ստեղծագործում ես, մի փակվիր արվեստանոցում ու ստվերում մի մնա: Պետք է գործ անես ու մարդկանց ցույց տաս գործդ: Այլապես էլ ինչո՞ւ ես գործ անում:

Անհանգիստ ժամանակներ ենք ապրում, բայց խոսքս հիշեք, մեր այս դարը մարդկանց հիշողության մեջ շատ վառ է մնալու:

 

Ինքնադիմանկարներ անո՞ւմ եք: Միշտ ուզում եմ հարցնել նկարիչներին՝ առհասարակ ինչո՞ւ են ինքնադիմանկարներ անում:

ԴավիթԻրենց գտնելու համար: Ինչքան էլ ինքնադիմանկարներ անես, միևնույն է, քո ավարտուն կերպարը չես գտնում: Ինձ թվում է՝ նկարչի ցանկացած գործ, անգամ նատյուրմորտն ու բնանկարը, իր ինքնադիմանկարն է:

Նարեկ Ես հետաքրքիր ինքնադիմանկարներ եմ անում, բայց ինձ թվում է՝ նման չեն ինձ (ծիծաղում է.- Մ.Լ.): Իրենց կյանքով ապրող հետաքրքիր դիմանկարներ են, բայց իմը չեն:

 

Վերնագրո՞ւմ եք ձեր գործերը:

Դավիթ Ոչ: Երբ ցուցասրահին եմ հանձնում գործերս, առաջարկում եմ իրենք վերնագրեն: Բայց միևնույն է, այն կարծիքին եմ, որ վերնագիրը կարող է սահմանափակել գաղափարը, փոքր, բայց կարևոր մասնիկները ստվերել:

ՆարեկԵս էլ չեմ վերնագրում: Երբեմն վերնագիրը պարզ է, երբեմն էլ խանգարում է: Եթե ջազմեններ են պատկերված, պարզամտություն է գործը ՙՋազ՚ անվանելը, դե, ինքնին հասկանալի է:

 

Կան մարդիկ, ովքեր մեզ հետ նույն դարաշրջանում ու տեղում չեն ապրել, բայց նրանց համարում ենք մեր Ուսուցիչները: Ովքե՞ր են ձեր Ուսուցիչները:

Դավիթ Կան նկարիչներ, դպրոցներ, որոնցից սովորել ու սովորում եմ, նրանք ուղիներ ու հնարքներ են սովորեցրել ինձ, բայց ստեղծագործական հասունացման ճանապարհը պետք է մենակ անցնես՝ բացահայտելով ու ճանաչելով բնությունն ու քո ներաշխարհը:

ՆարեկԵրբ ուզում եմ մի բան հասկանալ կամ իմանալ, Դավիթին եմ հարցնում, հետևում: Չգիտեմ, հիմա ուսուցի՞չ անվանեմ իրեն, թե՞ ոչ: Շատ նկարիչներ գիտեմ, որ խանդոտ են, չեն սիրում, երբ իրենց հետևում ես աշխատելիս, բարդութավորվում են: Եթե նկարում ես, էլ ի՞նչ խնդիր, թե քանի հոգի կա կողքիդ:

 

 

Զրուցեց Լազարևա Մարիան

Անդին 6, 2016

Share

Կարծիքներ

կարծիք