Բանաստեղծություններ

product_image

***
Ծառերի միջակայքում
Ժամերի մացառուտ
շնչառության համար
գրեթե անանցանելի
հայացքներ և քայլեր
գերված
արմատներում ու փշերում
միայն վերևում
կայծակից ճյուղերից պատառոտված
մի կտոր գորշ երկինք:

***
Չարամտություն կլիներ
Խոտը բակում, հարևանների թշնամանք,
ոչ անիվ, ոչ ոտք, ոչ սմբակ.
պարապը խեղդում է
ամբար, հացատուն, մառան.
Ձմեռ: Գարուն: Բերքահավաքի շրջան:

Ակացիաներ` ճյուղակոտոր
ամառվա տոթից
տանիքներին չորանում է
լույսը գիշերն անդին:

***
Ճիչ,
որ շարունակ կրկնվում է
և երբեք հանգիստ չի տալիս
ոչ ցերեկը, ոչ գիշերը
կոկորդի մեջ հետ շպրտված
ոչ կուլ է գնում, ոչ դուրս է թքվում,
անվերջ-անդադար
ճիչ խորքից եկող,
որ ծածկված է ցանկությամբ:

Ես մտածում եմ պարտեզի մասին,
մայրիկի մասին,
հացի, խնձորների,
անսպասելի, սպասված
սպասում
օրեր, շաբաթներ, ամիսներ,
թե մեկնումեկը
կբացի դուռը.
-Ճիչ:
Իմ մանկության հրեշտակը:
Ճիչ,
և որ դու գնում ես,
որ դու մնում ես.
Ճիչ:

 

Մայրիկ

Ո՞վ ես դու,
ում ձեռքը միշտ ինձ հետ է,
պահպանում է ինձ, պաշտպանում,
ձեռք, որ
/դեռ փայփայանք էր/
կոպտորեն, ցավեցնող
իջնում է կյանքիս վրայով,
ո՞վ ես դու, ում կանչում եմ,
ո՞վ է նա, որ անիծում է ինձ,
ո՞վ եմ ես քո ստվերում:
Ո՞վ էիր դու
երբ կյանքը ինձ`
մի քար,
քո մարմնից դուրս նետեց,
և ո՞վ էի ես
ես էի լինելու
չպիտի լինեի և եմ
եմ ո՞վ, ո՞վ ես դու:

Քարը քար է,
երեխան արդեն երեխա չէ,
մայրը, քարը և երեխան, և
քնքշորեն թեքված,
խստաբարո մի ձեռք.
ես ասում եմ` պետք չէ,
այդպես մի վարվիր ինձ հետ:
Դու լռում ես:

Էլեկտրայի մահը

Ես հավաքում էի քարեր
կավե թասերի մեջ…
Թոշնած տերևներ
քո արձակ մազերին:
Ես` անվաձողերի և անվակունդի միջև ընկած
պոկված մի շյուղ`շղթայազերծ ձեռքից
կաթող գրի նման:
Իմը տխրությունն է
հույսի երկանիվում,
իմը խենթի
ուշաթափությունն է քամու մեջ,
իմը փոշին է
ասուպներից թափվող,
իմը արցունքներն են…
իմը նաև… մահն է իմ:

 

Գերմաներենից թարգմանեց Ամալյա Ալեքսանյանը

Անդին 4, 2014

Share

Կարծիքներ

կարծիք