Բանաստեղծություններ

img_3146-copy

 

***

Տե՛ս, եկել եմ ես

Անտեր օրերից,

Անսեր օրերից

Քշված…

Մրսած փեշերով

Եկել եմ Քեզ մոտ…

Բողբոջած մարմինս

Փորձում եմ ծածկել

Լայնափեշ օրվա չթե ամպերով,

Արարման խորհուրդը գոգումս պահած…

Եկել եմ, զարթնիր,

Իմ կանաչ, կանաչ աչքերով կնճռոտ տղա,

Տե՛ս, եկել եմ ես

Անտեր օրերից,

Անսեր օրերից

Քշված՝

Քեզ պարուրելու…

Չմրսես հանկարծ…

 

 

* * *

Ես շատ եմ պառավ

Ու այնպես ջահել,

Որ կարող եմ

Հանց խենթ կույս

Սպասումով սիրել,

Ժուժկալ ժամանակի

Ժանյակը հյուսել՝

Քեզ հավատալով,

Բայց կարող եմ ես

Ինչպես Մեդուզա

Օձածին վարսերովս

Մարմինդ պատել,

Ու կուշտ հռհռալ …

Կարող եմ ծնկել,

Աշխարել, լլկվել

Իմ միակ լուսեղեն

Սիրո կարոտից,

Նույնիսկ կարող եմ

Հայացքդ որսալ

Ու քեզնից քեզ

Գողանալ, տանել…

Մի քիչ հոգնած եմ,

Բայց ներսիս խնոցում

Անվերջ կարող եմ

Սերերս հարել…

Ես շատ պառավ եմ,

Ու նույնչափ ջահել…

* * *

Պարանոցիս գալարված պորտալար,

Մի՛ դարձիր ինձ համար կախաղան,

Մրսած երազներս քամուն եմ տալու,

Պիրկ նյարդաթելերով կարկատելու

Տեղ-տեղ մաշված մեղքերս դարանից հանած,

Որպես հմուտ լարախաղաց

Քայլելու եմ անցյալ ու ներկա սերերիս գետերով,

Ու մաքրված, սպիտակ անշուք հանդերձով

Հասնելու եմ Քեզ,

Որպես դրախտից վտարված

Նոր խաղի պատրաստ Քո ԵՎԱ,

Ave, Ave…

……………………………..

Միայն թե ձիգ պարանով

Մեղսավոր կույսիս

Երազներիս թափորը

Թող չիջեցնի վար…

 

 

Անդին 6, 2016

Share

Կարծիքներ

կարծիք