Բանաստեղծություններ

Հեղինակ:

մմ

Մի բանաստեղծություն

 

(Երբ գալուց

հիմա

հեռու ես այնքան,

որ չես եղել

նույնիսկ

գնալուցդ հետո)

 

Երեկվա ու վաղվա միջև

կամուրջ կապելու համար

ոտքերս կարճ են,

ձեռքերս՝ փոքր

 

մի օգնող լիներ

 

ու գալար դարձած

պատմությունը

նույն կերպն առած՝

նույն ընթացքը,

դեպքերը նույն,

դեմքերը փոխած

 

կրկնվում է,

 

ու ես անգիր գիտեմ

Հետոյի

օրենքները,

ձևերը սեղմ,

քայլերը սև ու սպիտակի

ինչից հետո

ինչ

 

ինչպես մեկ գումարած

մեկ,

որ երբեք երկու

չի՜ դառնում

 

ու ես գիտեմ անգիր

երկու չդառնալու

պատճառները

բոլոր:

 

Անանուն մի տեղ

մի մեկ

կամուրջ է դարձել:

 

 

 

***

Ի սկզբանէ

Սերն էր,

և դու խաբել էիր մեզ,

Աստված,

 

ինձ ոչ կավից

ստեղծեցիր,

ոչ էլ կողից

տղամարդու

(երանի թե կողից ստեղծած լինեիր)

 

այլ՝ նյութերով

կենսաբանական,

որ հենց

Սերն էր,

և դա էր արդարացումը քո,

 

Չէ, ես պիտի

ծնվեի քո գլխից,

Աստված,

ու դառնայի մի քիչ

իմաստուն

ու մի պտղունց

խորամանկ՝

քեզ նման,

 

Աստված,

ի սկզբանէ

Բանը չէր

 

ես էլի

երեք կանգառ շուտ եմ իջնում,

որ քայլեմ

սիրուն մարդկանց փողոցով,

որ սիրուց են այդպես ծնվել,

Աստված,

ի՜նչ Բան,

 

առավոտաթաթախ

մարդիկ դուրս են եկել

ու գծում են

նոր լվացվող ցուցափեղկերով

փողոցները

և արթնացել են Աստծո սիրույն

 

Դա քեզ քի՞չ է,

Աստված:

 

Ինչ-որ տեղ

վառվում է մայրամուտը

և վաղը նորից

մարդիկ կմտածեն՝

Ի սկզբանէ էր Բանն

և բանն էր առ Աստված:

 

***

Մի պատուհանաչափ աշխարհ է՝

հոգնած անձրևաջրերից,

անհավես արևից,

ծամծմված գարունից,

չեկող ամառից,

 

ինձանից ու քեզանից,

որ վախեցանք ճանաչելուց,

բեմ բարձրանալուց,

անուններս

բարձրաձայն ասելուց

 

(ով գիտե՝ ձևը չգիտեինք)

 

մեր շորերը մարդկանց առաջ

հագնելուց

 

(բայց հանելուց չամաչեցինք)

 

մեր ավելորդ բառերից

ու պակասած խոսքերից,

 

որ զոհվեցինք,

բայց ամաչեցինք զոհաբերվել,

 

այս մեջ ընկած պատերազմներից,

ծեծված կարկուտներից,

միահոտ հիվանդանոցներից,

որ բախտներս անկապ բերեց,

 

մի պատուհանաչափ աշխարհ է՝

տուն-գործ-տուն ճանապարհով,

որից թե ուշանաս՝

չես պայթի,

 

մի պատուհանաչափ աշխարհ է՝

ցավազրկված օրերով:

 

Պատուհանաչափ,

պատուհանաչափ է

աշխարհը:

 

 

***

Իմ հյուսքերից՝

ճամփաներ,

իմ շուրթերից՝ աղոթքներ

չհնչած

օտար,

անդեմ,

կողպված լացի

 

և լռությունը

պիտի անվերջ տրորվի

աշնանային իմ կոշիկների տակ

 

և ձեռքերս

(որ իմը չեն,

բայց և իմն են)

նախորդ մի կյանքից

սառչել էին

 

գրպաններումս՝

մի երկու դրամ ու

ճմռթված մի անձեռոցիկ,

ես՝ այս նոր աշնան

ճամփաներում ձմեռնամուտ.

այս աշնանն անգամ

անպատրաստ,

 

նույն վերարկուն է

ԱՆՑԱԾ տարվա

ու աշունը

վերարկուիս գրպաններում

ճմռթվում է

ու չի փոխվում:

 

Իմ ճամփաները հյուսվել են

միջև հին ու նոր աշխարհների,

ուր իմ անունը,

երազում եմ, թող

հին աղոթքի պես չհիշեն:

 

***

Իմ մազերը

սկսել են թափվել

երանգ-երանգ,

գինեթույր՝

տերևների նման

կամ կանանց նման

ծեր,

 

իմ մազերն

ինձանից հեռու

ուրիշինը դարձած

 

(ասում են՝ եղանակից են թափվում),

 

բայց բոլոր եղանակներին

իմ մազերով ես

քաղաքներ եմ ծածկում,

ճամփաներ ու մայթեր դարձնում

անտեսանելի

ասես սրբելով հետքերս՝

ամենախոս վկաներիս թողնելով

 

(հոգ չէ, գիտես, իմ մազերը փարթամ են)

 

բայց փողոցներում, տխուր մայթերում

անփույթ, անկարոտ թափված

իմ մազերի վրա

 

քո մատնահետքերն են,

 

հասկանում ես,

քո մատնահետքերը,

ու ես խանդում եմ նրանց,

բոլորին,

ովքեր տեսնում են իմ մազերը,

անտարբերությամբ դեն շպրտում

ավտոբուսների նստարաններից…

հասկանո՞ւմ ես,

քո մատնահետքերը

իմ բալագույն մազերի վրա:

 

 

Ես  մեծ գլխարկների տակ

թաքցնում եմ քո մատնահետքերը:

 

 

Անդին 5, 2016

 

 

 

Share

Կարծիքներ

կարծիք